Խորապես մտահոգված ենք վերջին օրերին Երևանում ստեղծված իրավիճակով: Դեռ մխում է մեր ցավը ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված երիտասարդ, հայրենասեր, 20 տարին չբոլորած տղաների համար: Դեռ հպարտանում ենք մեր ժողովրդի աննախադեպ միասնականությամբ, երբեք չենք մտածել, որ այսօր, այս հանգամանքներում մենք ողջախոհության կոչ պետք է անենք, պետք է խնդրենք հային, որ հայի արյուն չթափի: Հիշենք մեր մեծերին. Անդրանիկ Զորավարի կոչը հայ ժողովրդին. «Ամենայն ցավալին այն է, որ հայը սկսում է եղբայր հայը սպանել… ետ կացեք, անգամ մը խորհեք, թե ինչ կընեք, ամոթ է…ժամանակն է սթափվել, ազգովին քով-քովի գանք: Քաջությունը, դրամը, զենքը չէ, որ կպակսի մեզի, այլ կամքը… 1906 թ.»:
Ավելի լավ հնարավոր չէ ասել: Մենք դիմում ենք բոլորին, հորդորում ենք մեր հայրենակիցներին` համախմբվել, լրջորեն խորհել մեր ժողովրդի համար բախտորոշ այս ժամանակում ծառացած խնդիրները շուտափույթ և միայն ու միայն անարյուն ճանապարհով լուծելու մասին:
Արամ Սաթյան
Հակոբ Ղազանչյան
Աստղիկ Գևորգյան
Էդվարդ Միլիտոնյան
Ռուբեն Գևորգյանց
Կարեն Աղամյան
Մկրտիչ Մինասյան