Հրաչյա Աճառյանի թողած հսկայածավալ գիտական ժառանգությունը / Խաչիկ ԲԱԴԻԿՅԱՆ

Հրաչյա-Աճառյան«Հրաչյա Աճառյանը մեր ժամանակի ամենաբեղմնավոր ու ամենամեծ հայագետ լեզվաբանն է, որի բազմաթիվ գիտական աշխատություններից յուրաքանչյուրը մի կոթող է հայոց լեզվի ուսումնասիրու­թյան բնագավառում: Դրանք համաշխարհային ճանաչում են գտել»:
Ակադեմիկոս Էդուարդ Աղայան

Այս օրերին նշում ենք աշխարհահռչակ գիտնական (լեզվաբան, գրականագետ, պատմաբան) և անվանի ու վաստակաշատ մանկավարժ, ակադեմիկոս, Սորբոնի համալսարանի շրջանավարտ, Փարիզի Լեզվաբանական ընկերության ամենաերիտասարդ անդամ, Չեխոսլովակիայի Արևելյան գիտությունների ինստիտուտի թղթակից անդամ, իր բազմաթիվ գիտական աշխատու­թյունների համար հնգակի մրցանակակիր, ԵՊՀ արևելյան լեզուների ամբիոնի վարիչ Հրաչյա Հակոբի Աճառյանի ծննդյան 140-ամյակը:
Ասկետիկ կյանքով ապրած իր 77 տարիներից 65-ը Աճառյանը նվիրաբերել է հայագիտությանը (և ոչ միայն հայագիտությանը)` ստեղծելով այնպիսի վիթխարածավալ գիտական աշխատություններ, որոնց նմանը չկա հայերենագիտության և համաշխարհային գիտության մեջ:
Ստոիկյան մեղվաջանությամբ աշխատելով առավոտից մինչև ուշ գիշեր` ստեղծել է 250-ից ավելի գիտական աշխատանքներ, որոնց ձեռագրերի էջերի թիվը հասնում է 32 հազարի, և այս բոլորը, ակադեմիկոս Ջահուկյանի բնութագրմամբ` «մասնագիտական ամենաբարձր որակումով, ամենաբծախնդիր ճշգրտությամբ, վիրտուոզու­թյան հասնող նրբությամբ և պարզ ու հստակ շարադրելու մեծ վարպետությամբ»:
Ահա թե ինչու թե՛ օտար և թե՛ հայ նշանավոր գիտնականները Աճառյանի կատարածը մեծագույն սխրանք են համարում, իսկ կյանքը` բացառիկ լեգենդ, աստվածային հրաշք: Եվ Ավետիք Իսահակյանը գրում է. «Աճառյանի կատարածը մեծագույն սխրանք է. քանի դեռ երկրի երեսին ապրում է գեթ մեկ հայ, կհիշվի մեծատաղանդ լեզվաբան Հրաչյա Աճառյանը»:
Իսկ որո՞նք են Աճառյանի կոթողային աշխատու­թյունները:
Դրանք դիտենք նախ լեզվաբանության բնագավառում: Ամենից առաջ Աճառյանն ընդհանուր լեզվաբանության մեծ գիտակ էր. իր ամբողջ կյանքի ընթացքում` մոտ 65 տարի Աճառայանը զբաղվել է հայագիտական բազմապիսի ու բազմաբնույթ հետազոտություններով: Դեռ դպրոցական տարիներից նա ծրագրել էր ստեղծել մի կոթողային աշխատություն, որը պետք է պարունակեր ինչպես ընդհանուր լեզվաբանությունը, այնպես էլ հնդեվրոպական լեզուների համեմատական քերականությունը և հայերենի համեմատական ու պատմական քերականությունները: Եվ նա իր ողջ կյանքի ընթացքում ստեղծեց իր նախադեպը չունեցող այդ կոթողային ու եզակի աշխատությունը, որն իսկապես եզակի մնաց համաշխարհային լեզվաբանության մեջ: Այն հեղինակի համապարփակ լեզվաբանական գիտելիքներն ամփոփող մի յուրահատուկ հանրագիտարան է: Բազմաթիվ լեզուներ տիրապետող (18) լեզվաբանը 10 մեծադիր հատորներից բաղկացած (5 հազար տպագիր էջ) աշխատության մեջ հայերենը համեմատել է աշխարհի 562 լեզուների հետ, որոշել է նրանց ցեղակցությունը և հաստատել է հայերենի հնդեվրոպական լեզու լինելու գիտական հիմնավորումները: Հմուտ լեզվաբանն իր մայրենի լեզվի քննությունը կատարել է համաշխարհային լեզվաբանական առաջավոր գիտության ֆոնի վրա` ամենաբարձր մակարդակով քննել ու ամբողջացրել է լեզվի հետ կապված բոլոր կարգի հարցերը:
Ուղղակի փակագծում նշեմ, որ «Լիակատարի» վերջին հատորը խունացած ձեռագրերից տպագրության ենք պատրաստել տողերիս հեղինակը և պրոֆեսոր Սերգեյ Գալստյանը: Իսկ մյուս գործերը խմբագրել ու տպա­գրության է պատրաստել նրա ուսանող և ասպիրանտ Էդուարդ Աղայանը:
