ԶԱՎԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԶԱՎԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ
ԶԱՎԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
***
Ես խոտ եմ հնձում գերանդին ձեռքիս
Եվ նույն այդ պահին երգեր եմ գրում,
Մանուկ է թվում աշխարհը գրկիս,
Ու ձեռքին իմ երգ- ծաղիկն է բուրում:
Նրա թուշիկն եմ անուշ համբուրում,
Ու աղբյուր դարձած կարկաչում է նա,
Վշտերս այրում ծիծաղի հրում,
Մաղում է հոգուս լուսե մանանա:

***
Կռունկներն անցան…
Դատարկությունն է զնգում ահարկու
Երկնային կապույտ ամայության մեջ:

***
Ծերությունը դուռը բացել,
Հրավիրում է,
Մի ասես, թե այդ ո՞վ է ծեր,
Հրավերքն ո՞ւմ է:
Նա ժպտում է, մինչ կարծես թե
Վիրավորում է,
Մի՞թե եղյամ նստեց արդեն,
Մարդու հորում է…

***
Համբույրիդ արևից հալվեցին
Ծերության սառնաբույր ձյուները,
Շոյանքիդ կրակից կանգնեցին
Գոյության տաճարի սյուները:
Ժպտացիր, ու մթում ծաղկեցին
Հույզերիս լուսաշող աստղերը,
Խնդության արևներ ծագեցին,
Երբ տեսա քո շիկնած այտերը:
Եղեգներն իմ հոգում խշշացին,
Երբ բառեր ասացին շուրթերդ,
Կենսախինդ արտերը ծփացին,
Երբ իրար եկան մեր սրտերը:

***
Գիշերը լի է սուրբ մանուկների
Լույս երազներով,
Լուսե նազերով աստղաշողերի,
Եվ խավար չկա, զի կա աստղային
Երջանկությունը կանչող, շոյելի:
Հրեշտակները այս մանուկներն են,
Ուրիշ ո՞վ է որ,
Նրանց լուսեղեն երազներն են այս
Փաթիլներն էլ նուրբ,
Տե՛ս, մաքրամաքուր իջնում են, իջնում՝
Ջինջ ու լուսավոր,
Անմեղության էն վերին ոլորտից՝
Թեթև, սրբասուրբ:

***
Լուսինն արթնացրեց ինձ իր ծիծաղով՝
Պատուհանից ներս նայելով հանկարծ,
Ու քունս փախավ պայծառ ծիծաղից…
Կարծես բռնկվեց հին մի սեր հանգած:
Տրիոլետներ
1
Աշխարհում կրկին մութ քաոս է,
Պատերազմ, աղետ ու ավերում,
Մարդը հեգ՝ դավերում, ցավերում,
Աշխարհում կրկին մութ քաոս է:
Ո՞ւր է մեր փրկության փարոսը,
Ե՞րբ ենք մեր մեղքերը քավելու,
Աշխարհում կրկին մութ քաոս է,
Պատերազմ, աղետ ու ավերում:

2
Լույսի ու սիրո սին քարոզ է,
Եվ արդա՛ր գինի չէ գավերում,
Խորտակման ահ կա մեր նավերում,
Լույսի ու սիրո սին քարոզ է:
Մարդը դեռ հիվանդ ու գոռոզ է,
Նախանձն ու չարն են սիրտն ավերում,
Լույսի ու սիրո սին քարոզ է,
Եվ արդա՛ր գինի չէ գավերում:

Էլեգիա
Շատ տներում այսօր
ոստայններ է գործում
սարդը մենության:
Շատերում էլ արդեն
Մոռացության փոշիներն են շերտ կապել:
Տներ էլ կան՝
լքվածության քամին է, տես, հաստատել
զարմանալի սերտ կապեր:
Կան տներ էլ՝ ավերումի
ուրվականն է եկել հյուր:
Կա խարխափել,
կա սարսափել,
կա զարհուր…
Այսպես մարել ու կորել է
հազար հուր:

Կա՞ ինչ-որ հույս,
կարոտի լույս ծաղկաբույր,
թեկուզ աննյութ երազներում՝
բարի լուր…
Եղինջները շշնջում են՝
ձեռքդ տո՛ւր:
Քառյակներ
Հոգին նամակ է, մարմինը՝ ծրար,
Կյանքն ու հեքիաթը՝ խառնված իրար,
Ծրարո՛ւմ Աստված և ուղարկում է՝
Տեղ է հասնում կամ…
ճամփին ընկնում վար:
***
Դառը խոհեր այս կյանքում
ինչքան ասես՝ կան,
Անմեղ զոհեր այս կյանքում
ինչքան ասես՝ կան,
Ուրախություն ենք մաղթում,
խինդ ու ժպիտ, բայց, մեկ է,
Տխուր պահեր այս կյանքում
ինչքան ասես՝ կան:

***
Ես ու դու ենք, էլ ինչո՞ւ իրար նեղենք,
եղբայր իմ,
Մի՞թե շատ է դժվար, որ իրար ներենք,
եղբայր իմ,
Ավելի լավ չէ՞, իրավ, դառնացումները
թողնենք,
Ու կենսալի կարոտով իրար սիրենք,
եղբայր իմ:

***
Միամի՞տ եմ երևի, որ կարծում եմ, թե մի օր
Հայը հային չի նեղի,
այլ կսիրի պարզ ու խոր,
Պաշտպան, սատար կլինի, ու էլ,
նման Կայենի,
Եղբայրն եղբոր չի դավի,
արցունք չի տա հորն ու մոր:

***
Հազա՜ր ձևեր, հազա՜ր թևեր,
Ընթանում ենք թե՛ վար, թե՛ վեր,
Ինչ թվում է դար կտևի՝
Կարող է մի վայրկյան տևել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։