ԴԵՊԻ ԱՐԵԳԱ՛ԿԸ ՔԱՅԼԵԼ… / Ռոմիկ ՍԱՐԴԱՐՅԱՆ

Գուրգեն Եղիազարյան

19-րդ դարի մեր Մեծ վիպասաններին նաև Առաքյալի Միսիա էր նախաշնորհված, քանզի համատարած Խավարի մեջ նրանք Լույսի բավիղներ ու կածաններ բացեցին Ազգի առջև:
Նրանք նաև նախանշեցին ապագայի Ազգային պատմավեպի ուրվագիծը: Նրանցից քիչ առաջ և ի տարբերություն նրանց, Մեծն Աբովյանը ընդհուպ իր ժամանակին մոտեցրեց պատմավեպի անցքերի ժամանակը և հիմնավորեց հետագայի գրականագետների` «Վերք Հայաստանին»` ժամանակակից վեպ» ընդունելու համոզմունքը, որովհետև վեպի իրադարձությունները, թեպետ վիպասքային ոճերով` իրական-շոշափելի կերպարի շուրջ են ծավալված և միտված են լուծում տալու ժամանակի գերխնդիրներին:
Աբովյանի այս դասն է, որ հասել է մեր ժամանակի վիպասաններից նրանց, ովքեր կոչված են Ազգային ժանրեր ստեղծել: Եվ պատահական չէ, որ նրանց լավագույն երկերի թեման հարյուրամյա պատմություն է ընդգրկում` սկիզբ առնելով ցեղասպանության ժամանակներից: Պատճառը մեկն է` ցեղասպանությունը գերժամանակակից խնդիր է ո՛չ միայն մեր, այլև մոլորակի քաղաքակրթության համար, մանավանդ հիմա, 100 տարի անց, երբ Հայ Դատի իրական և իրավացի պահանջները շարունակում են մնալ անպատասխան` թե՛ ցեղասպանությունը ծրագրած իրականացրածներից, թե՛ իրենց աչքակապությամբ (և ո՛չ միայն) նրանց զորավիգ ու սատար կանգնած եվրոպական և այլ պետությունների կողմից:
Եվ որքան էլ որ մեր սրտերը շարունակեն մխալ աշխարհի մեծագույն ոճրագործություններից մեկի հիշատակումից անգամ` անցե՛լ են գրական սուգ ու կականի ժամանակները:
Գրվում են որձ ու առնական վեպեր:
Ցեղասպանությանը վերաբերող բացառիկ արժեքավոր գրական գործերը մեր ժամանակի, մեր առջև ծառացած գերխնդիրներն են արծարծում` ստեղծելով ցայտուն կերպարներ` ազգային կերպերով ու բնավորությամբ: Ինչպես և 19-րդ դարի մեր նշանավոր ստեղծագործություններում, ինքնաբավ-մեկուսի անձը չէ՛ այդ կարգի գրականության հերոսը: Իրենց ստեղծած կամ վերապրած կերպարների միջոցով մեր գրողները կարողանում են որոշակիացնել ազգային գաղափարները, նրանց ազգային-հայկական նկարագիրը: Հսկայական ինֆորմացիան, որ կուտակված է այս հարյուր տարիների ընթացքում, ճշտվում, մաքր­վում և որպես գրական գործի հենք ներկայացվում է (և պիտի ներկայացվի) մեր հաջողված պատմավեպերում, բացահայտելով ցեղասպանությանը վերաբերող մերկապարանոց, անսքողելի ճշմարտությունը` ոտքից գլուխ: Մեր ժամանակի հնչողու­թյան վեպեր են դրանք, այդ պատմավեպերը, ուրեմն հայ ժամանակակից ստեղծագործություններ են:

* * *
Վերջերս ընթերցողի սեղանին դրվեց քաղաքական գործիչ, գրող և պատմավիպասան Գուրգեն Եղիազարյանի «Արեգակի զավակը» վեպը: Որքանով է այն աղերսվում մեր կողմից տարբերակված արձակի հատկանիշներին…
Պատումը` սրբագործված Շահան Նաթալիի անունով, ով «Հայրենիքի զոհասեղանին իր կյանքը դրեց…», նույնպես ընդգրկում է հարյուրամյա ժամանակահատվածը` ցեղասպանությունից մինչև Արցախյան հերոսամարտ: Առավել ճշգրիտ` ցեղասպանություն – Արցախյան հերոսամարտ (պատումի կառույցը երկու մասից է): «Բորենին»-ից հետո սա հեղինակի երկրորդ լույս ընծայված վեպն է:
… Ցեղասպանության ծրագրերի հեղինակները իսլամ ընդունած հրեաներն էին` «Իթթիհաթ և թերաքքը» կուսակցության պարագլուխներ, մասոնական «Միացում և առաջընթաց»-ի դրածոներ Շաքիրը, Նազըմը, Շյուքրին, Ջավիդին, Թալեաթը, Էնվերը, Ջեմալը:
Այս մարդակերները պիտի իրականացնեին Մեծ եղեռնը Եվրոպայի աչքի առջև և հետո, ավաղ, ուշացումով, սատակեին հայ վրիժառուների ձեռքով:
Հետո պիտի պատուհասվեր նաև նրանց ազգը` Հիտլերի ձեռքով, որովհետև Պատմությունը նաև Չարի դասեր է տալիս: Սրանք կոչվում էին դոնմեններ (իսլամ ընդունած հրեաներ):
…Չարի դասեր…
Գրքի այս մեկնաբանությունները ընթերցելիս ակամայից իջնում-հասնում ես պատմության խորխորատները, երբ այս նույն դոնմենների նախնիների թող­տվու­թյամբ, նույն այդ Եվրոպայի աչքի առջև 1453 թվականին խորտակվեց քրիստոնեության կենտրոն Կոստանդնուպոլիսը, և ամենայն քրիստոնեից կենտրոնի` Սուրբ Սոֆիա տաճարի` մզկիթի վերածված բեմահարթակում Մահմուդը բռնաբարեց քրիստոնյա կայսեր որդուն, ի նշան Եվրոպայի վրա իսլամի վայրենի գերիշխանության:

… Հայոց հինավուրց հողով թուրք էր անցնում…
Անցնում էր անվարա՛ն, քանի որ գործ ուներ անպաշտպան բնակչության հետ, ում տղամարդկանց նախապես զորակոչել ու սրի էր քաշել մի ծրագրով, որի հեղինակները այնպես լավ գիտեին օգտագործել թուրքի արյունարբու բնազդները:
Եվ ահա, թուրքի ոտքը Երզնկա է հասնում` վեպի հերոսի ծննդավայրը, ուր թուրքական իշխանությունները խարդավանքով ու կաշառքներով, նաև քուրդ ցեղապետներին էին լարում հայ խաղաղ բնակչության դեմ, դարձնելով նրանց իրենց գործակիցը, այդ կերպ, հետագայում նաև նրա՛նց փչացնելու հեռահար հաշվարկով: Միամի՛տ քրդեր էին… ո՛չ պակաս արյունռուշտ:
Մի քանի հակիրճ գլուխներում ներկայացնելով ջարդարարների դիմանկարները, հեղինակը սկսում է ամբողջացնել գլխավոր հերոսի կերպարը:
… Իր «Սև հարսանիքից» հետո, որ ավարտվել էր թուրք ջարդարարների կողմից պլանավորված սպանդով, վիրավոր և անգիտակից վիճակի մեջ` Արամ Դարբինյանը հայտնվում է (քրդերի միջոցով) լեռներում, խորհրդավոր կենսակերպով ապրող հայ մարդկանց բնակավայրում` «Ազատն Մասիս կոչվող Սուրբ Արարատի անձավներից մեկում»:
Երազն ու իրականությունը խառնվում են իրար: Արամը լիովին ապաքինված է ու նաև զորացած` քրմապետ Արձանի խնամակալությամբ: Արձանը Արամին ազատ է արձակում, ի բացառություն բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ այստեղ ընկնելուց հետո այլևս չեն վերադարձել…
ԱՐԱՄ.- … Մենք երբևէ կհանդիպե՞նք իրար:
ԱՐՁԱՆ.- Երբ ժամը հասնի` դու ինձ կկանչես, և ես կգամ: Վերցրու այս քարի վրա դրված խուրջինը, որի մեջ հաց կա ու… դաշույն:
…Դաշույնը իր տիրոջը կգտնի: Քեզ այն հարկավոր չէ: Դու ինքդ արդեն իսկ դաշույն ես և պարտքդ կհանձնես:
ԱՐԱՄ.- Իսկ ո՞վ է լինելու դաշույնի տերը:
ԱՐՁԱՆ.- Որդիդ, նրա որդին և այդպես շարունակ:
Այս դիալոգները երդման արարողություն են խորհրդանշում: Վրեժի դաշույնը, որ պիտի փոխանցվի սերնդե-սերունդ, հանձնված է:
Եվ այսպես` «Ընդ եղեգան փող բոց ելաներ…»:
Սկսվում է հայ քաջորդու պայքարի ուղին: Նրան առաջնորդում է իր ժողովրդի խաչը և առաջ մղում երակներում ներարկված հեթանոս արյունը, հաղթողի և պատժողի հրկեզ ոգին:
Մենք քսաներորդ դարի վերջին տասնամյակներում հասցրինք ճանաչել մեր ազգային զորավարներին, Մեծ ֆիդայիներին, հասու լինել ֆիդայական շարժմանը, ըմբռնել Սասունի, Զեյթունի, ապա Սարդարապատի նշանակությունը, Դավիթ Բեկից հասնել Լեռնահայաստան` մտովի մասնակցելով Նժդեհի պատերազմներին` տասից ավելի բազմազգ հրոսակների դեմ, նաև մասնակցել Արցախյան հերոսամարտերին` 18-ը բոլորած-չբոլորած նորաթուխ հայոց բանակի մարտիկների և նոր ֆիդայիների հետ կողք-կողքի, մոտիկից ճանաչել Ազգային ինքնորոշման դրոշ պարզած նվիրյալներին:
Գուրգեն Եղիազարյանի այս հույժ արժեքավոր գիրքը մի հաջողված փորձ է, գոնե մասնակիորեն այս մեծ բացը լրացնելու գործում:
«Արամ Դարբինյանը` վեպի գլխավոր հերոսը, իր մեջ խտացնում է Շահան Նաթալիի, Սողոմոն Թեհլերյանի, Գրիգոր Յանիկյանի, Լիսբոնում զոհված տղաների, ԱՍԱԼԱ-ի` Հայ ազգային գաղտնի բանակի քաջարի Արեգակի զավակների, Մոնթեի, Մահապարտների հրամանատար Ալեքսանդր Թամանյանի և այն անթիվ նվիրյալ հայորդիների կերպարները, ովքեր պայքարեցին ազգի արդար իրավունքների համար»,- իր առաջաբանում նկատում է գրքի խմբագիր Կարեն Մուսայելյանը:
(Ի դեպ, հեղինակը, հանձին Արամի, նկատի է ունեցել նաև իր պապին` Անդրանիկի լեգենդար հարյուրապետ Ստեփան Եղիազարյանին):
Վեպի սյուժեն սրընթաց զարգացում ունի, գաղթի պատկերները և վրիժառուի գործողությունները զարմանալի արագությամբ հաջորդում են մեկը մյուսին:
Արամ Դարբինյանը Արևմտյան Հայաստանի ողջ տարածքով մեկ գտնում է եղերագործներին և պատուհասում նրանց: Այդ ընթացքում նա չի խորշում նաև օգտագործել հակաթուրք քրդերի օժանդակությունը:
Հայտնի է, որ Աթաթուրքի ճիրաններից չազատվեցին նաև Թուրքիայում բնակվող հրեաներն ու քրդերը, իսկ արդեն 1926-ին սկսվեցին քրդերի տեղահանությունները` ուղեկցված զանգվածային սպանդով:
