Հայ գիտամշակութաբանության ընդհանուր զարգացման երաշխիքը մեծապես պայմանավորված է Հայաստանի Հանրապետության առանձին տարածաշրջանների իրավիճակի բացահայտումով և դրանց մեկնաբանություններով: Այդպիսի շնորհակալ աշխատանք է ձեռնարկել ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ճարտարապետության դոկտոր Գառնիկ Շախկյանը՝ արվեստաբանական լայն ընդգրկումներով քննելով և բացահայտելով Լոռու բնաշխարհի և հարակից տարածաշրջանների (Նոյեմբերյան, Վրաստանի սահմանակից հայաբնակ վայրեր) մշակույթի ամենատարբեր բնագավառների դրսևորումները, հարստությունը և մշակութաբանական արժեքները, որոնք համահայկական մշակութային գանձերի անկորնչելի վկայություններ են:
Հեղինակի գործունեությունը լայն է և տարողունակ. Գ. Շախկյանը հայտնի անուն է հայրենի ճարտարապետության և մշակույթի պատմության ու տեսության մեջ և ունի կարևոր ուսումնասիրություններ այդ ոլորտներում:
Նրա հեղինակած ներկա ուսումնասիրությունը հրատարակվել է «Թումանյանական աշխարհ» վերտառությամբ. հեղինակն այն անվանել է «մշակութային գիտարան», որ շահեկանորեն տարբերվում է հրապարակի վրա եղած համանման աշխատություններից իր կառուցվածքով, բովանդակային ընդգրկումով, նյութի մատուցման եղանակներով, բանասիրական լուծումներով, տեղեկատվական լայն շրջանակներով և մշակութաբանական արժեքով:
«Թումանյանական աշխարհ» աշխատությունն ունի ընդգծված Թումանյանական շեշտվածություն: Այն տրամաբանական շարունակությունն է հեղինակի հրատարակած այլ արժեքավոր գործերի, որոնք նվիրված են Ամենայն հայոց բանաստեղծին, ինչպես՝ «Հովհաննես Թումանյան. հայրենագիտական համանվագներ» (Ե., 2005), «Թումանյանի ընտանեկան աշխարհը» (Ե., 2011), որտեղ Գ. Շախկյանը ամենայն ակնածանքով է վերաբերվում մեծագույն բանաստեղծին՝ Դսեղի հուշարձանները քննելով Թումանյանի հետ երկխոսության ճանապարհով:
«Թումանյանական աշխարհ» աշխատությունն արժևորվում է ամենից առաջ ընդգրկված նյութի տեղեկատվական, փաստավավերական, ճանաչողական և արդիականության տեսանկյունից և ունի քննական-վերլուծական ուղղվածություն: Հեղինակը կատարել է հսկայածավալ աշխատանք՝ նաև օգտվելով հանրագիտական-տեղեկատվական, հուշագրական, հայրենագիտական, ազգագրական, պատմագիտական զանազան աղբյուրներից, համակարգչային կայքերից, արխիվային նյութերից, տարաբնույթ հանդեսներից ու պարբերականներից և այլ կարգի աղբյուրներից: Աշխատության համար հատկանշական է իրար լրացնող տեքստային շարադրանքի և պատկերագրության ընդհանրությունն ու օրգանական կապը:
Աշխատանքին առանձնակի հմայք են հաղորդում պատկերազարդումները, որոնք հարստացնում են բառահոդվածների բովանդակությունը. 700-ից ավելի բառահոդվածները հագեցած են շուրջ 3000 գունավոր և սև-սպիտակ լուսանկարներով, որոնցով, ինչպես նշում է հեղինակը, ուրվագծվում են Լոռու տարածաշրջանում հայ մշակույթի ուղին, հետազոտական արեալի պատկերը և վերընթաց արարումների շրջանակները:
Հեղինակը, ելնելով իր մասնագիտական նախասիրություններից, առավել համակողմանի է անդրադարձել Լոռվա աշխարհի ճարտարապետությանը և ճարտարապետներին (Վ. Հարությունյան, Մ. Հասրաթյան, Ա. Զուրաբյան, Ալ. Սահինյան, Ն. Սարգսյան, Ալբ. Սոխիկյան, Ռ. Բոշյան, Լ. Զոլյան և ուրիշներ), փաստել նրանց վաստակը հայրենական ճարտարապետության զարգացման, բնաշխարհի ճարտարապետական-քաղաքաշինական կերպարի ձևավորման գործում:
Աշխատանքում ըստ ամենայնի ներկայացված են նկարիչները (Փ. Ալոյան, Ա. Ավետյան, Վ. Գազազյան, Գ. Թովմասյան, Խ. Ղարաբեկյան, Կ. Աբովյան և ուրիշներ), գրողները (Հովհ. Թումանյան, Հ. Մաթևոսյան, Վ. Բալայան, Ռ. Դավոյան, Ստ. Զորյան, Մ. Սարգսյան, Վ. Մուղնեցյան, Ս. Մուրադյան, Լ. Սարգսյան և ուրիշներ), կոմպոզիտորները (Ռ. Ամիրխանյան, Գր. Հախինյան, Արզ. Ոսկանյան, Մ. Վարդազարյան, Էդ. Կզարթմյան և ուրիշներ), երգիչ-երաժիշտները (Ռ. Մաթևոսյան, Բ. Դարբինյան, Ս. Զաքարյան, Ս. Նավասարդյան, Թ. Պողոսյան, Ռ. Հախվերդյան և ուրիշներ), թատերական գործիչները (Ս. Սարգսյան, Ա. Ասրյան, Յու. Երզնկյան, Վ. Շահվերդյան, Կ. Երիցյան, Ռ. Մխիթարյան, Բ. Պեպանյան, Լ. Փաշինյան և ուրիշներ), լեզվաբաններն ու գրականագետները (Գ. Ջահուկյան, Էդ. Ջրբաշյան, Հր. Թամրազյան, Ա. Ինճիկյան, Լ. Հախվերդյան, Ա. Ղազինյան, Մ. Սանթոյան և ուրիշներ), հանրահայտ մարզիկները (Ա. Ազարյան, Լ. Արոնյան, Ս. Զատիկյան, Հ. Շահինյան, Վ. Դարչինյան և ուրիշներ):
Աշխատությունն ունի պատմաաղբյուրագիտական ընդգծված արժեք. այնտեղից կարելի է արժեքավոր տեղեկություններ քաղել արվեստի, գիտության, մարզամշակութային ոլորտի, հասարակական-քաղաքական կյանքի, ռազմական արվեստի և այլ բնագավառների նվաճումների վերաբերյալ: Այս աշխատությունը մեզ ներկայացնում է նաև մեր աշխարհի մեկ հատվածի ազգագրությունը՝ իր բանահյուսությամբ, ազգային սովորույթներով ու այդ սովորույթները անխախտ պահպանող ավանդապաշտ լոռեցիներով:
Սույն ուսումնասիրությունը թեև բաղկացած է ծավալուն հոդվածաշարքերից, սակայն ունի մեկ միասնական, ընդհանրական ուղղվածություն. ուսումնասիրության առանցքով անցնում է Լոռվա աշխարհի պատմությունը, որպես քրիստոնեական մշակույթի մեկ բաղադրիչ: Գառնիկ Շախկյանի «Թումանյանական աշխարհ» ուսումնասիրությունը կարող է մտնել համահայկական մշակութաբանության պատմության մեջ, որպես նրա կարևոր բաղադրիչներից մեկը (տարածաշրջանային առումով):
Ներկա աշխատությանը առանձնակի որակ են հաղորդում հեղինակային հղումները, որոնք, ըստ բնագավառների, գիտահանրամատչելի տեղեկություններ են հաղորդում արծարծված թեմայի վերաբերյալ՝ միաժամանակ դառնալով հեղինակի պրպտող մտքի ու գիտական որոնումների անվիճելի վկայություններ:
Այս աշխատանքում հեղինակը ամենայն բծախնդրությամբ վերլուծում է յուրաքանչյուր բնագավառ, յուրաքանչյուր գործչի վաստակը, բացահայտում նրանց ներդրումը, ինչ բնութագրական է տվյալ բնագավառի համար: Բացահայտումներից շատերը, որոնք վերաբերում են քաղաքաշինությանը, կառուցապատմանը, ժամանակակից եկեղեցաշինության արդիականացմանը, բնապահպանությանը, հայ-վրացական արվեստի կապերին, տուրիզմի և սպորտի ինդուստրիայի զարգացմանը, ունեն շեշտված արդիական հնչեղություն:
Գառնիկ Շախկյանի «Թումանյանական աշխարհ»,, ուսումնասիրությունը լուրջ գիտահետազոտական աշխատանք է, որ իր մնայուն տեղը կունենա հայ արվեստի և մշակույթի պատմության և տեսության մեջ, որպես տարածաշրջանի համայնապատկերը ներկայացնող հանրագիտարան…