ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, գրականագետ
ՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆԻՆ
ծննդյան 85-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ԱՐՑԱԽՅԱՆ ՆՎԱԳՆԵՐ
ԱՌԱՎՈՏԸ
Առավոտը սկիզբ առնում
Մռով սարից,
Ծալ-ծալ գալիս, ծավալվում է
Քիրսի լանջին,
Քիրսը քնից արթնանում է
հովվի նման`
Ուսին առած կանաչ-կարմիր
իր յափնջին:
Արևսարից մինչև Շուշվա
կիրճերը խոր
Երազների մի օվկիան է ալեկոծվում,
Լեռներն ասես լվացվում են
ճերմակ կաթով,
Իսկ ձորերը` արևային ոսկով օծվում:
Սարերն ի վեր, լանջերն ի վար
Փռվում է մի կանաչ ժպիտ,
Համբուրվում են այգի և արտ,
Ծլնգում է հարբած հոգիդ:
Ուխտաձորից մինչև Թարթառ
թրթռում է ծաղկահոտը…
Երանգների մի աշխա՜րհ է
Ղարաբաղի առավոտը:
ԹԹԵՆԻՆ
Նայիր, հսկա այս թթենին
Աչք է բացել գարնան հետ,
Բողբոջները այնքան նուրբ են,
Այնպես առողջ, հոտավետ:
Իր տիրոջը սիրում է ջերմ,
Չի պահանջում հատուցում,
Շռայլորեն իր քաղցրահամ
Պտուղներն է մատուցում:
Ամեն տարի բերք է տալիս,
Փարթամանում շյուղերով,
Ցուրտն ու տապը ծնկի բերում
Բազմատարած ճյուղերով:
Չի պահանջում, նվիրում է
Ու գոհ ծփում արածով,
Միայն մայրն է ցնծում այդպես
Որդիներին տվածով:
ԱՄՊԸ
Ամպը ամպ չէ, ճերմակ հարս է`
Ջուր է տանում արտերին,
Սիրողների նուրբ սրտերից
Հուր է տանում վարդերին:
Ամպը ամպ չէ, գլխաշոր է,
Որ փարվում է սարերին,
Ճերմակ-ճերմակ հյուսվածքն է նա
Բազմախորհուրդ դարերի:
Ամպը ամպ չէ, բաց համբույր է,
Թաց համբույր է սիրողի,
Ճերմակ թույր է, ճերմակ բույր է`
Բխած սրտից մայր հողի:
ԱՐՏԵՐԸ
Արտերը սարից կախված
Փեշեր են կանա՜չ-կանա՜չ,
Մի ծայրով` ձախ ձորափին,
Մի ծայրով` աջ:
Մի փեշը ջուր է խմում,
Մի փեշը՝ մնում ծարավ,
Կարծես թե իրար կից են
Հյուսիս ու հարավ:
Բայց իրար չեն մոռանում,
Ապրում են իրար բախտով,
Ջուր ու տաք փոխ են տալիս
Մտերիմ ափով:
Աղավնու ձայնով արբած
Ծփում են արևատես
Արտե՜րը, մեր արտե՜րը,
Մեր սրտերի պես:
ԱՄԱՌԸ
Ձորը` կանաչ, լանջը`դեղին,
Սարերը` ծլած,
Արտի կեսը` արդեն հեղի,
Կեսը` նոր չլած:
Լուսաբացին`
հասկը դեռ թաց,
Կեսօրին` հասուն,
Հասկերի տաք սարսուռները
Վազին են հասնում:
Մի գիշերում ողկույզները
Լցվում են հրով
Եվ արևի համբույրներից
Հասունանում սիրով:
Մառանները դռները բաց
Ժպտում են, փայլում…
Մի ողջ տարվա կյանքի հևքով
Ամառն է քայլում:
ԱՐԵՎԸ
Արևը ելնում է Արաքսից,
Լվացվում Թարթառի ջրերում,
Մտրակ է հյուսում իր վարսից,
Չափ գցում իր ձին սարերում:
Սարեր են, զիգզագ են ճամփեքը,
Ճամփեքը` կախված երկնքից,
Ամեն սար` մի նոր աստիճան,
Մեկմեկու հենակ ու դրկից:
Արևը օրվա իր ուղին
Անցնում է սարերին թիկնելով,
Ամեն սար իր սիրտն է բացում`
Արևի համբույրից շիկնելով:
Ամեն սար` հյուրընկալ մի բարձունք,
Ոսկե գահ` Արևի համար,
Սարերը` Արևին թև-թիկունք,
Արևը` սարերին սիրող մայր:
Այդպես են մեզ մոտ սարերը`
Արևի սիրով են ջրդեղված,
Թե պատռեք սարերի սրտերը,
Արևներ կտեսնեք անթեղված:
ԱՌՈՒՆԵՐԸ
Զույգ ափերին գարունները`
Կարկաչում են
Մեր լեռնային առուները:
Ջուր տանելով արոտներին,
Հար կանչում են
Իրենց կորած կարոտներին:
Մերթ սաղմոս են երգում տխուր,
Մերթ հորդացած
Գահավիժում` շրթին փրփուր:
Բխած սարից, ձորից, լանջից`
Աղավնաթև
Թրթռում են հողի կանչից:
Անց կենալով քար ու խիճով`
Առուները
Հոսում են իմ… սրտի միջով:
ԿԱԼԵՐԸ
Հին դարն ապրած մեդալի պես,
Մոռացվել են
Մեր կալերը,
Ցորենի գուռ,
Ապրուստի դուռ
Մեր կալերը:
Մանուկների երազ գիրկը,
Մեր պապերի մուրազ-գիրքը`
Մեր կալերը:
Իրենց գործը պատվով արած,
Իրենց փորձը փառքով տարած
Մեր կալերը:
Հազա՜ր ափսոս,
Որ թանգարան չունեն նրանք`
Մեր պատմության հետքը վրան
Մեր կալերը:
Հանուն կյանքի
Միշտ կլինեն վարն ու հերկը…
Ինչքա՜ն լավ է,
Որ մոռացված կալերի մոտ
Հար ապրում է «Կալի երգը»: