ՊԱՏՄԱԳՐԱԿԱՆ ԵՐԿԻ ԱՐԴԻԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ / Սուրեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Արքմենիկ-Նիկողոսյան-Առաքել ԴավրիժեցիՀետվերածննդյան շրջանի «գրաբար գրականության» գեղագիտական և աշխարհայացքային յուրահատկությունները պայմանավորված էր պատմական միջավայրով, դասական պատմագրության ավանդները վերականգնելու ջանքի ընտրությամբ, ինչը ընդհատվել էր վերածննդի շրջանի գրական վերելքի շրջանում: Հետևաբար, նորի աշխարհընկալումը ենթադրում էր պատմականության նոր ըմբռնում, որի ձևավորումը կախում ուներ շարժման շրջադարձով, ինչը հնարավորություն է ընձեռում մեկնաբանել հայ պատմագրության ընթացքը 5-րդ դարից մինչև ուշ միջնադար, անշուշտ, հաշվի առնելով ինչպես ժանրի վերելքի, այնպես էլ անկման շրջանները: Զուտ գրական տեսակետից այստիպի քննությունը հայ գրականագիտության խնդիրներից մեկն է, որը, թեև մեզանում նոր չէ, բայց սկզբնավորման իր փուլում է… Արքմենիկ Նիկողոսյանի «Առաքել Դավրիժեցու Պատմությունն իբրև գրական երկ» (2012) մենագրության ի հայտ գալը, որն ունի արդեն իր նախորդ գրական հանգրվանը (նկատի ունեմ` ավանդները), մեկնաբանական իր նշանակությամբ ավելի քիչ կարևոր չէ, քան բանասիրական հետազոտությունները առհասարակ: Հետևաբար, մենագրության ներածության մեջ հեղինակը, կռահելով ավանդականորեն եկող բանավեճի ընթացքը և հիմնավորելու համար պատմագրական երկի զուտ գրական ուսումնասիրության իր հարցապնդումը, ասում է. «Պատմագրական երկ ժանրային հասկացությունն անպայման առթում է ընկալման երկու, բայց համադրական և անտրոհելի մակարդակներ` պատմագիտական և գրական»: Բայց, եթե Դավրիժեցու երկը, իբրև պատմական սկզբնաղբյուր, նշանակալի արժեք ունենալով, գնահատվել է հայ և այլազգի ուսումնասիրողների կողմից, ապա, իբրև գրական օրինաչափությունների կրող, կարոտ է ամբողջական ուսումնասիրության: Նիկողոսյանի կարծիքով՝ թեև Դավրիժեցին, Աբեղյանի գնահատմամբ, դասվում է ուշ միջնադարի «գրականություն նորոգողների» շարքում, այնուամենայնիվ, նրան բնութագրելիս «չի արդարացվում խոշորագույն տարազումը», եթե վերլուծողը ակամա մղվում է համեմատելու ոսկեդարի պատմիչներին, թեև Աբեղյանը 17-րդ դարի գրական շարժման ընդհանրությունները համեմատում է 10-րդ դարի պատմագրության զարթոնքի հետ: Ուստի մնում է մի ելակետ` Դավրիժեցու երկն ուսումնասիրել, ինչպես հեղինակը՝ Ա. Նիկողոսյանն է ասում, իբրև առանձին, բայց և միասնական համակարգ, որը հնարավոր է գրավոր տեքստի ամբողջականության ընկալման պարագայում միայն: Ինչպե՞ս:

Հեղինակը չափազանց լավ է հասկանում, որ հարցադրումը, թե` «հայ պատմագրության ուսումնասիրությունը,- ինչպես սահմանել է Աբեղյանը,- պահանջվում է նաև գրական տեսակետով», պատմա­գրության ժանրային նկարագրում, այ­նուամենայնիվ, «գրականը» ընկալում է, Նիկողոսյանի խոսքով ասած, «իբրև անքակտելի էատարր»,- ասել է` պատմա­գրության ժանրային կառուցվածքի մի մասնակիություն որպես, որը, եթե ավելի շատ բնորոշ է, ասենք, Բուզանդի պատմությանը, ապա, ավելի քիչ` ստուգաբան Խորենացուն և Փարպեցուն: Ուստի, հստակ տարբերակելով գրական-ը որպես էատարր, որը հատուկ է պատմագրության ժանրին առհասարակ, Նիկողոսյանը սահմանում է «գրական երկ» և «գեղարվեստական արժեք» հասկացությունները, ասելով` «գրականը դեռևս գեղարվեստական չէ, և երբեմն նույնիսկ հակառակը»: Ահա թե ինչու նաև Դավրիժեցու պատմության տեքստը, ամբողջականության ձգտելով, վերլուծության համակարգում հեղինակը քննում է իբրև «գրավոր աղբյուր» (տեքստ), որը առաջին հեղ «մասնատված» է իբրև քննության նյութ պատմության ժանրային նկարա­­գրի, այնուհետև` կառուցվածքի, և վերջին՝ «Գեղարվեստական արժեքը» գլխում` պատմության գեղարվեստական արժեքի վերլուծական համապատկերում: Ըստ էության, հեղինակի բնութագրությամբ, Դավրիժեցու երկի բովանդակությունը (նույնն է թե` երկի ստրուկտուրան) պայմանավորում է նրա կառուցվածքը, որը քննվում է իբրև ամբողջական տեքստ, որի պատմագրական բնույթը ժանրային համակարգում, որպես գրական երկ, սահմանվում է իբրև ժանրային համակարգի միասնություն` նրա կազմում քննելով ժանրային առանձին «միավորները»` թուղթը, զրույցը, վկայաբանությունները, ողբը, տեսիլները, որոնք, որպես կառուցվածքային միասնության համակարգ, որպես ամբողջություն, սահմանում են նաև պատմագրության ժանրը: Հետևաբար, պատմագրությունը, որպես ժանրային միասնության համակարգ, քննության նյութ է արդեն, որը սահմանում է գրականությունը: Ասել է` պատմագրությունը և գրականությունը, Դավրիժեցու երկի ստրուկտուրալ միասնության մեջ, նույնարժեք են, ուստի Նիկողոսյանը «առաջ» է անցնում` քննելու նրա կառուցվածքը, գեղարվեստական արժեքը, որոնք, ինչպես հասկանալի է ասվածից, վերլուծության մեջ միասնական են և «կազմում» են տեքստի ամբողջությունը: Բայց և, ինչպես տեսնում ենք, զուտ տեսական առումով, «գրական երկ» հասկացությունը, վերլուծության մակարդակում, ժխտելով «գեղարվեստական արժեքի» հասկացությունը, այնուհետև ձուլվում է նրան մի այլ` տեքստի ստրուկտուրայի համակարգում` փոխատեղելով իմաստի նշանակությունը «գեղարվեստական երկ» հասկացության, ընկալելով երկուսը համաձույլ, նույն համատեքստում:
Արքմենիկ Նիկողոսյանին «Առաքել Դավրիժեցու Պատմությունն իբրև գրական երկ» մենագրության մեջ, ուղղակի ասենք, սա հաջողվել է, ուստի աշխատությունն աչքի է ընկնում տեսական լուծումների համադրական ուղղվածու­թյամբ, տեքստի ընկալման հասուն դիտարկումներով: Դրա վկայությունը գրականագիտական աղբյուրների ճշգրիտ հղումներն են, մեկնաբանական նորահայաց դիտարկումները, որոնք առնչվում են տեսական իր հարցադրումը փաստարկելուն և հաստատելուն: Այսպես. խնդրի համակարգվածության հասնելու համար նա ընդհանուր հարցա­դրումների իր ելակետը վերառում և հաստատում է` հղում անելով Մայիս Ավդալբեգյանի «Հայ պատմագրության ժանրային մի քանի առանձնահատկություններ» հոդվածին` առանցքում նպատակադիր զարգացնելով հետևյալ միտքը. «Պատմագրական երկերին հատուկ են ոչ թե գրական ինչ-որ հատկանիշներ, այլ՝ պատմագեղագիտական միասնական սկզբունք, հեղինակային հավատամք, որի դրսևորմանն են ծառայում թե՛ պատմությունը, թե՛ գրականությունը միաժամանակ»: Ժանրի, նրա կառուցվածքի և գեղարվեստական արժեքի քննությունը մենագրության ընդհանուր համակարգի մեջ, հարցադրումը ընկալելով միասնության և ամբողջականից կախում ունեցող օրինաչափության ոլորտում, տանում է գրի-տեքստի այնպիսի ընկալման, որ սահմանելի է թե՛ պատմական օրինաչափությունների և կառուցվածքայնության ընդհանրությունների, միասնականության օրենքներով, թե՛ եզակի-ժամանակային-անհատական (հեղինակային) ընկալման զարգացումների ընթացքով: Ահա թե ինչու Դավրիժեցու երկը վերնագրված է «Գիրք պատմութեանց», որ նշանակում է, թե պատմության տեքստը ինքնաբավ է այնքանով, որքանով որ նրա մեջ, ինչպես Նիկողոսյանն է ասում, ներբերված են պատմության հավաստի եղելությունները, որ, իբրև տեքստ, իր «ներսում», կառուցվածքային իր օրենքներով, կրում է ոչ միայն հեղինակի աշխարհայացքի ամբողջությունը, այլև նրանով սահմանվում է պատմության տեքստի զուտ նշանային արժեքը: Արքմենիկ Նիկողոսյանը, հենց այսպես էլ անկաշկանդ, իր հղումները ստուգում է թե՛ գրականագիտական նախորդ ուսումնասիրությունների տվյալների, թե՛ արդիական գրական-վերլուծական համակարգերի համադրության, միմյանցով «ստուգելու» ջանքի հիման վրա` հարկ եղած դեպքում քննադատական հայացքով վերլուծելով գրականագիտական հղումը, ինչը ակներև է Մ. Աբեղյանի «գրական երկ» հասկացությունը սահմանելիս, որը ոչ թե քննադատություն է զուտ ժխտական մղումով, այլև քննադատություն, որը զարգացման ելակետ ունի:
Իհարկե, հեղինակի աղբյուրները, որքանով որ իր հարցադրումները բարդ են և տեքստաբանական լուծումներ են պահանջում, բազմազան են և տեղին, թեև ակնհայտ է մի քանի մեկնաբանությունների տեսակետից նրա նախընտրության ուղղվածությունը. այն է` զուտ տեքստաբանական-կառուցվածքային իր մեկնաբանումները սահմանել և արժևորել գեղարվեստականության օրինաչափությունները սահմանելու նշանակությամբ: Ժանրային համակարգը սահմանելիս այսպիսի նշանակություն ունեն Մ. Ավդալբեգյանին հղումները, զրույցների ժանրը մեկնաբանելիս` Ա. Սրապյանի «Հայ միջնադարյան զրույցներ» (1969) աշխատությունը, թղթի ժանրային կառուցվածքը վերլուծելիս՝ Ա. Ալեքսանյանի «Հայ միջնադարյան նամակը» /IV-XIV դդ./ (1997) և այլ աշխատություններ: Բայց որ Նիկողոսյանի եզրահանգումները հստակ են, միտումները՝ ուղղորդված, կարելի է փաստարկել իր եզրակացություններով: Դավրիժեցու պատմությունը որպես գրական երկ Նիկողոսյանը սահմանում է և վերլուծում հետևյալ կերպ. «Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» աշխատությունը հատկանշվում է պատմական իրադարձությունների ներկայացման գեղարվեստական ոճով ու մոտեցմամբ, ինչպես նաև զուտ գրական իրողությունների, մասնավորապես` կառուցվածքային արտաքին և ներքին օրինաչափությունների պահպանմամբ, տարբեր գրական ժանրերի կիրառությամբ, որոնց ընդհանրականությունը ապահովում է պատմագեղագիտական որոշակի միասնություն»:
Հարցադրումը որքան էլ լայն է և բարդ, հեղինակը, հիմնվելով տեսական եզրահանգումների վրա, կարողանում է զարգացնել` եզրահանգելով հետևյալը. «Գրական երկը կազմաբանվում է նախևառաջ ժանրային համակարգով, գրական տարբեր ժանրերի համադրական կիրառությամբ, գրական երկերին բնորոշ կառուցվածքային օրինաչափություններով և, բնականաբար, գեղարվեստական արժեքով»:
Բացի այն, որ ոչ միայն Դավրիժեցու երկի, այլև պատմագիտության ժանրի ուսումնասիրման ասպարեզում բանասիրական մեթոդը, Նիկողոսյանի կարծիքով, իրեն սպառել է (կամ` գրեթե սպառել է), այլև ժանրի մեկնաբանության հարցա­դրումը, գրականագիտական իր ուղղվածությամբ, իր մեջ ներառում է տեքստի կառուցվածքային «էատարրերը», ինչպիսիք են տեքստի համադրականությունը կազմաբանող ժանրային համակարգը: Հեղինակը, քննելով դրանք, ոչ միայն հետաքրքիր և բարդ վերլուծումներ է անում, այլև մեկնաբանում է Դավրիժեցու ստեղծագործական «մեթոդը»: Այն է՝ եթե պատմագիրը, նկարագրելով 17-րդ դարի առաջին կեսի պատմության ժամանակագրական ընթացքը, ձգտելով ստույգ թվա­գրության, իր պատմության մեջ զրույցները և վարքերը անվանում է «պատմություն», ապա հեղինակը, վերլուծելով երկի կառուցվածքի ընդհանուր օրինաչափությունները, սահմանում և տարբերակում է դրանք, մանրամասն վերլուծում ժանրերի համակազմը` հավելելով, որ Դավրիժեցին, թեև «ժանրային ինտուիտիվ զգացողություն ունի», բայց վարքերը և զրույցները, զուտ պատմողական տեսակետից, ժանրային նկարագրի առումով ավարտուն են: Ուստի ուշ միջնադարի պատմագրությունը իր «ժանրային գիտակցությամբ», թեև սահմանելի է միջնադարյան արձակի համատեքստում` ժանրային տեսակների համադրության եղանակով միմյանց «լրացնում» են ժանրերը և տարրալուծվում միմյանց մեջ, ինչպես Դավրիժեցու երկում նամակ-թուղթ-ուղերձը և բանավոր հրովարտակները, բայց և ունեն իրենց բնորոշ ժանրային կառուցվածքը, որը ոչ միայն մանրամասն վերլուծում է Նիկողոսյանը, այլև, զարգացման ընթացքով, ընդհանրացնում ասվածը պատմության կառուցվածքի, գեղարվեստական արժեքի հարցադրումների համակարգում:
Արքմենիկ Նիկողոսյանի տեսական ընկալումների արժեքը հասկանալու համար, որքան էլ համառոտ, այնուամենայնիվ, անհնար է շրջանցել պատմության կառուցվածքի մեկնաբանության ելակետը, ինչպես նաև հեղինակի կերպարի անդրադարձին վերջին` երկի գեղարվեստական արժեքի քննության տեսանկյունը վերլուծելիս: Առաջինի դեպքում, ընդհանուր համակարգում, հեղինակը կառուցվածքի հասկացությունը տարրալուծում է երկի բովանդակություն-ստրուկտուրայի քննության ոլորտում` ներառելով դրա մեջ «ձևի ինքնագիտակցությունը»: Նկարա­գրելով, ուստի, որ Դավրիժեցու պատմագիրքը սկսվում է աղոթքով, նշում է, որ այդ աղոթքը բացառիկ երևույթ է հայ պատմագրության պոետիկայում: Դրան հաջորդում է Դավրիժեցու առաջաբանը, ուր հեղինակը, ըստ Նիկողոսյանի, համառոտ ներկայացնում է իր երկի «մասին-ն ու ինչպես-ը», այսինքն` բովանդակությունն ու կառուցվածքը: Մեկնաբանության մեջ, այնուհետև, զարգացնելով հարցադրումը, Նիկողոսյանը մեկնաբանում է տեքստը իբրև «կենտրոնացված պատումի» առանցքի ձևավորման ընթացք, ուր նշանակություն ունեն պատմողի ծրագիր-խոստումները, այլտեքստերը, միջտեքստային (ինտեր- տեքստային) հարաբերությունները և այլն, որոնց բովանդակությունն արտահայտվում է և վերլուծվում միայն «բովանդակության ձևի» աշխարհընկալմամբ: Իսկ երկրորդ դեպքում, այն, ինչ վերևն ասացի հեղինակի կերպարի առումով, քննում է` մեկնաբանելով պատմիչի կերպարը երկի գեղարվեստական արժևորման համակարգում:
Նիկողոսյանը պատմության հեղինակին՝ Դավրիժեցուն ընկալում է որպես պատմիչ-գրող-ժամանակագիր, քանի որ նրանք տեքստում հանդես են գալիս համաժամանակյա: Պատմիչի հայացքը այս պարագայում չեզոք չէ և նման ինքնախոստովանությունների, պատմելու ռիթմի և հուզականության ոլորտում է կայանում տեքստը, միաժամանակ, ի հայտ է բերում պատմիչի կերպարը, նրա անհատականությունը, առհասարակ` վկայագիր Դավրիժեցուն: Նրա շուրթերը և սիրտն են ողբում 17-րդ դարասկզբի «հայոց մեծ գաղթը», որի գրական արժեքը մեծ է մեր գրականության մեջ, և նրա սիրտն է աղոթում` հանուն հայրենիքի բարօրության, բայց և ողբում միաժամանակ` հայրենիքի կորսված գեղեցկությունների, դժբախտությունների և արհավիրքների համար… Մի խոսքով` կերտում ոչ միայն իր, այլև` ժամանակակիցների հոգևոր և աշխարհիկ դիմանկարը և կերպարը, որոնք գրավոր տեքստում հանդես են գալիս արդեն ոչ թե պատմության ստույգ ինքնությամբ միայն, այլև վերապրում են մի այլ` Դավրիժեցու երկի «գեղարվեստական ժամանակի», ուրեմն և` պատմության փիլիսոփայության ոլորտում, ինչը և Նիկողոսյանի քննության նյութն է…
Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» երկի արժեքը նշանակալի է որպես 17-րդ դարի սկզբնաղբյուրի, որ ունի գրական ամբողջություն: Ինչպես հասկանալի է վերը նշվածից, Արքմենիկ Նիկողոսյանը, ունենալով մեկնաբանության իր ելակետը, տեսական համակարգվածության է ենթարկել և վերլուծել Դավրիժեցու պատմությունը` հստակ սահմանելով իր պատկանելությունը «գրականագիտական դպրոցին», ում համար առաջնայինը «տեքստի ամբողջականության» հարցն է` անկախ նրանից` խոսքը վերաբերում է միջնադարի՞, թե՞ մի այլ` ժամանակակից տեքստի: Ավելին, մեկնաբանության այս միտումը ենթա­դրում է ոչ միայն գրական պատրաստություն, այլև` տեսական ընկալումների հորիզոն, որի վկայությունը Արքմենիկ Նիկողոսյանի «Առաքել Դավրիժեցու Պատմությունն իբրև գրական երկ» մենագրությունն է: Բարեբախտաբար՝ սա նոր սկիզբ չէ Ա. Նիկողոսյանի համար, այլ՝ արդեն գրական հարցադրումների ըմբռնում, որ տեսական ամբողջության է ձգտում և պայմանավորված է հեղինակի հետաքրքրությունների լայնությամբ, որն ընդգրկում է գրականության պատմության թե՛ հին և թե՛ նորագույն շրջանի հետաքրքրությունները և պայմանավորված են միմյանցով: Ինձ համար հաճելի է ընդգծել սա և առավել հաճելի՝ կռահել, որ Ա. Նիկողոսյանի ճանապարհը բազում խոստումներ ունի:

Գրեք մեկնաբանություն