ԹԱԹՈՒԼ ԲՈԼՈՐՉՅԱՆ

Թաթուլ ԲոլորչյանՀայ գրականությունն իր հերթական կորուստն ունեցավ, կյանքի 83-րդ տարում մահկանացուն կնքեց ճանաչված բանա­ստեղծ Թաթուլ Բոլորչյանը:
Թաթուլ Բոլորչյանը ծնվել է 1931 թ. ապրիլի 14-ին, Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում: 1957թ. ավարտելով Ախալքալաքի մանկավարժական ուսումնարանը` 1957-58 թթ. ուսուցիչ է աշխատել ծննդավայրի դպրոցում: 1965-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: 1966-74 թթ. աշխատել է «Հայրենիքի ձայն» թերթի խմբագրությունում, ապա` Խ. Աբովյանի տուն-թանգարանում` ավագ գիտաշխատող: Հեղինակ է շուրջ երկու տասնյակ բանաստեղծական ժողովածուների: Թաթուլ Բոլորչյանի առաջին «Կիսված գիշեր» բանաստեղծական ժողովածուին (1967) հաջորդել են «Սաղարթ» (1970), «Ամռան լուսաբաց» (1973), «Երկնային ծաղիկներ» (1976), «Ծարավ ջրեր» (2000), «Ոգու ծաղիկներ» (2003) և այլն: 2011թ., բանա­ստեղծի ծննդյան 80-ամյակի կապակցու­թյամբ, լույս է տեսել նրա «Ուխտավորը» բանաստեղծությունների և պոեմների ընտրանին:
Թաթուլ Բոլորչյանը բանաստեղծական իր սերնդի մնայուն անուններից էր, ում ստեղծագործությունները սիրվել և գնահատվել են ինչպես ընթերցողների, այնպես էլ մասնագետների կողմից:
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր ժողովուրդների լեզուներով` արձագանք գտնելով նաև այլազգի ընթերցողների շրջանում:
Թաթուլ Բոլորչյանի ողջ կյանքը երկխոսություն էր բնության հետ, երկխոսություն, որը լսելի էր ու դեռ երկար լսելի կլինի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

***

Մենք առանձնացրինք Թաթուլ Բոլորչյանին: Նրա «Արևի մտերմություն» գրքույկի բանաստեղծու­թյունների ոչ մի տողը չի կարելի զուգորդել իր հիշած գրչակիցների տողերին: Բոլորչյանն ավելի թարմ է, որոնող, խոհուն: Բոլորչյանի խմորը լավ ալյուրից է:

Գուրգեն Մահարի

***

Դու
բանաստեղծ
կոկոն ես`
բացվիր,
Բայց սրտիդ
ձայնով ու
ցողով լցվիր,
Քաղաք բեր
գյուղիդ
բուրմունքը
քնքուշ,
Որ միշտ
գյուղ մնաս,
որ մնաս
անուշ…

Հովհաննես Շիրազ

***

Հանձին Թաթուլ Բոլորչյանի մեր վաղվա բանաստեղծությունն ունի մի խոստումնալից երիտասարդ: Թաթուլ Բոլորչյանն ունի աշխարհին ու մարդուն սևեռված հայացք, որ նրա բանա­ստեղծություններին տալիս է անուրանալի թարմու­թյուն: Նրա ոճը կուռ է ու կտրուկ, հեռու ավելորդ բացատրականությունից:

Պարույր Սևակ

***

Թաթուլ Բոլորչյանի ներկապնակի գույները բնության գույներն են: Նրա արվեստանոցը բնությունն է` իր ձայներով, իր շշուկներով, գույներով ու երազներով: Բնության հետ ունեցած բանաստեղծի մտերմությունից է ծնվում նաև բանաստեղծության խոհականությունը: Եվ պետք է նկատել նաև, որ Թաթուլ Բոլորչյանի բանաստեղծության գույները ավելի նուրբ են, քան շռայլ, խոսքն ավելի խոհուն է, քան պաթետիկ, բանաստեղծակառույցն ավելի զատ, քան կառուցիկ: Խոսքի փափկությունն ու անմիջականությունն էլ ավելի մտերմիկ է դարձնում նրա բանաստեղծությունը…

Մկրտիչ Սարգսյան

ՆԱ ԴԵՌ ԱՊՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՐ

Թաթուլն իր առաջին գրքով արժանացավ Պ. Սևակի, Գ. Մահարու, Ա. Ղանալանյանի, Մկր. Սարգսյանի, Հովհ. Մելքոնյանի և այլոց ջերմ ուշադրությանը: Նա չկաշկանդվեց «դասական» չափուձևի մեջ, ջարդեց կաղապարները և դուրս եկավ պոեզիայի դաշտ` ինքնատիպ ու ազատ-անկախ մի նոր թարմությամբ, որն էլ զարմանք ու հիացմունք էր հարուցում ոչ միայն մեզ, այլև ընթերցողներին: Նա բերեց իր ոճը, իր մտածողությունը և իր տեսակով տարբերվեց իր սերնդակիցներից: Հետո եկան մյուս գրքերը, որոնք հաստատեցին ու հիմնավորեցին նրա բանաստեղծական յուրատիպ կերպարը, որն էլ նորարարական էր, աճել էր իր «երկրից», ջրից ու հողից, վերացական չէր, գրքային չէր: Նրա գրական «դպրոցը» հողն էր, հողի վրա էր «սովորել» բանաստեղծություն գրել (եթե գրելը սովորովի է): Նրա ստեղծագործություններում կա և՛ ճապոնական հոքուների սեղմությունն ու խորությունը, և՛ ֆրանսիական իմպրեսիոնիստների պոեզիայի «մտածելակերպը», և՛ իսպանական ու լատինաամերիկյան պոեզիայի արձակ-հյութեղ «կաթոցները», ինչպես և մեր ակունքները սնուցող հազարամյա Գողթանա աղբյուրների պաղպաջուն ծիրանավոր զուլալությունը: Սիրում էր Ջավախա աշխարհը, «Բարձրագահ Աբուլն ու Մթին սարերը»: …Երկար ժամանակ հիվանդ էր: Հաճախ էինք զանգահարում իրար ու զրուցում: Կարդում էր իր նոր գրվածքներից, ու երբ որ հավանում էի, հրճվում էր մանկան պես: Ինքը անկեղծ ու մաքուր հոգի էր` հոգատար բոլորի նկատմամբ: Ցուրտ փետրվարյան իջնող իրիկվա հետ հնչեց իմ հեռախոսի գուժկան զանգը… Էլ չկա իմ կեսդարյա ընկերը` բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը. նա էլ ճամփա ընկավ ստվերների աշխարհը, խառնվեց ավագների ոգեղեն կենդանությանը: Մնացին նրա գրքերը: Թաթուլը քնեց խոնջած հնձվորի պես մայրամուտի բարձերին: Եկավ բանաստեղծ, ապրեց բանա­ստեղծ, գնաց… բանաստեղծ:

Վազգեն ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՆՐԱ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԷՐ

Իր երկրային կյանքն ավարտեց մեր օրերի ամենաբանաստեղծ բանաստեղծը` Թաթուլ Բոլորչյանը: Նա, ով գրական աշխարհ եկավ Ջավախքից` իր հետ բերելով իր հողի բույրն ու կռիվը, իր դաշտերի կանաչ թարմությունը, մեղուների ճախրի թեթևությունն ու ծաղիկների բազմագույն խայտանքը: Նա ապրեց ուխտավորի նման` Հայաստան-Ջավախք աշխարհի ուխտավորի: Նրա յուրաքանչյուր հաջորդ գրքի լույսընծայումը դեպի ուխտատուն տանող ճանապարհի հերթական հանգրվանն էր, հերթական հաղթանակը: Թաթուլ Բոլորչյանը ճշմարիտ բանաստեղծի իր ճակատագրով ազդարարեց իր երկար, շատ երկար ճանապարհի սկիզբը:

Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԴ ՔԵԶ ՉԵՆ ՄՈՌԱՑՆԻ

Ամենայն Տերը քեզ տարավ և ընծայեց հավերժության ճանապարհ… Իմ տաղանդավոր ընկեր Թաթուլ Բոլորչյան: Խոսքս մորմոք է` ինձանից հեռանալու անբուժելի մորմոք: Հիմա մտածում եմ` էլ չի լինելու քո ֆիզիկական գոյությունը, որն ապրեցնում էր ինձ, իմ հարազատ, անկրկնելի գրչեղբայր: Հետայսու կապրես իմ հոգում և քեզ գնահատողների սրտերում:
Քո հրաշալի տողերով դիմում եմ քեզ.
Եվ այս ջուրը ծովից մի օր ետ կգա,
Քեզ որտեղից պիտի գտնեմ գնացած,
Լույսը` լույսին, մութը մութին կգտնի,
Քեզ որտեղից պիտի գտնեմ գնացած…

Վարդան ՎԱՆԱՏՈՒՐ

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՌԱՑՄԱՆ ՄԵՋ Է

Ինչո՞ւ է կույր անսպասելին գալիս հենց այն պահին, երբ առաջներում կարոտ չունենք, երբ հետ դառնալու շունչ չկա այլևս: Ասում են` մահարարի խավարից սուրացող խաթվածքը նախ գտնում, խոցում է իր ընտրյալին ճանաչող բոլոր բանաստեղծների սրտերը և ապա միայն` ավարտին հասցնում ազդարարվածի, իմաստնացածի, ազնվազարմի հոգու և մարմնի ավերումը: Իսկ ժամանակի ցնորիչ ճախրը շարունակվում է հորիզոնից անդին: Ասում են նաև, որ կյանքի ամենամեծ դադարից է սկսվում մեծերի հակառակ ուղղությամբ գործող ժամանակը` վերադարձը դեպի իր մնայունը, իր անշփոթելին, իր ազնվազգի հարազատությունը…
Ուրեմն, սիրելի Թաթուլ, դու շարունակում ես լինել:
Ուրեմն, Թաթուլ Բոլորչյան, քեզ բարի երթ ու ափեափ վերադարձ:

Բագրատ ԱԼԵՔՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։