Ինքնակամ աքսոր
Հեռու` կրքերից ներազգայնական,
Հասարակական-քաղաքական հույժ,
Մտավոր սիրով և զգայական
Ի՛նքս եմ ընտրել աքսորն իմ անույշ…
Եվ վանաձորյան անկյունում իմ այս`
Կրքերից հեռու, գրքերին մոտիկ,
Ա՛յլ արժեք ունի և ուրի՛շ իմաստ
Խորհուրդն իրիկվա ու առավոտի,
Զի անցյալն այստեղ
ինձ չի մոռանում`
Բաժին է հանում իր ցող ու ձյունից,
Որ ամեն գիշեր Անուն առ Անուն
Պսակներ հյուսեմ հիշողությունից:
Նախաբան
Ահա տողը գրյալ –
«Բանն էր ի սկզբանե»,
Տողը ենթադրյալ –
«Սկիզբն էր ի Բանե».
Օ՜, Մի՛տք անմայրամուտ –
Անվերջավոր կամար`
Ներդաշնություն ու Գյուտ
Բանաստեղծի համար:
Ոգեվառություն
Երկինքը լի էր
Աստղե հուշերով.
Տվե՜լ էր Աստված
Ու չէր խնայել…
Անկարելի էր`
Նման գիշերով
Ամեն աստղի հետ
Աստծուն չնայել:
Ինքնին պոեզիա
Ո՛չ նարնջագույն, ո՛չ դեղին է,
Ո՛չ դարչնակարմիր, ո՛չ էլ բոսոր.
Գույն չունի, Աշո՛ւն, բայց տեղին է
Դժգունությունս քեզ ափսոսող,
Զի տերևներին քո Հեղինե
Առևանգելով` Պարիսը հողմ
Արդեն Ամուրի աղեղին է
Մեզ զոհաբերում… սիրուց այն կողմ:
Նախնականություն
Երբ Միտք էր միտքն իմ,
Միտքն իմ երբ Ի՛նքն էր,
Երկինք էր միտքն իմ`
Ինքն իր երկինքն էր.
Երկինքն իր Մարմին,
Երկինքն իր Հոգի,-
Իր անիրական
Երկինքն իրոքի…
Հար Վերածնունդ
Պարտեզիս պտղազարդ պաստառին
Ծայրեծայր մի ծկլան ծեգ մնաց…
Չգիտեմ` ծածանվող այս ծառին
Խնձորներն արթո՞ւն են, թե՞ քնած –
Իմ գինոտ գիշերվա հազարին…
Բերանբաց` տուրք չտամ բազարին.
Ո՛չ Դրախտ, ո՛չ Ադամ, ո՛չ Եվա,
Երբ հյուր են իմ գինոտ գիշերվա
Ջորջոնեն ու Ջորջո Վազարին…
Ուր որ է և Զուլոն կերևա,
Եվ Վիլոն,- կհիշենք Նազարին,-
Որ աշխարհն ինչքան էլ հևհևա`
Չտրվի ամլաշունչ ազարին…
Ո՛չ Եվա, ո՛չ Ադամ, ո՛չ Դրախտ,-
Այսքանը, գրչակնե՛ր ապերախտ,-
Իմ գինոտ գիշերվա հազարին:
Սոնետանման
անավարտ տաղ
Գուրգեն Խաչատրյանին
Յասամա՛ն իմ, ահա
(մի տարի անց ուղիղ)
Նույն բուրմունքն եմ շնչում քո զգլխիչ,
Մինչդեռ ամեն տարիս`
անանց մի անցուղի,
Ա՛նց եմ կենում մի կերպ – թոզը գլխիս.
Աչքածակ ու չտես մեր թուրքօղլիների
Այս աներես թոզը`
երեսներիս մաղվող…
Ա՜խ, երանի ցոլանք-ցող լինեի
Աստղաչերիդ վրա, ոչ թե մահվոր`
Բանաստեղծի անմահ
պատյանում փուչ…
Սակայն ինչ էլ լինի, օ՜, Յասաման,
Ծաղկադարձության մեջ
քո անսահման
Կցոլանա հավետ ուրույն մի փունջ`
Թոզահալած թեկուզ,
բայց անաղարտ,
Տաղի տեսքով ահա… այս անավարտ:
Սիզիփոս և
Պենելոպե
1.
Օ՜, դարեր էր ճգնել, և գլորվող քարը
Գագաթին էր կարծես. և՛ս մի ճիգ,-
Սակայն իրականում…
անգագաթ էր սարը,
Եվ առասպելն իսկույն դարձավ ի չիք,
Երբ հակառակ կողմի
անհայտ զառիթափով
Ամենահայտ քարը
գահավիժեց թափով…
2.
Քսան տարի կարոտն
անվերջորեն խոցեց…
Բայց մղձավանջ-տենդում
երբ աչքերը գոցեց,
Թվաց` սեղեխների պարսն իրական
Գունախաղ է գործքի իր ոստայնում,-
Ոդիսևսը… մի՛ֆ է, ինքը, հոժարակամ,
Սիզիփոսի հետ է ամուսնանում…
Կրկնավոր տենդ
Երազախռիվ ամեն գիշեր,
Փրկվելով, իբր, վարանումից,
Երբ ճիգ եմ անում… ճամփա հիշել`
Խղճիս են խաչում, խարանում ինձ
Անցյալում անվերջ չկայացող
Վերադարձներս Հայրենի տուն,-
Շուկայակրոն-շուկայացող
Մղձավանջային հայրենիքում…
Տարակույս
Թվում է`
Խզվում են կապերս.
Ծնողքն իմ
Էլ երազ չեն գալիս…
Ահա և
Առճակատ ափերս.
Երևի
Գլխիս վա՛յ են տալիս:
Դժնի հարցական
Հոռի հովեր են.
Հոգիդ կավերեն,
Որ դառնաս անկամ
Ու որկորի ճորտ,
Մոր կաթից անգամ
Բան-ման կմերեն,
Կընծայաբերեն
Ճանճերին ճենճոտ,
Որ համբերատար
Ծետուկ դնեն հար
Աղ ու Հացի մեջ
Որդուդ սեղանի,-
Երիցս երկչոտ`
Ո՜վ որկորի ճորտ,
Ի՞նչ դարման ունես
Կամ սպեղանի…
Սիրելի Կիմիկի`
Հարություն
Կարապետյանի
հիշատակին
Տեղավորվեմ մտքիս մեջ`
Տեղնուտեղը մանկանամ.
Հորն ու Մորս շնչին մերձ`
Շնչակոլոլ թանկանամ,
Ու` անԱնուն, անՏարիք,
Փառավորվե՜մ ինձնով մեկ,
Ու տեղ չանեմ մտքիս մեջ
Ու էլ բա՛ն չցանկանամ…
Անվերնագիր
Իմաստունն ասաց. «Մեր նախանվեր
Ժամանակն, ավա՜ղ,
մեզ հետ չէ ստույգ.
Մեր առջևում է կամ ետևում մեր`
Ոտնաման մաշենք,
ուղեղ թե նստուկ»:
Հոգելքություն
Անասուն այսպես`
Տավար մի ղոնաղ,
Այս արևի տակ,
Այս լուսնի ներքո,
Ես ինչպե՞ս ցրեմ
Խավարն իմ խոնավ
Խորխորատների
Անլույս մեներգով,-
Ո՞նց ցրեմ, Հոգի՛ս,
Երբ քոնը չեղա
Բնույթով բարի,
Հնույթով շիտակ…
Անասուն այսպես`
Քեզ հազա՜ր մեղա,
Այս լուսնի ներքո,
Այս արևի տակ:
Պտղամուտ
Ամենայն ինչ մտահանած`
Լոկ հղացվող խո՛սքը մտին,
Անքնությունն իմ կարկամած
Ընկրկելով կրկեց կամաց
Երազների հոսքը մթին…
Եվ մթնում իսկ երազների
Պլպլացին պարտաճանաչ
Կարմրելիք կեռասների
Պտուղները կապտականաչ:
Տարկետման փորձ
Դեռ շուտ է. ինձ կանչող չլինի,
Մեղավոր ու անմեղ հոգինե՛ր,
Քանի դեռ արթնության և քնի
Հայելում հառնում է հուշը ձեր…
Քանի դեռ քավարան այս Երկրում
Հինավուրց նորի հետ և հնի
Տառետառ տանջվում եմ ու բերկրում,
Դեռ շուտ է. ինձ կանչող չլինի:
Եվ իմ հանգերգն այս, որպես գոհություն
Երբ ծառերն աշնան
Իմ պատշգամբի
Ապակիներն են քամու հետ ծեծում,
Տե՛ր իմ, Պատկերդ թող չկշտամբի,
Որ հուշամորմոք շատ եմ հեծեծում,
Քանզի ինչքան էլ լուռ ապաշխարեմ`
Պղտոր է մնում անսփոփ հոգիս,-
Ախր, մեղքերից թե թզբեհ շարեմ,
Կարճ կգա նույնիսկ թելը մորմոքիս…
Թող կանաչ-կարմիր ու դեղին հագնեմ
Զղջանքներիս հետ,
մինչ ճերմակը ձյան…
Ես այն ոչ ու փոչ նույն հեղինակն եմ
«Յոթ մահացու մեղք»
բանաստեղծության:
Եվ, հեճուկս տագնապ-խուճապի,
Ի զորու եմ, Տե՜ր, էլ չաղավաղել
Եվ բախտագրերն իմ երկու ափի
Խաչիդ պարզելով` նաև խաղաղվել –
Մինչև Ամանոր և Թողության ձյուն,
Մինչև Սրբասուրբ Ծնունդդ տոնվի,
Եվ իմ Հանգերգն այս,
որպես Գոհություն,
Հո՜րըդ, Սուրբ Հոգուն և
Կույսին ձոնվի: