Արձակագիր, հրապարակախոս,
գրական մի շարք մրցանակների
դափնեկիր
Հովհաննե՞ս ջան, որդի՛ ջան, ինձ ամեն օր համոզում եմ և ուզում եմ ուրիշներին էլ համոզել, որ սիրենք միմյանց, հանդուրժող լինենք միմյանց նկատմամբ, որ միասնական ու միաբան լինենք: Բայց ասա՛, խնդրեմ, ի՞նչ ուղիով կգնա մեր՝ հայերիս գաղափարական արժեքների վիճակը, եթե ես ու ինձ նման մարդիկ, որ տեղյակ ենք, հետևում ենք աշխարհի հնամենի քաղաքակրթությունը նոր ռելսերի վրա դնողների ջանքերին, այնպես, որ դրանից չտուժի հազարամյակների քննություն բռնած մարդասիրական և ոչ մի դոկտրին, հանկարծ մի օր՝ թեկուզ մի քանի ժամով, որոշենք հանդուրժող լինել քո և քեզ նման մտածողների, «արարողների», երջանիկ անգիտության մեջ ապրողների նկատմամբ: Եթե հանկարծ սկսենք հանդուրժելով սիրել քո ստեղծած բոլոր «կոմիկական ստենդափները», դրա համար անհրաժեշտ է, որ փոխենք մեր ամբողջ աշխարհընկալումը՝ գեղեցիկ աշխարհի ընկալումը, ոչ միայն ընդունենք քո «ստեղծած» աշխարհի կանոնները, այլև միաբան ու ներդաշնակ լինենք քեզ և քո «գործընկեր-հովանավորների» հետ, հանդուրժող լինենք: Ահա այսպիսի մի ձև գտա քեզ հետ պատկերավոր խոսելու: Որոշեցի քո որդուն, որը գուցե դեռ չի ծնվել, Կիկոս անվանել: Կիկոս, որը ծնվելու է քո ընտանիքում, որ ծնված օրից ականատեսն է լինելու քո քրտնաջան աշխատանքի՝ պրոյեկտից պրոյեկտ առանց դադար առնելու ցատկոտելուն, լսելու է քեզ գովերգողների հիացական բացականչությունները: Մի քիչ մեծանալով՝ ուզելու է նմանվել իր հայրիկին՝ ընդօրինակելու ամենահարազատ և ամենամոտիկ տղամարդուն, մի քիչ էլ մեծանալով՝ սկսելու է մտածել հասարակությանը ուրախություն պատճառող հայրիկի հաջողությունների մասին՝ որպես աշխարհի պարզ ճշմարտություններ. «էս ենք մենք, հիմա ինչ անենք: Եկե՛ք ծիծաղենք մեզ վրա… ոչ միայն ծիծաղենք, այլև ուրախանանք»: Բայց ինչի՞ վրա ենք ուրախանում: Լավագույն բանը, որ կարելի է այս դեպքում օգտակար համարել, այն է, որ քո լսարանի մարդիկ, որ ջանադիր պատրաստություն են տեսել մինչև քեզ հասնելը՝ կանայք գեղեցկության սրահներ են գնացել հատուկ քո երեկոյի համար, տղամարդիկ տրամադրվել են իրենց կանանց կողքին ուրախ ժամեր անցկացնել, քո օգնությամբ, քեզ լսելով՝ գուցե ուրախանում են, որ իրենցից ոչ մեկը այդպիսին չէ, հեռու է մասսաժի կասկածելի տիրույթներից և բոլոր այն այլանդակություններից, որ դու ցուցադրում ես քո լավ կամ վատ «խաղով»: Միայն այսքանը: Բայց կուշտուկուռ ծիծաղելուց հետո՞… Նրանցից քանիսի՞ մեջ է նողկանք առաջանում այդ չարիքների հանդեպ: Քո կերպավորած այդ հասարակական տականքները մնում են իրենց տեղերում, ինչպես առնետներն ու խավարասերները (տառական), և այստեղ շատ հարմար է գալիս տառականների ու նրանց վրա ծիծաղողների մասին հայտնի անեկդոտը:
Վա՛յ, Կիկո՛ս ջան, վա՛յ:
Հովհաննես ջա՛ն, դու ոչ միայն քո այդ տականք-հերոսների վրա ծիծաղողներին ես ուրախացնում, այլև հենց իրենց՝ քո տականք-հերոսներին: Նրանք համաձայն են, որ իրենց վրա ծիծաղեն, նույնիսկ՝ որ իրենց վրա թքեն, բայց միայն չփորձեն իրենց ոչնչացնել կամ գոնե հեռացնել ասպարեզից:
Իսկ խեղճ Կիկոսը ուրախ է, քանի որ հայրիկը լավ է վաստակում, սիրված է բազմաթիվ մարդկանց կողմից՝ հազարավորների: Կիկոսը չգիտի, թե ինչքան վատ է, որ իր ազգի մեջ այսքան շատ են առնետների ու տառականների վրա ծիծաղողներն ու այդպիսով նրանց գոյությունն արդարացնողները, փաստորեն՝ նրանց բազմացումը խթանողները:
Մենք էլ չէինք իմանա, եթե դու, Հովհաննես ջա՛ն, ի ցույց չհանեիր նրանց, իսկ քո երկրպագուներն էլ, փաստորեն, նաև այդ տառականների ու առնետների երկրպագուներն են: Եթե սրանք չլինեին, ինչի՞ վրա էին ծիծաղելու, ուրախանալու:
Հավատա՛, շա՜տ եմ փորձում, Հովհաննե՛ս ջան, հանդուրժող լինել քո «արվեստի» նկատմամբ. «Հա՛, ինչ է եղել, թող ծիծաղեն մարդիկ այս հոգսաշատ օրերում»:
Բայց, Կիկո՛ս ջան, այսպիսի բաների վրա ծիծաղող-ուրախացող մարդիկ չեն կարող ուրախանալ իսկական գեղեցկությունից՝ առանց գիտակցելու, որ դա դժբախտություն է: Իսկական ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ, թանկագին մեր գանձ Կիկո՛ս, մի առանձնահատկություն ունի՝ ինքնապաշտպանական բնազդի պես մի բան, թաքնվում է տառականներից ու առնետներից, վախենում է՝ իրեն հոշոտեն: Նրան գտնելու, նրան արժանանալու համար բավական աշխատանք պետք է կատարես: Հայրիկդ էլ է քրտնամխած աշխատում: Բան չունեմ ասելու: Պարզապես իսկական ԳԵՂԵՑԻԿԻՆ հասնելու համար ջանք պետք է գործադրես, եթե չծուլանաս, հոգևոր սնունդ պահանջես քեզ կրթողներից: Նրան հասկանալու, գնահատելու համար բացարձակապես կարիք չկա թանկարժեք օծանելիքի, մատնահարդարման, «էլիտար» խանութների մշտական հաճախորդը լինելու գերության մեջ օրեր ու տարիներ փչացնել, այլ` հարկավոր է քո մեջ, Կիկոս ջա՛ն, հենց քո մեջ, բոլորիս մեջ գտնվող ԳԵՂԵՑԻԿԻ հրաշալիի կայծիկը պեղելն ու դրանից մե՜ծ ԼՈՒՅՍ ստանալը:
Եվ, Կիկո՛ս ջան, ես ուղղակի չեմ կարողանում պատկերացնել, թե երբ դու հանկարծ գտած լինես այդ կայծն ու դրանից ԳԵՂԵՑԻԿԸ ստանալու հնարը, ինչպե՞ս է Հովհաննես Դավթյան-Մխոն քեզ բացատրելու, թե ինչո՞ւ էր մի օր, երբ դու դեռ չկայիր ու դեռ չէիր գտել քո հոգու լույսը, իր խելքին փչել ավերել քեզ նման փոքրիկ երեխաների Նոր տարվա գեղեցիկ հեքիաթը Ձմեռ պապի մասին: Վա՜յ, Մխո՛ ջան, վա՛յ, Կիկոս ջան…
Չէ՛, շատ բան կարելի է հանդուրժել, բայց ոչ այն ամենը, ինչ սնուցում է աշխարհի անարդարությանը, ծառայում նրա շռայլորեն բարգավաճող հաղթարշավին:
Եվ ինձ նման շատերը չեն կարող հանդուրժել, եթե անդրադառնան, որ հաստատակամորեն չհանդուրժել է պետք: Բոլոր ինձ նման մտածողները չեն, որ իրենց առողջ ապրելակերպի հաշվին, իրենց կարևոր գործերը թողած՝ կնստեն ու կդիտեն, կլսեն հումորի ու ծիծաղի մասին քեզ նման սխալ պատկերացում ունեցողներին, ժողովրդին հեշտ ծամվող սնունդ մատակարարողներին, որ հետո էլ կարողանան Կիկոսին հասցնել իրենց խրատաբանությունը՝ «Ընդամենը էս ենք, ավելիին չենք ձգում, ա՛պ ջան»… Խեղճ Կիկոսին, որ չգիտի՝ դեռ չծնված՝ իրեն իր բոլոր «խելացի» հարազատներն արդեն բարձրացրել են ծառին, որ արդեն վեր է ընկել քարին… Վա՜յ, Կիկո՛ս ջան… Գուցեև խեղճ չէ, գուցեև բախտը բերի՝ ապրի այս ԳԵՂԵՑԻԿ ՄՈԼՈՐԱԿՈՒՄ, հաջողի հայտնաբերել կայծը, որ այդ կայծից հոգու ԼՈՒՅՍԸ ստանա, թույլ չտա, որ դեռ չծնված՝ մարեն իր ու իր կիկոսիկների մեջ եղած ԱՍՏՎԱԾԱՅԻՆԸ…
Այսքանից հետո ինչո՞ւ եմ համոզված, որ հենց դու ես լինելու այդ լուսակիրը, Կիկո՛ս ջան…
Գնամ, լսեմ քեռի Շուբերտին կամ Շոստակովիչ հորեղբորս, հենց այսօր երեկոյան էլ բոլոր էդ առնետների ու տառականների ջիգրու դնեմ ու նայեմ Չարլի Չապլին մարդասեր, մարդագետ, կատակերգու եղբորս ֆիլմերը, որից, իհարկե, չես հռհռում ու քրքջում հիմարի պես անվերջ, բայց ծիծաղում ես, ուրախանում ես արվեստի ներքին, մաքրող, գեղագիտական շնչով…
Հա՛, Կիկո՛ս ջան, չմոռանամ ասել, որ հանուն քեզ, քո մանկական անաղարտ հոգու իմ այս կատակ-հորդորը չհամեմեցի լեզվիս ծայրին հասնող այն վատ բառերով, որոնց, որպես ամեն մի հայ մարդ, ուզեմ թե չուզեմ, տիրապետում եմ: Չէ՞ որ, Կիկո՛ս ջան, իմ ու քո այսօրվա զրույցը ԳԵՂԵՑԻԿԻ մասին էր, նրա հավիտենականության, նրա մաքրող, ամոքող, մարդուն դեպի լավը կանչող, տրամադրող, վերափոխող էության մասին…
Ի դեպ՝ Գյումրի քաղաքը այն քյալլան չէ, ինչ փորձել է ներկայացնել հայրիկդ՝ իր անհամ ուղեկիցների հետ միասին՝ մի քանի, գրեթե ոչինչ չասող րոպեների ընթացքում: Իսկ քո թիմի Նարինեին էլ ասա՛, Հովհաննե՛ս ջան, թող չափավորի իր հագուկապով… իր խոսքով ու պահվածքով գյուղացի լուսերես աղջիկների «ճաշակը զարգացնելու» եռանդը: Արդեն ցրտերն ընկել են, կմրսի: Իմպրովիզներից էլ շատ թույլ եք:
Այո՛, Կիկո՛ս ջան, շատ դժվար է ամբողջ ժողովրդով միաբան, համերաշխ, հանդուրժող լինելու որոշում կայացնելը, երբ դեռ առնետներն ու տառականներն իրենց հարմարավետ առանձնատներում բուծվում, բազմանում, արդարացվում, փայփայվում ու սիրվում են իրենց բյուրավոր լայքերը, փողերը, ժամանակը չխնայող, շռայլող հասարակության և նրան անառողջ ծիծաղ պարգևողների կողմից: