_____________________________
ՀԳՄ նախագահ Լևոն ԱՆԱՆՅԱՆ
Մարգո Ղուկասյանը, անկասկած` բացառիկ երևույթ էր վերջին տասնամյակների հայ հրապարակագրության ոլորտում: Նրա ստեղծագործությունները յուրատեսակ Բաց նամակներ են 10 մլն հասցեով` ուղղված համայն հայությանը: «Գարուն» ամսագրում նրա ամեն մի հրապարակում պայթող ռումբի շարունակական ներգործություն էր ունենում` կազմակերպելով հասարակական միտքը և սթափեցնելով պետական կառույցների պատասխանատուներին: Եվ ամեն անգամ հայրենասեր գրողի հրապարակախոսական խարույկից մի-մի կայծ էր փոխանցվում ընթերցողներին, ովքեր հետադարձ կապով աննախադեպ բուռն արձագանքում էին նրա մտահոգ ու կրքոտ ելույթներին:
Թերևս հենց հողի, ջրային պաշարների, մթնոլորտի վիճակի մասին և համանման այլ հոդվածներ նախապատրաստեցին 80-ականների ավարտի բնապահպանական հուժկու ալիքը, որից էլ սկիզբ առավ Արցախյան շարժումը:
Ավելին, նա հիմնեց հրապարակագրության մարգողուկասյանական դպրոցը, որտեղ ստեղծագործական մկրտություն են ստացել բազմաթիվ գրողներ և լրագրողներ:
Ափսոս, հազա՜ր ափսոս… ինչքա՜ն ծրագրեր մնացին անկատար:
_____________________________
ՀԱՎԱՏԱՎՈՐ «ԳԱՐՈՒՆ»-ԱԿԱՆԸ
ՀԺՄ նախագահ Աստղիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Վարդգես Պետրոսյանի խմբագրած «Գարունը» շռնդալից մտավ մեր միապաղաղ կյանքի մեջ` նոր գաղափարներով, բոլորին միանգամից սթափեցնող հարցադրումներով: «Գարունը» և նրա տաղանդավոր լրագրողների ստորագրությունը փնտրված դարձան, և կրպակներից «Գարուն» գնելու համար պետք էր գնել հավելյալ մի ամսագիր, թերթ, որոնք տրցակներով վերադարձվելու էին իրենց խմբագրություններ:
Մարգո Ղուկասյանը, մյուս «Գարուն»-ականների հետ, առաջին իսկ օրից նվիրվեց բարձր պրոֆեսիոնալիզմ, անսասան հավատ, անդավաճան սկզբունքներ որդեգրած ստեղծագործական ընտանիքին:
«Եվ այգեգործն ասաց, հողը խռովել է մեզնից», «Երկրորդ քաղաք` չի նշանակում երկրորդական քաղաք», սրանք Մարգո Ղուկասյան հրապարակախոսի մուտքի հուժկու զարկերն էին: ՀԺՄ «Ոսկե գրիչ» մրցանակը, ԽՍՀՄ ժուռնալիստների միության «Տարվա լավագույն ժուռնալիստ» բարձր կոչումը, Ժողովուրդների բարեկամության շքանշանը արդարացիորեն զարդարեցին նրա կենսագրությունը: Ու շարունակվեց Մարգո Ղուկասյանի երթը` հոդվածներ, ելույթներ, գրքեր, միայն իր գրչին բնորոշ հրապարակումներ: Հայրենասեր քաղաքացի, ազգի նվիրյալ, անշահախնդիր, մաքրամաքուր մարդ, մարտնչող ժուռնալիստ` նաև մնալով մանկան պես միամիտ, հեռու խարդավանքներից, կեղծիքից ու ստից:
Մարգո Ղուկասյանը մինչև վերջ մնաց այդպիսին` հավատավոր «Գարուն»-ական:
Խոնարհում ու խնկարկում նրա պայծառ հիշատակին:
_____________________________
Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ
ԻՆՁ ՄԵՆԱԿ ԹՈՂԵՑԻՐ, ՄԱՐԳՈ՛
Տիվանդորրի սովորական ժամը գար, զանգեիր, հարցնեիր, թե ինչի վրա եմ աշխատում: Ես, իմ նախապաշարմամբ, չասեի, դու քո դյուրահաղորդ անմիջականությամբ պատմեիր ծրագրերդ, ու վերջապես տայիր այն հարցը, որն ամեն անգամ քեզ դրդում էր հավաքել իմ համարը.
– Աչքովդ ջահել, շնորհալի հրապարակախոսներ չե՞ն ընկել:
Ես քեզ չասեի, որ մամուլում հենց քիչ թե շատ հետաքրքիր հոդված եմ կարդում, գնում-գտնում եմ հեղինակներին, փորձում են ներգրավել Գրողների միության հրապարակախոսության մասնաճյուղում, իսկ նրանք գրեթե վիրավորվում են.
-Ես ի՛նչ հրապարակախոս, ես բանաստեղծ եմ, ես արձակագիր եմ, ես…
Երանի այդ ջահելները «Գարունի» սկզբնական տարիներին իմ փոխարեն քեզ հետ նույն աշխատասենյակում նստեին ու տեսնեին, թե ինչպես ես ամիսներով տառապում հողի, ջրի, օդային ավազանի, պատմական հուշարձանների մասին գրածդ յուրաքանչյուր հոդվածի վրա, զգային քո գործունեության կարևորությունը և, իհարկե, սերը, համբավը, հեղինակությունը, որ ձեռք էիր բերել ու վայելում էիր իրավամբ:
Մարգո ջան, երբ քո մահվան բոթը լսեցի, սենյակում ետ-առաջ էի քայլում, անելիքս չէի գտնում: Հետո նստեցի համակարգչի առջև, փորձեցի աշխատել: Ու իսկույն էլ զգացի, որ դու երկնքից նայում, գոհունակ ժպտում ես: Քո ամբողջ կյանքը աշխատանք, այսինքն՝ անմնացորդ նվիրում եղավ մեր երկրին ու ժողովրդին:
Դու մեր երկիրը փոքր-ինչ ավելի լավը, ժողովրդին սիրելի դարձրիր:
Ավելի անանձնական երջանկություն կարո՞ղ է երազել գրող-հրապարակախոսը:
_____________________________
ՎԱՎԵՐԱԿԱՆ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ՍԵՎԱՀՈՂՆ ԷՐ ՄԵՐ ՄԱՐԳՈՆ
ՀՐԱՉՕ
Մ եր ազնիվ գրի, մեր ըմբոստ գրի, մեր խաղաղ գրի Մարգոն խաչքարի մեջ, հողի լույսի մեջ գտավ իր սերը, գտավ իր ճանապարհը, երկար ու ձիգ տարիներ, որ ակնթարթ էր, վիպերգի բուռուկես էլ չկար, հրաշք գործ կատարեց: Յոթ ու քառասուն ու հազարից այսօր հիշենք մեկը: Քո մայր գետը սահման է դարձել քո երկրի և… քո երկրի համար: Ջրամբար է կառուցվում: Ախուրյանի ջրամբար: Հայոց ջրերը պիտի ջրեն Հայաստանի ու մոտիկ-հեռվում մնացած… Հայաստանի հողերը: Թուրքերն ունեն իրենց պարզ դիվանագիտությունը. Հենց էն, որ թույլ են տալիս ջրամբար կառուցել, դա էլ հերիք է, մնացածը՝ սովետի վրա: Մարգոյի աչքը, Մարգոյի գրիչը, Մարգոյի արյունը ամեն ինչ տեսնում, զգում են: Ի՞նչ հրաշք սևահող է մնում ջրի տակ: Եվ դու կաս, հա՜յ մարդ, դու կաս ու քո սևահողը, քո հնությունները, քո պատմությունները մնում են հողի տակ: Սևահողը, ազնիվ սևահողը պետք է փրկել: Գյուղերը, հենց Թալինի գյուղերը ջրի նման հողի կարոտ ունեն: Եվ Մարգոն դառնում է հողաչափ, զինվոր, պատմաբան, տնտեսագետ, ճարտարապետ, մտածում իր երկրի, անցյալի, ներկայի, ապագայի համար: Մարգո Ղուկասյանի գարունյան հրայրքոտ ելույթները հողուժնակ են: Երևում է իսկական հրապարակախոսի սերը առ իր երկիրը: Դարերի խորքերում հայրենիքի դուստր ենք ասում ու որոնում: Դարերի հոլովույթի մեջ մի հրաշք, մի խոհուն, մի ըմբոստ ոգի էր Մարգո Ղուկասյանը, որը երբեք չխռովեց ինքն իրենից, չնեղացրեց իր զգայուն գրչին ու ամեն մի հոդվածով, պատմություններով, ակնարկներով, պատմվածքներով մնաց իր նման: Էսքան զորեղ ու զգայուն: Ինքն իր ընդդիմությունն էր, ինքն իր իշխանուհին էր՝ բազմած իր տեսած սարերում ու հովիտներում: Եվ մի զարկ էլ տվեց վերջերս: Սյունիքի արոտավայրերը իբր վարձակալությամբ տալիս են իբր պարսիկներին: Սյունիքի իշխանավորները (պարզ է՝ ոչ ինքնագլուխ) օտար հոտերին սովորեցնելու են, թե ինչպես պետք է արածեն հայոց արոտավայրերում: Եվ «Գրական թերթում» կարդացի իմ երկու բարեկամուհիների ելույթները: Ջեմմա Անանյանը հիշում էր, թե ինչպես եկան ադրբեջանցիները, լցվեցին իջևանյան գյուղերը, դարձան հովիվներ, տարիներ հետո մի երկու գյուղ էնպես թրքացան, որ էլ հայն ո՞վ է տվել: Մարգո Ղուկասյանն է ըմբոստանում իր ներսի հողի ուժով ու սիրով: Նժդեհի փրկած Լեռնահայաստանը նորից վտանգվում է մեր ձեռքով:
Վավերական մեր կյանքի դժվար սևահողն է մեր Մարգոն, որ դեռ գալու է, հանդիպելու է ինքն իրեն հողի բոլոր շերտերում, խաչի լույսերի մեջ, վայելելու է նաև իր ձեռքերով կերտած էն հայրենիքի անուշ պատկերները, որի համար ինքը ոչինչ չխնայեց: Եվ մեր կորուսյալ դաշտերի ու փրկված հովիտների մոտ ծաղկելու է մի դաշտ, որ դրախտիկ է լինելու, այն կոչվելու է ճանաչված հրապարակախոս, ազնիվ և ըմբոստ մտավորական, չարքաշ նվիրյալ Մարգո Ղուկասյանի անունով: Փառք ու պատիվ քեզ, սիրելի՛ Մարգո, քո ճանապարհը գրի ճանապարհ է, որ երկա՛ր պիտի շարունակվի: Երանի էն գրիչներին, որ ճանաչում են երկրի հոգսը, ազգի ցավը և սիրվում են մեծերի և փոքրերի կողմից:
_____________________________
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՆԵԼՈՎ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԱՍԵԼՈՎ…
Ռուզան ԶԱՔԱՐՅԱՆ
Կյանքի Մեծ ճանապարհն անցավ զարմացած ու զարմացնելով` անցավ անշեղ, շիտակ: Մեր ժամանակների համար հրաշքի պես մի բան է նման վարքով, նման արժանապատվությամբ քայլք պահելը;
Մորից առաջ դստեր՝ Նվարդի կորստյան ցավն էր ապրել ու ամենածանր օրն այդ, տառապանքն արտահայտող կարճ նախադասության խուլ արձագանքը տարիների մեջ մնաց անմոռաց:
– Ես երկաթից եմ, ես երկաթից եմ,- ասում էր անստորակետ, չընդմիջելով:
Եվ քառասուն օր անց գնաց Մատենադարան: Ամիսներ շարունակ, ամեն օր էր Մատենադարան բարձրացնող աստիճանները հատում՝ պահոցներում գտնվող մանրանկարներն ու դրանց ստեղծողների կենսագրության էջերն ուսումնասիրելու համար:
Հետո մեր մանրանկարիչների, նաև Մատենադարանում աշխատող նվիրյալների մասին էսսեների շարքը գրելու միջոցով Մարգո Ղուկասյանը դարձ կատարեց դեպի կյանքն իրական:
Հետո հայացքի լայն ընդգրկումով շարունակեց տեսնել ու գրավոր խոսել երկիրը շենացնողների, երկրի սահմանները մեծացրած հերոսների ու երկիրը քանդողների մասին, երկրի անցյալի փառավոր էջերը կերտողների ու երկրի ապագան վտանգողների մասին:
Եվ անսխալական էր: Եվ երկաթի պես ամուր ու հատու էր խոսքը£ Որովհետև սուֆիստական պատումների իմաստունների պես գիտեր՝ միայն մեծ քարերը գին ունեն, իսկ մնացյալը ավազ է:
_____________________________
Ֆենիքս ՍԱՐԴԱՐՅԱՆ
Դժվար է գրել կորստյան առիթով մի մարդու մասին, ում առնչվել ես հեռավոր ժամանակներից ի վեր` նրա հոդվածները Վարդգես Պետրոսյանի հիանալի «Պիոներ կանչ» թերթում հենց քեզ, քո դպրոցական ընկերներին էին ուղղված` հայրենիքը, բնությունը սիրելու, մարդկային փոխհարաբերություններում մաքուր ու անկեղծ լինելու հորդորով:
1975 թվականից մեր սիրելի Մարգո Ղուկասյանի հետ շփումներն ամենօրյա էին «Գարուն» ամսագրի խմբագրությունում, ուր բոլոր աշխատակիցներս նայում էինք նույն ուղղությամբ: Դա մեր տունն էր` լի սիրով ու ոգեղենությամբ:
Մարգո Ղուկասյանը մեր ավագ ընկերն էր ու մեր հասակակիցը` մի տարբերությամբ, որ ավելի եռանդուն էր, աշխատասեր ու նպատակասլաց, ապրում էր մեր երկրի մեծ ու փոքր հոգսերով:
Մարգո Ղուկասյանի հոդվածների առանցքը մեր հին ու նոր պատմությունն էր` մատենագրությունն ու երկրաշարժը, կորուսյալ հայրենիքը, մերօրյա մեծերն ու իրենց գործի չգնահատված նվիրյալները, կյանքի ճիշտ ուղուց շեղված պատանիները…
Ոչ ոք այդպիսի խորությամբ չէր անդրադառնում գոյապահպանական խնդիրներին: Այդ երանելի ժամանակներում նրա հոդվածները ողջ հայ ժողովրդինն էին: Հոդվածները գրքեր էին դառնում, մտնում ամեն տուն և երկիրը սիրելու, բարության, խղճմտանքի սերմերը ծլարձակում էին: Նա կարեկից հոգի էր, ուշադիր ու բարի, փխրուն ու նաև` ուժեղ:
Մարգո Ղուկասյանը մինչև վերջ էլ հաշտ էր ժամանակի հետ: Նա գիտեր ժամանակի արժեքը, իսկ ժամանակը այդպես էլ դույզն-ինչ չփոխեց նրա էությունը, չպակասեցրեց կենսասիրությունն ու եռանդը, աշխատելու կարողությունը: Նրա վերջին գիրքը 1915 թվականի ողբերգության միջով անցած իր գերդաստանի պատմությունն էր, որի մասին գրելը հոգու պարտք էր համարում և ավարտելուց հետո միայն հանգստացավ:
Ծնվեց մարդը, ապրեց լուսավոր մի կյանք, կատարեց երկրի վրա իր առաքելությունը, շուրջը բարություն սփռեց, վայելեց շրջապատի սերն ու հարգանքը և հեռացավ` ներկա մնալով մեր մեջ…
One thought on “Մարգո Ղուկասյան”