ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՄԻԱԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ՀԵՏ ԼԻՆԵԼՆ Է / Սամվել ԿՈՍՅԱՆ

Սամվել-Կոսյան1Ուկրաինական հակամարտությունը Ռուսաստանի շնորհիվ կարող է միջազգային սկանդալի վերածվել, եթե արդեն չի վերածվել: Շատերն էին սպասում, որ Սոչիի օլիմպիադայից հետո Ռուսաստանը ձեռքերը ծալած չի նստելու և չի հաշտվելու, որ այդ տարածքից իրեն դուրս հանեն: Եվ արդեն առաջին քայլը ՌԴ Արևմտյան և Կենտրոնական ռազմական շրջանների զորամասերի ու միավորումների մարտական պատրաստվածության մակարդակի անսպասելի ստուգումն էր և դրանց լայնամասշտաբ տեղաբաշխումը ուկրաինական սահմաններին ավելի մոտ, ինչին հետևեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի զգուշացումը, որ Ուկրաինա ռազմական ներխուժման դեպքում Մոսկվան ստիպված կլինի բարձր գին վճարել դրա համար: Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ, նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն էլ հայտարարեց, որ Սևծովյան նավատորմի զինվորականների ցանկացած տեղաշարժ Ղրիմի տարածքով, կգնահատվի որպես երկրի դեմ ռազմական ագրեսիա, կոչ անելով ռուս զինվորականներին մնալ այն տարածքներում, որ նախատեսված են երկկողմ համաձայնագրերով: Սակայն ՌԴ արտաքին գործերի նախարարությունը շտապեց միջազգային հանրությանը տեղեկացնել, որ ստուգումները նախօրոք պլանավորված լինելով, չեն առնչվում ուկրաինական դեպքերի հետ, և որ ՌԴ-ն մտադիր չէ խառնվելու Ուկրաինայի ներքին գործերին: Արդեն ավելի ուշ Արտգործնախարարության տեղեկատվական կայքում այլ տրամադրություն էր: «Ռուսաստանում խիստ անհանգստացած են Ղրիմում տիրող իրավիճակի զարգացմամբ: Լույս մարտի 1-ի գիշերը Կիևից ուղարկված անհայտ զինված մարդկանց կողմից Ղրիմի ներքին գործերի նախարարության շենքը գրավելու փորձ է կատարվել: Նենգ, սադրիչ գործողությունների արդյունքում տուժողներ կան: Ինքնապաշտպանական ջոկատների վճռական գործողությունների շնորհիվ հաջողվել է կասեցնել ՆԳ նախարարության շենքի գրավումը: Նման գործելակերպը վկայում է Կիևում հայտնի քաղաքական շրջանակների ձգտումները` ապակայունացնել իրավիճակը թերակղզում»: Հետագա զարգացումներն արդեն դժվար չէ կռահել: Որպես ճգնաժամի աքիլլեսյան գարշապար է ընտրվում Ղրիմը և արվում է հնարավորը՝ հակամարտությունը Մայդանից Ղրիմ տեղափոխելու համար: Ավելի վաղ ռուսական անձնագրեր էին բաժանվել տեղի ռուսներին և ոչ միայն նրանց, ինչն առիթ էր Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի համար՝ հայտարարելու, թե «Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը վտանգի տակ է, և Ռուսաստանը չի կարող անհաղորդ մնալ»: Ծանոթ սցենար է՝ քանիցս քննություն բռնած և հաղթանակած: Նույն սցենարով Ղրիմի Ինքնավար Հանրապետության խորհրդարանը հրաժարվում է ընդունել Կիևում տեղի ունեցած իշխանափոխությունը, հայտարարելով ինքնավարության կարգավիճակի հարցով համընդհանուր հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին: Հաջորդը Ղրիմի նորանշանակ վարչապետի խնդրանք – դիմումն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ աջակցել Ինքնավար Հանրապետությունում խաղաղություն և հանգստություն հաստատելու հարցում, ինչից հետո համարյա անկառավարելի է ռուսական «մարդասիրական» մեքենայի աշխատանքը: Բնականաբար, անուշադրության չի մատնվում Ղրիմի վարչապետի դիմումը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհապաղ դիմում է երկրի Դաշնային խորհրդին՝ Ուկրաինայի տարածքում զորքերը օգտագործելու մասով որոշում կայացնելու համար. «Դաշնային խորհուրդ եմ դիմում էքստրաօրդինար իրավիճակից, որը ստեղծվել է Ուկրաինայում և ՌԴ քաղաքացիների և մեր հայրենակիցների անվտանգության սպառնալիքից ելնելով` Ուկրաինայի տարածքում ՌԴ զինված ուժեր կիրառելու համար, մինչև այս երկրում հասարակական-քաղաքական իրավիճակը կկարգավորվի»: ՌԴ խորհուրդը միաձայն բավարարում է Պուտինի դիմումը: Մնացածը տեխնիկայի գործ է: Եվ ռուսական հավելյալ բարձր պատրաստվածության բերված զորքը Ղրիմում է: Հետևում է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի կոչը’ չսրել իրավիճակը Ղրիմում և հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Ավելի վաղ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու պահանջով էր հանդես եկել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Առավել խիստ ու քննադատող արձագանքներ, միջազգային հանրության կողմից առաջարկվող պատժամիջոցներ շատ կլինեն: Հետաքրքրական է, Ռուսաստանին ձեռք կտա՞ կիսված Ուկրաինան, Ռուսաստանը կբավարարվի՞ միայն Ղրիմով, թե՞ «փրկարար» արշավանքը կաշարունակվի Խարկովում, Դոնեցկում և այն շրջաններում, որտեղ ուկրաինական դրոշները նույնպես փոխարինվել են ռուսականով: Ակնհայտ է, որ ռուսները դուրս չեն գալիս կամ դժվարությամբ են լքում այն տարածքները, ուր մտել են: Ռուսաստանին այդպես էլ չի հաջողվում ազատվել տարածապաշտական հոգեբանությունից, մի բան, որը խանգարում է նրան նորմալ հարաբերություններ ստեղծել հարևանների հետ: Փորձագետներից ոմանք համարում են, որ «Ուկրաինան Պուտինի անձնական պարտությունն էր, Պուտինի և իր վիրտուալ քաղաքականության պարտությունը»: Տոտալիտար իշխանության պարագայում, երբ երկրի քաղաքականությունը մեծ մասամբ անձնավորված է, հնարավոր է, որ պարտությունը մեկինն էլ լինի: Իսկ որ Պուտինի քաղաքական ծրագրերի մեծ մասն առանց Ուկրաինայի կարելի է ձախողված համարել, փաստ է: Բայց, ամենակարևորը. պարզվում է՝ Ռուսաստանից պաշտպանվելու միակ հնարավորությունը նրա հետ լինելն է: Գոնե հիմա այլընտրանքը բացակայում է:

Հ.Գ. Այս պահին հնարավոր է փոխված լինեն Ղրիմի շուրջ դեպքերի զարգացումները: Սակայն անկախ ամեն ինչից՝ ուկրաինական խմորը դեռ շատ ջուր ունի քաշելու:

One thought on “ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՄԻԱԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ՀԵՏ ԼԻՆԵԼՆ Է / Սամվել ԿՈՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։