… 1917 թվականից սկսած` թուրքական հետախուզությունը Եվրոպայով մեկ փնտրում էր երզնկացի Արամին: Արամ Դարբինյանը կարճ ժամանակում հայրենասեր հայորդիներից կազմակերպել էր «նվիրյալ վրիժառուների» բանակ: 1930 թվականից ի վեր հայ նվիրյալներին, թուրքական քարոզչության ճնշման տակ, փնտրել սկսեցին նաև եվրոպական երկրների հատուկ ծառայությունները:
Հարյուրակներով հաշվառված թուրք մարդասպանները ոչնչացվում էին տարբեր երկրներում, ուր փորձում էին պատսպարվել:
Դեռևս Աթաթուրքի օրոք կախաղան բարձրացված Նազըմի անվամբ կազմակերպված թուրքերի գաղտնի կազմակերպությունը` «Նազըմ-26-ը» հայտնաբեր- վեց և ոչնչացվեց վրիժառուների ձեռքով:
Արամն ամենուր էր և անորսալի` այդպես, մինչև խոր ծերություն, մինչև Արցախի հերոսամարտ, որի մասնակիցը պիտի դառնար նրա թոռ Տիգրանը: Առասպելական Դաշույնը, որ գտել էր արդեն իր իսկական տիրոջը, Արցախում նույնպես գործում է անվրեպ… Տիգրանի ձեռքով:
Շուշին ազատագրված է:
Զինադադար…
Սակայն արդյո՞ք ավարտված էր իսկական պատերազմը: Ամենևին էլ` ոչ: Ընդամենը նոր ձևերի ու տեսակների էր վերափոխվել այն:
Արդեն ծերունազարդ` Արամը Երևանի բուն կենտրոնում փրկում է իր թոռ Տիգրանի կյանքը, ով ընկել էր մասսայական ոչնչացման միջոցներ տարածող թուրք ահաբեկիչների որոգայթը: Որոգայթ, որ նրա շուրջ հյուսել էին թուրքերի հայ գործակալները: Հայ վրիժառուի աչքից ոչինչ չի վրիպում` ինչպես տասնամյակներ առաջ, այնպես էլ` հիմա:
Արամ Դարբինյանը չարաչար պատժում է բոլոր ոճրագործներին` հայ թե թուրք, թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում, դրանով իսկ, կամա-ակամա, խոշոր ծառայություն մատուցելով Ազգային անվտանգությանը:
Արամը այստեղ` Հայաստանում էլ մենակ չէ: Նրան զորավիգ են Գանձասարի հերոս Տեր-Հովհաննես քմահանան, Մոնթեն ու իր մարտիկները, մյուս հայ քաջորդիները:
Պատումն ընթանում է հեթանոս երանգներով:
Հարյուրամյա ծերունին թոռանը` Տիգրանին, ասես երազում հայտնվելուց հետո, կայացնում է իր վերջին երկրային հանդիպումը:
Հանդիպում քրմապետ Արձանի հետ…
ԱՐԱՄ.- Արձան, Արձա՛ն, որտե՞ղ ես, դու խոստացել էիր մեկ էլ ինձ հանդիպել կյանքիս վերջին պահին…
ԱՐՁԱՆ.- Այստե՛ղ եմ, Զինվոր, ուշադի՛ր նայիր և կտեսնես ինձ: Դու հիմա ավելի առույգ ես, քան ցանկացած մարզված պատանի: Թո՛ղ մարմինդ և դուրս արի մահճիցդ, Զինվո՛ր, ժամանակը մեզ չի սպասում…
Մեջբերենք նաև վեպի` «Արեգակի զավակը» վերնագրված վերջերգն ամփոփող պարբերությունը. «Արամը շրջվեց, նայեց մահճի մեջ պառկած իր ծերունական, անշնչացած մարմնին, և ոսկեկուռ շողերով բացված ճանապարհով նրանք երկուսով դեպի Արեգակը քայլեցին»:
Լեգենդը, ինչպես տեսնում ենք, շարունակություն է ենթադրում:
* * *
Այս վեպը, ինչպես ասացինք, արագընթաց է, ինչպես հեղեղը, մանրամասները չեն դանդաղում սյուժեն: Հագեցած է դետեկտիվի տարրերով, և այդուհանդերձ, այդ ժանրին չի պատկանում ամենևին:
Կրկնենք` վեպը իրական հենք ունի:
Վեպի կերպարները նույնպես իրական են: Իհարկե, ինչպես ասացինք արդեն, առկա են վիպասքային տարրերը, խորհրդանշանները (Լուսնի լույսով և Արևի ջերմությամբ թրծված դաշույնը, որ կոչված է գործածելու սերնդե-սերունդ), հեթանոս երանգները, որոնք, անշուշտ, նորանոր գաղտնի իմաստներ են հաղորդում պատումին, գերբնական հատկանիշների զգացողությունը, որ հերոսի մեջ սերմանել է քրմապետ Արձանը և այլն: Դրանք դրական լիցքեր են տալիս միայն: Նման տարրեր տեսնում ենք նաև մեր բարձր գրականության էջերում. Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչում», Սերո Խանզադյանի, Հրաչյա Քոչարի երկերում, Մուշեղ Գալշոյանի «Ձորի Միրոյում», Հովհաննես Մելքոնյանի «Ոճիրի բուրգերում» և «Հիշողության դաշտում», Վարդան Գրիգորյանի, Հովիկ Վարդումյանի վեպերում, Էդուարդ Խաչիկյանի «Եվ արևը մայր մտավ լուսաբացին» վեպում և այլն:
Գուրգեն Եղիազարյանը մեզ տեղափոխում է գործողությունների մեկ այլ դաշտ, որի վրա, ինչպես նշեցինք արդեն, դեռևս վարագույրներ կան կախված`
Մշտնջենական վրեժ և թշնամանք սադրեցին թուրքերը, և մենք մեր պատմության այս ընթացքում պատերազմների ավարտ չենք տեսել, և որքան էլ հակասական հնչի, թերևս դա՛ է նաև մեր հարատևության գաղտնիքներից մեկը: Ուստի, պատերազմները շարունակական են թե՛ մեր, թե՛ մեր ոսոխի համար, քանի դեռ ավարտուն պատասխան չի ստացել Հայ Դատը:
Մեր Զինվորը մշտարթուն պահում է աչքը Տարածքների վրա:
Արթուն է պանթուրքիստական երազանքի երազանքը` Մեծ Թուրանը, որը ձգվում է Արևմտյան Հայաստանից մինչև Ալթայի երկրամաս, իր մեջ ներառելով` Ատրպատականը, Աֆղանստանը, Չինաստանի հյուսիսը:
Ինչպես տեսնում ենք, ոչ մի խոսք չկա Եվրոպայի մասին:
… Բնավ չեն մոռացված Աբդուլ Համիդի (Կարմիր սուլթան) խոսքերը. «Թույլ կտամ իմ գլուխը բաժանել իմ մարմնից, բայց հայերին անկախանալ թույլ չեմ տա»:
Հայ վրիժառուները այս ամենը գիտեին որպես առօրյա դասընթաց: Հիմա մենք դա պիտի իմանանք ազգովի՛:
Գուրգեն Եղիազարյանի այս գիրքը դրա հիշեցումն է նաև, որ անչափ արժեքավոր է, մանավանդ պատանիների համար: Սրա նման գրքերը պիտի մտնեն դպրոցական ծրագրեր,- դա` մեր խորին համոզմամբ: Խորապես համոզված ենք նաև, որ պետական նշանակության խնդիր պիտի լինեն նման գրքերի անհապաղ թարգմանությունները, այլապես այն տխուր տպավորությունն է ձևավորվում, թե սուգ ու կականի գրականությունից մի կերպ ձերբազատվելով, հիմա էլ մի փակ, նատուրալ միջավայրում ենք հայտնված, ուր և զբաղված ենք միմիայն ինքներս մեզ դաս տալով` ասես, մի ուրիշ օրհասական չարիքի չդատապարտվելու թուլակամությամբ:
… Դեպի Արեգակը քայլել է պատգամում Գուրգեն Եղիազարյանի «Արեգակի զավակը» վեպը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։