Իմանտ Զիեդոնիս / «Էպիֆանիաներ» ժողովածուից

ԻմանտՄի անգամ շեշտերն անհետացան: Շեշտված վանկերն ու բառերը չշեշտվելով՝ խոսակցությունը անկապ տառերի հոսքում բանտեցին:
Անհնար էր հասկանալի որևէ բան ասել և երգել:
Խմբավարն ասաց. «Այլևս անիմաստ է»: Եվ ձիու ձանձրացած պոչի ճայթումով փայտիկը ճոճվեց օդում:
Հանկարծ հայտնվեցիր դու:
Խփիր, նետիր, կեր:
Դու գալիս ես, ամեն ինչ հնչում է ինձ հասկանալի:
Ինձ ասացին, որ դու կորցրել ես շեշտերը: «Նրանք քոնը չե՞ն»: Ասում ես և քո պայուսակից մի բուռ շեշտեր ես լցնում սեղանիս: Չեմ հասկանում, թե երբ ես հասցրել ինձ կողոպտել:
– Դու ինքդ ես իմ շեշտը,– քո արտաբերած խոսքի մշուշից հայտնվում ես շեփորի հնչյունների պես, լուսատտիկի առկայծումներով, փայլում ես Աստծո ականջօղի պես: (Այդժամ վերստին ես զգում եմ, որ իմ ներսում շեշտեր են հնչում, մագլցում են վեր. ես ստույգ զգում եմ):
– Դու նրանց հետ վարվել չգիտես,– ասում ես ու վստահ նայում ինձ,– այդ պատճառով եմ քեզ թողնում անշեշտ, որ իմանաս նրանց արժեքն իրական:
– Դու ներխուժում ես թունելի միջով՝ կայծակի պես և հիշեցնում գոյությունդ բալենու թփերի մեջ, կեռնեխների թպրտոցով, անիվի արագությամբ:
(Շեշտերը վերստին հնչում են իմ ներսում. ես ստույգ զգում եմ):
– Դու նրանց հետ վարվել չգիտես:
Դու շեշտադրում ես անպատեհ. շռայլում ես նրանց: Ես ափսոսանքով էի դիտում: Հետո որոշեցի մի պահ քեզ թողնել, որպեսզի ապրես անշեշտությունդ տխուր: Բայց դու նորից խոսում ես շեշտված, իսկ ես ուրախանում եմ, որ նրանք վերստին քո ներսում են (ես շեշտադիրն եմ քո):
– Նրանք վերստին իմ ներսում են: Որտե՞ղ էիր դու, թույլ հնչող շեշտադրված իմ ճիգ: Առանց քեզ մարդկանց աչքերն անփայլ էին, և բանալին չէր գտնում իր ճեղքի ուղին: Գինու բաժակները չէին զրնգում, ծափերը մոռացել էին պահը ծափահարման:
Կրկին թռչկոտում էին շեշտերը. այնքան գեղեցիկ, խելահեղ ցնծության մեջ: Նույնքան երգեցիկ են հնչում ձիու դոփյունները: Ների՛ր, ուրախությունից գրեթե ցնորվել եմ, որովհետև վերստին գտել եմ նրանց. Աստված իմ: Եվ ճիշտ որ, հիմա կարող եմ գտնել բանալու ճեղքերը: Ես նորից ոտնաձայներ եմ լսում, ռիթմեր, կտկտոցներ:
Այնտեղ, գետից այն կողմ, դաշտում ծաղիկներ են ծաղկել և մի եղրևանի վեցճյուղանի: Հետո մի կին անցավ դաշտով, ժպիտը մատների ծայրին: Մի ուրիշ կին նույնպես անցավ և օղակ դրեց նրա քթանցքին: Շեշտերն ապրում են: Ես թրջում եմ լեզուս, ինչպես վրձինը ներկի մեջ, և խփում պատին. շե՛շտ: Ես հին սայլակ եմ գնում՝ տասը ռուբլով, գալիս եմ տաքսու կանգառ և ասում. «Խնդրեմ, նստեք». շե՛շտ: Ես տեսնում եմ, թե ինչպես են ձայնապնակի վրա անվերջ պարում գուցուլները, լեզգիները, ռուսները. խփում են կրունկներով, ձայնապնակը չի կոտրվում ու՝ շե՛շտ, շե՛շտ, շե՛շտ:
Գուցե ինձ ասեք, որ ես զուր եմ այս ամենը շեշտում: Զուր, անտեղի: Եվ եթե ամեն ոք իր տեղում է, շեշտերն էլ իրենց շեշտվա՞ծ պիտի զգան: Եթե այդպես է, ուրեմն պիտի իմ փոխարեն փորձել. տեղափոխություն իմ և քո՝ շեշտված: Այդժամ կորոշես որտեղ շեշտադրել, որպեսզի իրերն իմաստավորվեն:
Ճիշտ է, ես ապավինում եմ լեզվիս: Չեմ խոսում, բայց ասելիքս լեզուս է մարմնավորում, ինչպես պատահի, երբեմն անկիրթ:
Ես միշտ քեզ հետ եմ՝ փողոցում, ժողովներում, տրամվայում, խորտկարանում, դիմակահանդեսում, իմ կնքված մատով: Երբ մատս կպցնում եմ ճակատիդ, հետք է մնում անմաքրելի:
Ինչ հաճելի է, երբ շեշտերով պատուհաններ ես կոտրում և ուրվանկարում ամառային շապիկների վրա: Օ՜, ինչ հաճելի է մատը շան կոկորդ խոթելը: Նորից թվում է անտեղի՞ եմ շեշտում: Երբ դու շեշտազգաց չես, ես, իմ տեղում՝ շեշտված:
Չխոհեմացա՞: Գուցի դուք եք ճիշտ, ձեր տեղում՝ շեշտված: Եթե ուզում եք՝ թող ապրեն բոլոր անշեշտ վանկերը և լուցկիները, որոնք չեն վառվում, շները՝ չկծող, գլխարկը՝ անգլուխ:
Ես ներողություն եմ խնդրում և մեկնում եմ ձեզ լեզուս՝ արդուկեք այն:

Լատվիերենից թարգմանեցին
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ԱՐԹՈՒՐ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։