Մայիսի 7-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ցերեկույթ` նվիրված բանաստեղծուհի, «Արեգնածին» գրական խմբակի ղեկավար Մանիկ Աճեմյանի ծննդյան 60-ամյակին: Միջոցառումը կրում էր «Սահմանն անսահմանի. շնորհակալություն» խորագիրը, որով հոբելյարը հանդիպման էր հրավիրել իր գրական ճանապարհի մտերիմներին ու համախոհներին, իր պոեզիայի երկրպագուներին:
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, բացման խոսքում անդրադառնալով Մանիկ Աճեմյանի գրական-կրթական գործունեությանը, նշեց, որ նա տարիներ շարունակ նոր սերնդի հետ մշակութային, գրական աշխատանք է տարել` շարունակելով Հենրիկ Սևանի հիմնադրած «Բողբոջներ» գրական ստուդիայի ավանդները, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում հիմնադրելով «Արեգնածին» գրական ակումբը, որը հետագայում տեղափոխվել է Նորքի Հայորդաց տուն, «Եթեր» շաբաթաթերթում հիմնելով «Փոքր Մհեր» պատանեկան գրական էջը… Պ. Դեմիրճյանի հավաստմամբ` Սուսաննա Բաբայանի` ժամանակին հանրահայտ գրական խմբակի սան լինելը ևս մեծ դեր է ունեցել Մ. Աճեմյանի հետագա կենսագրության մեջ: Բանախոսն անդրադարձավ նաև նրա պոեզիային` նշելով, որ Մ. Աճեմյանը քնարական շնչով գրված բանաստեղծական մի քանի գրքերի հեղինակ է: «Այդ ժողովածուներում առկա է լույսի և խավարի, բարու և չարի, տարբեր տրամադրությունների արծարծումը, բայց վերջնական հանգրվանը ձգտումն է դեպի գեղեցիկը, լույսը, արեգնածինի ու հողեղենի միաձուլումը»,- ասաց նա և հայ գրականության տարածման, մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա վաստակի, ինչպես նաև ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, Մանիկ Աճեմյանին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիրը և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալը:
Ըստ «Ուրարտու» համալսարանի ռեկտոր Սեդրակ Սեդրակյանի` «Մ. Աճեմյանը զգացել է կյանքի ռիթմը և սեր է սերմանել դեպի գեղեցիկը, դեպի պոեզիան, դեպի հայ իրականությունը` միաժամանակ անդրադառնալով հայոց պատմությանը»:
Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի աշխատակից Ռուզան Մեսրոպյանը, բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը արժևորեցին Մ. Աճեմյանի կատարած աշխատանքը, ինչպես նաև նրա համագործակցությունը թանգարանների հետ:
Ըստ բանաստեղծ Վահան Անդրեասյանի` Մ. Աճեմյանի պոեզիան հիշվում է ու տպավորվում: Նրա հավաստմամբ` «Լավ բանաստեղծությունը տարբերվում է պահի զգացողությամբ, Մ. Աճեմյանը չի խմբագրում իր բանաստեղծությունը, նա գրում է, ինչպես զգում և որսում է պահը»: «Այսօր «Սահմանն անսահմանի» շնորհակալությամբ հայացքս ուղղել եմ մեր մեծերին` Թումանյանին, Իսահակյանին, Չարենցին… Նրանց հանճարը ժառանգելով` փոխանցվել է մեզ մեր ոսկեդարի ոգին` հայ իրականության մեջ կյանքը շարունակել ստեղծագործաբար»,- իր շնորհակալական խոսքում ասաց Մանիկ Աճեմյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