Փետրվարի 25-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված բանաստեղծ Վահան Վարդանյանի մահվան տարելիցին:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը, բնութագրելով Վահան Վարդանյանին իբրև մտածող մարդու, շատ խորը, պարզ, ջինջ անձնավորության, նշեց, որ նրա տարբեր թեմաներով և ոճերով գրված գրքերը հասուն, խորը բանաստեղծի գործեր են, որոնց մեջ և՛ դասականության ռիթմը կա, և՛ ազատ տողերը: Նրա հավաստմամբ` 80-ականների սկզբից ավագ գրողները Վ. Վարդանյանին ընդունում էին որպես երիտասարդ խոստումնալից բանաստեղծի, ով տարիներ հետո իր գրքերով իսկապես հաստատեց դա:
Բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանը, ով նաև վարում էր հուշ-ցերեկույթը, ներկայացրեց Վահան Վարդանյանին իբրև առանձնահատուկ մարդու և ինքնատիպ բանաստեղծի, ով թեև վաղ հեռացումին` ամբողջացրեց իր գրական կերպարը. «Նրա գրքերն ընթերցելիս տեսնում ես հասունություն, տեսնում ես մեծ ճանապարհ, որ կտրել-անցել է նա՝ հարուցելով մեր զարմանքը, թե ինչպես է կարողացել այդ կարճության, այդ սեղմության մեջ հասնել գրական սեղմության»:
«Ինչքան պինդ էր իր սկզբունքների մեջ, այնքան փխրուն էր կյանքում»,- այսպես բնութագրեց Վ. Վարդանյանին Մերուժան Տեր-Գուլանյանը և արժևորեց «Նարցիս» գրական-մշակութային հանդեսի կայացման գործում ունեցած նրա դերը:
Շանթ Մկրտչյանը խոսեց իր և Վ. Վարդանյանի ընկերության, ութ տարի անընդմեջ «Նարցիսում» միասին աշխատելու, ինչպես նաև տաղանդավոր գրողների, օժտված մարդկանց հանդեպ բանաստեղծի հոգատար վերաբերմունքի մասին: «Վահանին բնութագրել և հոգևոր խորությունները չտեսնել, նշանակում է Վահանի պոեզիայի և գրականության մասին համարյա ոչինչ չասել»,- հավելեց նա:
Ըստ Արմեն Ավանեսյանի` Վ. Վարդանյանը գնում էր իր բանաստեղծությունները սեղմելու ճանապարհով, որից թե՛ բառիմաստն էր ուժգնանում, թե՛ բանաստեղծության անմիջական ազդեցությունն ու տպավորությունն էր մնում երկար ժամանակ: Ապա անդրադառնալով պիեսներին` ընդգծեց, որ նա բանաստեղծություններով է ստեղծել իր դրամատուրգիան: «Վահանը ծանրակշիռ խոսք ունի, շատերին հասանելի չէ, բայց պիտի օղակ-օղակ բացվի նրա խոսքը և տեղ հասնի»,- ասաց նա:
Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը Վ. Վարդանյանին համարեց տարածական մտածողություն ունեցող բանաստեղծ, մարդ, որ կարծես անցյալից եկել և ապագային է միտված:
Ըստ Անուշ Վարդանյանի` Վ. Վարդանյանի բանաստեղծությունների մեծագույն արժեքը գրողի բառագանձն է:
Բանաստեղծի մասին հիշատակի և գնահատանքի խոսք ասացին նաև Կարեն Մկրտչյանը, Արտաշես Արամը և ուրիշներ: Հուշ-ցերեկույթի ընթացքում հնչեցին Վահան Վարդանյանի բանաստեղծությունները:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