ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՄՈՌՈՒԿՆԵՐ… / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենը փոխեց մարդկության պատկերացումները կարեկցանքի, գթասրտության ու բարության մասին: Աշխարհի ամենաերախտագետ մարդը, ում հանդեպ երախտագիտության անափ զգացում են տածել միլիոնավոր մարդիկ: Նրա մասին ասվել են գնահատանքի բազում խոսքեր ամենատարբեր լեզուներով, գրքեր են գրվել: Նանսենի միջոցով աշխարհին ճանաչելի ու սիրելի են դարձել մի ամբողջ ժողովուրդ ու երկիր` Նորվեգիան ու նորվեգացիները, որոնց Նանսենը փոքր էր կոչում:
Ինչպես Վարպետը կասեր, վայրկյանի պես անցել է դարը, ժամանակը, սակայն այսօր էլ երախտագետ հայ ժողովուրդը չի մոռացել մեծ նորվեգացուն ու նրա գործը, և նրա անունը խորհրդանշում է այն հեռավոր երկիրը, որտեղ քչերը կարող են հասնել, բայց գիտեն ու սիրում են շատերը:
Երախտագիտության անմոռուկներ… միանգամից այսպես բնորոշվեց ժամանակակից տաղանդավոր բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի` Նորվեգիային և նրա ժողովրդին նվիրված բանաստեղծական շարքը: Եվ իսկապես, դա երախտագիտության մի գեղեցիկ ծաղկեփունջ է` կազմված բանաստեղծական յոթ անմոռուկներից:
Է. Միլիտոնյանի «Նորվեգիա» շարքի բանաստեղծությունները հայ ժողովրդի ազնվագույն երախտագիտության իսկական վկայությունն են: Այդ շարքում առանձնահատուկ արժեքավոր է «Ֆրիտյոֆ Նանսենի լայնեզր գլխարկը» բանաստեղծությունը` նվիրված մեծ նորվեգացուն: Հյուսիսային բևեռը նվաճած կապուտաչյա Նանսենի լայնեզր գլխարկը ասես հենց իր` մեծ մարդասերի սիմվոլն է, անփոխարինելի այցեքարտը, որով այդ բարի ու հմայիչ նորվեգացին ներկայանում էր աշխարհին: Այդ գլխարկն այնքան էր սազում Նանսենին, որ ոչ ոք նրան առանց այդ գլխարկի չէր պատկերացնում: Նա այդ գլխարկը նետեց Շիրկանալի ջրերի մեջ, երբ հայ ժողվրդի հետ ցնծում էր Հայաստանի անջրդի հողերը ոռոգելի դարձնելու ազգային մեծ տոնը: Երբ անտարբեր մարդկության խղճի հետ կապված բոլոր հույսերը սպառվել էին, նա այդ գլխարկով էր հանգանակություն հավաքում անտուն ու սոված հայ գաղթականներին փրկելու համար:
Ազգերի լիգայի բեմերում խաղարկվում էր մի դառը կոմեդիա, որտեղ «մարդն էր մատաղացու», մեր հին ու հարավային ազգը` խղճի զոհ: Ինչ որ Նանսենը տեսել էր հյուսիսում` հավերժական սառույց, այժմ տեսավ մարդկանց սրտերի մեջ:
Նա գլխարկը հանեց ինչպես մուրացկան,// Մուրաց այն, ինչ տվել է Աստված մարդուն, // Ծանրացավ գլխարկը սառույցով անկյանք//Եվ ուժեղների հողմով ապարդյուն:
Նանսենը թողեց Հյուսիսային բևեռը և գնաց մի ուրիշ` ցավի բևեռ` Հայաստան` օգնելու եղեռնակործան մի հին ժողովրդի: Եվ նրա գլխարկն արդեն դառնում է հայոց ճակատագրին ուղեկից թռչունի` տատրակի խորհրդանիշ:
Տեսեք, մեր ձեռքին գլխարկն է նրա,//Մեջն հիշատակի լույս ու պատարագ,//Մեղավոր, արդար աշխարհի վրա//Այդ նա է թևում, ճախրում հանց տատրակ:
«Նորվեգիա» շարքի բանաստեղծությունները բաբախում են հիացմունքի ու երախտագիտության միշտ թարմ ու կենսառողջ այն զգացողությամբ, որը տածում են միայն մեծ ժողովուրդների զավակները միմյանց նկատմամբ: Եվ այս դեպքում մեծը բնականաբար քանակը չէ: Փոքրաթիվ ժողովուրդների ապագայի համար Նանսենը կանխատեսում էր մեկ ճանապարհ` հոգևոր, մշակութային արժեքների անվերջ արարում: 20-րդ դարի ազգային մեծագույն ողբերգությունից հետո այս նույն ճանապարհին մեզ բերեցին նաև մեր մեծերը` Տերյանը, Չարենցը: Սակայն կար նաև մյուս կարևոր պայմանը` համախմբում ազգային միևնույն գաղափարի շուրջ և նոր միայն մշակութային արժեքների արարում: Հայ ժողովրդին վիճակվեց 70 տարի ընթանալ խորհրդային ճանապարհով, և այդտեղ բաժանվեցին Նորվեգիայի ու մեր ճանապարհները: Բայց հայ և նորվեգ ժողովուրդներն իրենց պատմությունը կերտեցին մշակութային արժեքների արարումով և այդպես նմանվեցին միմյանց: Անշուշտ, որպես երկրներ մեծ են Հայաստանի և Նորվեգիայի տարբերությունները, սակայն ժողովուրդների մեջ զարմանալի նմանություն կա, որն էլ հենց փորձել է տեսնել Էդվարդ Միլիտոնյանը իր շարքում: Նրա բանաստեղծության ավիշը երախտագիտությունն է, որը շարժման մեջ է դնում տողը, բառը, պատկերը:
«Նորվեգները» բանաստեղծությունը ասվածի վառ վկայությունն է: Բանաստեղծը լավ գիտի Նորվեգիայի պատմությունը, նրա մեծերին` Նանսենին, Գրիգին, Ամունդսենին: Ոչինչ, որ նրանք չեն ճանաչել իրեն, փոխարենը նա հիացած է այդ ժողովրդի պատմությամբ, խիզախությամբ ու աշխատասիրությամբ, որը հրաշքներ է արարել աշխարհի վրա: Ասես նա քայլում է «Ֆրամի» միջանցներով և բևեռ հասցնում նաև իր ու իր ժողովրդի երազը:
Եվ երկիրն էլ իմ երկրին//Շատ է նման` ձոր ու սար,//Հիմա ասեք, ո՞նց չսիրեմ//Նորվեգներին իմ եղբայր:
«Նորվեգները» վերնագրով երկրորդ բանաստեղծության մեջ ասես հեռվից լսելի են պատմության երթը, դարերի, ժամանակի ու տարածության շառաչը: Նորվեգների ոգին է փրկել նրանց, օգնել ապրելու Հյուսիսային բևեռի «ուղիղ սրտի մեջ», դիմակայելու դաժան պայմաններին: Նրանց նախնիները` վիկինգները, փողերով հին ասքեր են փչել և «սառույցին ներարկել խիզախության մագլցում մահն ի վեր` շնասահնակների զնգզնգոցի նվագակցությամբ»: Սակայն նորվեգները աշխարհի պատմության մեջ առաքելություն են ունեցել, որը կատարել են մեծագույն խիզախությամբ:
Նրանք իրենց ջղերի պրկումով//Կապում են Հյուսիս-Հարավ,//Արևելք-Արևմուտք//Եվ հանձնում հավերժին:
Առավել սրտաշարժ են բանաստեղծության վերջին տողերը. հավերժի երթը կերտող հոգնած ու ցրտահարված նորվեգ բևեռախույզը իր սառչող շնչով ջերմացնում է հայրենիքի դրոշը և «այն ամրացնում գալիքի կրծքին»:
«Օսլո» բանաստեղծության մեջ Նորվեգիայի մայրաքաղաքի փառաբանումը դառնում է քաղաքը բնորոշելու համար նոր ու անսովոր բանաստեղծական միանգամից մի քանի գյուտի փոքրիկ հրավառություն: Օսլոն «բացականչական նշան է` թառած Եվրոպայի և աշխարհի վրա», Օսլոն «հենց նոր ջրից հանած սաթ է», «մեղրի թափանցիկ ծոր»: Այստեղ «ոսկեփայլ», շիկահեր, գեղեցիկ նորվեգուհիներն են, տղաների «ցորնափայլ հոգու» հրեղեն ձիերն են` անցյալից ապագա թռչող… և վերջին գյուտը.
Օ՛սլո, օ՛,//Դու մի երգ//Երեխայի կոկորդից թռած,//Որի բույնը բոլորի սրտում է:
Պետք է նկատել, որ այս բանաստեղծության մեջ «օ» ձայնավորի կրկնության և երկարացման միջոցով բանաստեղծը ստեղծել է նաև գեղարվեստական պատկերավորման ամենագեղեցիկ միջոցը` մեզ հայտնի դեռ միջնադարից` առձայնույթը:
«Հյուսիսի երկիր» բանաստեղծության մեջ Է. Միլիտոնյանը հայ և նորվեգ ժողովուրդների բանաստեղծական զուգահեռներն է ուրվագծում` Նորվեգիան անվանելով հյուսիսի Հայաստան: Հեղինակը այստեղ նույնպես հայ և նորվեգ ժողովուրդների սրտի ջերմության նմանությունն է բանաստեղծում` ասելով` «ինչ նման ես իմ երկրին, Նորվեգիա»: Հյուսիսային երկրի սառցե ժայռերին Արարատն է տեսնում նա, Նոյի խաղողի որթատունկ ու գինի` ուղարկված նորվեգ ժառանգներին:
Քո սառցե ժայռերին//Արարատն աչքով է անում,//Եվ Նոյը խաղողից քամած//Մի շիշ գինի է ուղարկել//Իր նորվեգ ժառանգներին:
Նոյի գինին գոյության, հավերժի կենացը խմելու համար է, այն ամենանմանն ու ամենաընդհանուրը, ինչով կապված են հայ և նորվեգ ժողովուրդները: Մեռել ու գնացել են դաժան բնության, պատմության քառուղիներով անցնող մարդիկ, բայց ժողովուրդներն անմահ են. սա է բանաստեղծության գլխավոր ասելիքը:
Նորվեգացի մեծերից Է. Միլիտոնյանն անդրադառնում է ոչ միայն Ֆ. Նանսենին, այլ նաև հայտնի նկարիչ և իր անվանակից Էդվարդ Մունքին: Նրա «Էդվարդ Մունքի թանգարանում» բանաստեղծությունը` գրված նկարչի հայտնի «Ճիչը» կտավի տպավորության տակ, ասես նաև բանաստեղծի հոգու ճիչ է, որը, անցնելով կտավի գույների ու ձայների միջով, դառնում է բանաստեղծություն և կրկին ուղղվում աշխարհին ու մարդուն:
«Ճիչը» հայտնի կտավում Է. Մունքը պատկերել է ոչ թե մարդուն, այլ նրա հոգին` անկերպարանք ու անմարմին: Հոգին է իր մեջ ամփոփում մարդկային ցավն ու տառապանքը, հոգին է լռում… Բայց մարդկանց ամբոխի, բնության մեջ հոգին միայնակ է ու իր միայնակությունից, տիեզերական թախիծի ցավից ու անարդարությունից ճչում է: Նկարում պատկերված հոգու խորհրդանիշը մարդկային կերպարանք չունի, բայց ճիչը մարդկային ձայնն է` հավերժից եկող և դեպի հավերժը գնացող:
Բանաստեղծության առաջին իսկ պատկերը տեսանելի է մոտիկության աստիճանի: Կանաչ տեղանքի մեջ կարապի հանգստությամբ ու նազանքով թառել է ճերմակը` Մունքի ճերմակ թանգարանը: Մայրամուտ է. կամրջի վրայով անցնում է մարդու հոգին` առանց մարմնի: Միանգամայն հասկանալի է, թե ինչու նրա ճիչը լսելի է անգամ հեռավոր Հայաստանում, ուր «ճչալն այնքան էլ նորություն չէ», քանզի, ինչպես կասեր բանաստեղծը, «ուրիշ էլ ո՞ր երկրի սրտում այսքան թախիծ ու կսկիծ կա», որ չլսվի հոգու ճիչ: Բանաստեղծը, տարբերում է կենցաղի ու պատմության, մարդու և կենդանու ճիչերը: Բայց սա ուրիշ ճիչ է, հավերժի ճիչը, լռության ճիչը, որը լսելի է միայն մեծ հոգիներին.
Եվ սակայն ուրիշ է սա`//Ադամորդու և գազանի,//Աստծո և սատանայի,//Հողի և երկնքի,//Ցավի ու մենության//Միաժամանակ// Ճիչ:// Լսեք, լսեք ինչպես է լռությունը ճչում:
Ավելի թեթև, լուսե ու եթերային տրամադրություն է փոխանցում «Նորվեգիայի երաժշտությունը» բանաստեղծությունը: Նորվեգիայի անսահման երկնքում երևում են ձեռքեր, որոնք դանդաղ իջնում են լեռների աստղերին, փայտե եկեղեցիների երգեհոններին, ծովերի թմբուկներին, քնած և արթուն մարդկանց երազանքներին ու… նվագում են: Նորվեգական ժողովրդական երաժշտությունը վիթխարի բնության ձայների համանվագն է, առանց նոտաների մի սիմֆոնիա` ծնված հավերժի հնչյուններից, հավերժի մասին, այն հավերժի, որ կոչվում է բնություն: Նորվեգիայի երաժշտության, բանաստեղծության, նկարչության, ասքերի, բարքերի մեջ անգամ բնության իմաստնությունը կա, հավերժի իմաստնությունը: Ահա թե ինչու մեծ առեղծված է, թե վիթխարի բնության, սառույցների, երկնքի ու երկրի մեջ ի՞նչ նվագ է հնչում, ի՞նչ ձայներ են, ի՞նչ երաժշտություն: Դա անմեկնելի ու անիմանալի մեղեդի է, որ Է. Միլիտոնյան բանաստեղծը մեկնում է պարզ ու հանճարեղ: Այդ մեղեդին.
Մարդկանց թվում է` աստվածային,
Աստծուն` մարդկային:
Միայն նարեկացիական բանաստեղծական հանճարի սնունդ ու մկրտություն ստացած հայ բանաստեղծը կարող էր այդպես մեկնել անմեկնելին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.