Նյութի և հոգու պայքարը Էդուարդ Խաչիկյանի գրվածքներում

Նոյեմբերի 8-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր Էդուարդ Խաչիկյանի «Ղեբուբան կամ արքայի գործակալը», «Սմբատ Գունդստաբլ», «Օ, Քինգ», «Սև հրեշտակի խոստումը» և «Գրավաճառը» գրքերի շնորհանդեսը՝ նվիրված գրողի ծննդյան 60-ամյակին:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը անդրադառնալով պատմավեպի թեմատիկային, որը Խաչիկյանի գրականության հիմնական ուղղություններից է, նշեց. «Խաչիկյանի պատմավեպը, ընդգրկելով տարբեր պատմական ժամանակներ՝ նախաքրիստոնեական, քրիստոնեական, Կիլիկյան Հայաստան և տարբեր պատմական անցքեր ու հերոսներ, ներկայի ու ապագայի խնդիրներ է արծարծում»: Էդ. Միլիտոնյանը Էդ. Խաչիկյանին պարգևատրեց ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով:
«Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, Հասմիկ Կարապետյանի ուղերձը կարդաց գրադարանի փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, անդրադառնալով Էդ. Խաչիկյանի գրքերի հանձնարարականներին, նշեց. «Նյութի և հոգու պայքարը անցնում է Խաչիկյանի բոլոր գրվածքների միջով՝ հաստատելու համար, որ ի վերջո մարդ մնալու համար ամենակարևորը խիղճն է, հոգին, արդարությունը, ճշմարտությունը, գեղեցկությունը»:
Ըստ Անուշ Վարդանյանի՝ Էդ. Խաչիկյանը տարբեր սյուժեներ ու հագեցած կերպարներ է ստեղծում, ինչը գալիս է գրողի բնույթից: «Նրա գործերը տարերային հոսանքի ձևով են գնում՝ ստեղծագործել է առանց ետ նայելու»,- ասաց նա:
Հասմիկ Սարգսյանը հանգամանորեն անդրադարձավ Էդ. Խաչիկյանի «Ղեբուբան կամ արքայի գործակալը» և «Սմբատ Գունդստաբլ» գրքերին՝ վստահեցնելով, որ գրողի բազմահանգույց պատմավեպերի լուծումները մեր օրերում են:
Ելույթ ունեցան նաև «Էդիթ-Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը, «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը, բանաստեղծուհի Ժաննա Աբրահամյանը:
Էդ. Խաչիկյանի «Հավերժական պտույտ» և «Խոսք ի խորոց սրտի» պատմվածքներից հատվածներ ներկայացրեց Գայանե Սամվելյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.