…Էս բիձա, զառամյալ աշխարհի գլխով շատ պատերազմներ են անցել. 5-ամյա, 7-ամյա, նույնիսկ 100-ամյա, սակայն դրանք ընդամենը պատերազմ են եղել, իսկ մերը պատերազմ է ու պատերազմ չէ, մերը գոյապայքար է: Թեկուզ պատերազմ էլ լինի, բայց մեր փոքր ազգի, մեր պուճուր երկրի համար շուտով արդեն 30 տարին չափազանց դաժան է, շա՜տ ու շատ անխղճորեն արյունաքամ անող: Ու նաև պատերազմում, «իսկական պատերազմում» ի վերջո հաղթում կամ պարտվում են, իսկ մերը, չէ՜, հաղթանակը պարտության է նման, քթներիցս դուրս է գալիս, պարտության ժամանակ էլ ասում ենք՝ «800 հեկտարն ի՞նչ է որ, փոխարենը բարոյապես հաղթեցինք»…
…1988-ից մինչև հիմա այս պատերազմի, այս կռվի մեջ եմ, հրապարակներում «մի-ա-ցում» վանկարկելուց մինչև մեր երկրի սահմանամերձ բնակավայրերի ու Արցախի առաջնագծում, զենքը ձեռքիս «Տղե՛րք, առա՜ջ» գոռալը: Ավելին. տունս սահմանակող է, լվացվելու, սրճելու, գրելու, կարդալու ժամանակ, որդուս հետ զրուցելիս, թոռանս գրկած. միշտ, անդադար կրակոցներ եմ լսում: Սահմանից եկող մահվան բոթերը ազգովի ենք լսում, բոլորս ենք լսում ու սրտակեղեք լինում, սակայն ամեն օր կրակոց լսելը, ամեն օր ծակծկված մետաղյա դարպասը, գնդակներից քրքրված տանդ պատերն ու տանիքը, պատուհաններիդ փշրված ապակիները տեսնելը է՛լ ավելի դաժան զգացողություն է, բազմապատիկ ցավ է:
Կռվի առաջին օրերին, առաջին տարիներին, երբ օդում պատահական կրակոց էինք լսում, ահով իջեցնում էինք գլուխներս, թաքնվում էինք պատի կամ ծառի ետևում: «Բարև-բարիլույսից» հետո մեր առաջին հարցն էր. «Հը՞…», որ նշանակում էր՝ հո վիրավոր կամ զոհ չունե՞նք: Իսկ հիմա ո՞վ է կրակոցին, նույնիսկ ռմբակոծությանը շան տեղ դնում, երեխա ու մեծ, առանց աչք ճպելու, գլուխներս ցցած քայլում ենք բակ ու փողոցում, պատմվող անեկդոտն անգամ կիսատ չենք թողնում, և կողքներիս պայթող գնդակների սուլոցները խլանում են մեր «շաշ-շաշ» ծիծաղի մեջ…
Հիմի պիտի մտածեք՝ էս ինչ հերոս ու անվախ ժողովուրդ եք: Չվախենալ կրակոցից, մահից, մեռնելուց… չէ՜, սա ձեր կարծեցած դեպքն ու պահը չէ և ո՛չ քաջություն է, ո՛չ էլ խիզախություն: Պետք է զգուշանալ, պաշտպանվել, բայց երեխան կիսատ չի թողնում խաղը, տանտիրուհին չի վախենում, որ բակում լվացք հավաքելիս ռումբը կարող է պայթել կողքին, նախրապանին չի հուզում, որ կարող է փոխել քայլն ու ոտքը դնել մահաբեր ականի վրա… Չեն վախենում, բայց բնության բոլոր օրենքներով բանական մարդը պետք է վախենա ու զգուշանա, թողնի, փախչի այդ տեղից, գնա, կորչի աշխարհի ծայրը, միայն թե իր ու հարազատների կյանքին վտանգ չսպառնա…
Պետք է, սակայն… Երբ մի քանի օր կրակոցներ չեն լսվում, զարմացած իրար ենք նայում. «Էս ի՞նչ է պատահել մեր հարևաններին»…
…Ադրբեջանաբնակ-ադրբեջանապատկան Ղուշչի Այրում և Մազամ բնակավայրերը մեր ձեռքին էին, Ղազախը խուճապահար դատարկվել էր, և այն մերը դարձնելը միայն ցանկության խնդիր էր, բայց այդ հաղթական պահին կարծես պաղ ջուր մաղեցին գլխներիս՝ Վազգեն Սարգսյանի կողմից բոլոր ջոկատներին դիրքերը թողնելու և անհապաղ նահանջելու հրաման եկավ… Զարմանալի նմանությամբ գրեթե նույնը եղավ անցյալ տարի Թալիշում, երբ հանկարծահաս հրամանով կասեցվեց մեր բանակի ջախջախիչ առաջխաղացումը: Ու դարձյալ, ինչպես պարզվեց հետո, Մոսկվայի խաղերն էին… Այսօր ես փորձում եմ կռահել, թե ինչու են վերջերս շարունակ խոսում «գրավյալ» հինգ շրջաններ վերադարձնելու մասին: Սա ևս, անշուշտ, Մոսկվայի մատի գործն է: Նա հրաշալի գիտի, որ արյան գնով իր պատմական տարածքները վերադարձրած հայ ժողովուրդը երբեք չի համաձայնի այն կրկին կորցնել, ոտքի կկանգնի, և այս անգամ շատ ավելի մեծաչափ վերադարձված տարածքներ կունենանք, և այդ դեպքում Մոսկվան ազերիներին կասի. «Ես տվեցի, բայց դուք չկարողացաք ստանալ, այլևս ինչ անեմ…»:
Մի՛ տարակուսեք, Մոսկվան միշտ էլ անկռահելի է, և դարձյալ ու դարձյալ Արցախի հարցը կմնա առկախ, ու պատերազմն էլ կշարունակվի 5 տարի… 10 տարի… կամ 30, և մենք էլ երևի թե վերջապես «խելքի կգանք», մարդավարի կվախենանք, կզգուշանանք մեր կյանքի համար և ազգովի կտեղափոխվենք ապահով երկրներ և արդեն բոլորիս համար միևնույն կլինի ապրել կամ մեռնելը… Սա մեզ բթացնելու, մանկուրտ դարձնելու մտածված, հետևողական ու հրեշավոր ծրագիր չէ՞ արդյոք, մանավանդ որ սահմանակող ապրողներս, ամեն օր պայթյուններ ու կրակոցներ լսողներս, արդեն վաղո՜ւց այլ կերպ ենք ընկալում և հասկանում վախը, ապրելը, կյանքն ու աշխարհը… Խենթանալու փաստ չէ՞ արդյոք, երբ գնդակոծվող փողոցով քայլում է դեռատի մայրը երեխայի ձեռքից բռնած, մյուսն էլ գրկին ու շուրջը չի նայում: Ինչո՞ւ նայի կամ ո՞ւմ… Նա վաղուց հասկացել է ու գիտի, որ իր երկրում իրեն տեսնող ու իր մասին մտածող չկա: Ես արդեն չեմ ուզում, արդեն հոգնել եմ ու չեմ ուզում, որ իմ երեխաները, թոռներս նույնպես մի ամբողջ կյանք ապրեն մահերգի դիվային մեղեդու ներքո, մինչդեռ մանկապարտեզ հաճախող Դավիթ թոռնիկս կրկին ու կրկին կրակոցներ լսելով, ասում է.
– Պապի՛կ, ավտոմատդ կտա՞ս, ես գնամ կռվեմ…
Ես հաճախ եմ հանդիպում ու զրուցում այստեղ տեղակայված զորամասի հրամանատարների ու սպաների հետ: Ռազմական գաղտնիք չէ, ասում են, և բոլորս տեսնում ենք, որ թուրքի ամեն մի կրակոցին համարժեք ու դեռ մի բան էլ ավելի պատասխան է տրվում: Գիտեմ, որ փորձառու հրամանատարներ են և նրանց համար գլխներիս փորձանք դարձած այդ բլուրների կրակակետերի հարցը վերջնականապես լուծելը ժամերի խնդիր է, սակայն դրա համար հրաման պետք է, հրաման «վերևից»… Իսկ ինչո՞ւ այսքան տարի չի տրվում այդ հրամանը , ինչո՞ւ մեր բանակը միշտ պետք է «համարժեք պատասխան տվողի» և ոչ թե «ՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՀԱՆՋՈՂԻ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՈՂԻ» դերում լինի: Այս տարիքում անգամ «ձեռքերս քոր են գալիս», գիտեմ, որ իմ հրամանատար ընկերները, իմ զինվոր ախպերիկներն էլ սպասում են ու ԿԱՐՈՂ ԵՆ… Չէ՛, պատերազմի կոչ չեմ անում, չնայած դա էլ սխալ չէր լինի, ինչո՞ւ Ալիևին կարելի է, իսկ ինձ՝ ոչ: Պարզապես արդեն շատ ու շատ է կրկնվում ու շահարկվում «մեզ պարտադրված պատերազմ» մտածողությունը… Այսօր հաշվի են նստում հզոր բանակ և հզոր դիվանագիտություն ունեցող երկրների հետ: Եթե մեր բանակը աշխարհի հզորներից չէ, բայց հաստատ ուժեղ է, ապա դիվանագիտությունը պետք է երկու ոտքով կաղերի ու հաշմանդամների մեջ որոնենք, թե չէ ինչ է նշանակում 30 տարում չկարողանալ «ապացուցել» բացահայտ պատմական ճշմարտությունը, ու դեռ աշխարհն էլ կասկածի. «Կարո՞ղ է էս հայերն իսկապես թափառական եկվորներ են, ու Երևանն էլ թուրքերի բազարն է…»: Չէ՛, չեղավ, այսպիսի դիվանագիտությամբ հնարավոր չէ ոչնչի հասնել, ուրեմն պետք է գործի դնենք այն, ինչից եթե ոչ հզոր, ապա հաստատ ուժեղ ենք, գործի դնենք, համոզված լինելով, որ.
– Պատերազմում միշտ չէ, որ հաղթում է նա, ով սկսում է, այլ՝ նա, ով ԱՎԱՐՏՈՒՄ Է: