Չեմ ասում` համբերության բաժակը. այդ բաժակը վաղուց չկա, թե ուր է և ինչպես վերացավ` վերացնողները գիտեն միայն, ինչպես նաև գիտեն, թե ի՛նչ ստորամտքությամբ այն փոխարինեցին անտարբերությամբ: Համբերատար հայաստանյան ժողովրդին կարողացան այնպես մուտանտացնել, որ նա հիմա համարյա ոչնչի չի արձագանքում, ոչնչից չի զարմանում, չի ընդվզում (լոկալ ակցիաները եղանակ չեն ստեղծում):
Ո՞ւմ է ձեռնտու այս անտարբերությունը, որն ավելին է, քան հանցագործությունը: Երկիրը լքողի՞ն… ով այլևս պատասխանատվություն չի կրում թիկունքում թողած երկրի համար, քանի որ այդ երկրում ինքը ոչինչ է, թե չէ գոնե մի նվազ փորձ կարվեր նրան ետ պահելու, դուրս տանող ճամփան փակելու:
Երկրում մնացողի՞ն… ում նվաստացնող աշխատավարձ են «բաժին հանում» և գազա-արագաչափային թալանի հսկայական վճարում-տուգանքներ պարտադրում:
Թվարկումը շարունակելը, կարծում եմ, անիմաստ է, տեղը խնայեմ ու անցնեմ կարևորին:
Այս օրերին երկու Տիգրան դարձան հասարակության ու պետության բարոյական անկման ամենախոսուն խորհրդանիշները: Անունները` նույնը, իսկ, այ, ազգանունները…
Ես չգիտեմ, ովքեր են Տիգրան Առաքելյանի ծնողները, բայց խոնարհվում եմ նրանց առջև, շնորհակալ եմ, որ իմ երկրին այդպիսի պայծառ, աննկուն Մարդ են տվել: Տիգրան Առաքելյանը ԻՄ երկրի ապագայի համար է մերժել այդ անտարբերությունը, դրա համար էլ այսօր բանտված է ու Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը մերժել է նրա խափանման միջոց կալանքը փոխելու փաստաբանի միջնորդությունը:
Ցավոք, լավ գիտեմ, ովքեր են Տիգրան Խաչատրյանի ծնողները (փառք Աստծու, միայն լրատվամիջոցներից), ու միայն կարող եմ փաստել` «կեցցե՛ք», ի՜նչ զավակ եք մեծացրել, որ խաղաղ պայմաններում թշնամու դեմ կռվող հայ հրամանատարի եղբորն է սպանում, ու ևս մի «կեցցե», որ կարողացաք ձեր սպանող զավակին առանց միջնորդության ու դատական քաշքշուկների ազատություն պարգևել…
Ու դեռ հարցնում եմ` ո՞ւմ է ձեռնտու այս երկիրասպան անտարբերությունը…
Երանի այս ոսկեղէն խօսքերդ տեղ հասնին թանկագին Կարինէ։
Վերջին քառասուն տարիներու ընթացքին այսքան մէկուսացած հասարակութենէ հեռու արձակուրդ չէի անցուցած Հայրենիքի մէջ։
Տարօրինակ ամայութիւն մը կար մթնոլորտին մէջ հակառակ մայթերը աղմկող պատահական եւ պարտադիր շփոթած հիւրերու
որոնց աղմուկը աւելի տագնապի մը ծնունդ կը թուէր քան ուրախութեան։