4-ը սեպտեմբերի,
2013 թ., չորեքշաբթի
ԶԱՐԴԱՆԿԱՐՆԵՐ ՀԻՇԵ՛Ք ՍԻՐԻԱՆ
Անուղղելի ապուշներ ենք, որովհետև գոհանում ենք հեշտ բացատրություններով: Թուրքերը կոտորեցին մեզ, որովհետև նրանք չարիք են: Մենք առաջադեմ ազգ ենք, քանի որ առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը: Մենք խելացի ենք, որովհետև «յոթ հրեա է հարկավոր, որ հիմարացնի մեկ հայի»: Ռուսները մեր մե՜ծ եղբայրներն են: Բոլոր այս բացատրությունները, որ արդեն կարգախոսի կարգավիճակ են ձեռք բերել, հեշտությամբ ծվեն-ծվեն կանի ցանկացած մեկը, որ մտավոր հնարավորությունների միանիշ գործակից և պատմության մակերեսային իմացություն ունի:
Օրինակ՝ ի՞նչ օգուտ այն բանից, որ խելացի ենք շուկայում, եթե իրականում հիմար ենք քաղաքականության մեջ: Եվ եթե հիմար ենք քաղաքականության մեջ, ի՞նչ օգուտ այն բանից, որ խելացի ենք որևէ այլ ոլորտում:
Թուրքերը չարի՞ք են: Կարո՞ղ եք որևէ ազգություն անվանել, որ երբեք կոտորած չի իրականացրել: Եվ եթե չեք կարող դա անել, հիշե՛ք Սիրիան և այն փաստը, որ հայերի մեծ մասը պաշտպանում է կոտորածը:
Ինչ վերաբերում է ռուսների՝ մեր եղբայրը լինելուն. ռուսները ոչ մեկի եղբայրն էլ չեն, նույնիսկ իրար եղբայր չեն:
ԱՌՈՂՋ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Մեծագույն սխալներս իրենց սկզբնական փուլում թվում էին տրամաբանության և առողջ դատողության հաղթանակներ:
* Երբ հարստության բաշխումն անհամաչափ է, առաջ են գալիս բարեգործներ, իսկ այնտեղ, որտեղ բարեգործներ կան, բարգավաճում են քծնողները:
* Անազնիվ միջավայրում ազնվությունը կընկալվի որպես մահապատժի արժանի հանցանք: Առողջ դատողությունը կարող է դեմ լինել ինձ, սակայն պատմությունն իմ կողմից է:
* Ասել, որ լուծումների կարիք ունենք, նույնն է, թե խոսքը մեկ անել անուղղելի և աներես խաբեբաների հետ:
* Մեր ամենաերանելի մտքերից մեկը. եթե կարող ես մեղքը ուրիշի վրա բարդել, էլ ինչո՞ւ ես պատասխանատվություն ստանձնում:
* Քաղաքական և կրոնական քարոզչության ոլորտում սուտն ավելի ըմբռնելի է, քան ճշմարտությունը: Ի՞նչ է ճշմարտությունը: Չգիտեմ և գուցե երբեք էլ չիմանամ: Ո՛չ մարգարե եմ և ո՛չ էլ փրկիչ: Ընդամենը թուղթ մրոտող եմ, որի միակ գործառույթը սուտն ու ստախոսներին բացահայտելն է:
ՀԱՐՑ I
Ո՞րն է ազգի տնտեսության համար ավելի վատ կամ առավել վնասակար. փողոցային հանցագործություննե՞րը, թե՞ անազնիվ ղեկավարները:
ՀԱՐՑ II
Ո՞րն է որպես ազգ մեր գոյատևման համար ավելի վատ կամ առավել վնասակար. այն, ինչ թուրքերն արեցին մեզ հետ նախորդ դարասկզբի՞ն, թե՞ այն, ինչ մեր սեփական քաղաքական առաջնորդներն են անում մեզ հետ վերջին երկու հազարամյակում:
ՈՃԻ ՄԱՍԻՆ
Խաբեբաները շաղակրատ են: Հակիրճ եղե՛ք: Եթե ձեր ասելիքն իմաստալից է, դատապաշտպանի կարիք չունեք:
ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ
Քարոզում ենք՝ «Մահ կամ ազատություն», բայց կյանքն ենք վայելում ամեն գնով, հաշվի չառնելով, թե այն որքա՜ն է նվաստ ու անմարդկային:
ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ
Ցանկացած մարդու պես ես էլ ծնվել եմ հիմար, և ինձ էլ դաստիրակել են, որ ապուշներին ասեմ՝ «Այո՜, պարո՛ն», մինչև գիտակցեցի, որ հիմարությունը ո՛չ առավելություն է և ո՛չ էլ մահամերձ վիճակ:
30-ը մարտի, 2014 թ., կիրակի
ԳՐԱՌՈՒՄՆԵՐ, ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ազատ խոսքն անօգուտ է այն միջավայրում, որտեղ յուրաքանչյուրը կարծում է, թե բոլորից լավ հենց ինքը գիտի:
Թուրքերն արեցին այն, ինչ արեցին, որովհետև մեր իշխանավորներից ու եպիսկոպոսներից ավելի լավ էին յուրացրել աշխարհիս բանը: Բարեգործներ չեմ ներառում, քանզի Օսմանյան կայսրությունում այդպիսիք չկային: Բարեգործներին պարտական ենք եկամտահարկի մասին ամերիկյան օրենքների համար:
Ուշադիր զննեք մարդու դեմքը և կիմանաք մղձավանջ դարձած երազների թիվը:
ԱՆՑՅԱԼ, ՆԵՐԿԱ, ԱՊԱԳԱ
Կղզիներ չեն, թերակղզիներ են: Մեկը մյուսի շարունակությունն է: Մեկը հասկանալու համար նախ պետք է հասկանալ մյուսը:
* Ի՞նչ է եղել, ի՞նչ է լինում և ի՞նչ է լինելու. սա հասկանալու անհրաժեշտությունը համընդհանուր է: Գրողները կարող են օգնել: Իհարկե, միշտ չէ, որ նրանք ճիշտ են: Բայց եթե ազնիվ վկաներ են, կարող են մեր իրականության որևէ նոր կողմ բացահայտել: Ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին, լսենք, թե ինչ է ասում Կոստան Զարյանը. «Մեր քաղաքական կուսակցությունները քաղաքական ոչ մի օգուտ չեն տվել մեզ: Նրանց մեծագույն թշնամին ազատ խոսքն է»:
* Ինչո՞ւ պետք է բանի տեղ դնեն մեզ, եթե մեր միակ հոգսը կոտորածներն են:
* Դիվանագետները երբեք չեն հարցնի. «Մեր շահը ո՞րն է», թեև նրանց թիվ մեկ մտահոգությունը հենց դա է:
* Հրաժարվել երբեմն նշանակում է համակերպվել իրականության հետ:
* Իսկ եթե բոլորիս վերջը նո՞ւյնն է՝ լռությո՜ւն, մթությո՜ւն և ոչնչությո՜ւն:
ԹՇՆԱՄԻՆԵՐ
Հավատքի մարդիկ, որ ոչնչի չեն հավատում: Ունևոր մարդիկ, որոնց ունեցած միակ աստվածը Ոսկին է: Առաջնորդներ, որոնք նույնիսկ չեն կարող շանն առաջնորդել դեպի մոտակա հրշեջ ջրածորակը: Հայրենասերներ, որ հերոսություն են քարոզում, բայց զբաղված են մարդակերությամբ: Գիտնականներ, որ մեղադրանքի ու բանադրանքի վարպետներ են: Հիմնադրամների հանգանակիչներ, որ մասնագիտացել են հափշտակությունների մեջ: Ճառասացներ, որ գաղափարներ ու սկզբունքներ են քարոզում, բայց հանուն փողի պատրաստ են ամեն բանի: Քարոզողներ, որ շնացող են: Ժամանակին միայն մեկ թշնամի ունեինք: Հիմա տրցակներով են: Այսքան լավ դեռ երբեք չէր եղել:
Թարգմանությունն անգլերենից՝
Արամ ԱՐՍԵՆՅԱՆԻ