Սև մարգարիտ
Դուռը,
կրնկի վրա բացված իմ առաջ,
հուժկու շրխկաց հետևիցս:
Առաջինը արար էր գիշերով,
երկրորդը` դիպված դիվահար:
Հայրս չշոյեց աչքերս,
մայրս չհարցրեց – ո՞վ էին,
հարյուր անգամ ներս առած,
հազար անգամ վտարվածն եմ:
Սիրտս դուրս է եկել ինձնից –
ձեր միջի անհետ կորածն է:
Ձեռնունայն,
բոկոտն,
ու առաջ, փախուստ վերջին,
վերստին առաջ,
վազեվազ,
հևիհև,
սողեսող դեպ հարավ –
ինքնասպան արև,
տատասկ անապատ,
անջուր ավազան,
դերվիշներ ու կանայք սև –
ոտքերին` ոսկի զրնգուն,
ձեռքներին` զիլ արծաթ:
Կանգնել եմ դեմ դիմաց –
վզիցս կախ արած տախտակին
անջնջելի անարգանքը հին…
– Բախտագուշակ, ասի,
բախտագուշակ,
սիրտս որտե՞ղ կորավ:
– Մոլորեցրին քեզ,
մոլորեցրին,
նախշուն ճակտոցն
իջեցնեմ աչքերիդ,
ի՞նչ ես տեսնում, ասա:
– Սև երկնքում սպիտակ
ջրաշուշան,
մարգարիտս կորավ ջրերում:
– Մոլորեցնեմ քեզ, մոլորեցնեմ,
թե գաղտնիքը թռչունի փետուր է,
լողում է պղտոր ջրերում,
թե թռչունը անթև մի ուրու է՝
անտրտունջ ընկած մոխիրում:
– Սիրտս որտե՞ղ կորավ:
– Նախշուն ճակտոցն աչքերիդ
իջեցրած,
մեղրամոմ լցնել ունկերդ,
ի՞նչ ես լսում, ասա:
– Մի մեղեդի է շոյում ինձ ներսից,
ուսերիցս թափվում է ցած,
մերթ թովիչ է ու մերթ կսկիծ,
հարսնաքող է ձեռքից
կախ ընկած:
– Բախտագուշակ, ասի,
բանդագուշանք,
սիրտս որտե՞ղ կորավ:
– Մոլորեցրին քեզ, մոլորեցրին,
թե երկինքն է անդուռ
ապաստանը,
շուշաններ կան ջինջ ջրերում,
մայրդ շոյել է աչքերդ,
հայրդ հարցրել է, ո՞վ էին:
Քո կորած սև մարգարիտը
հրեշտակը թաղել է ձյուներում:
***
Նրան, ում համար կրելու էի գույնզգույն զարդերս –
չեմ տեսնի այլևս:
Չասացի, որ դեմ դիմաց
պարտվելը առավել է,
քան նահանջումը դանդաղ:
Չիմացավ, որ իմ ապրելու
ժամանակը գիշերն է,
նա է ընտրել ինձ, և
ես իրենն եմ լիուլի:
Ներո՛ղ եղիր, կեսօր,
որ գովերգում եմ
գիշերվան գաղտնիքավոր,
ուր բոլորը պատսպարված են
մերկ լռությամբ
ու բաց հոգիներով:
Ներո՛ղ եղիր, որ տեղ
չգտա քո շեկ ոլորտներում,
քո հրավառ լույսը ջնջեց
իմ ոտնահետքերը, և ես
կորսվեցի անհետ:
Այսուհետ իմ
ապաստանը գիշերն է
տիրակալ,
որ հեծկլտում է իմ մեջ,
և ես սպեղանին եմ
նրա սպիների արնածորած:
Ոչինչ չի կարող
ամոքել նրա ցավը.
դեռ որքան էլի պիտի
փարվեմ նրան
ես` որդեկորույս մոր պես,
նա` մեկնված իմ ծնկներին:
Նրա խաղաղ ժամերը
հոսում են իմ երակներով
հանդարտ ու թափանցիկ
ու մեկեն պոռթկում
ջրվեժի նման լեռներից
գահավիժող:
Ես որսում եմ
սոսափյունը փակվող
ծաղիկների,
լսում խաղաղ
ընթացքը ցամաքող
գետակի.
ես լռության
մանրիկ հովտաշուշանն եմ,
և բոսորագույն վարդը`
մութի մեջ շողարձակող:
Օ՛, հանդարտվիր, սիրտ,
մի ուրիշի գիշերները
նահանջելու են դանդաղ,
ու հրաշեկ կեսօրը ջնջելու է
ոտնահետքերս… կրկին:
***
Իմ ձախ թիկունքին
երեկ գիշերով
դաջվածք արեցին
փշե մի ծաղիկ:
Մեկը չգթաց սիրտս
պահ տված
մի օր –
ադամամութին:
***
Նա, ով ծածուկ մտավ
մարմնիս գաղտնաբանները,
հեռացել է վաղուց:
Ինձ չպատմեց ոչինչ
մարմնիս խորքում հեղված
գաղտնիքների մասին,
որ էլ չկան:
Կամացուկ, մեղմիկ
դատարկվեցին դանդաղ,
ինչպես լքում է կաթ-կաթ
սափորը նրբագեղ
գինին թունդ ու անույշ…
Դատարկ սափոր եմ
գիշերվան դեմ հանդիման:
***
Կինն իր կոպերն է հարդարում՝
տխրությունը
քողարկելու համար:
Ի՛նչ քամահրոտ էին աչքերը,
երբ քայլում էր ծովի երկայնքով
շեկ ավազների մեջ
մի անուն գրելիս: