2022 թվականն ինձ համար ստեղծագործական առումով բեղուն չէր, չէր գրվում, օդը հագեցած էր տարակուսելի քաղաքականությամբ, սակայն կարողացա վերջին տարիների գրած բանաստեղծություններս ի մի բերել ու տպագրել «Զինավառ ընձյուղ» գիրքը: Անցնող տարում Հրազդանի քաղաքապետարանը գրողների համար գրասենյակի նոր տեղ հատկացրեց, որի նորոգման աշխատանքները գրականության նվիրյալների հետ սկսել ենք, և նորմալ ընթացքի մեջ է: 2023 թվականին լրանում է ՀԳՄ Կոտայքի մարզային բաժանմունքի և «Ոգու կանչ» թերթի 15-ամյակը, որի կապակցությամբ մարզում նախատեսված են մի շարք միջոցառումներ և «Ոգու կանչ» թերթի վերահրատարակումը: 2023 թվականի ծրագրերիս մեջ մտնում են նաև «Է վանքի կոչնակը» վեպի և «Գիր և կեցություն» գրախոսականների ժողովածուի երկրորդ հատորի լույսընծայումը: Ցանկանում եմ, որ գալիք տարին Հայաստանի համար դառնա հաջողություններով լի բեկումնային տարի, և թող բացվեն բոլոր «դռներն հուսո»: Ի խորոց սրտի մաղթում եմ, որ հին տարին մեր «ամենայն հանցանքները» իրենը համարի և մեր «հաշտության փրկանակն» վրան վերցրած դառնա նոր տարի, որին էլ դիմում եմ նարեկյան ոգով. «Ամբարշտյալիս դարձրո՛ւ երկյուղած բարեպաշտության, // Թմրածիս՝ զգաստ արթնության սրտի, // Պղծիս՝ կերպարի պայծառ սրբության, // Բազմաբծիս՝ հեզ, անբիծ պատկերի, // Բեկվածիս՝ նորոգ ողջության ամուր, անխորտակելի, // Լացածիս՝ անվիշտ զվարթ խնդության, // Հուսահատվածիս՝ սիրո միության անլուծանելի, // Ամոթահարիս՝ հաստատուն վստահ աներկյուղության, //Մթնածիս՝ անանց լույսին անձկալի, // Մահվամբ գերվածիս՝ կյանքի անվախճան» («Մատյան ողբերգության», Բան ԿԳ, Գ):
Հ.Գ. Խոսքս արդեն գրել էի, երբ ինձ հասավ հարևանիս նորակոչիկ զինվոր որդու զոհվելու բոթը… Թող եկող տարին վերջապես դառնա մեր երազած խաղաղության ու արդարության տարին: