Հոկտեմբերի 9-15-ը Սիչան քաղաքում կայացավ Պոեզիայի միջազգային շաբաթ` «Սիչան-Ցյունհայի Մետաքսի ճանապարհը» խորագրով, որին հրավիրված էր Գագիկ Դավթյանը: Այս տարի սա բանաստեղծի երկրորդ այցն էր Չինաստան:
«Արծվային սլացքի և լույսի ոգեղեն քարեր» խորհրդանշական վերնագիրն է կրում Սիչան նահանգի Ազգային հրատարակչության տպագրած շքեղ անթոլոգիան, որում Ամերիկայից, Անգլիայից, Արգենտինայից, Չիլիից, Լատվիայից, Լեհաստանից, Իսպանիայից, Թաիլանդից, Չինաստանի տարբեր նահանգներից շաբաթի 49 հրավիրյալները ներկայացված են կենսագրականներով, լուսանկարներով, անգլերեն ու չինարեն բանաստեղծություններով, էսսեներով:
Գագիկ Դավթյանի ստեղծագործությունները, կանադահայ Մուշեղ Բադալյանի անգլերեն վերարծարծումներից չինարեն է թարգմանել անվանի թարգմանիչ Յան Ձոնձեն:
Պոեզիայի շաբաթի կազմկոմիտեն մեր պատվիրակի համար հաճելի անակնկալ էր պատրաստել Ոսկե արծիվ Մեծ թատրոնում, նրա ելույթը ընդգրկելով Լյանշանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գալահամերգի ծրագրում (դիրիժոր` Թան Ցինշի): Գագիկ Դավթյանը Գրիգի երաժշտության նվագակցությամբ ներկայացրեց իր «Ապրելու գաղտնիքը» բանաստեղծությունը, որի չինարենը կարդաց բանաստեղծ Ցինլան Լիհանը: Շաբաթի 49 հրավիրյալներից այդ պատվին արժանացավ նաև արգենտինացի բանաստեղծ Ալեխանդրո Վակկարո Չաոն:
Դատարկ ձեռքերով չէր գնացել Գագիկ Դավթյանը: Վերջերս հրատարակված իր «Համաշխարհային պոեզիա» անթոլոգիան, որում 19 երկրների 58 բանաստեղծների գործերի կողքին ներկայացված է նաև չին մեծանուն բանաստեղծ Ջիդի Մաջիայի «Ձնե հովազ եմ ես» պոեմը, ընծայագրով տեղ գտավ Սիչանի Համաշխարհային պոեզիայի թանգարանի ցուցանմուշների շարքում: Ջիդի Մաջիայի համար անակնկալ էր նաև «Գրական թերթում» իր բանաստեղծությունների ծավալուն շարքի հրապարակումը, որից պոեզիայի շաբաթի փակման հանդիսությանը Գագիկ Դավթյանը կարդաց «Երուսաղեմի աղավնին» բանաստեղծությունը: