ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ – 2018

Աելիտա
ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Մոտակա արտահերթ ընտրություններից ակնկալում եմ նոր Ազգային ժողովի այնպիսի կազմ, որը լրջորեն կմտածի Հայաստանի ներկայի ու ապագայի մասին: Թող ընտրվեն մարդիկ, որոնց համար Հայաստանի ճակատագիրը բարձր է սեփական շահերից: Աշխարհի մեծագույն մտածողներից Արիստոտելը գրել է, թե հասարակության չարիքները նոր հարուստներից են, որովհետև նրանք անդաստիարակ հարուստներ են: Թող չլինեն այդպիսի հարուստներ, և թող Հայաստանից վերանա աղքատությունը: Հուսով եմ, նորացող Հայաստանը կմտածի, որ մեր երկիրը լինի գիտության ու արդարության երկիր, և պաշտոններ ստանան այնպիսի մարդիկ, ինչպիսին մայրաքաղաքի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն է, որի ազնվությանն ու հայրենասիրությանը անվերապահ հավատում եմ: Նորընտիր Ազգային ժողովի անդամներին խնդրում եմ զարկ տալ գիտությանը, կրթությանը, մշակույթին, արդյունաբերությանը, խելացի ու մտածված տուրիզմին: Այդ ամենը հնարավոր է. միայն ու միայն այս խնդիրներն անհրաժեշտ է դարձնել գերխնդիր:

Վան ԱՐՅԱՆ

Ապրիլի 23-ից սկսած՝ իմ բոլոր նկրտումները, իմ բոլոր սպասումները կապված են «Իմ քայլը» դաշինքի հետ: Հավատում եմ, որ անպայման, ընտրություններից հետո, «Իմ քայլը» դաշինքը շատ ավելի ակտիվ, շատ ավելի ամուր ու համառ ձևով կանցնի այն գործին, որին կոչված է, և մեր բոլոր այն կասկածները, այն մտահոգությունները, թե լավ չեն աշխատում, քիչ է արվում, խոստացածն ամբողջությամբ դեռ չեն կատարում, հօդս կցնդեն: Ինչ-որ ազդագրեր են երևում, թե ով մտահոգություն ունի, թող քվեարկի չգիտեմ ում օգտին: Ի դեպ, մտավորական և մտահոգություն բառերը նույն արմատն ունեն. անհնար է, որ մտավորականը մտահոգություն չունենա, իսկ մտահոգությունները տարբեր են: Ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի գործունեությունից ես մտահոգություն չունեմ: Ես մտահոգություն ունեմ ռևանշ կազմակերպող ուժերից: Կարծում եմ՝ ընտրության արդյունքը ցույց կտա, որ իմ մտահոգությունները նույնպես հօդս կցնդեն:

Վալերի ՓԻԼՈՅԱՆ

Մեր ժողովուրդը հերթական պատասխանատու քվեարկությունն է իրականացնելու. արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Ակնկալիքները շատ են, սակայն նախընթաց փորձը հուշում է, որ այս անգամ էլ հուսախաբությունները գերակշռելու են, որովհետև վերջին 27 տարիների ընթացքում մեզ համար ամենաթանկը՝ մեր անկախությունն ու պետականությունը, չենք կառուցել ու չենք կառուցում ըստ հարկի: Ընտրություններ են: Նախկինում կայացած քաղաքական ուժերը չարդարացրին իրենց, ասպարեզ ելած նոր քաղաքական ուժերն անփորձ են ու դեռ չեն կայացել: Ումի՞ց ակնկալել նախաձեռնություն, արժանապատիվ կեցություն, ինչպե՞ս առաջ գնալ, երբ պատմության, շարունակվող պատերազմի, արտագաղթի, յոթ միլիարդ արտաքին պարտքի, քայքայված տնտեսության բեռն է տանում այս իրո՛ք հերոս ժողովուրդը: Մեր ժողովուրդն ապրելու համառություն ունի և դժվար իրավիճակներում որոշում կայացնելու վճռականություն: Մեր հույսը նորից կապենք մեր ժողովրդի ողջամտության ու իմաստնության հետ:

Պերճուհի ԱՒԵՏԵԱՆ

Գրողը ո՛չ միայն պիտի արձագանգէ, քայլ պահէ ներկայ իրավիճակին հետ, այլեւ ունենայ առաքելութիւն, տեսլական ու առաջնայնութիւն: Յետին շարքերուն վրայ կոճկուած ու անտարբեր չմնայ… բայց ըլլայ ԱՐԹՈՒՆ, անկողմնակալ յատկապէս սխալներու հանդէպ: Որպէս կողմ՝ որեւէ կուսակցութեան չխուսափի ԱՌՈՂՋ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԵՆԷ: Առողջ քննադատութիւնը որեւէ տեղ կամ առիթով պիտի ստեղծէ առողջ ընկերութիւն, պետութիւն, ԵՐԿԻՐ: Գրական Թերթը անտարակոյս ունի եւ կը կիրարէ նման մօտեցում… ես կը մաղթեմ որ շարունակէ իր երթը, յաճախ նորերուն ալ առիթ ու ճանապարհ հարթելով: Շնորհակալութիւն ու անխափան առաջընթաց:

Բակուր

Ընտրությունների ընթացքը ազատ և թափանցիկ կլինի: Դա ևս հեղափո-խության ձեռքբերումներից է: Սակայն, ինչպես արդեն երևում է թեկնածուների նախընտրական ելույթներից, որակով այն սպասվածից ցածր է լինելու: Հիմնական պատճառը հապշտապությունն է: Նախկին խորհրդարանում իր կամքը թելադրող օլիգարխիան կամ կոռումպացված ՀՀԿ-ականները դուրս կմնան խորհրդարանից: Սա ևս լուջ ձեռքբերում կլինի: Սակայն դեռևս մտավորականությունը՝ մտավոր նյութի կրողը, դեռևս դուրս է մնում երկրի համար այս կարևոր գործընթացներում:
Սփյուռքում ինտելեկտի հսկայական ռեսուրս ունենք: Իրավունք ունե՞նք շուրջ ութ միլիոն աշխարհասփյուռ հայությանը դուրս թողնել իր հայրենիքին ծառայելու հնարավորությունից: Սփյուռքը պետք է իր չափաբաժինն ունենա խորհրդարանում:

Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Արտահերթ ընտրություններից մեծ սպասելիքներ ունեմ: Համոզված եմ, որ «Հայաստանի հպարտ քաղաքացիները» ձայն չեն տա հանրապետականներին, իշխանությունը լիարժեքորեն կանցնի Թավշյա հեղափոխություն իրականացրած ժողովրդին առաջ- նորդող կուսակցությանը, և հնարավորություն կստեղծվի կատարել տրված խոստումները: Դրա համար անհրաժեշտ կլինի նախ և առաջ 50-ից 60 տոկոսով փոխել ներկա կառավարության կազմը, հրաժարվել նախկին իշխանությունների «Մեզնից լինի, թեկուզ պոլի փեդ լինի» խայտառակ փիլիսոփայությունից: Սպասում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը կանցնի գործնական բնագավառ, ազգադավ, երկրի տնտեսությունը համարյա զրոյացրած նախկին երեք նախագահները, վարչապետերը, քաղաքապետերը, գող նախարարները և այլ պաշտոնյաներ կստանան իրենց հասանելիք արդար պատիժը, կվերադարձվեն ժողովրդից թալանված միլիոնավոր, միլիարդավոր դոլարները, կվերականգնվի երկրի քայքայված արդյունաբերությունը, կդադարեցվի կողոպուտը հանքարդյունաբերության բնագավառում, կբարձրացվի մանկավարժների աշխատավարձը… Ուզում եմ հավատալ, որ իզուր չեմ օրերով մասնակցել քայլարշավին և ինչ-որ չափով նպաստել իշխանափոխության գործընթացին:

