ՈՎ Է ԻՇԽԵԼՈՒ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Իմանալով, որ Սաակաշվիլին Բաքվում է, Վրաստանի Գերագույն դատախազությունը դիմել է Ադրբեջանի Գերագույն դատախազությանը` Վրաստանի էքս նախագահին ձերբակալելու և Վրաստանին հանձնելու խնդրանքով, ինչը մերժվել է, որոշակի լարվածություն մտցնելով երկու, ինչպես Սաակաշվիլին է սիրում կրկնել, եղբայր երկրների հարաբերություններում: Որպես արդարացում՝ Haզզin. Az լրատվական գործակալությունը հիշեցրել է, թե ինչպես 2013 թ. վրացական իշխանությունները պայմաններ են ստեղծել, որպեսզի Ռուստամ Իբրահիմբեկովը, ով իր թեկնածությունն էր առաջադրել Ադրբեջանի նախագահական ընտրություններում, հանդիպի ազերի ընդդիմադիրներին, մոռանալով, որ ո՛չ Իբրահիմբեկովը և ո՛չ ընդդիմադիրները Ինտերպոլի հետախուզվողների ցուցակում չեն եղել, ինչը չի կարելի ասել Սաակաշվիլիի պարագայում: Ու եթե վրացական կողմը գործել է իրավական դաշտում, ապա օրենքների նկատմամբ Բաքվի կամայականությունները նորություն չեն: Բացի այդ, ազերիների համար սովորական է Թբիլիսիի հետ ուժի դիրքերից խոսելն ու հարաբերվելը: Վրաց փորձագետ Զվիադ Մճեդլիշվիլիի կարծիքով՝ «Թբիլիսին չի կարող իրեն «ճոխություն» թույլ տալ՝ փչացնելու Ադրբեջանի հետ հարաբերությունները, որովհետև նրա հետ կապված է դեպի Թուրքիա մի շարք ռազմավարական, էներգետիկ, ենթակառուցվածքային ծրագրերով»: Նման «կապը», որ ստեղծվել է Սաակաշվիլիի օրոք և նրա անմիջական մասնակցությամբ, «թույլ չի տա Վրաստանի որևէ ղեկավարի մի այլ կերպ նայել Ադրբեջանի հետ հարաբերություններին»: Ասվածի տիպիկ օրինակը վրացական իշխանությունների դիրքորոշումն էր Հայոց եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ընդհանրապես, Սաակաշվիլիի ֆենոմենը չափից դուրս հակասական է նույնիսկ հանելուկային համարվելու համար: Անհասկանալի է նրա կենդանական ատելությունը Ռուսաստանի և ռուսների ու համարյա ճորտության հասնող սերը թուրքականի նկատմամբ: Իր ղեկավարության օրոք Սաակաշվիլին տասնյակ հազար թուրքերի ու ազերիների է վրացական քաղաքացիություն շնորհել, փոխարենը փորձելով սահմանափակել տեղի հայ բնակչության իրավունքները, հավանաբար նաև դրանով փորձելով թուրքերին հաճոյանալ: Անվերջ ազատությունից ու անկախությունից բարբաջող Սաակաշվիլին, զարմանալի է, որ իր ազատությունն ու անկախությունը պատկերացնում է միայն Ռուսաստանից հեռու և միայն թուրքերի միջավայրում: Ինչո՞ւ, երբ թուրքերի համեմատ ռուսները պարզապես հրեշտակներ են՝ չհաշված մշակութային և հավատի ընդհանրությունները: Բանն այնտեղ է հասել, որ երբ աշխարհը Ադրբեջանին մեղադրում է բռնապետության մեջ, Սաակաշվիլին շարունակում է գովերգել ազերիական ժողովրդավարությունն ու Ալիևի դեմոկրատ ինքնությունը: Եվ դեռ հայտնի չէ, թե այդ սիրավեպը որքան կշարունակվի: Առայժմ Սաակաշվիլին ամեն ինչ անում է Վրաստան վերադառնալու համար: Նույնիսկ հրաժարվել է Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնից, քանի որ ստիպված էր ուկրաինական քաղաքացիություն ընդունել: Բաքվի լրատվամիջոցներին էլ հայտարարել է. «Իհարկե, ես կվերադառնամ Վրաստան, որպեսզի օգնեմ իմ ժողովրդին: Իմ կարիերան պատկանում է իմ ժողովրդին»: Գաղտնիք չէ, որ նա արդեն մի անգամ օգնել է Վրաստանին՝ «ազատվելու» Հարավային Օսիայից և Աբխազիայից: Նրա վերադարձի վտանգավոր հետևանքները չեզոքացնելու համար Վրաստանի խորհրդարանի նախկին ղեկավար Նինո Բուրջանաձեն արտահերթ ընտրությունների կոչ է արել: Ըստ նրա՝ «Սաակաշվիլին վտանգավոր է ոչ թե որպես քաղաքագետ, այլ նրանով, որ նրա մարդիկ զինված են»: Առայժմ Վրաստանի կառավարական ճգնաժամը թույլ չի տալիս որևէ եզրակացություն անել: Վրաց ժողովուրդը ու նաև հայերը զգուշությամբ են սպասում իրադարձությունների հետագա ընթացքին: Փոխարենը, ոգևորված են Վրաստանի ադրբեջանցիները, որոնք իրենց ձեռնտու փոփոխությունների սկիզբը կապում են հենց Սաակաշվիլիի և նրա թիմի վերադարձի հետ: Ելնելով էքս նախագահի գործունեության բովանդակությունից ու վարքից՝ մնում է ենթադրել, որ Սաակաշվիլիի համար «ժողովուրդ» կոչվածը հենց ազերիական ու թուրքական համայնքն է, և նրա վերադարձի հաջողությունից է կախված, թե ապագայում ով է իշխելու Վրաստանում` վրացինե՞րը, թե՞ թուրքերը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։