Արձագանք Զորի Բալայանի` Ջոն Կիրակոսյանին նվիրված «Գրությանը» / Վարսիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երախտագիտության զգացումով կարդացի այդ բացառիկ հայորդուն նվիրված հոդվածը («ԳԹ», 26.6.2015) և չկարողացա խաղաղվել, մինչև գրեցի այս արձագանքը: Ախր, մեր բարի աժդահան (այսպես էինք կոչում նրան) իմ կյանքում էլ է ճակատագրական դեր խաղացել: Չէ՞ որ առաջին թատերագետներս ինստիտուտը փայլուն ավարտելուց հետո աշխատատեղ չէինք գտնում. նոր մասնագիտություն էր, նման հաստիք չկար: Աչքաբացները տեղավորվեցին Թատերական թանգարանում և ԳԱ արվեստի բաժնում (դեռ ինստիտուտ չէր), մնացյալներս զարնվեցինք դեսուդեն: Ես աշխատանքի անցա Հ. Թումանյանի նորաստեղծ տուն-թանգարանում և բացառիկ բախտ ունեցա շփվելու, համագործակցելու ոչ միայն մեծ բանաստեղծի այրու` հրաշալի Օլգա Վասիլևնայի, Աշխեն և Նվարդ դուստրերի ու փեսա Մուշեղ Աղայանի հետ, այլև մի ամբողջ կոհորտա հայ նշանավոր մարդկանց` Դ. Դեմիրճյանի, Ստ. Զորյանի, Արամ Ինճիկյանի, Ռուբեն Զարյանի և Պիոն Հակոբյանի (ամենաերիտասարդը) հետ: Ավելին. մեկ և կես տարի բախտ ունեցա աշխատելու դարի մեծ բանաստեղծի ու մտածողի` Ավետիք Իսահակյանի հետ, ով նախագահն էր ցուցադրանքն ընտրող հանձնախմբի: Շաբաթը երկու անգամ հավաքվում էին վերը հիշվածները, քննարկում մեր ընտրած նյութերը, և հպարտությամբ պիտի ասեմ, որ իմ ընտրած նյութերն արժանանում էին Վարպետի հավանությանը: Թումանյանին ես գիտեի մանկուց և այնքան լավ էի զգում նրա ստեղծագործությունը, որ Ռ. Զարյանն ինձ առաջարկեց աշխատել նրա էսթետիկական հայացքների վրա… Սկսեցի, բայց իմ երազանքը թատրոնով զբաղվելն էր, դրա համար էլ Թումանյանները վշտացան, բայց ըմբռնումով վերաբերվեցին, երբ տուն-թանգարանի բացումից քիչ անց հեռացա` Հայաստանի ինքնագործ թատրոններով զբաղվելու: 1953-ից ես աշխատանքի անցա Ժողստեղծագործության հանրապետական տանը և եռանդիս ու ավյունիս առաջին տասը տարին նվիրեցի ու մինչ օրս չեմ ափսոսում, որ իմ դասընկերները գրքեր էին գրում, իսկ ես երեք տարեկան դստերս գրկած, ամբողջ Հայաստանն էի չափչփում` իմ սիրելի թատերասերներին հանդիպելու, նրանց խաղը դիտելու և ինչ-որ բան փոխելու համար: 1954 թ. Թատերական համամիութենական ստուգատեսից հետո ժյուրիի նախագահ Դ. Մալյանի զայրույթը` անմակարդակ վիճակի համար, մինչև այսօր չեմ մոռանում: Իսկ հետո ես այնպիսի աշխատանքի կերպեր գտա, պրոֆեսիոնալներին կապելով ինքնագործ խմբերի հետ և խաղացանկային այնպիսի քաղաքականություն մշակեցի, որ 1958 թ. Համամիութենական ստուգատեսը, որին ներկա էին մոսկովյան մասնագետները, հիացմունքը զսպել չէին կարողանում: «նՑՏ Ջպ ՎՈսպվՖՍՌռ ԾղԸՁ»,- ասում էին նրանք` մեր որոշ խմբերի ու ներկայացումների մասին: Եվ առաջին անգամ միութենական սեմինարի կարգը փոխվեց. երկրի մեծանուն ռեժիսոր-մանկավարժների` Գր. Տովստոնոգովի, Մ. Կնեբելի, Ալ. Պոպովի և Ան. Էֆրոսի կողքին հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչը` «Ինչպե՞ս կազմակերպել թատրոնի ստուգատեսը» թեմայով: Գուցե այդպես էլ շարունակեի, եթե մի օր ամուսնուս ներկայությամբ Լևոն Հախվերդյանն ինձ չսթափեցներ:
– Երջանիկ ես, հա՞: Բայց դու համալսարանը թողեցիր, թատերագիտականը փայլուն ավարտեցիր ինչի՞ համար…
Ես վճռեցի աշխատանքս փոխել: Այստեղ պատմությունը կերկարի, ուստի միանգամից հասնեմ այն օրվան, երբ Ջոն Կիրակոսյանի հրամանով դարձա ռադիոյի խմբագիր: Մտադրվեցի պատրաստել «Գյուղը երգերում» հաղորդում: Տիկին Ռոզան ինձ ուղղորդեց փակ ֆոնդերի բաժինը: Ձայնագրությունների տուփերը գրկած՝ սլանում եմ սենյակ և հանկարծ միջանցքում իմ դեմ է ելնում մի իսկական աժդահա… Նախագահն է, նրան ոչ մեկի հետ չես շփոթի…
– Էս ո՞ւր եք տանում, դուք ո՞վ եք,- անհանգիստ հարցնում է նա:
Ես բացատրում եմ:
– Ուրեմն դո՞ւք եք դժգոհած գյուղացիների գեղարվեստական հանգիստը կազմակերպում: Եվ ինչպե՞ս, հաջողվո՞ւմ է:
– Տեսնենք, կարծես թե,- ասում եմ ու գնում խմբագրություն: Մի քանի օր ձայնագրություններ է, որ լսում եմ, նույնիսկ Կոմիտասյան երգեր, որոնք երբևէ չեն հնչել: Անհանգիստ եմ, թույլ կտա՞ն… Կրկին միջանցքում հանդիպում եմ նախագահին, հին ծանոթի պես ժպտում ու անմիջապես վրա եմ տալիս ինձ հուզող հարցով, բայց նա ինձ ընդհատում է և հրավիրում իր աշխատասենյակը: Ես խոսում եմ փակ կամ արգելված ֆոնդերի մասին, ասում եմ, որ այդտեղ իսկական գանձեր կան. աշխատանքային-գեղջկական երգեր, նույնիսկ Կոմիտաս:
– Պե՞տք են` վերցրեք: Եթե պետք է` ես հատուկ կարգադրություն կանեմ: Եվ, ընդհանրապես, զգում եմ, որ դրանցով պետք է զբաղվեմ:
Մի երկու շաբաթ անց պատրաստ է հաղորդման առաջին մասը. «Հին գյուղը երգերում», առատ հնչում է Կոմիտաս, Հայրիկ Մուրադյան… Եկավ ունկնդրության օրը: Միացնում են մագնիտոֆոնը… Ավարտից հետ, քար լռության մեջ այսօրվա պես լսում եմ նրա ձայնը:
– Ես այստեղ որևէ բան չգտա այպանելի: …Ապրեք, լավ գործ եք արել: Շարունակեք նույն ոգով:
Նախագահի կարծիքն իսկույն տարածվեց, ինձ շնորհավորում էին: Հիմա ազատ կարող եմ աշխատել…
Հաջորդ դրվագը կապված է հեռուստատեսություն տեղափոխվելուս հետ: Որոշ դեպքերից հետո, այնպես ստացվեց, որ հենց Ջոն Կիրակոսյանի հեռախոսազանգով, իսկ հետո՝ նաև գործը աչքաթող չանելու արդյունքում ես վերջապես աշխատանքի անցա Հեռուստատեսության գեղարվեստական խմբագրությունում: Դա 1968 թ. ապրիլն էր: Շուտով առանձնացան գեղարվեստական և դրամատիկական խմբագրությունները: Առաջինի ավագը դարձավ Սեդա Սարգսյանը, երկրորդինը` Մարիկա Բերոյանը: Ես դրամատիկականի կրտսեր խմբագիրն էի, բայց հարևան խմբագրությունից հաղորդում գրելու պատվեր էի ստանում: Աղմկալի հաջողություն ունեցան իմ «Սիրանույշ», «Մեծերի բարեկամությունը» շարքից Բեռնարդ Շոուին և դերասանուհի Պատրիկ Քեմպբելին, Այսեդորա Դունկանին և Սերգեյ Եսենինին նվիրված հաղորդումները… Ու մի օր էլ իմ ավագը օրինական հարց բարձրացրեց.
– Ինչո՞ւ պիտի իմ խմբագիրը ուրիշի համար հաղորդում անի և ժամ լրացնի… Եվ հաղորդումներն սկսեցին արվել դրամատիկականում:
…Գրողների միությունում պատահմամբ հանդիպեցի Ջոն Կիրակոսյանին: Անկեղծ ու բուռն էր երկուսիս ուրախությունը: Շտապեցի ասել, որ մենք պարծենում ենք իրենով. չէ՞ որ նա դարավոր սառույցն է ջարդել և Եղեռնի մասին բարձրաձայնել: Հուզվեց, ուրախացավ և ավելացրեց, որ ինքն էլ սիրով իմ հաղորդումներն է դիտում:
– Լավ եք զգում այնտեղ, չէ՞:
– Իհարկե, օրհնում եմ այն պահը, որ Դուք ինձ սատար եղաք:
– Դե, փառք Աստծո, գոնե մի լավ բան արել եմ…
– Ի՛նչ եք ասում, Դուք այնքան լավ բաներ եք արել: Եթե ինձ այնտեղ չուղարկեիք, ո՞վ կզբաղվեր հեռուստաթատրոնով:
– Դա իսկապես լուրջ բան է, և ես խրախուսում եմ. այդ թատրոնը արժե ուշադրության: Իսկ ազգային խոսքուտաղին էլ տաբու չկա, չէ՞:
– Չկա, չե՞ք լսում, ամեն ինչ հաղորդվում է:
– Ստյոպան կթողնի՞, որ տաբու լինի: Բախտներդ բերել է: Հենց միայն այդ շենքը ավարտին հասցնելը անհավատալի բան էր:
– Հազիվ հանդիպել ենք` ասեմ: Մոսկվայից իմ համակուրսեցին էր եկել, խոսում էր Ձեր մասին. «Երբ նա հայտնվում էր, ակամա բոլորս ոտքի էինք կանգնում: Ասես ազգի պատմությունն ու ինտելեկտը ուսերին էին…»:
– Շատ եղավ, փախչեմ: Դե, հաջողություն Ձեզ և ամենայն բարիք:
Այլևս չհանդիպեցինք:
Երբ խորհում եմ Մարդու արածի մասին, մեկ անգամ ևս համոզվում եմ, որ մեր բախտը բերել էր: Ջոն Կիրակոսյանը և Ստեփան Պողոսյանը Մեծ հայեր էին և նրանց շնորհիվ հայացավ ռադիոն և հեռուստատեսությունը: Այսօր երկուսն էլ չկան, բայց կան նրանք, ովքեր վայելել են նրանցից եկող բարին: Փառք ու պատիվ թերթին և Զորի Բալայանին, որ հիշեցնում է արժանիներին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։