«Լիակատարում» քննած շատ հարցեր Աճառյանը քննել ու վերլուծել է նաև «Հայոց լեզվի պատմություն» երկհատոր նույնպես շատ արժեքավոր աշխատության մեջ, որտեղ տալիս է նաև հայերենի հին ու նոր փոխառությունները` կապված նախագրային շրջանի, գրաբարի, միջին հայերենի և աշխարհաբարի ձևավորման ու զարգացման տարբեր փուլերի հետ:
Աճառյանը անհասանելի հսկա է նաև որպես ԲԱՌԱՐԱՆԱԳԻՐ, որտեղ նույնպես իր մրցակիցը չունի. նա մի քանի տեսակի բառարանների հեղինակ է, բայց նրա ոչ միայն բառարանագրության, այլև ամբողջ աշխատու­թյունների թագն ու պսակը «Հայերենի արմատական բառարանն» են համարում: Սրա հիմքը նույնպես Աճառյանը դրել է աշակերտական տարիներից և 40 տարի անընդմեջ նյութեր ու փաստեր է հավաքել և կազմել նույնպես նմանը չունեցող մի հսկայածավալ աշխատու­թյուն` 2695 տպագիր էջերից բաղկացած. այստեղ նա ստուգաբանել է հայ հին, միջնադարյան և նոր մատենագիտության մեջ գործածված շուրջ 11 հազար (ստույգ` 10996) հայկական արմատ: Այդ արմատների ստուգու­թյունն ու ճշգրտությունը Աճառյանը կատարել է Սորբոնի համալսարանի իր ուսուցիչներ-պրոֆեսորներ Հյուբշմանի և Անտուան Մեյեի կարծիքները նկատի ունենալով: Ասենք, որ նա Մեյեին հրավիրել է Հայաստան, որը շատ գոհ է մնացել Հայաստանից, հայ ժողովրդից և հատկապես Շուշիից ու Էջմիածնի մատենադարանից ու Հոգևոր ճեմարանից: Նա Շուշին համարել է Կովկասի մարգարիտ, իսկ Աճառյանի այս բառարանի մասին գրում է. «Ոչ մի լեզվի համար չկա այսքան ճոխ, այսքան կատարյալ ստուգաբանական բառարան», իսկ Աճառյանի ասպիրանտ, նրա ձեռագրերը մեծ վարպետությամբ խմբագրող ու տպագրող ակադեմիկոս Էդուարդ Աղայանը գրում է. «Արմատական բառարանը» կարելի է դիտել որպես հայկական բառաքննության հանրագիտարան»:
Հայ բառարանագրության մեջ նոր երևույթ է նաև «Հայոց անձնանունների բառարանը» (3138 տպագիր էջ): Հինգ մեծադիր հատորներից բաղկացած այս բառարանում Աճառյանը հավաքել ու դասակարգել է 5-15-րդ դարերի գրավոր աղբյուրներում գործածված բոլոր հայկական անձնանունները: Հետագա դարերի մատենա­գրությունից նա վերցրել է միայն պատմական, գիտական, գրական և հասարակական նշանավոր գործիչների անունները: Յուրաքանչյուր անվան գլխաբառի վերաբերյալ Աճառյանը երկու կարգի մեկնություն ու տեղեկություն է տալիս. բերելով անձնանունը` նախ նշում է սեռը, ապա տալիս է անվան ծագումն ու ստուգաբանությունը: Նույն անձնանվան երկրորդ բաժնում պատմական հաջորդականությամբ բերում է նույն անունը կրող բոլոր անձանց կենսագրությունն ու համառոտ գործունեությունը: Այստեղ էլ հատուկ նշենք, որ Աճառյանը ռուս ժողովրդի քրիստոնեություն ընդունելը կապում է հայ արքայադուստր Աննայի անվան հետ (988 թ.), որին կնության առավ ռուսաց ցար Սվյատոսլավի որդին` Վլադիմիրը:
Այս բառարանում Աճառյանը տալիս է նաև հայոց ազգանվան` -յան վերջավորության ծագումը. այն հայերը վերցրել են պարսիկներից 6-րդ դարում: Աճառյանն այստեղ բերում է ազգանունների առաջացման 4 եղանակ (հոր կամ պապի անունը, մականունը, բնակավայրի անունը և արհեստների ու զբաղմունքների հետ կապված անվանումները):
«Գավառական բառարանը» նույնպես արդյունք է մեծ լեզվաբանի երկար տարիների քրտնաջան աշխատանքի. «Տարիներ շարունակ, սկսած աշակերտական շրջանից,- գրում է Աճառյանը,- գավառական բառեր հավաքելու մոլություն ունեի: Կեդրոնական Վարժարանում, որտեղ բազմաթիվ գավառացի ընկերներ ունեի, պարտադրել էի բոլորին, օրական թեկուզ 5 գավառական բառ տալ: Գրի էի առնում նաև մորիցս լսած գավառական բառերը»:
