– Գարունը եղել և մնում է այն աղբյուրը, որը թույլ է տալիս ստեղծագործողին ընդարձակել ներշնչանքի և մտահղացում- ների շրջանակը: Ի՞նչ է տվել Ձեզ այս գա- րունը:
– Մի կերպ պատուհանին հասա ու անակնկալի եկա: Կեռասենու ճյուղերը ճերմակով էին պատած: Վիրահատությունից հետո մի շաբաթ անկողնուն գամված՝ չէի զգացել, որ անսովոր տաք ձմռանը կարող էր գարնան կեսին այսքան առատ ձյուն տեղալ: Թեթև գլխապտույտից հետո կրկին դուրս նայեցի: Մի անսովոր եռուզեռ էր սկսվել ծաղկած կեռասենու ճյուղերի շուրջը: Ոնց պճնված գեղեցկուհի, ոտից գլուխ ճերմակ հագած՝ կեռասենին հարսնահանդեսի էր պատրաստվում: Բոլոր կողմերից նորանոր մեղուներ էին ժամանում, ծաղկից ծաղիկ թռչում ու ոչ մի կերպ չէին կողմնորոշվում՝ որն ընտրեն, որին մոտենան: Իսկ ծաղիկները կանչում էին. «Մեղուներ, մի՛ վարանեք, ավելի համարձակ, տեսեք, թե ձեզ համար ինչ համեղ նեկտար ենք պատրաստել»:
Ու սկսվում է ծաղկի ու մեղվի մեծ սերը:
Վերջապես, բուրմունքից ու գայթանքից արբեցած փեսացու մեղուն ընտրում է իր հարսնացու գեղեցկուհուն, մեղմորեն իջնում ծաղկի վրա, կնճիթով փորձում նեկտարի համը, այդ պահին էլ վարսանդը թեթևակի հպվում է մեղվին, մի քանի ծաղկափոշի թողնում մեջքին: Մեղվին թվաց, թե վարսանդի հպումը գոհունակության արտահայտությունն է, ավարտելով իր գործը, մոտենում է մեկ այլ ծաղկի: Երբ կրկին իր բաժին նեկտարն էր քամում, էգ ծաղկի վարսանդը թեքվում է, մեղմորեն հպվում մեղվի մեջքին, արու վարսանդի թափած մի քանի ծաղկափոշի վերցնում: Մեղուն, զբաղված լինելով նեկտարով, այն որպես երախտիքի արտահայտման նշան է ընդունում: Իհարկե, մեղուները, ամբողջությամբ տարված լինելով նեկտար կորզելով, թեթևակի զգում են իրենց թիկունքում վարսանդների խաղը, սակայն նեկտարի քաղցրությունից հագեցած՝ փարատվում են կասկածները:
Մեղուները հավատացած են, որ միմիայն հանուն սիրո ու հեշտանքի են ծաղիկները թույլ տալիս, որ տանեն իրենց ներսի քաղցրությունը: Ծաղիկները, իրոք, սիրում են մեղուներին: Հանուն այս հանդիպման են նրանք այսպես պճնվում, գայթակղում մեղուներին: Սակայն հեշտանքի պահին չեն մոռանում հազարամյակներով իրենց պարտադրած պատգամը. «Երբեք մի՛ մոռացեք, որ սիրո նպատակը բեղմնավորումն է, ցեղի, տեսակի շարունակականության ապահովումը, նորի ծնունդը»: Ու էգի վարսանդը մեղվի մեջքից վերցնում է արու վարսանդի թողած սաղմնափոշին: Էգ և արու ծաղիկների սաղմերը միանում են, սա էլ մի նոր սեր է, սաղմերի սերը, որի արդյունքում հղիանում է բույսը, պտղակալում: Սա կյանքի անվերջությունն է:
Կեռասենու մոտ տղայի ու աղջկա հայացքները հանդիպեցին: Հայացքների մեջ սեր կար, նաև՝ կիրք, կարոտ, մեծ սիրո ու բեղմնավորման հույս:
Արդեն սկսվել է ծաղիկների պտղակալումը: Մեկ ու կես ամիս հետո մարդիկ պտուղն ուտելով կվայելեն ծաղկի մեջ մնացած նեկտարի համն ու քաղցրությունը, ամենևին չկասկածելով, որ սերմի ցրումով մասնակցում են նոր կեռասենիների ծնունդին ու տեսակի, ցեղի հարատևմանը:
ՄԵԾ ՍԵՐ / Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
