ԵՐԿՈՒ ՏՈՂՈՎ
Երբ ազատվում ես բառից,
ինչպես ցանցից տանջանքի,
բացվում է նո՜ր ասպարեզ,
լո՜ւյս է իջնում քո ջանքին:
Ինչքա՛ն հայացքդ բերկրի
իր անստվեր մերկությամբ,
նկուղներից խուլ եսի
կբարձրանա մարդն այնքան:
Սերը լո՜ւյս է ու ոգի՛ թևերի տակ քո խղճի,
բախտ երա՜զ է ու կյա՛նք,
թե ունենաս ուղեծի՜ր:
Ոտնահետքդ կայծա՛կ է,
երբ քո տո՜ւնն է ավերված,
սո՛ւր է ճամփադ, և զարկդ
երկնքի՛ց է պահանջված:
Փրկելով գիր ու հավատ՝ խի՜ղճն ես
փրկում մարդկության,
վերծանելո՜վ անցյալդ՝
ունենում ես դե՛մք ու ձա՛յն:
Վառի՜ր, պոե՛տ, Անհունի ճրագները
ա՛յս կյանքում,
Խոսքդ գո՜րծ է ու երա՛զ և
քո գա՜հն է երկնքում:
25.09.2020 թ.
***
Ո՞վ է որոշել սահմանը ցավի
և ինձ ուղղորդել սնվե՜լ աղոթքով,
երբ ընդառաջողն ինձ՝ վի՛հն է դավի,
և, կյա՛նք, քո պայծառն ու աղոտը քո
իրա՛ր են խառնվել միջանցքում նավի:
Ցավի սահմանը հատելով՝ հասա
առանցքին խղճի և գտա նո՜ր ցավ:
Ապրել թևերում հեռավորության՝
անկարո՜ղ էի: Եվ անհետացա
մտքերո՛ւմ օրվա ու երանգներո՛ւմ:
Հետո գրքերի էջերից հոսող
լույսով լցվեցի՜… Մինչդեռ իմ հեռուն
սկզբնավորվում էր անտես վերքերո՜ւմ:
Դեգերում էի մուտքերում հույսի,
երբ հայտնվեցի ցավի ելքերում,
և այս զորավիգ խորանը լույսի
կազդուրում էր ինձ, փրկո՜ւմ… երգերում:
26.09.2020 թ.
***
Խաչքարաէջ քո պատմության
ուխտավո՜րն եմ,
երազա՛նքն է գանձարանը իմ երակի,
Աստծո շուրթին հարությո՜ւն է
առնում պահը,
բոցավառվող ածխաշե՛րտը
տառապանքի:
Կարմիր լո՜ւյս է արյան
համբույրն Արարատին,
տողիս շնչած օդը
դո՛ւռն է առեղծվածի,-
է՛հ, լուսինը կենաց
բո՜ւյնն է իմ կարապի,
օրը՝ աստղի
դաշտավայրով սուրացո՜ղ ձի…
18.10.2020 թ.
ՃԳՆԱՎՈՐԸ
Աշխարհի վերջին ճգնավորի պես
մեկն աղոթում է խցում իմ մաշկի,
մատների հետքը ղողա՜նջ է զանգի,
ցավի լապտերով շրջում է ներսում,
թե՞ Անհունից նոր աստղեր է որսում…
Հատում է ձեռքը անորոշության,
մատների հետքը ղողա՜նջ է զանգի,
հողի բիբերով գրում է մի երգ…
Երբ ազատվում է բառը զարդերի՛ց,
Ներկայանում է իր ողջ լռությա՜մբ:
Հայելիներից կողոպտվա՜ծ հոգի,
ցավի լապտերով շրջում է ներսում,
զոհասեղա՜ն է ափը իր ձեռքի,
հագնում է հուշը, ինքն իր հետ խոսում,
թե՞ որոնում է առանցքը Ելքի…
Աշխարհի վերջին ճգնավորի պես
աղոթո՜ւմ է նա խցում իմ մաշկի,
մատների հետքը ղողա՜նջ է զանգի,
ցավի լապտերով շրջում է ներսում
և Անհունից նոր աստղե՜ր է որսում…
18.10.2020 թ.
ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԷՍՔԻԶ
Հիշողության սերմը պայթում է
հողում: Եվ ոգու դեմքը,
որպես ավյուն,
հոսո՜ւմ է ճյուղերով Տոհմածառի:
Թո՛ղ գործի զսպանակը Ոգու,
որպեսզի Երկիրը չդառնա
դատարկություն ու քաոս,
բանաստեղծի խոսքը՝
անօդաչու թռչող մոլորա՜կ…
Ուրվականի սերմե՜ր են
ահաբեկիչները,
դատա՛րկ ու փո՛ւչ սերմեր,
որ կտցո՛ւմ են հապշտապ
արծիվները լեռնային:
Տագնապի հենակե՛տ է
ճանապարհը մահի:
Ազատության ճակատը
ահից ու մահից դո՜ւրս է:
Իսկ երկաթե ոտքի տակ ժամանակի
ճի՜չ է մանկան:
Ճակատագրից վե՜ր մի պահ է
հայացքն Աստծո:
Մի ծիտ ջո՜ւր է խմում ափից
հրեշտակի:
19.10.2020 թ.
ՆԱԽԻՋԵՎԱՆ
Նախիջևանի հայացքի միջով
թռչող երա՜մ է ծուխն հիշողության.
սպիտակ եղեռն էր –
գո՜ւյժ ահագնացող,
խաչքարերի ջա՜րդ –
սպա՛նդ մարդկության:
Հայոց մի ոստան դարձավ արգելոց,
ոգու անապա՛տ, ավերա՜կ խղճի,
տիեզերքն ի վե՜ր սուրացող ոռնոց,
բռունքնե՛ր հողմի, ընդվզո՜ւմ գրչի:
Ե՛կ, սկսենք օրը անխոնջ պայքարով,
երբ բացվող վա՜րդ է
միտքը Ստեղծողի,-
է՛հ, հիշատակի ջահե՛ր վառելով
խաչքարի անտառ կհառնի՜ հողից:
Նախիջևանի հայացքի միջով
կսուրա կրկին Հայոց այրուձին,
և Հայրենի լուսայգը տոչո՜ր
քաջորդիների զարկո՛վ կծագի:
26.09.2020 թ.