ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

1004994_177195025806799_129769188_nՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծուհի, արձակագիր

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

ծննդյան 50-ամյակի առթիվ

«Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին

***
Անակնկալի թևը բռնելով՝
գալիս եմ ահա…
Ես՝ լարախաղաց ռիթմով քայլողըս
անդունդի վրա,
Ձյունե կատարին հայացքըս հառած՝
Հիմա՝ անտառի ճանապարհներից
երկա՜ր ու բարա՛կ՝
Մի անակնկալ լճակի առաջ
ուժ առած հողից
Կանգնել՝ խրվել եմ հողի երակում…
Անտառը ինձնից պոկվել չի ուզում.
և քայլըս հաջորդ՝
Անտառը առած ուր էլ որ գնա,-
անտա՜ռը, հոգի՛ս, անտա՛ռը՝
տարա՜վ…

***
Կարմիր ամպի մեջ կարոտս էր պահված,
Կապույտ ամպի մեջ՝ կապերըս երկրի,
Ճերմակ ամպերը ճեմեցին – անցան,
Հերթը տվեցին ճեպընթաց լուսնին…
Ճեպանկարի սահուն գծերով,
Անխզում մի ձեռք՝ հապճեպով անցած,
Վերասահմանեց երկինք ու երկիր՝
Անսահման հոգիս սահմանեց արձակ…

***
Գանգրահեր մի ամպ,
Որ հրեշտակի թև ուներ բարակ,
Ինձ ուղեկցելով՝
Ինձանից արագ հանդիպեց սարին…

Հրեշտակի պես՝
Թևը երկարած՝ ամպը գանգրահեր,
Ինձանից առաջ՝
Իմ նոր կորցըրած թևերի համար՝
Ինձանից առատ
Արտասուք արած՝ հեղվեց ու կորավ…
…………………………………………….
Տեսա՝ թևեր կան ծիածանի մեջ…

ԱՐԵՎԱԳԱԼԻ ՀԵՔԻԱԹ

Վեր ել, փոքրի՛կըս, քնից արթնացիր.
Արևը մեղր է՝
Ծորացող երկնի բուն մեղրահացից.
Մայր մեղուն
Հացը թողել է՝ թռել,- աչուկներըդ բաց,
Հերիք է քնես…

Բացվիր, փոքրի՛կըս, աշխարհի առաջ,
Ի՞նչ կասես՝
Չուտե՞նք մի քիչ մեղրահաց.
Դու՝ քո աչքերին նայող երկնքից,
Ես՝ քո թաթիկից, քո տոտիկներից՝
Քիչ-քիչ լիզելով…

– Փոքրի՜կըս, վե՛ր կաց,
Թե չէ՝ լվացվող կատվիկիդ նման,
Քեզ՝ ոտքից գլուխ համտեսած հիմա,
Մեղրը աշխարհի մենա՜կ կուլ կտամ…
***
Քո համբույրների տեղում՝ անհամբեր,
Թիթեռներ իջան մարմինըս նախշող…

Քեզ՝ համբույրներիս գգվանքով թավշե՝
Թիթեռ առ թիթեռ միանամ նախշով…

***
Ի՜նչ աստվածային գեղեցիկ էիր՝
Արու մերկությամբ իմ կողքին թիկնած.
Դու ինձ ճանաչած տղամարդն էիր,
Ու ես քո կինը՝ քեզ նոր ճանաչած…

Ի՜նչ ազատությամբ ու ի՜նչ քնքշությամբ,
Ի՜նչ առողջ արյան եռքով ինձ գտար,
Եվ բարբառեցիր դու ի՜նչ քնքշաձայն՝
Սիրո գգվության խոսքերդ՝ ինձ անհայտ…

Սենյակի օդը քո շնչով մնաց.
Ու ես քո հանած շապիկը հագիս՝
Արդեն ավելի հարազատ ու բաց
Նորից ու նորից քեզ առա մաշկիս…

Ի՜նչ աստվածային գեղեցիկ էի՝
Երբ աստվածային քո սիրուց հետո՝
Քո վանդակավոր վերնաշապիկով՝
Անցա-ժպտացի հայելուն այսօր…

***
Ինձ համտեսելու առաջին պահից
ձուկը զորացավ,
Հետո բարբառեց քեզ հասկանալի
հարազատ բառեր…
Ոսկե ձկնիկ չէր, ջրի ոգին էր՝
քեզ ընտելացավ.
Հիմա ինձ նման իրագործում է
Ինչ որ մտածես…

***
Երեք շաբաթ է՝
կամրջի վրա ընկած խուճապից
ձկները գետում չեն տեղավորվում…

Երեք շաբաթ է՝
փնտրում ես ինձ կամ շորերը հագիս.-
գետը կարմրափեշ ու գանգրագիսակ
ձկներ է բերում…

***
Դե ասա՝
ի՜նչ ես ուզում երկուսով
միասին խնդրենք քաղաքի համար.
– Եթե ուզում ես
որ կորուստների ցավը հեռանա,
քաղաքը վշտից լվացվի հիմա,-
սիրելի՛ս, ասա՝ թող որ անձրև գա…

Եթե ուզում ես՝
վերևից թեքված նայենք քաղաքին,
ու մեզ թվա թե՝
մեր երջանկության արցունքներից է
քաղաքի սերը դառնում կրկնակի,-
սիրելի՛ս, ասա՝ թող որ անձրև գա…

Եթե ուզում ես՝
առօրյա հոգսից արդեն ազատված,
եթե ուզում ես՝
քաղաքն ինքն իր մեջ
սահի աչքը թաց,
սիրելի՛ս, ասա՝ թող որ անձրև գա…

Եթե ուզում ես՝
մթնշաղի հետ
տներում վառվող լույսերը առկայծ
օդի մեջ ձգվող ժապավենների
նմանվեն երկա՜յն
ու մեր սրտերը լցնեն խնդությամբ,-
սիրելի՛ս, ասա՝ թող որ անձրև գա…

Շռայլությունը ամռան անձրևի
եթե ուզում ես՝
աշնան բերքի պես
արգասավորի այգին մեր հոգու,
և վաղորդայնին
ցոլցլան ցոլուն ցոլքերը զվարթ
արևի առաջ,-
Ասա՛, սիրելի՛ս՝ թող որ անձրև գա…

***
Եվ այս օրերն են Աստըծո նվեր,
Որ պիտի տրվեն
Աստծո օրհնությամբ,
Եվ այդ նվերի դիմաց՝ նվերով,
Ծնունդ պիտի տան
Բանաստեղծության…

Բառը ապրումիդ՝
Գոհունակությա՜մբ՝
Գոհ Արարչության ամեն արարից,
Ամեն պահի մեջ, ամեն ակնթարթ,
Տիեզերքով մեկ՝
Խաղաղ ու հանդարտ,
Գոհաբանությո՜ւն պիտի բարբառի…

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐԵՎԱՀԱՎԱՍԱՐ

Օրհնություն բեր իմ քաղաքին,
Արև՜,
Եվ բերրիություն
Քաղաքիս բոլոր նորահարսներին,-
Գիշեր ու ցերեկ
Մեղմել են արդեն ու հավասարվել,-
Ուրախություն տուր մեզ՝
Տա՜ք օրերի…
Դու իմ քաղաքին տեր եղիր,
Գարո՜ւն,
Փարվիր ամեն մի ծառ ու տերևի,
Թող՝ ոգևորված
Ծիրանիների ծաղկի ճերմակով՝
Հարսնավորվի իմ քաղաքը նորից…

Ու թող խստաշունչ
Նորահարկերի՝
Խուլ հայացքներում հույսը արթնանա…
Գարո՛ւն, էստեղ էլ
Գիշեր-ցերեկը
Թող հավասարվի,
Դատարկությունն ու մութը
Տեղի տա…
Օրհնություն բեր իմ քաղաքին,
Արև՜,
Քաղաքիս բեկվա՜ծ բնակիչներին.
Թող ամեն տան մեջ՝
Մեկը լինի տեր,
Եվ ամենքըս տեր՝ ծաղկող Քաղաքին…

***
Կալեի մուտքին ինքնազոհ կանգնած
քաղաքի ըմբոստ բնակիչների
տարակուսանքով,
ընդվզումի լայն ժեստերով իրար
թիկունք ու դիմաց –
Գրադարակում՝
իրարից անջատ-իրարու մոտիկ,
Ռոդենի ընտիր արձանաշարի
վեց կերպարներով՝
այսուայն կողմով՝ իմ վեց գրքերն են
առջևում կանգնած –
Ժանտախտի,
ցավի ու պատերազմի պատուհասի դեմ՝
Գրադարանըս –
քաղաքը հոգուս ամուր պահելու…

One thought on “ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։