ՀՀ ԳՄ ՆԱԽԱԳԱՀԸ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՏՈՆԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԷՐ / Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

ՀՀ  ԳՄ  ՆԱԽԱԳԱՀԸ ԳԻՐՔ  ՆՎԻՐԵԼՈՒ  ՏՈՆԻՆ  ԱՐՑԱԽՈՒՄ  ԷՐ
Բարի ավանդույթ է դարձել փետրվարի 19- ին Մեծ Լոռեցու` Հովհ. Թումանյանի ծննդյան օրը նշել գիրք նվիրելու օր և այդ օրը տոնի էր վերածվել Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում, որտեղ արցախցի ընթերցողի հետ հանդիպելու էին եկել ՀԳՄ նախագահ, գրող Էդվարդ Միլիտոնյանը, գրող, Արցախյան շարժման ակտիվիստ Էդվարդ Սաֆարյանը: Արցախի ԳՄ նախաձեռնությամբ կայացած հանդիպումը բացեց Արցախի ԳՄ նախագահ, համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանը: Նա շնորհավորեց ներկաներին Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան և գիրք նվիրելու տոնի առթիվ` իր «Զատիկը ջրավազանի հատակին» վեպը նվիրելով Էդ. Միլիտոնյանին:
Իր խոսքում Էդ. Միլիտոնյանը նշեց, որ գիրք նվիրելու օրը հայոց աշխարհում արդեն վերածվել է տոնի, և որ առաջիկայում նախատեսվում է մեծ թվով նոր գրքեր նվիրել Արցախի գրադարաններին:
Էդ. Միլիտոնյանը գրքեր նվիրեց համալսարանի գրադարանին և ներկաներին: ՀԳՄ անդամության տոմս հանձնեց Աշոտ Բեգլարյանին, Հովիկ Մուսայելյանին, Վարդգես Բաղրյանին, Ալիսա Բաղդասարյանին և Տաթևիկ Սողոմոնյանին` մաղթելով ստեղծագործական բեղուն գործունեություն:
Անցյալ տարի բանաստեղծ Ռոբերտ Եսայանն իր «Ոգու թռչունների հայրենիքում» գրքի համար պոեզիայի բնագավառում արժանացել է ՀԳՄ հատուկ գրական մրցանակին: Շնորհավորելով և մրցանակը հանձնելով Ռ. Եսայանին` ՀԳՄ նախագահը մաղթեց նրան նոր գրքեր, նոր մրցանակներ` իր խոսքում շեշտելով, որ մեկ գրական դաշտում են թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի, թե՛ Արցախի, թե՛ Ջավախքի գրողները:
«Հետաքրքիր մտածողություն կա այստեղ` համաշխարհային գրականության և Արցախի կենսափորձի միավորումով,- նշեց ՀԳՄ նախագահը և հավելեց,- hատկապես Արցախի կենսափորձը` դժվար տարիների, մեծ հեղաբեկումների, անցումների, կացութաձևերի փոփոխությամբ, և, բնականաբար, այդ ամենն անդրադառնում է գրողի ստեղծագործության մեջ, եթե, իհարկե, գրողը կարողանում է իր կենսափորձը դարձնել գրականություն»: Էդվարդ Սաֆարյանն իր խոսքում շեշտեց, որ գրողի ամենակարևոր առաքելությունն է լինել ազնիվ ինքն իր հետ: Գրականության ամենակարևոր սկզբունքը ներաշխարհի ազնվությունն է:
Արցախյան շարժման տարեգիր, գրող, լրագրող Վարդգես Բաղրյանն իր ելույթում նշեց, որ պատվաբեր է լինել ՀՀ գրողների միության անդամ և անդամության տոմս ստանալ հենց Թումանյանի ծննդյան օրն ու գիրք նվիրելու տոնին և ներկաներին շնորհավորեց նաև Արցախյան շարժման 26-ամյակի կապակցությամբ:
Սրտի խոսք ասաց բանաստեղծ Ռոբերտ Եսայանը. «Արցախյան շարժումը բերեց նաև գրական շարժում: Մենք մեր ստեղծած գրականությամբ պիտի այդ երակը միշտ բաբախուն պահենք, և գրականությունը` որպես ժողովրդի տեսողության դաշտ, որպես հոգու թրթիռ, պիտի միշտ հարազատ մնա նրա անցած ճանապարհին»:
Գրողները պատասխանեցին ուսանողների հարցերին: Ընթերցողները գրքեր նվեր ստացան հեղինակների մակագրությամբ:


Ստեփանակերտ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։