Սեյրանուհի ԳԵՂԱՄՅԱՆ
Ամենակարևոր ակնկալիքս նախ՝ բուն ընտրությունների գործընթացից է. հույս եմ տածում, որ այս անգամ եթե ոչ լիովին կբացառվի, ապա գոնե համատարած չի լինի Հայաստանի քաղաքացու հոգին և հոգեբանությունը տարիներ շարունակ խեղած այն նվաստացուցիչ երևույթը, որ ընտրակաշառք է կոչվում: Մեր ժողովրդի մեջ քվեի վաճառքի հոգեբանության արմատավորումը միշտ համարել եմ աններելի, պատժելի հանցագործություն: Հուսով եմ, որ նոր խորհրդարանը կձևավորվի ավելի արհեստավարժ, բանիմաց, երկրի ու ժողովրդի հոգսերով մտահոգ պատգամավորներից: Կուզենայի նոր խորհրդարանում տեսնել նաև շիտակ ընդդիմություն, որը ոչ թե զբաղվեր զուտ բարձրագոչ քննադատությամբ, այլ կարողանար սեփական սխալների վերլուծությամբ առաջարկել ավելի ճիշտ լուծումներ, և վստահ լինի, որ ժողովուրդը հիշողություն ունի:
Մի բանում վստահ եմ, որ այլևս չեն կրկնվի այն արատավոր երևույթները, որոնք ջլատեցին մեր երկիրն ու ժողովրդին, կողոպտեցին ոչ միայն նրա նյութական բարիքները, այլև հավատն ու հույսերը:

Նոնա ՊՈՂՈՍՅԱՆ

Կարծում եմ, որ Ազգային ժողովի այս արտահերթ ընտրությունները կլինեն աննախադեպ ինչպես ընտրական «սողանցքները» փակելու, այնպես էլ մեր հասարակության ընտրական «ինքնագիտակցության» մակարդակի իրական պատկերը ներկայացնելու առումով: Ընտրության համընդհանրության սկզբունքը, որքան էլ որ համայնքային է, միևնույն է, ենթադրում է յուրաքանչյուրիս անհատական մոտեցման կարևորությունը: Առավել քան համոզված եմ, որ շատ կուսակցություններ ու դաշինքներ ժողովրդին կներկայացնեն «շպարված» ծրագրեր: Բայց ես առաջնորդվելու եմ իրատեսական ծրագրի ձայն տալու հստակ գիտակցմամբ: Ես օգտագործելու եմ իմ ձայնը որոշիչ դարձնելու այն բացառիկ հնարավորությունը, որն այսօր ընձեռվել է ինձ: Որը վաղն իմ երկիրը կտանի կայունության, առանց ցնցումների զարգացման ու խաղաղության ճանապարհով: Ուրեմն, ի ԽԻՂՃ…

Մանվել ՄԻԿՈՅԱՆ

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն իրողությունը, որ ժողովրդի ձայնը լսելի է կառավարման բոլոր օղակներում: Անզիջում պայքար է մղվում կոռուպցիայի և այլ անօրինականությունների դեմ: Արտահերթ ընտրություններում, կարծում եմ, առավելագույն ձայներ կստանա «Իմ քայլը» դաշինքը, կպահպանվի նաև քաղաքական մյուս ուժերի հարաբերակցությունը, և մեր երկրի նորագույն պատմության մեջ առաջին անգամ, իրոք, ժողովրդական ընտրությունների արդյունքում կձևավորվի ներկայանալի խորհրդարան: Անցած ամիսներին բացթողումներ են եղել հատկապես կադրային քաղաքականության ասպարեզում: Փոփոխություններն առավելապես ակնկալում եմ կրթության և մշակույթի բնագավառների կառավարման համակարգում: Հուսով եմ, որ պատշաճ ուշադրություն կդարձվի գիր ու գրականությանը, կվերականգնվի պետական աջակցությունը ժամանակակից հայ գրականության հրատարակմանը, մեր լավագույն գրողների ստեղծագործությունները պետական աջակցությամբ կթարգմանվեն և կներկայացվեն տարբեր պետություններում: Այդ ժամանակ հավանաբար կարող ենք խոսել միջազգային ասպարեզում ոչ միայն մեր երկրի մարզական, այլև գրական հաջողությունների մասին: Սպասենք և հուսանք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.