Զարմանալի բան` Գերմանիայի թեման ինձ հանգիստ չի տալիս: Պատճառն այն չէ, որ համեմատության եզրեր եմ որոնում: Քավ լիցի, դա անիմաստ զբաղմունք կլիներ, ժամանակի անիմաստ վատնում: Պարզապես մարդ սկսում է չհարմարվել այն կյանքին, որը ճակատագրի բերումով պարտավորված ես ապրել: Հասկանում ես, որ դա ամենամյա, ամենօրյա վիճակ է, և ստիպված ես հանդուրժել քո երկրի իշխանավորների, ընդգծված հարուստների, որոնք իրենց էլիտա են համարում, քմահաճույքները: Քեզ միշտ թվում է, թե նրանք քեզ ձեռ են առնում, և դու ստորացված ես զգում հազարապատիկ: Նրանք մեզ չեն սիրում, մենք նրանց չենք սիրում, և այս անթաքույց ատելությամբ էլ ապրում ենք մեր հասանելիք կյանքը, մինչև գուժի զանգը վերջին: Այո՛, մեզ մոռացնել են տվել արժանապատիվ կյանքի մասին, թեև ամեն ժամ, ամեն վայրկյան մեզ և աշխարհին համոզում են, թե ամեն վայրկյան դրանով են զբաղված, մտածում են մեր պայծառ ապագայի մասին: Ու չի ստացվում: Ու երբեք էլ չի ստացվելու, քանզի ձևացնում են, թե մտածում են մեզ բարեկեցիկ կյանք պարգևելու մասին: Միշտ հակառակն է ստացվում:
Գերմանիայում հանդիպեցի մի երիտասարդի, ով ամեն ինչ Երևանում չնչին գնով վաճառելով, զարտուղի ճանապարհներով մի կերպ հասել-հանձնվել էր, և ահա ամիսներ անց նրան վերադարձնելու են:
– Ձեր երկրում,- ասել են,- ամեն ինչ լավ է:
Իսկ երիտասարդը հուսահատ ասում էր. «Ես ինձ կսպանեմ, բայց ետ չեմ գնա: Այլևս չեմ կարող տեսնել նրանց ամբարտավան ու ատելի դեմքը: Ինչպես արեց Սոմալիի՞ց, թե՞ Սուդանից փախածը… Ես փախել եմ մահվան ճիրաններից, դուք ինձ կրկին դեպի մահ եք վերադարձնո՞ւմ»: Եվ հենց օդանավակայանում ինքնասպան էր եղել: Մեզ մոտ, ճիշտ է, պատերազմ չկա, բայց դա մի՞թե պատճառաբանություն է:
Ոչ ոք չի ուզում լքել Հայրենիքը: Ոչ ոք: Նրանց բոլորի աչքերում էլ կարոտի կսկիծն է, ցավը, որ ահա ճարահատյալ արմատախիլ են արվում ու մեկնում թափառումների, դեպի անորոշություն ու անհայտություն:
Կարելի է դիմել մեր իշխանավորներին, ունևոր խավին, էլիտա կոչվածներին: Դուք անընդհատ շեշտում եք արտագաղթի մասին: Բայց մի անգամ գոնե հարցրե՞լ եք ինքներդ ձեզ, թե վերջապես այդ ինչի՞ց է, որ այդպես հապշտապ լքում են իրենց երկիրը, այդ ի՞նչ փակուղու մեջ եք մտցրել, որ այլ ելք չեն տեսնում` լեղապատառ փախչելուց բացի, հաստատելով այն չարագուշակ միտքը, թե «երթալն է ճիշտ»:
Գերմանիայի այն քաղաքներում, ուր եղել եմ, բավականաչափ հայեր կան, որոնք արտագաղթել են Հայաստանից: Բոլորն էլ լցված են անսահման կարոտով: Կարոտում են ամեն ինչ. տունը, փողոցը, մարդկանց` լավ-վատ, ընկեր-ընկերուհիներին, ովքեր զարմանալիորեն դեռևս դիմանում ու չեն արտագաղթում, փողոցը, փողոցի ծառերը, քարերը: Բայց այս ամենով հանդերձ, ոչ մի պայմանով չեն վերադառնում, որքան էլ մեծ լինեն խոստումները:
Այդ նրանք են, որ պահում են այստեղ թողած հարազատներին: Եվ, զարմանալի բան, իմ տեսած ոչ մի քաղաքում համայնքներ չկան: Չկա մի կազմակերպություն, ուժ, որ կարող էր որևէ դեպքում, որևէ հարցով ի մի բերել հայերին: Չկա և այդ ուղղությամբ ոչ մի փորձ չի արվում: Ո՞վ պիտի զբաղվի դրանով, Արտաքին գործերի նախարարությո՞ւնը, Սփյուռքի նախարարությո՞ւնը… Թե՞ դրանք այստեղ այլ, ավելի կարևոր գործերով են զբաղված: Կամ գուցե այս ավելի կարևոր «այլերի» նման բարձիթողի՞ է արված…
Մերին հակառակ` փողոցներում անվերջ կհանդիպես թուրքերի: Մենակ, մի քանի հոգով, խմբերով, մեքենայի ղեկին, հետիոտն: Նրանք խոսում-ծիծաղում են բարձրաձայն: Գրեթե գոռգոռալով: Այն տպավորությունն ես ստանում, թե ոչ թե Գերմանիայում ես, այլ Թուրքիայում: Նրանց ավելացել են նաև Մերձավոր Արևելքից գաղթած արաբները: Ու բոլորն էլ համայնքներ ունեն և ով գիտի, թե էլ ինչեր… Որ նրանց միավորում են ինչ-ինչ կազմակերպություններ` պետք չէ զարմանալ: Զարմանալին մեր չունենալն է: Չգիտես` միտումնավո՞ր է, թե՞ մեր հին հիվանդությունն է էլի` ամեն ինչի նկատմամբ անտարբերություն, որ միշտ տխուր վիճակի է հանգեցնում:
Մենք հպարտանալու շատ բան ունենք, ու մեր եղածը չենք կարողանում դրսում տեղ հասցնել: Եվ այդ հպարտությունը, մեղմ ասած, սնապարծության է հասցնում: Ստացվում է, որ երկրագնդի վրա մենք առաջին բնակիչներն ենք ու դրա նման այլ բաներ: Մինչդեռ Օբերհաուզենում Հայաստանը շփոթում էին Ալբանիայի հետ, շատերը Հայաստանի մասին ընդհանրապես ոչինչ չգիտեին, ոմանք էլ պարզապես լսել էին: Եվ միայն մեկը, աղջկական դեմքով մի երիտասարդ, իմանալով, որ Հայաստանից եմ և որդուս մոտ եմ եկել, բացականչեց. «Օ՜, Ուրարտո՜ւ-Տուշպա»… և էլի բաներ, որ որդուս թարգմանելուց հետո հասկացա: Նա համալսարանում ուսումնասիրել է Հայոց պատմությունը` թափանցելով նրա խորքերը մինչև անհիշելի ժամանակներ, որ նույնիսկ մենք չգիտենք: Նա նույնիսկ համոզված էր, որ աշխարհում քաղաքակրթությունը սկիզբ է առել Հայաստանից… Անգամ հիմա, երբ արդեն Ավետյաց երկրում եմ, այդ երիտասարդի դեմքն եմ հիշում, նրա խանդավառությունը, որ անմիջապես փոխանցվեց ինձ: Մենք շատ լավ գիտենք, թե թուրքերն ինչպես են աշխարհում հայերի դեմ գործում` օգտագործելով ամեն հնարավորություն, ամեն միջոց` ընդհուպ մեր պատմությունը խեղաթյուրելով ու եղածը սեփականացնելով: Իսկ մեզ թվում է, թե աշխարհը ճշմարտությունը գիտի, գիտի, որ թուրքերը խաբում են, խեղաթյուրում փաստերը: Հանրահայտ է մի բան. երբ սուտը շատ ես կրկնում, ճիշտ է ընդունվում, հավատում են: Այդպես է: Ի՞նչ է ստացվում: Մեր դժբախտությունների մեջ շատ դեպքում մեղավոր ենք մենք, պետք է մեր մեջ փնտրենք մեղավորին: Հենց այս պահին այնքան այժմեական են Մեծն Անդրանիկի խոսքերը. «Իրիկունը, երբ գլուխներդ բարձին կդնեք, որ քնանաք, մի քիչ մտածեք ազգի մասին»: Երևի Զորավարը այն ժամանակ էլ դա զգացել-տեսել է: Մեր ճակատագիրը կամավոր հանձնել ենք ապաշնորհ, բացարձակորեն անհոգ մարդկանց, և մեզ թվում է, թե նրանք մեզ համար, մեր փոխարեն ամեն ինչ կանեն, ամեն ինչ անում են, և անհանգստանալու խնդիր չկա, պետք է հավատալ ու վստահել նրանց:
Դա հասկացանք բոլորովին վերջերս, երբ մեր մասին մտածողները անհավատալի վայնասուն բարձրացրին, թե իրենց աշխատավարձը շատ ցածր է: Սա է նրանց ամենամեծ մտահոգությունը: Մահացու այդ գոտեմարտի մեջ են կառավարության անդամները, օլիգարխ պատգամավորները… Առավել զավեշտալին պատգամավորների պահվածքն է, ովքեր իրենց համարում են «ժողովրդի ծառաներ»: Մեր այդ «ժողովրդի ծառաներին» չի բավարարում իրենց աշխատավարձը, ապրում են դժգույն կյանքով, սոցիալական անասելի ծանր պայմաններում, և ինչո՞ւ պետք է նրանք նախարարներից պակաս վարձատրվեն: Լսելո՞ւ բան է: Չէ՞ որ իրենք տառապալից աշխատանք են կատարում, ամբողջ օրը «ծառայում են ժողովրդին»:
Գերմանիայում վերջերս մի շատ կարևոր օրենք դուրս եկավ. ոչ մի գործատու իրավունք չունի իր աշխատողին ութ եվրոյից պակաս վճարել: Դրանից ավելի կարող է և վճարում է: Բայց ութ եվրոն պետք է նվազագույնը լինի: Օրենք խախտողը կտուգանվի բազմապատիկ:
Սա` հաշվարկի և մտորելու համար:
Իսկ մենք դեռ կսպասենք 2014 թվականի հունվարին, երբ մեր մասին «մտածողները» մեզ մի քանի հազար դրամի անակնկալ կմատուցեն, ու մենք ավելի կխորասուզվենք աղքատության ճահճում: Աղքատություն, որը, նրանց կարծիքով, արդեն հաղթահարել ենք:
Այնպես որ, Նոր տարվա մեր սեղանը նոր խոստումներով, հույս ու հավատով կծանրաբեռնենք: