ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրականագետ
ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
Փառք Աստծու, մենք հրաշալի պոեզիա ունենք, որով, իսկապես, կարող ենք ներկայանալ և՛ Եվրոպային, և՛ ամբողջ աշխարհին: Բայց այդ հարստագույն պատմության մեջ մի շրջան կա՝ 20-րդ դարի առաջին երկու տասնամյակները նախորդ մի քանի տարիների հետ միասին, որն իր գունագեղությամբ, խորությամբ, խտությամբ իսկական նոր ոսկեդար է մեր գրականության մեջ: Ընդամենը մի քսան-քսանհինգ տարում տաղանդավոր մարդկանց այնպիսի մի համաստեղություն հայտնվեց, որպիսին չէր եղել և դեռ չկրկնվեց հետագա տասնամյակներում:
Ամբողջ գիտակցական կյանքումս կարդում եմ այդ պոեզիան և շարունակում եմ զարմանալ՝ այդ ինչ զորեղ բռնկում եղավ մեր բանաստեղծական մտածողության: Նորից հիշեք՝ Հովհաննիսյան, Թումանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց, Սիամանթո, Վարուժան, Մեծարենց, Թեքեյան, Սևակ… Եվ նույնիսկ այդ հրաշալի համաստեղության մեջ Թումանյանը առանձնանում է իր մեծությամբ ու լույսով: Գյուղական հոգևորականի որդի, մի կարգին կրթություն չստացավ, Անդրկովկասի կամ Հարավային Կովկասի սահմաններից գրեթե դուրս չեկավ, բայց բնությունը, որ նրա համար Արարչին հավասար էր, ինչքա՜ն շատ բան էր տվել նրան: Ինքը ճշմարտությունն է ասել.
Իմ կընունքին երկինքը ժամ, արևը ջահ սրբազան, // Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան.// Սարը եղավ կընքահայրըս, ցողը՝ մյուռոն կենսավետ, // Ու կընքողս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ:
Սա սոսկ գեղեցիկ պատկեր չէ (թեև, իսկապես, շատ գեղեցիկ պատկեր է), սա բանաստեղծի էությունն է: Այս համայնական զգացողությունը ոչ միայն Թումանյանի ժամանակներում, այլև նրանից առաջ և հետո մեր բանաստեղծության մեջ ոչ ոք չունեցավ (հեռավոր զուգահեռ կա միայն Նարեկացու և իր միջև): Մեր արևմտահայ եղբայրները երբեմն հեգնանքով են գրում նրա մասին (Օշականը իր դասագրքում Թումանյանին անվանում է «արևելահայերի մեծ բանաստեղծը»): Նրանց շատ է շփոթեցնում Թումանյանի պարզությունը, ժողովրդական մտածողությունը, որն ընկալվում է իբրև գեղջկականություն: Բայց այդ բոլորի ետևում այնպիսի մի անչափելի լայնություն ու խորություն կա, որը համաշխարհային պոեզիայում էլ դժվար է գտնել: Թումանյանը 1913 թ. այսպիսի տողեր է գրել. «Կյանքն իր ամբողջության մեջ մեծ է, շատ է մեծ: Կյանքը – տիեզերական կյանքն է, և մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով»: Իսկ դրանից առաջ էլ, 1910-ին, արդեն գրում է. «Ես իմ ողջ էությամբ ապրում եմ մարդկային կյանքից ավելի մեծ կյանքով»: Ընթերցողը հասկանում է, որ իմ այս գրության վերնագիրը հենց Թումանյանի բառերն են: Թումանյանի մեջ ինձ համար ամենակախարդական բանը մեծ կյանքի նրա այդ զգացողությունն է: Սոցիալական խնդիրներին էլ է անդրադարձել, քաղաքական խնդիրներին էլ, հայոց տխուր ճակատագրին էլ: Կյանքի ողբերգական շրջադարձերի մասին է գրել, ինչ-որ իմաստով ողբերգականությունը նրա գործերի գլխավոր գիծն է եղել («Անուշը», «Մարոն», «Թմկաբերդի առումը», «Գիքորը» և այլն, և այլն): Բայց երբեք մեծ կյանքի զգացողությունը չի կորցրել, և դրանից նրա գրականությունը մարդուն պարուրում է լույսով ու ջերմությամբ: Երբ կարդում եք նրա անպաճույճ պատմությունները բնության ու կենդանիների մասին, դուք էլ համակվում եք նրա զգացողություններով: Բայց այդ խորությունը սովորական մարդը չունի, նման ապրումները շուտ են տեղի տալիս առօրյայի մեծ ու փոքր խնդիրների առջև: Իսկ ահա Թումանյանը գրում է.
Աշնան ամպին ու զամպին, // Մոլոր նստած իր ճըմբին, // Լոռու հանդում մի արտույտ // Նայում է միշտ իմ ճամփին:
Ողորմի՜ Օշականին, հայ գրականության այդ մեծ աշխատավորին: Նրա համար շատ հասարակ պիտի լիներ այս քառյակը: Արտույտ, ամպամած դաշտեր, մարդ… Բայց այդ բոլորի մեջ մի զարմանալի խորություն կա: Դա է մեծ կյանքը, մարդը, տիեզերքը, կենդանին այստեղ են միանում: Սա այն տխուր աշունը չէ, որ այնպես շքեղորեն երգեց Տերյանը, սա Իսահակյանի՝ մահվան շնչով համակված աշունը չէ: Սա բնության կյանքի մի պահն է՝ մյուս բոլոր պահերի պես, որտեղ մարդը և կենդանին կողք կողքի են: Արտույտը մարդու հարազատն է, նույն բնության ծնունդը, նույն մեծ կյանքի մասնակիցը: Լոռու այդ ամպամած բնանկարը ընթերցողի մեջ խորացնում է բնության զգացողությունը: Ահա ա՛յս կյանքն է այդքան կարևոր Թումանյանի համար: Ահա թե ինչու է նա այդքան հաճախ դառնում այդ խնդրին և՛ քառյակներում, և՛ պատմվածքներում, և՛ հրապարակախոսության մեջ: Ահա թե ինչու նրա ողբերգական ավարտ ունեցող գործերում անհուսություն չկա, խավար չկա: Ահա թե ինչու է մեզ այդքան գրավում նրա գործը, մեզ՝ այս տխուր ժամանակներում ապրողներիս, որոնք կորցրել են, կորցնում են բնության, տիեզերքի հետ կապի զգացողությունը, որոնք խճճվել են քաղաքակրթության, տեխնիկայի և տեխնոլոգիաների նվաճումներում, որոնց համար տիեզերքը դառնում է քաղաքական մրցակցության, մոլորակները գաղութացնելու պայքարի ասպարեզ:
Թումանյանի պարզությունը, իսկապես, մի քիչ հանելուկային է: Պատմվածքներ է գրել կենդանիների մասին, պարզ պատումներ, որոնք մարդ ամեն տարիքում հաճույքով կարդում է: Ահա «Գելը»: Ձմեռնամուտին գյուղացիները հավաքվել են տներից մեկում ու զրուցում են գայլերի մասին: Զանազան պատմություններ են պատմում, որից ընթերցողը, իհարկե, շատ բան է քաղում այդ կենդանու մասին, և սա Թումանյանի նպատակներից մեկն է: Թումանյանը ուզում է, որ ընթերցողը, մանավանդ մանուկ, ճանաչի բնությունը: Բայց «Գելը» հո մենակ բնագիտական զրույց չէ՞: Կարդում ես և հայտնվում աշնանային մութ գիշերվա, Լոռվա բնության մթնոլորտում, և այդ ամենը, որն այսօր այնքան հեռու է մեզնից, մոտենում է, դառնում մեր աշխարհի, մեր էության մի մասը: Հապա պատումը: Ինչպե՞ս կարողացավ Թումանյանը այդպիսի պատում ստեղծել, այդքան հարազատ վերարտադրել ժողովրդի խոսքը՝ առանց բարբառախեղդ անելու գործը: Լոռվա բարբառի քիչ տարրերը միայն համուհոտ են տալիս գործին, առանց մեզ դրանից հեռացնելու: Հետո այդ սերը երկխոսությունների նկատմամբ. պատմվածքներ ունի, որոնք գրեթե միայն երկխոսություններից են կազմված («Գաբո բիձու շերամապահությունը»): Կարծես լսում ես գյուղացիների գունեղ, կենդանի խոսքը… Կամ «Եղջերուն»՝ եղջերուի որսի մի հասարակ պատմություն: Բայց այդ պատմության մեջ, մանավանդ ծեր բոստանչու խոսքերում այնքան սեր կա բնության հանդեպ, այնքան ցավ՝ մարդու դաժանության առթիվ, որն այսօր, դժբախտաբար, շատ արդիական է հնչում: Այն ժամանակներում դեռ Հայաստանի բնությունը լիքն էր կենդանիներով, և ոչ ոք չէր մտածում, որ մի քանի տասնամյակ հետո այդ նույն բնությունը պիտի մնար Կարմիր գրքերի էջերում: Մենք կորցրինք մարդու այդ սրտագին կապը բնության հետ, մեր միասնության զգացողությունը: Այսօր ստեղծում են արհեստական ինտելեկտ, մարդիկ սկսում են վախենալ, որ վաղը-մյուս օրը արհեստական մարդիկ կսկսեն ճնշել բնական մարդուն, բռնապետ դառնալ նրա գլխին: Չգիտեմ, այս հեռանկարը ինչքանով է հավանական: Բայց մի բան մենք տեսնում ենք արդեն այսօր՝ դարձանք մեքենաներին գերի և կորցրինք կամ կորցնում ենք բնությունը: Եվ հետաքրքիրն այն է, որ արհեստական մարդ ստեղծող մարդն ի վիճակի չէ սթափ գնահատելու իրավիճակը, հասկանալու, որ մարդկությունը սլանում է դեպի կործանում: Թումանյանը թերևս դեռ այս հեռանկարի մասին չէր մտածում, բայց նրա մի բնութագիրը՝ տրված Արևմուտքի մարդուն, այնքա՜ն այժմեական է հնչում՝ «Արևմուտքի ստրուկները մեքենայի և ոսկու…»: Հիմա ամբողջ աշխարհն է սկսում վերածվել մեքենայի և ոսկու ստրուկների…
Հետաքրքրական է, որ Թումանյանի մարդը չի կորչում տիեզերքի անսահմանության մեջ: Մարդը տիեզերքի մի մասնիկն է, և նրա վախճանը ոչնչացում չէ, այլ վերադարձ դեպի մեծ, իր ներքին կարգ ու կանոնն ունեցող տիեզերքը: Սովորական մարդը դժվարությամբ է հասնում այս զգացողություններին, կամ դրանք նրա համար վայրկենական բռնկումներ են: Իսկ Թումանյանի համար դա աշխարհայացք է, որը չի փոխվում: Երբ Իսահակյան ես կարդում, զգում ես մարդ-անհատի ըմբոստությունը աշխարհի անկատարության դեմ, մարդու վերջավորության մերժումը: Եվ այս զգացողությունն էլ է մարդու էության դրսևորումներից մեկը: Իսահակյանը եվրոպական գրականության մեջ այս զգացողության ամենատաղանդավոր արտահայտիչներից մեկն էր: Իսկ երբ Թումանյան ես կարդում, դու հենարան ես գտնում այս անվերջ աշխարհում՝ այն հավատը, որ տիեզերքը ունի իր օրենքները, որ մարդը չի ոչնչանում, այլ գնում-միանում է այդ մեծ տիեզերքին: Թումանյանը ընդունում է այս աշխարհը և վստահ է, որ աշխարհում շարժում կա, որը տանում է ոչ թե դեպի ոչինչը, այլ դեպի կատարելությունը: Ահա թումանյանական մեծ կյանքի ամենահրապուրիչ, ամենապայծառ կողմերից մեկը: Աշխարհը քո տունն է, և ոչ թշնամական տարերք:
Իհարկե, Թումանյանի աշխարհզգացողությունը այնպես անամպ չէ, ինչպես կարող է թվալ վերևի խորհրդածություններից: Ոչ մի կենդանի արարած ազատ չէ մահվան բերած ողբերգական զգացողություններից: Թումանյանն էլ գրում է.
Երկու շիրիմ իրար կից, // Հավերժական լուռ դըրկից, // Թախծում են պաղ ու խորհում, // Թե ինչ տարան աշխարհքից:
Թումանյանի պոեզիայի ամենատխուր պատկերներից մեկը: Բայց այս քառյակը և մահվանը նվիրված այլ տողերը Թումանյանի փիլիսոփայության տարրերից մեկն են միայն և ոչ ամենագլխավորը: Թումանյանի հայացքը ուղղված է դեպի մեծ աշխարհը, մեծ կյանքը, դեպի ելքը մահվան ողբերգականությունից: Իրեն տեսանելի է այդ ելքը: Մահն անխուսափելի իրողություն է, բայց նրան հաղթողը մարդու գործն է: Մարդու գործը, որը ծնունդ է տվել Թումանյանի լավագույն պոեմներից մեկին՝ «Թմկաբերդի առումին»: Բայց մինչ այդ ուզում եմ խոսել մի փոքրիկ բանաստեղծության մասին, որն ինձ հմայում է միշտ՝ «Աղբյուր»: Այդ գործը համարում են մանկական: Սա այն դեպքը չէ, որ վիճես ու ապացուցես հակառակը: Մանկական՝ թող լինի մանկական: Բայց երիտասարդ տարիներին գրած այդ մանկական բանաստեղծության մեջ այնքան թումանյանական բան կա, որ ես այն շատ լուրջ եմ ընդունում: Նախ, հիշեք՝ ինչ մեծ ու լուսավոր աշխարհում են տեղի ունենում դրա իրադարձությունները: Այդ աշխարհը գծագրվում է ոչ միայն սկզբում՝ Սարի լանջին, ժայռի տակ… Այդ ժայռն ու հովվի շինած աղբյուրը բաց են ամբողջ մեծ աշխարհին, որտեղից գալիս են եղջերուն՝ պախրան, «շոգից հանած չոր լեզուն», տոթակեզ անցվորը: Դու քեզ զգում ես արևոտ մեծ աշխարհում, այս բետոնի ու ասֆալտի և անվերջ մեքենաների թագավորությունից դուրս: Եվ այդ արևոտ աշխարհում տեղի է ունենում մի աննշան իրադարձություն. մարդը մի փոքրիկ լավ գործ է անում՝ աղբյուր է շինում ճահիճ դարձող ջրից: Չես կարող չհիշել Եզովպոսի հայտնի առակը. տերը նրան հրամայում է գնալ-տեսնել, թե բաղնիքում շա՞տ մարդ կա: Եզովպոսը գալիս-ասում է, թե ինքը մի մարդ է տեսել: Այնինչ բաղնիքում մեծ բազմություն է եղել: Երբ զայրացած տերը հարցնում է, թե ինչո՞ւ է Եզովպոսը ասել՝ մեկ մարդ, Եզովպոսը բացատրում է՝ ճամփին մի քար էր ընկած, միայն մի մարդ ուշադրություն դարձրեց և քարը հեռացրեց ճանապարհից: Սա՛ է մարդը: Հովիվը հենց այն մարդն էր, որի մասին երազում էր Թումանյանը: Այս վաղ բանաստեղծության մեջ արտահայտված հավատը բարդանում է «Թմկաբերդի առումը» պոեմում: Ելակետը մարդու լավ գործն է, լավ արարքը: Բայց այլևս չկա այն անամպ տրամադրությունը, որ կար «Աղբյուրում»: Թումանյանի աշուղը պատմում է մարդու ամենաարգահատելի արարքներից մեկի՝ դավաճանության մասին: Դա այն չարն է, որի մասին աշուղն ասում է. «Չարն էլ է միշտ ապրում անվերջ, // Անեծք նրա չար գործքին, // Որդիդ լինի, թե հերնումեր, // Թե մուրազով սիրած կին»: Հայտնի է, որ Թումանյանը այս պոեմը գրել է արևելյան մի տարածված զրույցի հիման վրա, որի իմաստը դավաճան կնոջ անխուսափելի պատիժն է: Թումանյանը վերաիմաստավորել է այդ հին զրույցը՝ առաջին գիծ բերելով մարդկային գործի գաղափարը: Բայց Թումանյանը ավելի խորն է գնացել՝ վերաիմաստավորելով դավաճան իշխանուհու կերպարը: Որ նրա դավաճանությունը լիուլի արժանի է այն անեծքին, որը հնչում է նախերգանքում, անկասկած է: Բայց պոեմի վերջին հատվածներում այնպիսի տարրեր կան, որոնք նոր ու անսպասելի երանգ են տալիս և՛ իշխանուհու, և՛ նույնիսկ Շահի կերպարներին: Կյանքի մեծությունը կարող է ընկալել միայն մեծ հոգին, որը միշտ բարձր է քենից, վրեժից, նաև անեծքից, թեև դա հնչում է այս պոեմում: Այսպես է նայում Թումանյանը իր հերոսներին: Շահը ցավով է հարցնում դավաճան իշխանուհուն՝ «Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն»: Հարցը շատ մարդկային հնչերանգ ունի, որը տարածված հայացքով բոլորովին չի համապատասխանում արյունարբու Շահի կերպարին: Բայց Թումանյանը Շահի մեջ էլ մարդ է տեսնում, մարդը, որն այդ պահին կարող էր ցնցված լինել իշխանուհու արածից, թեև մի քանի րոպե հետո նույն արյունարբու տիրակալն էր լինելու: Միայն Թումանյանը կարող էր այսպես նայել արևելյան տիրակալին, նրա հոգում էլ մարդկայնության առկայծում տեսնել: Եվ միայն Թումանյանը կարող էր այդպիսի խոր ափսոսանք ապրել իշխանուհու արածի առթիվ՝ նրա մեջ տեսնելով ոչ միայն դավաճան տիկնոջը, այլև մտածող և ուժեղ գեղեցկուհուն, որը դեմ է գնում իր մարդկային կոչումին:
Անցավ անտես ու աննման // Էն սիրունը աշխարհից, // Որպես ծաղիկն անցած գարնան, // Որ չի ծաղկիլ էլ նորից:
Սա ներում չէ, սա ափսոսանքն է մարդու համար, իշխանուհու, գեղեցիկ կնոջ համար, որը դավաճանեց ոչ միայն Թաթուլին և նրա զորքին, այլև իր մարդկային կոչումին: Նաև այսպիսի իմաստ ունի Թումանյանի մեծ կյանքը: Թումանյանի հոգու մեծությունը հիշեցնում է տիեզերքի մեծությունը:
Զարմանալիորեն, Թումանյանն անխնա էր իր հրապարակախոսության մեջ: Երբեմն մտածում ես, որ Թումանյանը շատ կրքոտ էր դառնում իր հակառակորդների հետ վիճելիս (օրինակ, Համբարձում Առաքելյանի): Բայց, ի վերջո, նրա խոհերը մարդկային արատների մասին, որոնք նրա հրապարակախոսության կենտրոնական թեմաներից էին, հենց մարդու մասին նրա բարձր պատկերացումներից էին գալիս: Թումանյանը շատ լավ գիտեր ամբոխի և ժողովրդի տարբերությունը, ժողովրդին շատ բարձր էր դնում: Հայաստանի ճակատագրի մասին գրել է բանաստեղծություններ, որոնց մեջ կա մեր ժողովրդի և՛ ողբերգությունը, և՛ նրա պատմական ճանապարհի խոր զգացողությունը՝
Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս, //Ու գնում ենք մեր ճամփով,// Մըրրիկներով պատած անհույս, //Սև խավարով, մութ ամպով:
Հայոց ճանապարհի մասին ավելի գեղեցիկ և խորը ի՞նչ կարելի էր ասել:
Բայց հենց իր ժողովրդի մասին շատ դառնացած տողեր է գրել: «Էդ տեսակ կյանքը (խոսքը մեր կյանքի մասին է) կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան: Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց էն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի»: Սակայն ես այս տողերն էլ միշտ համարել եմ նրա հայրենասիրության բարձրագույն արտահայտություններից մեկը՝ հասկանալ ժողովրդին և չծածկել նրա թերությունները: Թումանյանն ընդունակ չէր դրան: Այս հատկությունը նրան կապում էր նախորդներից Մովսես Խորենացու հետ, հաջորդներից՝ Եղիշե Չարենցի հետ: Երեք մեծ հայրենասերներ… Նրանց հայրենասիրությունը չէր բավարարվում հայ ժողովրդի առաքինություններով: Թումանյանն այն մարդկանցից չէր, որոնք իդեալականացնում են իրենց ժողովրդին, համարում նրան արարչության գագաթ: Այսքան մակերեսային, սահմանափակ վերաբերմունքը հայրենիքի հանդեպ առհասարակ հատուկ չէ մեծ մարդկանց: Ջերմությամբ է գրում մի օրիորդ Սաթենիկի մասին, ով իր և դուստրերի հետ խնամել է արևմտահայ փախստականներին Էջմիածնում, և խորին դառնությամբ՝ այն գյուղացիների մասին, որոնք կեղծ վկայություն են տվել իրենց չքավոր համագյուղացու դեմ՝ հօգուտ գյուղի հարուստի, և դեռ պարծեցել են իր առջև… Կարդացեք նրա 1921 թ. հայտնի նամակը Իսահակյանին, որում մեր բոլոր դժբախտությունների համար մեղադրում է մեզ: Կարդացեք նրա նամակները և հրապարակախոսությունը (սրանք մի կարգին ուսումնասիրված էլ չեն), և մի քիչ նոր Թումանյան կբացահայտեք ձեզ համար: Բայց սա էլ, ի վերջո, գալիս էր մարդկային ապագայի և մարդու մասին նրա բարձր, տիեզերական պատկերացումներից՝
Իմ մուրազը շատ էր շքեղ, //Դրախտ պիտեր քաղաք ու գեղ:
Ես հաճախ եմ հիշում նրա մի քառյակը՝
Լիներ հեռու մի անկյուն, // Լիներ մանկան արդար քուն, // Երազի մեջ երջանիկ՝ // Հաշտ ու խաղաղ մարդկություն…
Բանաստեղծները շատ են գրել երազի մասին, այս մեղավոր աշխարհից հեռու մի անկյան մասին, որտեղ կարողանային վայելել իրենց սերը. բայց այդ անկյունում երազել հաշտ ու խաղաղ մարդկության մասին – սա միայն Թումանյանինն է… Նաև սա էր Թումանյանի մեծ կյանքը – ապրել բոլորի, ողջ մարդկության ցավով:
Թումանյանի մարդկային անհատականությունը և նրա պոեզիան միանգամայն ներդաշնակ են: Ես ուսանողներին անպայման պատմում եմ Թումանյանի կյանքի մասին, ասում, որ Թումանյանը տասը երեխա ունեցավ, այն դեպքում, որ նրա ընկերներից շատերը, մանավանդ «Վերնատան», մեկ երեխա ունեցան (Իսահակյանը, Շանթը, Դեմիրճյանը): Չեմ հակադրում, բայց, իսկապես, այստեղ էլ Թումանյանը բոլորից տարբեր էր: Մեծ ընտանիք, շատ երեխաներ – սա շատ թումանյանական էր: Շփվել իր երեխաների հետ, ուրիշների հետ, միշտ մարդկանց մեջ լինել, թեև հռչակավոր քառյակում բողոքում էր. Ինչքա՜ն ծաղիկ պիտի բուսեր, որ չբուսավ էս հողին, // Ի՞նչ պատասխան պիտի ես տամ // հող ու ծաղիկ տվողին… Չէր կարող նստել օրերով կաբինետում և գրել: Նրա սեղանապետության (թամադայության) տաղանդը իր բանաստեղծական հանճարի շարունակությունն է: Սեղանապետությունը կենաց ասելը չէ, սեղանապետությունը ընդունակությունն է մարդկանց գրավել, համախմբել, ջերմություն ստեղծել սեղանի շուրջը – սա Թումանյանը կարող էր: Հայ-թուրքական արյունոտ ընդհարումների ժամանակ ձի նստել, սպիտակ դրոշ վերցնել ձեռքը և կանխել բախումները գոնե Լոռիում – սա էլ Թումանյանն էր: Եվ ինչպես կարողացավ չթունավորել իրեն ատելությամբ, ինչ ջերմությամբ է գրում իրենց թուրք հովվի՝ Ահմադի մասին, ինչ հարգանքով է գրում ավազակ քրդի հոր մասին («Գրազը»), որն եկել էր ավազակ որդու «արինը հալալ անելու» հայ հովվին, որն սպանել էր որդուն…
Թումանյանն այն գործիչն էր, ով իր կենդանության օրոք հայկական հասարակական կյանքի կենտրոնում էր, ով ապրում էր հայության բոլոր ցավերով: Եվ թուրքական անօրինակ վայրենությունն ու գազանությունը հիմնավոր ցնցեց նրան: Մի բանաստեղծություն ունի՝ «Դժոխքի հանդեպ» վերնագրով, որն իր դաժան մերկությամբ հիշեցնում է Սիամանթոյի հայտնի շարքը՝ «Կարմիր լուրեր բարեկամես»: Ասում են՝ այդ օրերին Թումանյանը հիվանդ էր… Այդ բանաստեղծության մեջ ասում է հայտնի խոսքերը մարդու մասին՝ «Եվ մարդն ամաչի գիլից ու շանից, // Որ մարդ է ծընվել՝ մարդու նըմանից»: Անմարդկային ցնցում էր դա: Եվ, այնուամենայնիվ, Թումանյանը, իր խոսքերով ասած, չպղծեց իր շուրթերը անեծքով, մնաց իր ասած մարդը, որից լույս է ճառագում…
Վահան Տերյանը, որը Թումանյանին շատ էր սիրում, նրան համարում էր մեծ բանաստեղծ, ասել է, որ Թումանյանը մի ունիկում է, և որ նրա ճանապարհը չի լինելու հայ պոեզիայի ճանապարհը: Շատերը այս խոսքերում տեսել են Թումանյանի թերագնահատում: Այնինչ Թումանյանը, իսկապես, ունիկում էր, աննախադեպ և անկրկնելի իրողություն հայ պոեզիայի հարուստ պատմության մեջ: Այս իմաստով, նրա ճանապարհը չեղավ հայ բանաստեղծության զարգացման ճանապարհը: Տերյանի և Չարենցի ազդեցությունը ավելի տեսանելի է այդ ճանապարհին: Բայց, դարձյալ վերանալով պաթետիկայից, նրա ոգին շարունակում է սավառնել հայկական մտքի ու ոգու բարձունքներում: Աշխարհի այնպիսի զգացողություն, որն ունեցավ Թումանյանը, այլևս չի կարող կրկնվել. դա հազվադեպ բռնկում էր: Բայց դա մնալու է իբրև բարձունք, որին ձգտելու են: Չարենցը, ով իր ստեղծագործական ճանապարհի ամենահասուն տարիներին շատ է մտածել Թումանյանի մասին, տվել է նրա ամենախոր բնութագրերից մեկը.
Նա մեծ էր ավելի, քան եղավ: Երկնքի նման ընդարձակ, // Օվկիանի նման՝ իր ոգին ընդգրկել էր կյանքը անեզր:// – Եվ ոգու ափերին նստած՝ նա նայում էր ափերին պայծառ- // Եվ տեսնում էր երգեր ու խոհեր, և տեսնում էր չքնա՜ղ երազներ…