ՈՒՐԻՇՆԵՐԸ ՈՒՐԻՇ ԲԱՆԵՐ ԷԼ ԵՆ ԱՆՈՒՄ, ՄԵ՞Զ ԻՆՉ… / Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Ղուկաս Սիրունյան«Բագին» հանդեսի 2013 թ. 3-րդ համարում թարգմանաբար տպագրվել է մի հատված ֆրանսիացի ժամանակակից գրող Ֆրանց-Օլիվիե Ժիզբերտի «Հիմլերի խոհարարուհին» վեպից: Վեպը Հայոց եղեռնը վերապրած մի հայուհու կյանքի պատմություն է: Մեզ` հայերիս համար, անշուշտ, շոյիչ է օտար հեղինակի անդրադարձը մեր մեծ ցավին, և այդ մասին իրավացիորեն «Փոխան խմբագրականի» մեջ նշել է թարգմանիչը` «Բագինի» խմբագիր-վարիչ Հակոբ Պալյանը. «Իհարկե մեզի հոգեկան բավարարություն կպատճառե, երբ օտար գրողը առանց սքողելու դառն իրականությունները, պաստառին վրա կփռե մեր ցավերը, առանց մեր ճոռոմ զգայականություններուն»: «Պաստառին մեր ցավերը փռելու համար» շնորհակալու­թյուն հայտնենք ֆրանսիացուն, իսկ, այ, դրան զուգընթաց սեռական նողկալի պատկերումների համար շնորհակալական զգացումի տեղ չի մնում (մենք խոսում ենք վեպի մի հատվածի օրինակով միայն, Աստված գիտի, թե ինչպիսի նկարագրություններ կան ամբողջ վեպում):
Մեկ պարբերություն անց պրն Պալյանը, կանխազգալով, թե իր թարգմանած հատվածը ինչ դժգոհության ալիք կարող է առաջացնել ընթերցողների մեջ` սեռական այլանդակորեն բաց պատկերների պատճառով, փորձում է կանխել այդ ալիքը և արդարացնել շարադրանքը` հրամցնելով գրականության մասին հանրածանոթ դատողություններ. «Իհարկե, ընթերցողը երբեմն գայթակղալի պիտի գտնե կարգ մը կացություններ և պատկերներ: Չափազանցված սեռային արտառոցություններ, մանավանդ երբ իրականությունները կսիրենք գաղտնիացնել: Բայց վեպը միթե հայելի մը չէ՞, զոր կպտտեցնենք ժամանակին, ընկերության, մարդոց և հոգիներու վրա»:
Հարգարժան խմբագրին հարցնենք` ի՞նչ վատ բան կա որոշ «իրականու­թյունները գաղտնիացնելու մեջ»: Իսկ եթե մենք դրանք բացենք և ցուցադրենք անասուններին հատուկ անսահմանափակ ազատությամբ, մի առանձին օգուտ կքաղե՞նք դրանից: Մարդ կդաստիարակե՞նք դրանով, գեղագիտություն կներարկե՞նք երիտասարդների մեջ, ազգային հարց կլուծե՞նք: Ո՛չ, մենք գործ կունենանք ընդամենը սովորական պոռնո դրսևորումների հետ, որոնց մերժում է բարձր գրականությունը: Այնպես որ, վեպը, լինելով հայելի, ամեն այլանդակություն չէ, որ պիտի ցուցանե: Վեպի կամ գրականության խնդիրն ավելի վեհ է, քան սեռական խորշանքները պատկերելով «գրգռիչ» զգայնու­թյուններ առաջացնելը ընթերցողի մեջ: Համառոտ ներկայացնեմ հիշյալ հատվածի սյուժեն: Անչափահաս հայ աղջկա ընտանիքը կոտորվում է, ինքը ստրկուհի է դառնում երիտթուրք Սալիմ բեյի հարեմում: Շատ տարիներ անց, տատիկ դարձած երբեմնի հարճը պատմում է Սալիմին տված իր սեռական բավարարումների մասին ամենայն մանրամասնությամբ, կարելի է ասել, ֆրանսիական գերիմացությամբ, և ոչ թե ցավ ու զզվանք, նույնիսկ հաճույք է զգացվում նրա պատմության մեջ:
Նողկալի է անդրադարձն անգամ այս նյութին, սակայն ստիպված եմ մեջ բերել անչափահաս աղջկա սեռական «ռիտուալից», որպեսզի հասկանաք, թե ինչու եմ այսչափ վրդովված եվրոպացու սույն թխվածքի հանդեպ: «Այնուհետև, երբ ես գործս կընեի, Սելիմ բեյ գիրք մը կկարդար, զոր կգոցեր հուսկ այն պահուն, երբ մյուռոնը կժայթքեր դեմքիս վրա կամ բերնիս մեջ»:
Կարծում եմ, այս հատվածին հասնելիս հայ թարգմանիչը վեպը պիտի շպրտեր մի կողմ, որպեսզի հայերեն գրերով չարձանագրվեր աներևակայելի պղծությունը:
Պարոն Հ. Պալյանը «Փոխան խմբագրականի» մեջ քարկոծում է մեզ, տողատակում ստուգապես հետամնաց համարում հայ գրողներիս, որ «իրականությունները գաղտնիացնում» ենք: Ավելորդ չէ մեկ անգամ էլ հիշեցնել հարգարժան խմբագրին, որ մեկը ես ամբողջովին դեմ եմ գրականության մեջ ամեն տեսակ պղծությունների նկարա­գրությանը, դրանք մարդկանց մեջ սերմանում են գռեհկություն, անճաշակություն, կույր համակրություն օտար դրսևորումներին և, վերջապես, հանգեցնում են աստվածուրացության: Ցավոք սրտի, այսօր մեզանում էլ կան գրողներ, հիմնականում երիտասարդների մեջ, ովքեր իրենց գրվածքներում շեշտադրում են սեռական գռեհկությունները: Դա անում են ուրիշները, եղբայր; Թող անեն, իրենց գործն է, նրանք ուրիշ բաներ էլ են անում, ընդհուպ մինչև հարազատ քույր-եղբոր ամուսնության «գիտական հիմնավորում»: Մենք գրականությամբ գեղագիտական, փիլիսոփայական խնդիրներ լուծելուց բացի, օրեցօր ուռճացող, փցուն դարձող այս աշխարհում ունենք հայ մարդու միտքն ու հոգին զորեղ պահելու գերխնդիրը, որն, ի դեպ, տարիներ ի վեր հիանալիորեն իրականացրել է ինքը` «Բագին» հանդեսը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։