Հուլիսի 18-ին բերման է ենթարկվել ՀԳՄ անդամ, ազատամարտիկ Հովիկ Վարդումյանը: Այս առնչությամբ նա պատասխանել է «Գրական թերթի» հարցերին:
ԳԹ. – Ի՞նչն էր առիթը:
Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ – Ինչպես միշտ, նման դեպքերում, եկա Ազատության հրապարակ` պարզելու իրավիճակը: Որպես գրող` ես պարտավոր եմ միշտ լինել իրադարձությունների կենտրոնում: Հրապարակը դատարկ էր, միայն ոստիկաններ էին խմբված տարբեր անկյուններում: Այնտեղից պետք է գնայի Գրողների միություն` հանդիպման: Մաշտոցի պողոտայով բարձրանում էի, տեսա զինակից ընկերոջս: Հեռվից բարևեցինք: Քանի որ նա հաշմանդամ է, ոտքը կորցրել է Արցախյան պատերազմում, ես մոտեցա նրան: Միասին քայլեցինք, խոսում էինք կատարվածի մասին: Զգացի, որ մեզ հետևում են: Թումանյանի և Մաշտոցի անկյունում ոստիկանները հասան մեր ետևից: Ոստիկանական մեքենան կանգ առավ, մի քանի ոստիկան դուրս եկան, հրավիրեցին նստել: Սկզբում փորձեցինք հրաժարվել, առարկել, բայց զգալով, որ անիմաստ է, ենթարկվեցինք: Ոստիկաններից մեկը, որը երևի ավագն էր, մեքենա նստելուց հետո հանեց ձեռնաշղթան և ուժ գործադրելով` կոպտաբար հագցրեց:
Ինչի՞ համար դա արվեց: Մենք այդ պահին ոչ մի օրինախախտում չէինք կատարել, մեզ համար զրուցելով քայլում էինք: Պարզ է, որ նրանք հանձնարարություն ունեին: Երկուսս էլ ակտիվորեն մասնակցում ենք հակաիշխանական, հայապահպանական բոլոր հավաքներին, բողոք-ցույցերին:
Նպատակը տվյալ իրադրության մեջ համընդհանուր վախի մթնոլորտ ստեղծելն է՝ ոմանք կվախենան և տնից դուրս չեն գա: Սակայն դրանով, փաստորեն, ավելի են գրգռում բնակչությանը, տրամադրում իրենց դեմ:
ԳԹ. – Ինչպե՞ս կգնահատեք ՊՊԾ-ում ծավալվող գործողությունները:
Հ.Վ. – Իշխանությունների դեմ պայքարելու այդ ձևը ժողովրդի համընդհանուր դժգոհության պոռթկումն էր: Ժամանակին թե անժամանակ, ճիշտ թե սխալ, համենայնդեպս, այդ քայլին նրանց մղել են իշխանությունների սխալ քաղաքականությունը և երկրում տիրող անարդարությունները:
Սա արդեն նմանատիպ երկրորդ ընդվզումն է: Առաջինը կարողացան ժամանակին կանխել: Այս մեկը չհաջողվեց, նույնիսկ անիմաստ և ցավալի զոհ ունեցանք: Ես անձամբ շատ վշտացած եմ գնդապետ Ա. Վանոյանի մահով և ցավակցում եմ նրա հարազատներին:
Տղաներն այդ քայլին գնացել են հայրենասիրության, պետականությունն ու անկախությունը պաշտպանելու անկեղծ մտահոգությամբ: Նրանք միայն մի բան ճիշտ չեն հաշվարկել. հույս չպետք է դնեին ժողովրդի տարերային ընդվզման վրա: Սակայն ինչ էլ լինի, իր հետևանքն է թողնելու ժողովրդի մտածողության վերափոխման և երկրում տիրող իրավիճակի գնահատման վրա:
Ուզում եմ ասել` պարոնա՛յք ապազգային իշխանավորներ, դուք կարող եք ճնշել այս մի ընդվզումը ևս, հայրենիքի ցավով տառապող հայրենասերներին տեռորիստներ հռչակել: Բայց համոզված եղեք, որ սրանցից հետո կգան նորերը՝ ավելի ճիշտ ժամանակին և ավելի ճիշտ հաշվարկներով:
Ինչքան էլ մեծացնեք ոստիկանության քանակը, ավելի շատ միջոցներ ծախսեք ոստիկաններին զինելու և հանդերձավորելու վրա, միևնույն է, եթե մի իշխանություն թշնամի է սեփական ժողովրդին, սեփական երկրին, նրա վերջը նախկինում եղած վարչակարգերի տխուր ճակատագիրն է: