ԻՐԱՎԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ / Զորի ԲԱԼԱՅԱՆ

Զորի ԲալայանՑեղասպանամոլ պետության հետ քաղաքական հարցեր կարգավորելիս խոսք անգամ չի կարող լինել փոխզիջումների մասին:

2004 թ. փետրվարի կեսերին էր: Մենք (Ղարաբաղյան շարժման ակտիվիստներ, ՀՅԴ կուսակցության անդամներ, Սումգայիթի և Բաքվի փախստականներ, Երևանի բուհերի ուսանողներ…) հիմնավորապես նախապատրաստվել էինք «սումգայիթի» և «բաքվի» զոհերի հիշատակին նվիրված ավանդական հավաքի անցկացմանը: Սակայն փետրվարի 19-ի երեկոյան ողջ աշխարհը ցնցեց հրեշավոր լուրը` Բուդապեշտում, որտեղ ՆԱՏՕ-ի խաղաղարար ծրագրի շրջանակներում անցկացվում էին աշխարհի տարբեր երկրների երիտասարդ զինծառայողների պարապմունքներ, ադրբեջանցի սպան կացնով կտրել է քնած ծառայակցի գլուխը: Սպանել է միայն այն պատճառով, որ նա հայ է եղել:
Մենք՝ սպասվող հավաքի մասնակիցներս, արդեն պատրաստի ունեինք տարբեր լեզուներով գրված պաստառներ և կոչեր. «Սումգայիթ-1988-ը, Բաքու-1990-ը, Նյու Յորք-2001-ը նույն շղթայի օղակներն են», «Խոջալու՝ չարաղետ կրակակետ», «Չպատժված «սումգայիթը» ծնում է նոր «սումգայիթներ»», «Պարոնայք Պուտին, Բուշ և Շիրակ, ծանոթացեք Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի և թուրք-մեսխեթցիների անկեղծ խոստովանություններին, տեղեկացեք, թե իրականում ինչ է եղել Խոջալու կրակակետում»: Բուդապեշտյան ողբերգությունը ավելացրեց նոր կարգախոսներ. «Դահիճ Սաֆարովը ադրբեջանական հայատյաց գաղափարախոսության զոհն է», «Բուդապեշտ-2004-ը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ չկա Ղարաբաղի խնդիր, կա Ադրբեջանի խնդիր», «Սումգայիթ-1988-ը, Բաքու-1990-ը, Բուդապեշտ-2004-ը օրինաչափություն են, ինչը հաստատում է, որ ԼՂՀ-ի անկախությունը այլընտրանք չունի», «Ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խումբը պետք է իմանա, որ Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի սպանու­թյունը կանխորոշված գործողություն էր, Բաքվի մանրազնին մշակված ծրագրի մի մասը»:
…Ճիշտ տասը տարի է անցել այդ օրից: Ամեն տարի, փետրվարի 19-ին մենք հավաքվում ենք Գուրգենի գերեզմանի մոտ, ջանալով գոնե ինչ-որ կերպ մխիթարել հայ սպայի ծնողներին, կիսել հարազատների ու մերձավորների ցավն ու դառնությունը: Դա շատ կարևոր է, ի վերջո, պարտքի և հիշողության մասին է խոսքը: Սակայն բոլորս գիտակցում ենք, որ դա բավարար չէ:
Աբսուրդն այն է, որ Բուդապեշտը` հայտնվելով մեզ համար ողբերգական Բաքվի և Սումգայիթի շարքում, շատերի կողմից ընկալվում է ընդամենը որպես ինչ-որ բնակելի կետ, որտեղ կատարվել է հերթական ահավոր հանցագործությունը: Սպանել են երիտասարդի: Աշխարհը վրդովվել է ու լռել: Աշխարհն համակերպվել է, որ թուրքը սպանում է` մնալով անպատիժ: Տասը տարի է անցել, և արդեն քչերն են Ռուսաստանում, Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում հիշում այդ դաժան ու ստոր սպանության մասին:
Մենք գիտենք, որ կացնավոր դահճի գործով Ադրբեջանը պետական մակարդակով մշակեց լկտի սկզբունք, որը հնչեցրեց բաքվեցի փաստաբան Ա. Իսմայիլովը՝ Սումգայիթի չպատժված «հերոսներից մեկը», ով դատարանում ներկայացնում էր Սաֆարովի ընտանիքի շահերը: Այդ ցինիկ բանաձևումն էր. «Քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, նման դեպքերը կրկնվելու են» («Զերկալո», 10 մարտի, 2004 թ.): Բայց չէ՞ որ բուդապեշտյան դատարանը, Մինսկի խումբը և շատերը որպես, այսպես ասած, շահագրգիռ կողմեր, կամա թե ակամա շատ էլ լավ հաշվի նստեցին այդ «թեզիսի» հետ:
Պատմագետ Հայկ Դեմոյանը, ով Գուրգեն Մարգարյանի սպանության գործով դատալսումներին ներկայացնում էր Հայաստանի պաշտպանության նախարարությունը, հարց տվեց. «…իսկ ձեզ չի՞ մտահոգում այն ադրբեջանցիների ճակատագիրը, որոնք ապրում և սովորում են ընդհանրապես արտասահմանում և կոնկրետ՝ հենց Բուդապեշտում: Գուցե մտածում եք, թե հայերը ադրբեջանցիներ չեն, այդ իսկ պատճառով էլ չե՞ն իջնի Սաֆարովի և սաֆարովների մակարդակին»:
…Սաֆարովներն անպատիժ գործել են Ադրբեջանում դեռ շատ վաղուց, քան ղարաբաղցիները կսկսեին ի լուր աշխարհի հնչեցնել իրենց պահանջները, և, հավանաբար, Բուդապեշտի դատարանում ոչ ոք ոչինչ չգիտեր Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրագործվող անվերջանալի վայրագությունների մասին, հայերի, որ ապրում էին իրենց պատմական տարածքում և որը միայն 20-րդ դարի սկզբին ընդգրկվել էր արհեստականորեն կազմավորված, ըստ էության՝ թուրքական հանրապետության կազմում: Ո՞վ է այսօր հիշում Դաշքեսանի շրջանի (Ելիզավետպոլի նահանգ, Գարդմանք) հայկական Բանանց գյուղի հայկական հուշարձանի ողբերգական ճակատագրի մասին: Անցած հարյուրամյակի 60-ական թթ. կեսերին ադրբեջանցի բարբարոսները ավերեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված հայերի անկրկնելի հուշարձանը և գիշերը դրա փլատակների վրա նետեցին կացնահարված հայի դիակ: Ականավոր գիտնական-փիլիսոփա, Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, Ղարաբաղյան շարժման ամենաակտիվ նախակարապետներից մեկը, դաշքեսանցի Հրանտ Եպիսկոպոսովը տարիներ շարունակ համառորեն զբաղվել է Բանանցի հերոսների հուշարձանի հարցերով, սակայն ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոն պատասխանել է լռու­թյամբ:
Ադրբեջանական բարբարոսության և վանդալիզմի անպատժելիությունը անչափ մեծացրեց զոհերի թիվը և հայկական պղծված մշակութային հուշարձանների քանակը: Մարտունու շրջանում օրը ցերեկով ադրբեջանցիները սպանեցին ութսունամյա հայ հողագործին՝ թիկունքից մահացու հարված հասցնելով գլխին: Մարդասպանները ձերբակալվեցին հայ միլիցիոներների կողմից, սակայն նույն օրն էլ ազատ արձակվեցին Բաքվի կարգադրությամբ (այդպես էին մեկնաբանվել Նախիջևանի ԻՀ-ում և ԼՂԻՄ-ում 1921 թ. Մոսկվայի և Ղարսի պայմանագրերով հռչակված լայն լիազորությունները հայերի համար): Տասնվեցամյա հայ աղջկան Ստեփանակերտում խմբակային բռնաբարության ենթարկեցին աղդամցի տականքները, իսկ մարմինը՝ դանակահարության բազմաթիվ վերքերով, գիշերը նետեցին Երկրորդ համաշխարային պատերազմում զոհվածների հուշահամալիրի անմար կրակի մեջ: Չարագործներից ոչ մեկը չդատապարտվեց: Կարադաօղլու գյուղում ադրբեջանական դպրոցի ուսուցիչը և հանցակիցների խումբը կացնով սպանեցին ութամյա հայ տղային: Գյուղական ուսուցչի համար կացինը քիչ էր: Նրա հրամանով հանեցին տղայի աչքերը, վախենալով, որ զոհի աչքերում, ինչպես ֆոտոթղթի վրա, կտպվի մարդասպանի դեմքը: Այս անգամ հանցագործները ձերբակալվեցին: Նույնիսկ Ադրբեջանի ՊԱԿ-ի հզոր նախագահ Հեյդար Ալիևը ոչինչ չկարողացավ անել: Սակայն նույն Ալիևը կարգադրեց դատալսումն անցկացնել Ստեփանակերտում` բացօթյա: Եվ այդտեղ էլ կազմակերպեցին արյունոտ սադրանք, որի արդյունքում սպանվեց ազերիների հանցախմբի ղեկավարը, իսկ հայ երիտասարդները դատապարտվեցին մահապատժի կամ տասնհինգ տարվա ազատազրկման:
Այնպես որ, ավելի քան լկտի է հնչում վախկոտաբար սպառնացող ակնարկը, թե քանի դեռ ղարաբաղյան հակամարտու­թյունը կարգավորված չէ, սաֆարովները կացիններ են թափահարելու: Եթե խոսելու լինենք չարաբաստիկ «քանի դեռ»-ից, ապա առայժմ առաջին հերթին պետք է մտածենք… Գուրգեն Մարգարյանի ճակատագրի մասին: Այո, նրա ճակատա­գրի: Նա սպանվել է, որովհետև հայ էր ծնվել: Նրա փոխարեն կարող էր լինել ցանկացած ուրիշ հայ, մեզանից յուրաքանչյուրը` հինգ աշխարհամասերում: Վիրավորական է, ստորացուցիչ է, աններելի է լռել, երբ կալանքից միլիարդ դոլարով ազատված մարդասպանը, որի սպայական աստիճանը բարձրացված է, որը հայտարարված է համաժողո­վրդա­կան հերոս՝ ադրբեջանական երի­տա­սար­դության համար կուռքի մակար- դակով, ողջ աշխարհի աչքի առջև ծաղիկներ է դնում Սումգայիթում և Բաքվում հայերի ցեղասպանությունը կազմակերպողների և իրականացնողների գերեզմաններին: Այդ նույն աշխարհը մեծ հաշվով լռել է: Եվ լռում է մինչև հիմա: Սակայն դա չի նշանակում, թե պետք է լռենք մենք, երբ անտարբեր աշխարհի հայացքի ներքո դահիճը ծաղիկներ է ընդունում նախագահի ձեռքից, ընդունում է ութ տարվա ընթացքում կուտակված աշխատավարձը, նոր աստղեր է ավելացնում իր ուսադիրներին: Այս ամենը տեսնում է աշխարհը, տեսնում են Գուրգենի ծնողները: Լռում է ՄԱԿ-ը, որ պատասխանատվություն է կրում «Մարդու իրավունքների մասին» և «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատիժ կրելու մասին» Գլխավոր ասամբլեայի համաձայնա­գրերի խստիվ կատարման համար: Այդ փաստաթղթերում սևով սպիտակի վրա գրված է, որ ցեղասպանության որակման համար կիրառելի չէ հանրահաշվի սկզբունքը: Այնպես որ, Գուրգեն Մարգարյանը ցեղասպանության զոհ է: Դա նշանակում է` դահիճը պետք է պատժվի, և ոչ միայն որպես քրեական հանցագործ: Բայց նա, ի դեմս ՄԱԿ-ի համապատասխան կառույցների, համաշխարհային հանրության լուռ համաձայնությամբ ոչ միայն ազատ է արձակվում, այլև բարձրացվում է ազգային հերոսի աստիճանի: Ադրբեջանում աճում է մի սերունդ, որի համար հայի սպանությունը հերոսու­թյուն է, իսկ Մինսկի խումբը հանգիստ ականջ է դնում Ադրբեջանի նախագահի խոստումներին Ղարաբաղի հայերին տրվելիք լայն ինքնավարության մասին: Եվ ահա այս լկտի, անմարդկային համապատկերի վրա Մինսկի խումբը պատրաստվում է այսօր-վաղը փոխզիջումներ գտնել և ձեռք զարկել ղարաբաղյան խնդրի լուծմանը մադրիդյան կամ ցանկացած այլ փաստաթղթի շրջանակներում:
Ինչպե՞ս կարելի է շարունակել «Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների» քննարկումը, երբ ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու դժվարին որոնումների ընթացքում Ադրբեջանի նախագահը պարզապես ազատություն է գնում վախկոտ հանցագործի համար: Ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահները այդ ինչպե՞ս են քննարկելու մադրիդյան փաստաթղթի հետևյալ կետը. «Հայկական զինված ուժերի դուրսբերում նախկին ԼՂԻՄ-ի հարակից տարածքներից»: Այդ ինչպե՞ս են լռությամբ աչք փակելու մարդկության դեմ Ադրբեջանի գործած հանցագործությունների վրա, և մյուս կողմից՝ առաջարկելու դուրս բերել զորքերը, որոնք «նախկին ԼՂԻՄ-ի» խաղաղ բնակչության (բնիկների) անվտանգության միակ երաշխավորն են:
Ես կարծում եմ, առաջինը, ինչ այսօր պետք է անեն երեք հզոր տերությունների ղեկավարներին ներկայացնող, ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբի մեծարգո անդամները, այն է, որ միջազգային իրավական նորմերի հիման վրա Գուրգեն Մարգարյանին սպանողին վերադարձնեն Բուդապեշտ` կրելու հունգարական դատարանի վճռով սահմանված պատժաժամկետը: Եվ սարսափելի է, որ այս՝ տրամաբանորեն արդարացված առաջարկությունը ոմանք կարող են ընդունել որպես պարզամտու­թյուն, թեև, հակառակ դեպքում, արդեն գործնականում չեն կիրառվի մարդկու­թյան ամենագլխավոր փաստարկները՝ արդարությունը և բարոյականությունը:
Ղարաբաղյան կարգավորման հարցով Մինսկի խմբի մեծարգո անդամներն առաջին հերթին պետք է ընդունեն, որ Գուրգեն Մարգարյանի սպանությունը Ադրբեջանի պետական գործողությունն էր: Սաֆարովը պատահաբար չէր հայտնվել Բուդապեշտում: Դեռևս 90-ականների սկզբին նա որպես սպա ռազմական պատրաստականություն էր անցել Թուրքիայում, որտեղ, ինչպես ինքն է խոստովանել, ստացել է մի որակավորում, որի էությունն էր «սպանել հայերին»: Չակերտներում վերցված են մարդասպանի արտասանած բառերը Բուդապեշտում անցկացված հարցաքննությունից: «Իմ նպատակը այն էր, որ կռվեմ հայերի դեմ և ավելի շատ սպանեմ նրանց,- հայտարարեց Սաֆարովը դատարանում:- Ես ափսոսում եմ, որ մինչև հիմա չեմ սպանել ոչ մի հայի… Եթե այստեղ ավելի շատ հայեր լինեին, ես կցանկանայի նրանց բոլորին սպանել… Եթե ես քաղաքացիական անձ լինեի, ապա կվարվեի նույն կերպ: Իմ կոչումն է՝ սպանել բոլոր հայերին»: Հայկ Դեմոյանը պատմում է, թե ինչ սարսափով էին համակվել հունգարացի քննիչները՝ լսելով այդ խոստովանությունը:
Ես համոզված եմ, որ այդ ցինիզմի մեջ ոչ մի զարմանալի բան չկա: Դահիճը շատ էլ լավ գիտեր, որ իրեն ուշի-ուշով հետևում է Բաքուն և իր «հերոսական» բառերը շնչակտուր մեջբերելու են Ադրբեջանում: Վստահ էր նաև, որ իրեն փրկելու են: Չէ՞ որ նրան խոստացել էին և խոստումը կատարեցին:
Այսօր Ադրբեջանում անհոգնում կրկնում են տասը տարի առաջ ձևակերպված կոչը. «Սաֆարովի արարքը հայրենասիրության օրինակ կդառնա ադրբեջանական երիտասարդության համար»: Իսկ վերջերս ինչ-որ մեկը Սաֆարովի «սխրանքին» հրապարակավ հակադրեց «Քարե երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլիի «դավաճանությունը»: Հետաքրքիր է, ղարաբաղյան կարգավորման հարցով Մինսկի խմբի հարգելի անդամներն արդյոք գիտե՞ն, որ Այլիսլին ընդամենն անկեղծորեն պատմել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում գտնվող հայկական հինավուրց քաղաք Ագուլիսի մասին:
1978 թ., ճամփորդելով Նախիջևանով, Հայկական ԽՍՀ-ով և Արցախով, գրեցի «Օջախ» գիրքը, որտեղ մանրամասն պատմեցի Ագուլիսի ողբերգական պատմությունը: Ահա մի հատված. «Իմ ճամփորդական ուսապարկում կար Ագուլիսի լուսանկարը 19-րդ դարավերջին: Լեռան թեք լանջով վեր է ձգվում կանաչի մեջ թաղված դրախտ-քաղաք` եկեղեցիների փայլուն գմբեթներով: Միայն արհեստանոցների թիվը Ագուլիսում հասնում էր հարյուր հիսունի, որտեղ բազմաթիվ արհեստավորներ էին ստեղծագործում: Մեկ դյուժին տաճարներ, եկեղեցիներ, մատուռներ եկեղեցաշինության իսկական գլուխգործոցներ են: Հարուստ խանութներ, բազմաթիվ դպրոցներ, առևտրի ուսումնարան, դեղատներ, բաղնիքներ, շուկաներ, գրադարաններ, հյուրանոցներ: Տասնյոթ աղբյուր: Ամեն ինչ ավերված է այդ հեքիաթային հայկական քաղաքում: Այսօր ոչինչ չի մնացել: Ամեն ինչ կործանված է: Բարբարոսներ են անցել այստեղով: Մնացել են միայն սառնորակ աղբյուրները: Ես կանգնել էի քաղաքի ստորոտում, և սրտիցս արյուն էր կաթում: Ճարտարապետական գլուխգործոցների փլատակները նման են մեռած ծառերի: Ես գիտեմ, այնտեղ՝ ամենավերևում, Սուրբ Ստեփանոս եկեղեցին էր, քիչ ցած՝ Սուրբ Թովմայի տաճարը, կողքին՝ Սուրբ Մինասն ու Սուրբ Քրիստափորը: Ամեն ինչ միաձուլվում է: Աչքերիս առջև մշուշ է:
Կգա ժամանակ, և Ագուլիսը կվերականգնվի: Եթե նույնիսկ մինչ այդ նրանից հետք էլ չմնա երկրի վրա: Քանզի հողի վրայից հետքը կարող է անհետանալ, բայց ժողովրդի հիշողության մեջ մնում է հավերժ: Իսկ առայժմ թող Ագուլիսն իր տխրամած տեսքով հիշեցնի մեր ժամանակակիցներին ոչ վաղ անցյալի վանդալների մասին: Ագուլիսը հիշողու­թյուն է: Ագուլիսը հիշեցում է: Ագուլիսը տակնուվրա արեց հոգիս…»:
Աքրամ Այլիսլիի բախտը, կարելի է ասել, բերել է: Նրա ժամանակ դեռ ինչ-որ բան պահպանվել էր հայկական Ագուլիսում: Եվ նա պատմել է այդ կախարդական քաղաքի մասին՝ չթաքցնելով իր հարգանքը նրա նախկին տերերի հանդեպ:
«Օջախ» գրքի հրատարակումից հետո, դեպի Մոսկվա, ավելի ճիշտ՝ Կրեմլ թռան հազարավոր ու հազարավոր նամակներ Ադրբեջանից և առավել ինձ դատափետում էին Ագուլիսի պատճառով: Տարիներ անց, հիմնականում դարձյալ Ագուլիսի նկարագրության համար, թիրախ դարձավ Աքրամ Այլիսլին: Թերթերում կարդում եմ, որ «ադրբեջանական կեղծ հայրենասերների զայրույթն են հարուցել այն կարեկցական երանգները, որոնցով հեղինակը նկարագրել է հայերին: Նրան զրկել են Ադրբեջանի ժողովրդական գրողի կոչումից, նախագահական կենսաթոշակից, կինը և որդին ազատվել են աշխատանքից: Գտնվել է մի գործարար, ով մեծ պարգև է խոստացել գրողի կտրված ականջների համար»: Հիշեցնենք, որ Ագուլիսը գտնվում է Նախիջևանում, որտեղ միայն Ջուղա քաղաքի հայկական հինավուրց գերեզմանոցում 20-րդ դարի սկզբին հաշվվում էին տասը հազար անկրկնելի խաչքարեր, որոնց տակ հանգչում էին մեր նախնիները: Հիմա, արդեն նախագահ Ալիև-կրտսերի օրոք, չի մնացել ոչ մի շիրմաքար: Ավելի քան երկու հարյուր հայկական եկեղեցիներից չի մնացել ոչ մեկը: 1921 թ. Թուրքիայի ճնշման ներքո բոլշևիկները ստեղծեցին Նախիջևանի (հայկական) Ինքնավար Հանրապետությունը՝ գերա­կշռող հայ բնակչությամբ: Խորհրդային իշխանության օրոք և վերակառուցման տարիներին տեղահանվեց բնիկ հայ բնակչությունը:
Ես կցանկանայի իմանալ ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբից՝ եթե մադրիդյան փաստաթղթի համաձայն բոլոր արտաքսված անձինք և փախստականները ինքնակամ վերադառնալու իրավունք են ունենալու, ապա այդ նույնը տարածվո՞ւմ է Նախիջևանի (հայկական) Ինքնավար Հանրապետության բնիկ-հայերի վիճակի վրա: Ո՞վ ասաց, թե «կարգավորել» պետք է միայն Լեռնային Ղարաբաղի Արցախ Հանրապետության հարցերը` արհամարհելով Նախիջևանի (հայկական) ԻՀ-ի ճակատագիրը: Եթե գտնում են, թե Նախիջևանում հայեր չեն մնացել, ապա պետք է որոնեն այն հարցի պատասխանը, թե` «Ո՞ւր անհետացավ բնիկ հայ բնակչությունը»: Չէ՞ որ, համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համաձայնագրի, ցեղասպանությունը ոչ միայն մարդկանց ֆիզիկական ոչնչացումն է, այլև պատմական օբյեկտների, ազգային մշակույթի ոչնչացումը, ինչպես նաև բնիկ բնակչության համար կյանքի անտանելի պայմանների ստեղծումը: Եվս մեկ անգամ հիշեցնենք այն մասին, որ ցեղասպանության համար պատիժը, ներառյալ Գուրգեն Մարգարյանի սպանությունը, վաղեմության ժամկետ չունի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։