Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ Հայաստանի գրողների միությունը ավանդաբար նշում է Թարգմանչաց տոնը՝ իրականացնելով «Կանթեղ» մրցանակաբաշխությունը: Հոկտեմբերի 10-ին Օշականում, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ, ՀԳՄ պատվիրակությունը այցելեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, ծաղիկներ խոնարհեց հայերենի առաջին ուսուցչի գերեզմանին: Այնուհետև եկեղեցու Մեսրոպ Մաշտոցի անունը կրող դպրատանը տեղի ունեցավ ՀԳՄ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ «Կանթեղ» մրցանակաբաշխությունը: Այս տարի «Կանթեղը» շնորհվեց թարգմանիչներ Շուշանիկ Թամրազյանին (ֆրանսերենից հայերեն), Անահիտ Թոփչյանին (հայերենից ռուսերեն), Կառա Չոբանյանին (իսպաներենից հայերեն), Գևորգ Ասատրյանին (պարսկերենից հայերեն) և Գուրգեն Բարենցին (հայերենից ռուսերեն) թարգմանական վաստակի համար:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, խոստովանելով, որ երկմտել են՝ արժե՞ այս օրերին նշել տոնը, թե՞ ոչ, վստահեցրեց, որ Թարգմանչաց տոնը նշելը խոսում է մշակույթի հաղթանակի մասին: «Թարգմանչաց տոնը ևս մեկ առիթ է, որ աշխարհը տեսնի, թե մեր ժողովուրդն ինչով է զբաղված…
Խաղաղություն թող լինի, բայց ոչ խեղճի ցանկությամբ, այլ հզորի ուժով հաստատված, իսկ մենք պետք է ցույց տանք մեր ինքնությունը, որը դարերով է կերտվել»,- ամփոփեց ՀԳՄ նախագահը:
Իրենց աշխատանքն արժևորելու համար շնորհակալական խոսքով ելույթ ունեցան մրցանակակիրները:
Գևորգ Ասատրյանը նշեց, որ այժմ պարսկերենից հայերեն է թարգմանում «Շահնամե» գործը: Սակայն ինչ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ, չի կարողանում աշխատել: «Պարսիկ գրող Ֆիրդուսին հայերի թշնամիներին վայրի խոզեր է համարել: Նա գրել է, որ Հայաստանը հրաշալի կանաչ դրախտավայր է, որը հայերը ծաղկեցնում են, իսկ վայրի խոզերը փղաչափ ժանիքներով ուզում են փորել այդ հողը»,- պատմեց նա:
Շուշանիկ Թամրազյանը խորհրդանշական համարեց այս մրցանակը, հատկապես այս տագնապախռով օրերին: «Երբ մտածում եմ հայ ինքնության մասին, հայոց պատմության մեջ մի փաստ երբեք չի դադարում ինձ հուզել: Ինչպես է 5-րդ դարում հայ գրերի գյուտին զուգադիպել թարգմանական արվեստը որպես անհրաժեշտություն, և ինչպես են մեր երևելիներն անմիջապես սկսել զբաղվել թարգմանությամբ»,- ասաց նա։
Կառա Չոբանյանն իր թարգմանություններից նշանակալի համարեց Նոբելյան մրցանակի արժանացած գործերը՝ Մարիոս Վարգաս Լյոսայի գրքերը և Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործությունները: «Հատկապես կարևորում եմ «Նահապետի աշունը» գրքի թարգմանությունը, քանի որ և՛ գործի բարդության առումով կարողացա ի վերջո հաղթահարել, և՛ թեման մինչ օրս արդիական է»,- ասաց նա: Անդրադառնալով Արցախում ծավալված իրադարձություններին՝ նա նկատեց. «Երիտասարդները զոհում են իրենց կյանքը, որպեսզի հարատևի մեր լեզուն, գրականությունը, մշակույթը: Մենք հարատևելու ենք, որովհետև մենք պատմական առաքելություն ունենք, դարեր շարունակ կամուրջ ենք եղել երկու քաղաքակրթությունների միջև, և այդ կամուրջը նաև հենց թարգմանությունների միջոցով է եղել»:
Մրցանակակիրներին շնորհավորեց Շանթ Մկրտչյանը՝ ընդգծելով, որ թարգմանչի կյանքը զոհողություն է, և այդ զոհողությունն ունի իր նպատակները: «Դիվանագիտությունը, որ խորքում ունի թարգմանությունը, անպայման տեղ է հասնում»,- վստահեցրեց նա:
Թարգմանիչներ Անահիտ ԹՈՓՉՅԱՆԸ, Շուշանիկ ԹԱՄՐԱԶՅԱՆԸ և Գևորգ ԱՍԱՏՐՅԱՆԸ մրցանակային գումարները փոխանցեցին Համահայկական հիմնադրամին: