Մայիսի 6-ին Երևանի պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հյուրն էր բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը:
Բանաստեղծի համար, թերևս, ամենակարևորն իր հոգու ծնունդ տողերը նաև ուրիշի շուրթերից լսելն է, այնպես, կարծես այդ տողերը սեփականվել, ներհյուսվել են այդ ուրիշի ողնուծուծի մեջ: Սա՝ բանաստեղծի հետ հանդիպման մթնոլորտի մասին:
Իսկ նպատակը, ինչպես բացման խոսքում ձևակերպեց ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Յուրի Դավթյանը, ուսանողներին ժամանակակից գրականությանը ծանոթացնելն է, և դրա լավագույն ձևաչափը մերօրյա գրողների հետ հանդիպումներն են, նրանց խոսքը լսելը, նրանց հայացքներին ու ստեղծած գրականության գեղագիտությանը ծանոթանալը: «Մեր օրերում պոեզիայի, գրականության հանդեպ հետաքրքրության աճ է նկատվում. սա արվեստի մի բնագավառ է, որով կարելի է չափել ազգի զարգացման մակարդակը»,- ասաց նա:
«Ամեն բանաստեղծ ունի իր աշխարհը, և եթե ընթերցողը այնտեղ գտնում է հարազատ զգացմունքներ, թանկ մտքեր, իրեն տանջող հարցերի պատասխաններ, ապա նա մնում է բանաստեղծի կերտած աշխարհում, իսկ եթե ոչ` արագ հեռանում է` մնալով նրա նկատմամբ անտարբեր ու անհաղորդ»,- իր խոսքն այսպես սկսեց ցերեկույթի կազմակերպիչ և գլխավոր բանախոս, ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը, ընդգծելով, որ Դավթյանի պոեզիան ունի իր առանձին գրավչությունը, իր ասելիքը, որը հուզում է, հստակ է, պատկերավոր, ունի ներգործուն ուժ:
Հայ նոր և նորագույն գրականության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն ընդգծեց բանաստեղծի սիրային երգի ինքնատիպությունը, սիրո հավերժականության մասին քնարական թարմ ձևերով խոհերը մատուցելու կերպը, պատմության շերտերը բացելու և պոետական հայացքով մեկնելու արդիականությունը:
«Գրական անդաստանը մաքրելու, նորացնելու՝ սևակյան պատգամի հետևորդներից է Գ. Դավթյանը»,- ասաց նույն ամբիոնի դասախոս, բանաստեղծ, դոկտոր, պրոֆեսոր Մարտին Գիլավյանը և նրան մաղթեց շարունակել իր առաքելությունը արդի հայ պոեզիայի անդաստանում:
Կայծկլտուն հումորով էին հագեցած ուղղված հարցերին բանաստեղծի պատասխաններն ու շնորհակալական խոսքը: Հանդիպման ավարտին նա ներկայացրեց իր անտիպ գործերից, ֆակուլտետի ընթերցասրահին նվիրեց վերջին տարիներին իր հրատարակած գրքերը:
Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