ՈՒ ԿՐԿԻՆ «ԿԱՐՈՏԸ»… / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՄալյանԻ՜նչ հրաշք կլիներ, եթե վերականգնվեին Հենրիկ Մալյանի բոլոր ներկայացումները, որոնք տոն էին 80-ականների թատերասեր հասարակության համար` «Դեկամերոնը», «Ինքնակենսագրությունը»… Մինչև այժմ էլ դեռ հաղթարշավում են նրա թումանյանական հեքիաթները, սարոյանական պատումները… Ահա այսօր էլ Նարինե Մալյանի նախաձեռնությամբ վերականգնվեց «Կարոտը», որ Մալյանի անսպասելի մահվանից հետո` նրա գրառումների հիման վրա, ավարտին էր հասցրել Գրիգոր Բաբայանը: Հին հանդիսատեսի համար սա կրկնակի վայելք է, քանի որ տեսել է նախկինը, երբ Առաքելի դերակատար Դավիթ Հակոբյանը դեռ նոր էր անցել երիտասարդության շեմը: Հիմա նա գրեթե Առաքելի տարիքին է. դիմահարդարումով նրան ճերմակահեր ծերունու վերածելու հարկ չկա: Թեև Դավիթ Հակոբյանի բացառիկ շնորհը, վստահ եմ, հիմա էլ է թույլ տալիս կերպարանափոխվելու այնքան, որ գոնե 30-ամյա երիտասարդի դերը հիանալի խաղա: Մալյանական ավանդները Նարինեի ու նաև Հենրիկ Մալյանի աճեցրած ու թատրոնում իրենց մշտական տեղը գրաված դերասանների շնորհիվ պահպանվում են «Մալյան» թատրոնում: Այսօր էլ նրանք նույն թեթևությամբ ցատկոտում են «Կիկոսի մահը», «Մի կաթիլ մեղրը» և մյուս հեքիաթները խաղալիս, տարիքը կարծես միայն ավելի իմաստուն գույներ է հաղորդել նրանց կերպարներին, որոնցից վարակվում ու ցնծում էինք 80-ականների հանդիսատեսներս: Նորը այսօրվա կատարումների մեջ այն է, որ տարիքի հետ մարդը կենսասերի իր նոր որակով խառնվում է ջահելության ջրերին:
Թե ինչու է հատկապես «Կարոտը» վերականգնվել այս խառնակ օրերին, դժվար չէ կռահել: Ծամերյանի նման դիմայլակներ եղել են բոլոր հասարակություններում և կարողացել են իրենց գոյությամբ մի հարվածով փլել ամենայն գեղեցիկի շենքը, որ կառուցվում է հազարամյակների մեջ փնտրված, գտնված մարդասիրության հատիկներից:
Ներկայացման որոշ հատվածների անհամաչափությունը ոչինչ, քանի որ ժանրային անսպասելի փոխներթափանցումները հենց մալյանական թատրոնի առանձնահատկություններից են, որոշների փոքր-ինչ ձգձգվածությունը մի քանի ներկայացումից հետո անպայման կսրբագրվի, իսկ ինչ վերաբերում է Դավիթ Հակոբյանի խաղին, ապա սա երևի թե թատրոնի այս ժամանակահատվածի մեջ Նարինե Մալյանի արած գյուտերից լավագույնն է: Դավիթը կարող էր ամբողջ ներկայացումը տանել իր ուսերին, և երևի թե հենց այդպես էլ եղավ, այնքան հզոր էպիկական է նրա պարզ ներկայությունը բեմի վրա, նրա խոսքի հնչերանգների, ժեստերի բազմիմաստությունը… Իմ հաստատ համոզմամբ, «Կարոտը» մի ներկայացում է, որին կարելի է գալ հատկապես Դավիթ Հակոբյանի խաղը տեսնելու: Եվ ինչո՞ւ չի կատարվում մեր օրերում այս հրաշքը, ինչո՞ւ նրա նման դերասանի համար, որ աշխարհի բեմերը կարող էր զարմացնել, բայց մնացել է իր հայրենիքում, իր թատրոնն է ստեղծել և այսպիսի մի հրաշք դեր, չպետք է ձայն ձայնի տված, տոմսերը ձեռքից ձեռք խլելով խռնվեինք թատրոնի առաջ: Դեռ ինչքան հրաշքներ ունենք, որոնց մասին քչերը գիտեն, բայց շատերն են համոզված, որ մեր թատրոնն էլ, գրականությունն էլ, երաժշտությունն էլ ոչ թե անկում են ապրում, գոնե, այլ չկան, վերացել են… Մնացել են սերիալները և «Ջան» ռադիոկայանը, որի փակվելու դեպքում շատ տաքսու և ավտոբուսի վարորդներ կարող է կաթվածահար լինեն:
Գրողական իմ հույզերը մի կողմ դնելով, էլի պիտի խոսեմ ներկայացման մասին: Վստահ եմ, որ ավարտական տեսարանը կերտելիս, երբ բոլոր մասնակիցները, Էրգիրը նորից տեսած Առաքելի աչքերին երանի տալով, շրջվում, նստոտում ու լուռ դիտում են էկրանին հայտնվող կադրերը, ռեժիսորը հատուկ մի նկատառումով է դրանց գույները մռայլ, նույնիսկ դժգույն ներկայացրել, բայց ինձ համար` որպես հանդիսատեսի, կորուսյալ երկրի պայծառությունն ու գեղեցիկ տեսարաններն էին պակասում, քանի որ կարոտը հենց նրանով է թեժանում, որ ի հակադրություն ներկայի` անցյալի մեջ գույները միշտ վառ են: Իսկ Սանամի ու Առաքելի «երկխոսությունը» ուղեկցորդ զինվորի ներկայությամբ, իմ կարծիքով, դերասանական այս զույգի ամենակարևոր ձեռքբերումն է: Զինվորն արգելում է տեսակցության ժամանակ միմյանց տեղեկություն հաղորդել, բայց միայն «Սանամ» և «Առաքել» բառերով նրանք կարողացան միմյանց և հանդիսականին փոխանցել իրենց տառապանքն ու սերը: Ես հիշեցի «Ինքնակենսագրության» մեջ Դավիթ Հակոբյանի և Աշոտ Ադամյանի (Կապրալ և Զինվոր) զուգախաղը, որ նույնպիսի մի գլուխգործոց էր:
Էկրանին Հենրիկ Մալյանի հայացքն է… իր աչքերով… տեսավ իր իսկ արարածը, որ ժամանակի մեջ դույզն-ինչ չի խամրել, այլ ստացել է նոր գույներ, ինչպես արվեստի ամեն մի արժեք` տարբեր ժամանակներում…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։