Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ պարոն ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մեծարգո Սերժ Ազատի, 1915 թվականի Հայոց ցեղասպանության առաջին զոհերը հայ գրականության ներկայացուցիչները եղան.
Դանիել Վարուժանը
Սիամանթոն
Ռուբեն Սևակը
Գրիգոր Զոհրապը
Տիգրան Չեոկյուրյանը
Թլկատինցին
Ռուբեն Զարդարյանը
Արտաշես Հարությունյանը
Գեղամ Տեր-Կարապետյանը (Մշո Գեղամ)
Մելքոն Կյուրճյանը (Հրանտ)
Երուխանը
Գեղամ Բաղդասարյանը:
Արհավիրքից պատահականությամբ փրկվեց, հետագայում քեմալական նախճիրին զոհ գնաց նաև Տիրան Չրաքյանը (Ինտրա):
Հայ գրողների այս աստղաբույլը, գրական հսկաների այս սերունդը ոչնչացվեց աներևակայելի, անմարդկային միջոցներով և մնաց անթաղ: Ցեղասպանը լավ գիտեր գրական խոսքի ուժը և հասկանում էր, որ իր ստոր նպատակին հասնելու համար նախևառաջ հայ ազգի ոգին մարմնավորողների գլխատումն էր անհրաժեշտ:
Այսօր, երբ մեր երկիրը և ողջ հայությունը պատրաստվում է նշելու Հայոց ցեղասպանության 100-ամյակը, երբ ունենք սրբազան մի վայր, ուր երկյուղածությամբ ծնկի ենք գալիս` հիշատակելու մեր միլիոնավոր անմեղ զոհերին, հարկ է, որ առանձնապես հիշենք նաև նահատակված մեր գրողներին և խոնարհվենք նրանց շիրիմների առաջ:
Եղեռնի հուշարձանի համալիրը, իր ողջ բովանդակությամբ և նշանակությամբ, ավելի կամբողջանա ու իր լրումին կհասնի, եթե արժանի ու համապատասխան մի կոթողով աշխարհին մատնացույց անի նախադեպը չունեցող այս եղեռնագործությունը: Նման կոթողի ստեղծման համար, համոզված ենք, իր նպաստը կբերի ամեն հայ` աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինի: Մնում է, որ Ձեր գլխավորած հանձնաժողովը իր վրա վերցնի կազմակերպչական աշխատանքների հոգսը` գործին մասնակից դարձնելով հանրապետության և Սփյուռքի կարող ուժերին` գրողներին, պատմաբաններին, նկարիչներին, քանդակագործներին, ճարտարապետներին: Թեև քիչ ժամանակ է մնացել մինչև Հայոց ցեղասպանության 100-ամյակի նշումը, սակայն, կարծում ենք, դեռ ուշ չէ համազգային ուժերով հավերժացնելու մեր անշիրիմ գրողների հիշատակը:
Հարգանքներով`
Կարո ԱՐՄԵՆՅԱՆ (ԱՄՆ)
Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ (Հայաստան)
Ամբողջովի՛ն համաձայն։
Վրէժ-Արմէն