Ծնվել է 1960 թ.: Վրաստանի ճանաչված բանաստեղծներից է: Թարգմանել է հայ ժամանակակից գրողների: «Ցիսկարի» ամսագրի խմբագրի տեղակալն է, Վրաստանի գրողների միության քարտուղարը:
ՔՍԱՆԻ ԿԻՐՃՈՒՄ
Քսանի կիրճում մամռապատ, խոնավ
Մշուշի բույրն է գետից բարձրանում,
Եվ լի է այստեղ պատմություն ու ցավ,
Քեզ հանդիպելու համար եմ ձգտում։
Օ՜, երկնավորի ընծա, իմ Քարթլի,
Դու թևակոտոր ֆենիքս ես հիմա,
Շնորհակալ եմ քեզ անասելի,
Իմ անցյալը միշտ փրկելու համար։
Այսօր դու տրտում լույսով ես լցված
Ցուրտ մայրամուտի երկնքի նման,
Եվ դրոշներ են մշուշներդ բաց,
Որ փողփողում են հանուն մաքառման։
ԹԱԼԱՅԻ ԱՄՐՈՑԸ
Խախաբո գյուղն է մամռագույն փռվել
Կիրճին, անտառին, բարձունքներին վես,
Վերում հանց փասիան ամրոցն է թառել,
Աշտարակներն են թեքվել դեպի մեզ։
Եվ ոչ բերդապահ, և ոչ մի էակ,
Լոկ քամին է իր ողբերգը վայում,
Եվ ժայռի վրա՝ փառքի ավերակ,
Որ երևում է, ոնց հավերժություն։
ՎԵՐԱԴԱՐՁ
Հոգնած սառնաշունչ հողմերից համառ՝
Լալիս է մարտը արցունքներով ձյան,
Եվ մութ Շատիլի* աշտարակից մառ
Աստղերի շողն է կանչում մեզ անձայն։
Իսկ մենք կանգնել ենք օտարի նման,
Որպես անծանոթ մի երկրի ճամփորդ,
Եվ կախարդվում ենք գոյությամբ նրա,
Նրա զանգերի ղողանջով թախծոտ։
Մեր կյանքով, հույսով, հավատ ու հոգսով
Օտար ենք հաստատ աշտարակներին,
Եվ մարտն է լալիս ձյան արցունքներով,
Եվ Մուցոն** փայլեց կրկնելով լուսնին։
ԵՂԻՐ ԻՄԱՍՏՈՒՆ
Եղիր իմաստուն, ցա՛վ իմ,
Եվ պահիր քեզ առավել զուսպ,
Անցածի համար մի՛ դժգոհիր
Եվ չանիծես բախտդ։
Քեզ հավանաբար կգտնի վիշտ մի այլ,
Նաև ուրախության ժամ կհասնի քեզ,
Օրեր՝ լեցուն լոկ փշերով,
Օրեր՝ լեցուն թերթերով վարդի…
Ձեռքի մի շարժումով քեզ սպասում է զնդան
Եվ ներշնչման պահ գունազարդ,
Օրեր՝ լեցուն սոսկ ստվերներով,
Օրեր՝ լեցուն մեղրամոմով շողերի…
ԴԱՇՏԵՐ
Ո՞վ ձեզ, դաշտեր, անցկացրեց քամու մաղով,
Ո՞վ ձեզ ծածկեց եղյամով պաղ,
Ներս եկեք, իմ տուն, անկողին գցեմ,
Մինչ գարուն քնեք քաղցր ու խաղաղ։
Նաև դուք, ծառե՛ր, տխուր, տերևաթափ,
Երևում եք մերկ, անօգնական,
Ներս եկեք, իմ տուն, ներս եկեք վստահ,
Հրավիրում եմ բոլորիդ, առանց բացառության։
ՇԱՏՐՎԱՆ
Օ՜, շատրվան, ես քեզ ում հետ համեմատեմ,
Դու վշտահար այգիների բնակիչ…
Կար ժամանակ կոչում էին քեզ օդեղեն,
Այդ օրերը անցան, ավաղ, միանգամից։
Իսկ այսօր դու կարապի պես բարձրավիզ,
Փնտրում ես ջուր, որ զնգաս ու ղողանջես,
Կանգնել ես ու տոչորվում ես ծարավից,
Ու չգիտես ո՞ւր է տերդ, ո՞նց կանչես։
ԹԱԻԱՅԻՆ
Իմ թոռնուհուն
Աստծո պարգևած
Ծաղկեփունջ է նա,
Աղջնակը թանկ
Թաիա – Թաիկունա։
Իմ մեծ հոգսն է նա
Ու լույսը իմ տան,
Նրա ժպիտով
Փայլիր, Վրաստան։
Երկինքն էլ զուգվեց
Գույներով հազար,
Իմ երջանկություն,
Հաստատ քեզ համար։
Աստվածն էր քեզ
Իր ծոցում պահել,
Նվիրեց ահա
Երկնային պարգև՝
Թաիա – Թաիկունա,
Թաիա – Թաիկունա։
ԾԱՂԿԱԾ ՇԼՈՐԵՆԻ
Ծաղկած շլորենի, հովտի մեջ թաց
Թագուհի ես գարնան, գայթակղիչ,
Բայց ինչո՞ւ ես դյութում, կանչում սրտանց,
Երբ հիշում ես անցյալ գարունը ջինջ,
Երբ արևի տաքուկ և փշաքաղ
Շոյանքներից շշմած, չզգացիր ո՞նց
Ծաղիկներդ տարավ քամին խուժդուժ,
Իր ավարի տեղակ քեզ թողած խոց։
Ո՞Վ Է ԶԱՐԴԱՐՈՒՄ
Ո՞վ է գիշերն այս աստղերով պճնում
Կամ ո՞վ է զարդարում լուսնյակով,
Որ ամենքիս աչքերը դեպ երկինք են թռչում…
Ո՞վ է անհունը գունավորում
Կամ թե ինչո՞ւ են մեր հոգիները մղվում վեր,
Այնտեղ ո՞վ է սպասում մեզ, ո՞վ է մեզ կանչում,
Եվ ինչո՞վ է ձգում,
Որ հոգնած ճամփորդներս պոկվում հողից
Թռչում ենք վեր։
Ինչո՞ւ ենք շտապում։
* * *
Նորից կփախչեմ օրերից անլույս,
Հոգնած այս երկրի սին աղմուկներից,
Եվ գիշերներին ականջ կդնեմ
Ձայներին, որոնք դյութում են հեռվից։
Այնտեղ, այն անտես աշխարհում օտար
Անթիվ աստղեր են կայծկլտում հավերժ,
Շողի արցունքով ելնում է դժվար
Ինչ-որ մեկը լուռ դեպի վեր։ Անվերջ։
Իր հետ տանում է հոգին, հանց պատիժ,
Հոգին, որ պեղեց փոշուց դարեդար,
Լուսինն էլ բացեց պատուհան ուրիշ,
Ուրիշ երկինքներ դիտելու համար։
ՔԱՄՈՒ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ
Տերևների շրշյունը նորից
Քամուն ձայն է բերում,
Քամու ձայնը, քամու շունչը հրաշք։
Քամին քամի է միշտ,
Չի փոխում երբեք իր հին բնույթը,
Չի ընկնում ժամանակի
Եվ օտար խարիզմաների խելքին։
Եվ կրկին շրշում է ու շնկշնկում,
Փչում է քամին մայրցամաքի
Եվ քամին ծովի, և միշտ հավատարիմ
Իր սեփական ես-ին։
———
* Շատիլ – գյուղ
** Մուցո – գյուղ
Տողացիները վրացերենից՝ Հրաչյա ԲԱՅՐԱՄՅԱՆԻ
Թարգմանությունը՝ Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