ԲԱՐԲԱՌԱԳԵՏ ԱՃԱՌՅԱՆԸ – Փաստորեն, գիտության մեջ Աճառյանն առաջինն է նաև բարբառագիտության բնագավառում. նա առաջինն էր, որ առաջ քաշեց բարբառների գիտական դասակարգման սկզբունքը և տասնյակ հոդվածներ ու մի քանի գրքեր գրեց հայ բարբառների վերաբերյալ: Նրա «Հայերեն գավառական բառարանը» իր ուսումնասիրած 31 բարբառների և 70 ենթաբարբառների համահավաք մենագրությունն է, որտեղ նա քննության է ենթարկել շուրջ 30 հազար բարբառային բառեր: Նրա հրատարակած միայն բարբառագիտությանը նվիրված գրքերի էջերի թիվը անցնում է 6500-ի սահմանը: Իր հայտնաբերած «Հնչյունային օրենքը» նա համարում էր բարբառագիտական աշխատանքների պսակը: Փաստորեն, նա փորձառական հնչյունաբանության առաջին ուսումնասիրողն էր Հայաստանում և առաջիններից մեկը Եվրոպայում: Ըստ այդ օրենքի՝ նա հայերենի բարբառները բաժանեց 3 ճյուղի` ՈւՄ, ԿԸ, ԵՆ (չորրորդ` Ս ճյուղը ավելացրել է լեզվաբան, ակադեմիկոս Արարատ Ղարիբյանը):
«Հայ բարբառների դասակարգումը» աշխատության ֆրանսերեն տարբերակով 1911 թ. Սորբոնում Աճառյանն ստանում է դոկտորի գիտական աստիճան:
Աճառյանի կոթողային աշխատություններից է նաև «Հայոց գրերը» 685 էջից բաղկացած, նույնպես նմանը չունեցող խիստ արժեքավոր աշխատությունը, որտեղ ամենայն մանրամասնությամբ տրվում է Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործը: Այստեղ էլ կարևոր ենք համարում ընդգծել այն վարկածը, որ Աճառյանը, ի տարբերություն մի քանի գիտնականների, ապացուցում է, որ Մաշտոցից առաջ հայկական գրեր չեն եղել, որ դրանք ստեղծել է մեծագույն գիտնական Մեսրոպ Մաշտոցը` հիմք ընդունելով հունական այբուբենը, հայերեն ամեն մի հնչյունին համապատասխանեցնելով մեկ նշան` գիր. հայտնի է, որ շատ ու շատ լեզուներում այդպես չէ: Այս մասին ահա թե ինչ է ասում հունգարացի պրոֆեսոր, հայագետ Էդմոնդ Շուլցը. «Մաշտոցի ստեղծած տառերը կատարյալ են` ընդունակ արտահայտելու բոլոր լեզուների հնչյունագրությունները` առանց խոչընդոտների, Փառք Մեծ Մաշտոցին: Ուրեմն ես ճիշտ եմ արել, որ հայագետ եմ դարձել»:
Ահա և ֆրանսիացի ականավոր լեզվաբան Անտուան Մեյեի կարծիքը. «… Հայոց այբուբենը մի գլուխգործոց է… պահպանվում է մինչև այսօր` առանց փոփոխության: Հանճարեղ գիտնական Մաշտոցը իր ազգի համար 1600 տարի առաջ ստեղծեց մի զորեղ զենք, որով հայ ժողովուրդը ոչ միայն հարատևեց, այլև մտավ աշխարհի բարձր մշակույթ ունեցող ժողովուրդների շարքը և անմահացավ»:
Բացի նշվածներից, բազմակողմանիորեն զարգացած վաստակաշատ գիտնականը բազմաթիվ գրքեր ու հոդվածներ է գրել նաև հայ ժողովրդի պատմության, հայ գաղթականության պատմության, հայ գրականության և այլ հարցերի վերաբերյալ:
Գիտական ժառանգության անքակտելի մասն է կազմում նաև նրա հարուստ նամականին. էլ չենք խոսում նրա թարգմանությունների մասին:
Բնականաբար, մեկ լրագրային հոդվածով ան­հնար է ներկայացնել իր մրցակիցը չունեցող մեծ գիտնականի ծովածավալ գիտական ժառանգությունը: Պարզապես ավելացնենք, որ մեծատաղանդ գիտնականը մեծ սեր ուներ նաև բանաստեղծության և հումորի նկատմամբ:
Աճառյան մարդու և գիտնականի մասին հանգամանորեն տե՛ս Հրաչյա Աճառյան անունը կրող համալսարանի հրատարակած մեր գրքում (2005 թ. 420 էջ):

2 thoughts on “Հրաչյա Աճառյանի թողած հսկայածավալ գիտական ժառանգությունը / Խաչիկ ԲԱԴԻԿՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։