Առերեսվելու իր սեփական անցյալին` հոգալ ապագայի մասին

Էրդալ-Շահին
Հոկտեմբերի 10-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Էրդալ Շահինի (Գերմանիա) «1915-ի դահճի փոխակերպում» գրքի շնորհանդեսը:
Գրքում հեղինակը կարևոր բացահայտումներ է արել մարդկային իր կերպի համար, պարզաբանել այնպիսի ճշմարտություն, ինչը տասնամյակներ շարունակ ներկայացվել է ոչ միայն թաքցված, այլև գլխիվայր շրջված: Մերկացնում է պատմական խոշորագույն զեղծարարություններից մեկը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հետաքրքրական համարեց գրքում ներկայացված անհատի փոխակերպման փաստը, երբ պատանին սկսում է ընկալել, թե ինչ է կատարվել իրականում իր ապրած հողի վրա: Խոսելով հեղինակի մարդկային կերպարի մասին՝ նա ընդգծեց Շահինի խոսքը. «Դժբախտաբար այդ ժամանակ` 1915 թ. ես չեմ ապրել, որ բոլոր հայերին իմ տան մեջ հավաքեի, ապրեցնեի»: Էդ. Միլիտոնյանը նշեց, որ այս գիրքը փորձ է թուրք ժողովրդի մեջ արթնացնել իրենց մեղքերը քավելու ճանապարհներ փնտրելու գիտակցությունը: «Բոլորիս ջանքերով թուրքերին մղենք ինքնաճանաչման ու մեղքերի քավության»,- ասաց նա:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանի հավաստմամբ` գիրքը իր բազմաթիվ շեշտադրումներով խորհելու տեղիք է տալիս: Նա ընդգծեց գրքում արծարծված մի քանի հիմնական մտքեր` ցեղասպանության կարգի ոճիրը դատապարտման ժամկետ չի ճանաչում, պետք է չարիքը արմատախիլ անել հենց արմատից, և պատասխանատվությունը նախնիների ոճրի համար պետք է կրի յուրաքանչյուր ոք. «Ես ինքս 1915-ի դահիճներից մեկն եմ»,- ասում է Շահինը, այսինքն՝ ամեն մեկը պիտի պատասխանատու լինի այն անցյալի համար, որը ոճիր է ծնել, ընդ որում՝ մի ամբողջ ժողովրդի հանդեպ: Պ. Դեմիրճյանը գրքի արժանիքներից համարեց հեղինակի մեջ ծագող ճշմարտության ճանապարհը, ընթացքը տալը: ««Ով չգիտի, որ պատրաստ պիտի լինի առերեսվելու իր սեփական անցյալին, նա ի վիճակի չէ հոգալ իր ապագան». սրանով նա ցույց է տալիս, որ իր մեջ տեղի են ունեցել պրոցեսներ»,-ասաց գրականագետը:
Սարգիս Հացպանյանը նկարագրեց իր առաջին հանդիպումը Էրդալ Շահինի հետ, ով Գերմանիայից Հայաստան էր եկել 25 ժամով՝ Ծիծեռնակաբերդ գնալու առաքելությամբ: «Մարդ եթե ուզում է իրեն մարդ զգալ, մարդ կոչել, առաջին անգամ Հայաստան պիտի գա ծնկի գալու և խնկարկելու այդ ամբողջ կորուստները և հեռանա այստեղից: Դա չանողին մարդ չեմ համարում, ուզում էի մարդանալ, դրա համար եկա»,- Էրդալ Շահինի խոսքերը մեջբերեց Ս. Հացպանյանը: Նա նշեց, որ գիրքը խոսակցու­թյունների առիթ է դարձել հատկապես թրքախոս համայնքների մեջ: «Սա ամենաանկեղծ մենախոսությունն է մարդու` ինքն իր հետ»:
Միքայել Հայրապետյանի կարծիքով, գրքի արժանիքը կբազմապատկվի գերմաներենով կամ եվրոպական այլ լեզուներով հրատարակելու պարագայում:
Ելույթ ունեցան նաև Ալիս Հովհա­ննիս­յանը, Սերգեյ Վարդանյանը, Հակոբ Հա­րութ­­յունը և ուրիշներ:
Էրդալ Շահինը խոստովանեց, որ գիրքը գրելիս երկու զգացմունք կար իր ներսում. ուրախ էր, որ ծանոթանում է իրականության հետ և առերեսվում այդ իրականությանը, տխրում է և հուզվում, որ այդ իրականությունը չեն ճանաչում և չի դատապարտվում ուրիշների կողմից: «Վախի մթնոլորտի վերացման դեպքում, վստահ եմ, որ օրերից մի օր կփոխվի ամեն ինչ, մարդիկ կճանաչեն իրականությունը»,- ասաց նա:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։