ՍԻՐՏՍ ՑԱՎՈՒՄ Է / ՀՐԱՉՕ

admin-ajax

Ժողովուրդը կարող է դառնանալ` տրորված վարունգի ածուն քեզ օրինակ, ըստ Թումանյանի, և աչքը վախեցած Հանես դառնալ` ըստ Մովսես Արազու: Եթե դու մարդ ես, իրավունք չունես վիրավորել… մարդուն, եթե վերջինս անգամ չունի (գուցեև չի ունեցել) մարդկային արժանապատվություն: Հետո ինչ, որ դու պաշտոն ունես, իսկ նա ծառայում է քեզ: Մարդ է նա, ով նոր է ծնվել, առաջին ճիչն է արձակում: Առաջին ճիչը հենց նրա բողոքն է. իր համար առոք-փառոք ապրում էր` ամեն բան կար: Էս ո՞ւր ընկավ… Մարդու առաջին ճիչը առաջին ընդվզումն է: Մարդ է և նա, ով բոլորել է դարը ու դառնացած է` կյանքից ի՞նչ հասկացավ: Բանաստեղծի` երկու օրվա ճամփի մասին չէ խոսքս: Մարդ ասելով ի՞նչ ենք հասկանում շատերս: Եվ դժվար տանելի, անգամ անտանելի է, երբ լսում ես` մարդ չէ, մարդ լինելուց նա դեռ շատ է հեռու: Մարդասիրությունը աղբյուր է, ակունք է, որ սկիզբ է առնում ծնվածդ տնից: Ինչ տեսնես` էն էլ կսովորես: Եվ` ի՞նչ է տեսել, որ ինչ սովորի… Վիրավորողները հատուկ են: Նրանք լավ գիտեն` ում վիրավորեն: Նույն հարցը, նույն մոտեցումը` սրան կարելի է, նրան չի կարելի: Էս մեկի համար` տեղով կրակ էլ դառնաս, հնարավոր չէ, էն մեկի համար` խնդրեմ, ախպեր ջան (թեկուզ քույրիկ-տիկին լինի), էլ ո՞ր օրվա համար ենք…
Մարդ և մարդկային արժանապատվություն… Եվ ինչո՞ւ ենք համատարած ասում, բողոքում` սա երկիր չէ: Եվ էնպես հեշտ ու հանգիստ ենք ասում, որ թվում է` ասողը ոչ միայն ուսումնասիրել է տարբեր երկրների օրենքները, այլև ապրել է էդ երկրներում, ուր գործում է մարդկային օրենքը` հանուն մարդու, հանուն ժողովրդի, հանուն օրենքի: Այո՛, օրենքը` հանուն նույն օրենքի, ինչպես մեզ մոտ օրենքը ընդդեմ հենց իրեն` օրենքի: Լրագրողը, գրողը ունեն միայն մեկ իրավունք` լավ գրել: Լավ գրելով` քննադատել, ասել-գրել միայն ճշմարտությունը, բայց երբեք ու երբեք իրավունք չունեն վիրավորել մարդուն: Եվ դատավորը իրավունք չունի դատի ժամանակ վիրավորել մեղադրյալին, թեկուզ վերջինս լինի տականքի մեկը… Բայց, դե, բոլորը մարդ են, միս ու արյուն ունեն: Մարդասպանի ես դատում, սպանվողի երեխաները` փո՜քր, մանրիկ, հոր համ ու հոտը դեռ կարգին չզգացած: Բայց էս ի՞նչ է կատարվում: Դատավորը ծանոթանում է, իբր ծանոթանում է հերթական քրեական գործին, որոնում համապատասխան հոդվածը, որ պիտի հուշի ամեն օր հնչող բառերը` արժանի պատիժ, բայց դա չի լինի, որովհետև վաղն ստիպված կլինի հրաժեշտ տալ նաև դիզած ապրուստ-հարստություն-ունեցվածքին: Տարի­ներ առաջ հեռուստատեսությամբ սրտաճմլիկ պատ- կեր տեսա… Երրորդ թե չորրորդ դասարանցին անտառից չախ-չուխ է հավաքել, բերել, վառել վառարանը, որ պապ ու տատը տաքանան: Եվ… անտառագողը բռնված է: Գործը հասնում է դատարան: Տուգանքի չափը 165 հազա՞ր էր, ինչքա՞ն էր, բայց այսօր էլ հիշում եմ սփրթնած, անսնունդ էդ երեխային (ոնց որ ինձ տեսնեի` իմ մանկու­թյունը տեսնեի. սահնակով անտառից փայտ էինք բերում. աշխարհում պատերազմ էր, Հայրենական մեծ պատերազմ): Ուրեմն` պարսկական հզոր մեքենաները մտնում են Լոռու անտառները, լույս ծառերը կտրում են, կրում-տանում, գումարած` «լավ հայերը» շինափայտ են արտահանում անգամ անտառախեղդ մոտ քսանհինգ երկիր… իսկ գյուղացի մարդիկ` տարիքով-կարիքով, դպրոցական, անգամ` կին, էդ լույս գերանների կռճոնք-ճյուղերը հավաքում-բերում են` արժանանում են դատ ու դատաստանի: Պարզ է ամեն ինչ. սա գեներալի մեքենա է, ոչ մի անտառապետ իրավունք չունի ծպտուն հանելու. սա մեծավորի հարազատինն է. սա դատախազի… պատվերն է: Սա… ծառ-անտառուտողները օր օրի ախորժակի են գալիս: Պետք լինի, կասեն` անտառտնկումներ ենք անում: Եվ ոչ մի պաշտոնյա չի կարող պաշտոնավարել օրենքով, որովհետև նշանակվել է, որ կատարի վերևիններում վերվերի պարող վերվարանողների պատվերը: Ամեն օր պիտի կասկածենք` Հայաստանը կերակրում է միայն պաշտոնավորների՞ն…
Սիրտս նորից նեղվեց: Էսքան որ ասում ենք, գրում ենք, սիրտ ենք վառում ու հովացնում, արդեն մենք էլ ենք մեր աչքից ընկնում:
Անտառը բնություն է, Բնությունը Աստված է ու Աստծունն է բնու­թյունը: Եվ մենք հոշոտում ենք բնությունը: Մեծ իշխանավորը լավ էլ գիտի, թե իր բաժինը վաճառվող անտառից ինչքան է:
Մի հրաշալի բժիշկ ունեինք` Համլետ Թամազյան: Օձունից էր: Գյուղի հետ կապված: Ժողովրդի հետ կապված: Գյուղացիները միշտ էլ սիրտ էին բացում նրա դեմ: Անտառում, աղբյուրի մոտ նորից են հավաքվում, և բնությունը, աղբյուրը, մի կտոր հացը հուշում են անկեղծություն: Խնդրում են, որ հեղինակություն, հարգանք-պատվի գինն իմացող բժիշկը անտառապահին ասի, որ մի քիչ խղճով վարվի գյուղացիների հետ: Արածները ի՞նչ է: Հզորների տարած գերանների չորացած ճյուղերն են հավաքում, մի կերպ բերում տուն, էն էլ հարամ են անում… Հենց էս խոսքի վրա երևում է ձիավոր անտառապահը: Համլետը չի թողնում, որ բարև տա, վրա է բերում. «Էս էշին ինչո՞ւ բերեցիր այստեղ»: Անտառապահը` «Դոկտոր, էդ էշ չի, ձի է»: Բժիշկն ավելացնում է. «Քեզ հետ չեմ խոսում, այլ քո ձիու»: Հիմա, ասես, լսում եմ շատերի ընդվզումը` ինչպե՞ս կարող է բժիշկը, որ ճանաչված վիրաբույժ է, բժշկական գործի հրաշալի կազմակերպիչ, դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, վիրավորել մարդուն, մարդ, որը անտառապահ է: Ուրեմն, ասած խոսքի համար պատասխանատու է հենց ասողը: Դժվարացող կյանքի հետ դառնանում է մարդու հոգին, հենց բերանն է դառնանում, հենց լեզու-խոսքն է դառնանում: Բժիշկը առաջին անգամ չէ, որ խեղճ մարդկանցից լսում էր բողոքներ: Ախր, անգամ չնչին պաշտոնավոր, մանավանդ մեծ ու հզոր կուսակցու­թյան անդամ, իրեն պահում է բռնակալի նման… Բժիշկը վիրավորել է մարդուն. շատերը էսպես կասեն: Բայց ամբողջ մի ժողովուրդ է վիրավորվում իր տանը, իր հողի վրա: Վիրավորվում է էն աստիճան, որ ստիպված պանդխտության ցուպն է առնում ձեռքը: Դատարկված բնակավայրեր: Փակ դռներ: Հանգած մեղվափեթակներ: Մարած ձայներ: Դժգոհ մարդիկ: Տարիներ առաջ, երբ Նորայր Ադալյանը խմբագրում էր «Գրական թերթը», զրույցի թեման դարձավ արտագաղթը… Խոսեցի, խոսեցի ու կանչելու նման ասացի. «Սոված մա՞րդ կլինի»: Ձեռքը մեկնեց. «Էլ չենք խոսում, վերնագիրն ասիր` սոված մարդիկ: «Սոված մարդիկ» վերնագրով հոդված ես գրում, բերում, բերածդ օրը եկող համարում տպագրում եմ»: Անկեղծ ասած` առաջին պահ ուրախացա, բայց հետո ուժ ունեցա և… չգրեցի: Մտածեցի` ամոթ է: Հիմա, երբ երկրի գլխավոր սոցիոլոգն է հեռուստատեսությամբ ասում, որ գյուղերում ապրողների 72 տոկոսը սոված է քնում (սոված մարդու քունը կտանի՞), որ գյուղաբնակները չարքաշի նման են ապրում (կարծես թե քաղաքաբնակների երեսին վարդ է բուրում), բազմաթիվ հարցեր, անգամ` ինչո՞ւ պակասեցին ընթերցողները, ինչո՞ւ փակվեցին գրախանութները, ինչո՞ւ մե՜ծ իշխանավորների, մե՜ծ օլիգարխների զավակները չեն ծառայում, ինչո՞ւ վատ ու դժվար են ապրում Արցախյան գոյամարտում զոհված ու վիրավորված, հենց մասնակցած ազատամարտիկների ընտանիքները, ինչո՞ւ ավերվեց ծաղկուն մի երկիր, ինչո՞ւ շան մսի գնով շատերը գործարանների, շենքերի, հողերի, հանքերի, անտառների տեր դարձան, ինչո՞ւ են թշնամացնում ժողովրդին, ինչո՞ւ կուսակցությունները շարունակում են պայքարել իրար դեմ, ովքե՞ր են Հայաստան երկիրը ցանկանում տեսնել առանց հայերի… Արտագաղթը նոր թափ է հավաքում: Մենք կորցնում ենք մեր վերջին հողակտորը: Ինչո՞ւ չեն հնչում Հայաստանյայց բոլոր եկեղեցիների զանգերը` վտանգված է հայ ժողովրդի ոչ միայն ապագան, այլև հենց ներկան: Ի՞նչ երեսով ենք այսօր նայում մեր նախնիներին: Ինչո՞ւ ենք միշտ մեղադրում թշնամուն: Բա դու ի՞նչ բանի ես, որ քո հողի վրա չես կարողանում պահել քո տուն ու զավակին: Ինչպե՞ս է պատահում, որ հացի համար դու ուր ասես, որ չես գնում, անգամ` Թուրքիա…
Տարիքս առած մարդ եմ: Հաշտ` մահվան հետ: Անհաշտ` երկիրը, ժողովրդին էս օրը գցողների հետ: Տեսել եմ Արարատյան դաշտի բնակավայրերի վերջին կավաշեն տները, ցանկապատերը, տեսել եմ՝ ինչպես են յուրացնում Արարատյան դաշտի աղուտները և հիմնում այգիներ: Տեսել եմ՝ ինչպես են կառուցում Նոյեմբերյանի քառաստիճան ջրհան կայանը և ինչպես են հիմնում դեղձնուտներ, ասես մեծացնելով Արարատյան դաշտը: Էս ովքե՞ր ավերեցին, ինչո՞ւ ավերեցին: Ինչո՞ւ պակասեց սերը մեր աշխարհում: Ինչո՞ւ վատ իշխանավորը չի ամաչում էն տնից, ուր ծնվել է, էն եզերքից, որ ծննդավայր է կոչվում: Ինչո՞ւ ժողովրդի դեմ հանցանք կատարելիս չի մտածում, որ իր մասին կասեն` դրա արածը թուրքն էլ չէր անի: Էսքան գիտնականներ ունենք, սևանագետներ: Հայոց ակադեմիա ունենք: Ինչո՞ւ չի լուծվում Սևանի հարցը: Բայց ափամերձ տարածքների դղյակատերերը թո՞ւյլ կտան, որ բարձրանա Սևանը` ջրատակ անելով իրենց չքնաղ ապարանքները: Այսօրվա օլիգարխները ավելի հզոր են զգում իրենց, քան պետությունը, որը եռագույն ունի, դրոշ ու հիմն: Մի պետություն, որ նայում է թալանչու ձեռքին, գողակից է դառնում լրբորեն հարստացածին, ի՞նչ սպասես նրանից: Խեղճ գրող, վիզ ծռիր, որ մեկը ձեռ մեկնի ոչ թե երազած գիրքդ տպագրելու, այլ… զուտ հացի փող, դեղորայքի գումար: Էս ինչ անտեր հուսահատություն է վրա տալիս: Մարդ կոչվածս ամաչում է իր թոռներից ու ստացած թոշակից: Երկիր, կառավարություն, իշխանություն.- չեք կարողանում պահել ձեր ժողովրդին, ձեր մտավորականին, ձեր ուսուցչին, ձեր բժշկին, ձեր գիտնականին, ձեր ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆՈՒԹՅՈՒՆԸ` վաղը Աստծու տված էն կաթիլ ջուրն էլ չեք ունենալու, քանի որ բռնել եք անապատացման հեշտ ուղին:
Իսկ ժողովուրդը գերությունից փախչում է` իր տուն ու տեղը, լեզուն գերի թողնելով իր ազատ, անկախ երկրում, որի անունը տալով բանաստեղծի հասակը ծաղկում է, ու էլ մահն ո՞ւմ շունն է: Սիրտս լիքն է ցավով: Սպիտակել է եղեռնը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։