ԷՍՊԵՍ ՀԱՍԱՆՔ ՇՈՒՇԻ / ԱՐԱ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

Արա ՆազարեթյանԻ սկզբանե Բանն էր ու Մեծն Մաշտոցը և ազգային տեսլականը, հետո Եղիշեն ու Խորենացին ու ազգային տեսլականը, ապա Րաֆֆին, Թումանյանը, Չարենցն ու ազգային տեսլականը, Սերո Խանզադյանը, Համո Սահյանն ու Սևակը ու ազգային տեսլականը ու Հրանտ Մաթևոսյանն արդեն Շուշի երևույթը տեսավ, ուրեմն Շուշին արդեն տեսած Հրանտ Մաթևոսյանն ու դարձյալ ազգային տեսլականը… Այսպես ազգովի ճամփա եկանք ու հասել ենք այստեղ: Հետո լինելու են հաջորդներն ու մշտակա ազգային տեսլականը: Դարերի այդ ընթացքում տանողը դա է: Երթ է ու հերթը մերն է: Ու մեր հերթը հեշտ չի:
Բայց ե՞րբ է մեզ համար եղել այդ հեշտը:
Ու արդյո՞ք պատճառը միշտ դրսի չարակամներն են: Վազգեն Սարգսյանն ասում էր` մեր թշնամին մեր մեջ է: Կոնկրետ մարդու նկատի չուներ, յուրաքանչյուրիս մեջ նստած չուզողությունն ու նախանձն էր ակնարկում: Ինչքան մտահղացումներ են դեմ առել այդ պատին… Հիշում եմ, Շուշին դեռ ազատագրված չէր ու երկրում ամեն ինչի պակաս կար, մի միտք եկավ, դիմեցի այն ժամանակվա ակնառու գործիչ ու այժմ շատ բարձր դիրքի մի պաշտոնյայի` աճուրդ հայտարարվի ու առաջին մուծումն անում եմ` Շուշիի ազատագրման դրոշը կարելու պատիվ – իրավունքի համար. ում ներդրումը շատ եղավ` իրավունքը իրեն: Հաստատ էդ պատիվն ինձ չեր հասնելու, որովհետև մեր ազգի ամենաշատ փող ունեցողը հիմա էլ ու էն ժամանակ նամանավանդ, ես չէի, բայց ազգային համախմբման էն օրերին գումար կհավաքվեր ու մի բանի առաջը այդքանով առնված կլիներ: Պատիվն իմը չէր լինելու: Բայց դե… գաղափարն իմն էր:
Հապա քանդելու մեր մոլուցքը… Կոմունիստների օրոք քանդել ենք ու «նորարարի» էդ «գյուտը» իրենցը չէր` քրիստոնեությունն ընդունելիս էլ ենք քանդել: (Սանահինի վանքին հետևի կողմից որ նայում ես, վերնաշենքի կամարները կուռ հիմքի հետ չեն խոսում` քանդածի վրա են կառուցել): Էսօր էլ քանդում ենք: Հասել ենք գրողների մեր միությունը պահել – չպահելու «խորափիքր» խոսակցություններին: Օրինակն էլ ի՞նչ են բերում… Ադրբեջանը: Էնտեղ, պարզվում է, հասկացել են իրենց ազգին սպառնացող վտանգն ու հիմա իրենցը ակումբ է: Կլուբ: Դե եթե կլուբա-նեյնիմային գրականությունն է ուզածդ` պարզ ասա: Ասում են կոմունիստական կառույց է: Կոմունիստական չի, կոմունիստների օրոք մեր մտավորականության ստեղծածն է, ինչպես Գառնիի տաճարը հեթանոսության շրջանում, բայց էլի մեր ժողովրդի կառուցածն է: Ու քանդողները և՛ ներսից են, և՛ դրսից (էս դեպքում նկատի ունեմ միությունը): Դրսինները, որովհետև իրենք ներսում չեն: Վերջին համագումարում պաթոսախոս հայտնի մի ճառասան գրեթե համոզել էր դահլիճին, որ այսինչը – այսինչը ու այսինչը արժանի են լինելու (համաձայն եմ, արժանի են) և ամոթ է, որ միության անդամ չեն: Ու, ահա – ահա, հարցը լուծվում էր, մի քայլ էր մնում ու մեկն առաջարկեց` թող դիմում գրեն ու… Պահո՜: Պարզվում է հիմա էլ ամոթ է, որ նրանք… դիմում գրեն: Քանի տարի էր պատմվածքներս թևիս տակ գնում – գալիս էի ու Հրանտ Մաթևոսյանը բարեհոգի ծիծաղում էր` մեկ է, որ գրելու լինես, պիտի գրես: Ու հիմա իմ ամենամեծ մրցանակը իր ստորագրությունն է միության իմ անդամատոմսում ու մինչև հիմա մտքումս մի բանով թե թաքուն հպարտացել եմ` էդ է… Մարդիկ դիմում գրելուց բարձր են կանգնած: Բա էլ ինչու՞ են ուզում էդ «ամոթ» տեղին անդամագրվել: Թե՞ բազմիցս հեգնված «էդ ծաղկաձորյան ուղեգրերն» ու մնացածը, այնուամենայնիվ, այնքան էլ խորշելի պատառներ չեն. չեմ ուզում, բայց գրպանս գցիր: Չես ուզում, եղբայր, անդամ էլ չես: Հրեն, հազար տեսակ հասարակական կազմակերպություններ կան, ինչու՞ նրանց դեմ չես պայքարում: Ներսից քանդողներին ընդհանրապես չեմ հասկանում. չե՞ս ուզում` դուրս արի: Թե՞ «էդ ծաղկաձորյան ձրի ուղեգրերն» ու մնացած բաները… դարձյալ այնուամենայնիվ: Իմ իմացած «այլախոհները» և՛ ամեն տարի պարտաճանաչ Ծաղկաձոր են գնում, և՛ չեմ լսել, թե Բեյրութ գնալուց որևէ մեկը հրաժարվեր: (Երևի ես էի հրաժարվելու` այլ հանգամանքներով, էն էլ թարսի պես, չառաջարկեցին):
Քանդելու (ինքնահաստատվելո՞ւ) մի տարատեսակն էլ եղածը ժխտելն է: Սևով սպիտակի վրա, ուրիշի շահած կռվում ուշացած հերոսի կեցվածքով, հայտարարվում է. «Ես գիտեմ, որ Րաֆֆին երկու ֆ-ով է գրվում, բայց իրեն չի հասնում…»: Կամ, մյուսը. եվրոպաներից «օգնություն» ստացված կուտի մեջ արևմտահայերենի ու արևելահայերենի իրար խառնածում քուջուջ անելը մի պահ ընդհատել, պուճուր աչքերը պսպղացնում է գյուտ արածի պես` Համո Սահյանի գրականությունից… մամուռի հոտ է գալիս: Մամուռի հոտ չի, մանչս, հայոց մեր էս հողի բույրն է, որը ասֆալտած քո աշխարհում չես զգում, այն հողի բույրը, որի վրա հազարամյակներով մեր ժողովուրդը գոյատևել ու հարատևելու է, մեծաբերանի քո շարունակությունն էլ, ուզած – չուզած, իր հետ տանելով, ազգային այդ երթի ծալքերում նստած փոշու պես: Իսկ Րաֆֆին իր անելիքն արել ու իր երկու ֆ-ն գրել է ժամանակին ու իր արածն էդքանն է և էս օրվա Շուշիի համար իր լուման անպայման ունի. կարո՞ղ ես` ավելին արա: Եվ պետք չէ խիզախորեն բռունցքներ ճոճել դեպի անցյալը, որտեղից, միևնույնն է, պատասխան չի գալու:
Ասում են «Բիթլզները» իրենց առաջին համերգները զուգարանակոնքի կափարիչները վզներին էին երգում: Ուշադրություն գրավելու համար:
Եվրոպայում եվրոպականին հասել են դարը – դարին ու քարը քարին դնելով: Չեն քանդել: (Վաղուց էր, մի առիթով Ահնիձոր էի գնացել, Հրանտենց կրտսերը` Համոն, ինքն էլ դեռ քաղաքաբնակ, գյուղում էր ու տուն հրավիրեց: Գոմի կտուրը թեքված էր ու երևի վաղուց անասուն այլևս չէին պահում ու գոմը տուն տանող արահետի վրա էր, նորոգելու էր: «Ինչի՞ համար», չտվածս հարցին պատասխանեց Համոն: Ասացի` բա դե քանդեք, եթե պետք չի: Ասաց` Հրանտն ասում է վաստակած գոմ է, թող իր մահով մահանա…):
Ունեցածը կորցնելու (իմա` քանդելու) մի տարատեսակն էլ մեզանում փթթող օտարամոլությունն է: Շատ է խոսվել հորդահեղեղ արաբա – եվրոպա – ռուսա – թուրքական ելևէջների (ափսոս էս բառը) մասին: Ինչ ուզում է լինի, միայն ոչ հայկական: Իսկ շենքերի վրա թառած անվանումնե՞րը: Մեկ օրինակ. ճարտարագիտական համալսարանի մոտ, Տերյան – Կորյուն խաչմերուկի վրա ամրոցանման, քաղաքի գեղեցիկ շինություններից մեկն է, ճակատին` «Ցիտադել»: Ամրոց բառը քիմքերին չի եկել: Ահա այսպես, երբեմն չհասկանալով, երբեմն աննկատ, մեր ամրոցները հանձնում ենք… Հայկականությունից այնքան ենք հեռանում (էսօր չի սկսվել) մեր տեսակի պահպանելը գրեթե դառնում է… ինքնանպատակ պարտադրանք: Մեր իսկ համար: Մենք մեր մեղեդին (ոչ ուղղակի իմաստով) հրես – հրես մոռանալու վրա… Մեր ազգի վերուստ սահմանված կոչումն ու ներուժը կարգին չճանաչած… Անտերության հազար տարին իրենն արել է: Այնուամենայնիվ ուժեղ է արմատը ու հազար տարի հետո էլ կա ու կորչելու կրիտիկական պահը, կարծես թե, հաղթահարում ենք: Դա ինքնաբերաբար չի լինելու: Եվ առաջին քայլը դրա գիտակցումն է:
Ով ասում է` ձեռքինս վարունգ է, աղն առած վազում ենք: Հասել է նրան, որ ինքնակամ ամորձատվող Եվրոպան մեր ուղղությամբ ծղրտում է` ազատություն արվամոլներին… Տեղ հասանք: Տեսնես անտերուդուս մեր կողմերում էդ ո՞վ է դրանց էդպես պինդ բռնել ու բաց չի թողնում: Ավելի շուտ երևի իրենց տականքի համար էստեղերում տանելի պայմաններ են ուզում ստեղծել (այնուամենայնիվ իրենցն են) ու մի օր էլ կքշեն Հայկական ռեզերվացիա, ինչպես իրենց հնամաշ ավտոմեքենաներն ու ժամկետանց դեղերն են այսօր ուղարկում… Քելբաջարում, հանուն ազատության, մի երկու կրակոց էլ ես եմ արձակել ու ոչ նրա համար, որ չգիտես ինչ ծակուռ մտած (Քելբաջարում նրանց չեմ տեսել) զանազան աղանդավորներն ու հոգով ու մարմնով արվամոլները էնտեղ եղածների ձեռքով կրակից իրենց համար հիմա շագանակներ հանեն: Էդ ու դրանց տարատեսակները մարդկությանը միշտ ուղեկցել են. ուզու՞մ են` թող այդպիսին լինեն, բայց ո՞վ է ասել, թե պիտի դրոշի վրա գրելու պես ի ցույց իդեալացնել ու արդեն… համարյա սելի տեղ սելվորն է ճռռում: Մարդու իրավունքնե՞ր: Հասկացանք: Բայց… բնության օրենքները չեղյա՞լ ենք հայտարարում:
Հայի մեր խելքը: Սովետի օրոք անհագուրդ ուտողները Մոսկվայում էին, սակայն մեզ համոզել էին ու ճարպիկ լինելու միֆ – խաղալիքով մենք էինք հրճվում: Ամենամեծ ստերից մեկն էլ մերինների ձեռքով մեզ իսկ կպցրած գենետիկ անօրինապահության միֆն է… Հայի պես օրինապահ երևի մեկ էլ հայն է. եթե ոչ առաջին, ապա երկրորդ սերունդը կարգին երկրներում ամենակարգապահն է (առաջինների վրա սովետի ժանգը դեռ կա): Ու, որ ասում են` մերոնք օրինապահ չեն, սովետական «ճարպիկ հայի» միֆի մի տարբերակն է. ջուր են պղտորում, որովհետև հեշտ ձուկ բռնելու սիրահարներ մեզանում շատ կան:
Ու երկիրը դառնում է բազար:
Իմ լավ բարեկամ ու մեր միության նախագահ Լևոն Անանյանը, կիրթ մարդու իր ինքնակամ պարտավորվածությամբ, հարցնում է` ո՞նց ես, գրու՞մ ես: Ասում եմ` ինձ համար: Վրդովվում է` ինչի՞ց ես դըժգոհ` անգլերեն ժողովածուում կաս, ռուսերենում կաս… Հա, ասում եմ, լավագույն արձակի մրցանակն էլ մի տարի ստացա. ո՞ր քննադատը գրեց` էդ զիբիլ գրքին մըրցանակ չէր հասնում: Կամ հակառակը: Անտարբերություն է: Ու ոչ միայն: Մեր գրաքննադատներից ամենասիրամարգը մի օր մռլտաց` ես պարտավոր չեմ ամեն գիրք կարդամ: Իսկ ես ասում եմ` ամեն գիրք չէ, բայց եթե ժամանակակից հայ արձակն ընդգրկելու հավակնությամբ հոդված կամ ելույթ ես պատրաստում, քո իսկ անդամակցած միության տարվա լավագույնի մրցանակն ստացած գիրքը կարդալ պարտավոր ես: Թե՞ սպասում է ոմանց նման ես էլ հացի սեղանով կամ մի շիշ կոնյակով գիրքս մատուցեմ… Էստեղ են ասում` բարև, սուջուխ: (Ճիշտն ասած, կոնյակը չէի ափսոսա, բայց ով-ով` ես հո պիտի իմանայի, ինչի դիմաց է գրախոսությունը գրվել): Իլֆի ու Պետրովի հերոսների նման ես մտածում եմ` առաջ գրախոսությունը, ապա սեղանը, այնինչ արի ու տես, սեղանի առաջնահերթությունն իրենց ավելի սրտամոտ է: Թիֆլիզահայը կասեր` իսկը թամաշա: Ես ասում եմ` երկիրը, այո, բազար է դառնում:
Ազգային ժողովի ընտրություններ են մոտենում… Խիստ բարգավաճած մի կուսակցական «ֆունկցիոներ» զանգել է թե` մտավորական ես ու քեզ հարգում ենք, արի խելք – խելքի տանք… մեր ասածով քվեարկիր: Բազար է` թող լինի բազար, մի առևտուր էլ ես անեմ. երեք ուսանող եմ պահում (երկուսին պահելը հեշտ կլիներ, բայց ղարաբաղյան թեժ 88-ն էր, ասի` էս ժողովրդին էլի զինվոր է պետք ու հիմա երեքն են) մեկի մեկ կիսամյակի վարձը ծածկեք (… մեկ էլ տեսար կպավ): Դուք ինձ` վարձը, ես ձեզ իմ քվեն (մեկ է, ուրիշ խելացի գաղափար էսօր սպասելի չէ): Նախօրոք ասեմ` լուրջ ինստիտուտներ են: Երկուսը բանակում իրենց ազգին ծառայել են ու, աստված չանի, վաղը պատերազմ եղավ` իրենք են գնալու, ինչպես ժամանակին ես: Բա չե՞ք ուզում էգուց էլ ձեր ծակուռներում ապահով… Բա չե՞ք ուզում բաժակի վրա ասելու բան ունենաք: Բա չե՞ք ուզում երկրորդ ոտքը վերմակի տակ մտցնելուց առաջ ձեր կանանց ասեք` էսօր էս տղամարդկությունն արել եմ: Թե՞ ձեր հասկացած տղամարդկությունը միայն վերմակի տակ արածն է…
Ահա, գաղափարն ինձնից, փառքը` ձեզ: Ես անհայտ զինվորն եմ: (Գրում ու մտածում եմ` բազարս լավ էլ ստացվում է` հանկարծ չհամոզեմ… Կինս էլ մյուս կողմից, արդեն սկսել է անհանգստանալ` բա մեր բաժին կաշառքը ե՞րբ են տալու…): Անհայտ զինվորն եմ ու չեմ զոհվել, ահա, էստեղ եմ ու հումոր եմ անում… Զանգել է, մտավորականությունս հարգում է: Բա որ մտավորականը ե՛ս եմ, ինչու՞ ես կարծում, թե մտքերը քո քառակուսի սափրած գոմշագլխից պետք է գան: Օրվա լկտիությանը չափ չկա, թե՞ հայի չափը, իսկապես, անչափն է: Ու դրա համար Ստալինի արձանը էնքան մեծ դրվեց էս ժողովրդի գլխին ու Լենինինն էլ (իզուր էսօր թարմ կեղտից բարձրացող գոլորշու նման մորմոքներ են արձակում հայտնի կուսակցության որոշ գործիչներ) հենց հրապարակ – սրտում… Իհարկե՛ պիտի քանդվեր: Հռոմում հազարամյակներով ում արձանն ասես` կա ու պահպանում են ու դրանով էլ հարուստ են: Որովհետև չափի զգացումն ունեն: Մեր ամեն սերունդ նախ սարքում է, ապա սկսում է քանդել, ու նոր սերունդը դարձյալ զրոյից է սկսում:
Եթե ուրիշի սխալների վրա սովորող խելոքը չենք, գոնե մեր փորձից դաս առնող լինենք: Ու առաջին դասը` ազգովի մի մեխին որ խփում են, ահա` էսօր Շուշին: Աստծուն փառք: Մեզ էլ` մի քիչ խելք: Էս է:
Ու մեր մեղեդին պիտի աստիճանական մաքրվի անբարեհաջող դարերի դրած կաշկանդող տարթուկեղևից, պիտի զնգա իր հստակ գույներով, ինչպես Սարյանի մոտ է, պիտի խորությունը երևալու չափ ջինջ ղողանջի, ինչպես Կոմիտասը, փիլիսոփայորեն բարեհոգի ժպտա աշխարհին հսկա Սարոյանի պես և լուռ ու մունջ արարելով, առաջ տանի իր ակոսը, ինչպես Հրանտ Մաթևոսյանի աշխարհում է… Փայտի կապանքներից ազատված, երդիկից ծխի պես խաղաղ ելնող, երկնագնա մեր մեղեդին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։