Սիրում ենք դրսերում մեղավորներ փնտրել, հիմա որոշեք` ո՞վ է մեղավոր… Եկեք վերջապես քաջություն ունենանք խոստովանելու, որ մեղավոր ենք մենք բոլորս, մեր համընդհանուր անպատասխանատվությամբ և անփութությամբ: Վարչապետից, նախարարներից սկսած մինչև պետական ծառայողներ և մասնավոր ձեռնարկատերեր, բիզնեսմեններ, ֆերմերներ, քաղաքացիներ, գյուղացիներ… Ափսոս են վերջին տարիների մեր հրաշալի ձեռքբերումները` անկախ պետականության վերականգնում, պատերազմական հաղթանակներ, ժողովրդավարության սաղմնավորում, միջազգային հարգանք ու ճանաչում:
…Եկել է կանգ առնելու և մի պահ հետադարձ հայացք նետելու ժամանակը: Ո՞ւր ենք գնում: Ի՞նչ պետություն ենք ուզում ունենալ: Ումի՞ց ենք թաքցնում: Ումի՞ց ենք գողանում: Իհարկե, մեր սերունդներից ու ապագայից:
Պիտի վերջապես մեր միջից հանենք սովետական վերջին տասնամյակների առնել-փախցնելու հոգեբանությունը:
Ումի՞ց ենք փախցնում. իհարկե` ինքներս մեզնից:
Անգամ սովետական հզոր, թվում է, թե անսպառ հարստությունների տեր երկիրը չդիմացավ առ ու փախի այդ հոգեբանությանը:
Մեր հույսը ինչի՞ վրա է:
Ո’չ մի տնտեսական ծրագիր, ո’չ մի կառավարություն, ո’չ մի դրսի օգնություն չի կարող ոտքի կանգնեցնել երկիրը, եթե մեզանից յուրաքանչյուրը տիրոջ և ծառայի պատասխանատվություն չզգա նրա նկատմամբ:
Հեղափոխություն է պետք մեր հոգիներում, մեր գաղափարներում, այլապես ծրագրերն ու կառավարությունները կհաջորդեն մեկմեկու, իսկ սայլը տեղից չի շարժվի:
Առաջին պատասխանատուն, իհարկե, երկրի իշխանություններն են, կառավարությունը: Հերոսությունը, վերջապես, հայրենասիրությունը միայն կռվի դաշտում չի արտահայտվում: Ինչո՞վ հերոս ու հայրենասեր չեն լավ ուսուցիչը, բանվորն ու հողի մշակը… Նրանց համար ուղղակի մենք պիտի հերոսանալու, հայրենասիրության դաշտ ստեղծենք: Առաջին հերթին անձնական օրինակով:
Յուրաքանչյուր երկրում գոնե 20-30 բարձր պաշտոնյա պետք է լինի, որ պետական շահը վեր դասի անձնականից, վառվի աշխատանքի մեջ, իր ետևից տանի մյուսներին…
Հատված վարչապետ Վազգեն Սարգսյանի
հեռուստաելույթից Ազգային
հեռուստատեսությամբ
28 հուլիսի 1999 թ.