ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿՈՒ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՍՑԵՆ / Լևոն Բլբուլյան

Վլադիմիր ՎիսոցկիՎլադիմիր Վիսոցկու՝ մեծ արտիստի ու երգչի, երգահանի ու բանաստեղծի հայաստանյան երկրպագուները այսուհետ նրան «այցելելու» որոշակի հասցե կունենան, իրենց սերն ու հավատարմությունը նրա հանդեպ արտահայտելու, այնտեղ իրենց սիրած երգերն ու բանաստեղծությունները հնչեցնելու գեղեցիկ հնարավորություն: Հունիսի 6-ին Կասկադի հարևանությամբ գտնվող «Մելոման» ակումբի շենքի ճակատամասում տեղադրված նրա բրոնզե հարթաքանդակի հանդիսավոր բացումն էր:
Սկսելով արարողությունը՝ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը բարձր գնահատեց «Վլադիմիր Վիսոցկին և ժամանակակիցները» նախագծի ղեկավար Յուրի Կայդայի՝ շուրջ 3 տարիների աշխատանքը և հավելեց, որ արդյունքը հրաշալի է:
Իսկ Յու. Կայդան Երևանում «Վիսոցկու հասցեն» ունենալու իրենց ցանկությունն ու որոշումը բացատրեց նախ նրանով, որ շատ են Վիսոցկու հայկական առնչությունները. նա շատ կապված է եղել հայուհի խորթ մոր հետ, կարևորել նրա դերը իր կյանքում, նաև բավականին հայ ընկերներ է ունեցել, բարեկամական հարաբերությունների մեջ եղել Լեոնիդ Ենգիբարովի, Սերգեյ Փարաջանովի, Ռուբեն Սահինյանի հետ, 1970-ին մտերիմ ընկերոջ՝ Դավիթ Կարապետյանի հետ ավտոմեքենայով ուղևորություն կատարել դեպի Հայաստան, մի քանի համերգ-հանդիպում ունեցել Երևանում…
Բանաստեղծ, թարգմանիչ Լևոն Բլբուլյանը, ով առաջինն է Վիսոցկուն ներկայացրել հայ ընթերցողներին, իր թարգմանությամբ տպագրել նրա հատորյակը (նաև Մարինա Վլադիի գիրքը՝ լեգենդար իր ամուսնու մասին), նշեց, որ բազմիցս վկա է եղել, ինչպիսի՜ հաճույքով ու վարպետությամբ են տարբեր սերնդի հայ հեղինակ-կատարողներ ներկայացնում Վիսոցկու այնքան անշփոթելի երգերը, որոնց ուժն ու գեղեցկությունն առաջին հերթին ասելիքով, բանաստեղծական տպավորիչ խոսքով է պայմանավորված: Նա խոսքն ավարտեց Վիսոցկուն նվիրված իր բանաստեղծության ընթերցմամբ:
Քանդակագործ Սամվել Ղազարյանը ևս բոլորին շնորհավորելով գեղեցիկ նվերի առթիվ, արժանին մատուցելով նախաձեռնության բոլոր հեղինակներին, մասնավորապես բարձր գնահատեց հարթաքանդակի հեղինակի՝ լատիշ անվանի քանդակագործ Յանիս Ստրուպիլիսի աշխատանքը: Հարթաքանդակը շրջանաձև է, տրամագծով զարդարված Վ. Վիսոցկու անվանի ժամանակակիցների, այդ թվում և Արմեն Ջիգարխանյանի բնօրինակ ինքնագրով: Կա նաև տիեզերագնաց, ԽՍՀՄ կրկնակի հերոս Վիկտոր Սավինիխի ստորագրությունը, ում էլ պատիվ էր տրվել իջեցնելու հարթաքանդակը ծածկող սավանը:
Հարթաքանդակի բացման արարողությունից հետո «Գաֆեսճյան» քանդակների պարտեզում մինչև ուշ երեկո հնչում էին Վլադիմիր Վիսոցկու երգերն ու բանաստեղծությունները:

ՎԻՍՈՑԿՈՒ ՁԱՅՆԸ

Ցավի մռո՜ւնչ է ու ցասման պոռթկո՜ւմ,
Կո՜չ է ձայնն այս թեժ, կա՜նչ ու ահազա՜նգ,
Ալեկոծ հոգու անտես բռնկո՜ւմ
Ու մաքրագործող աննյութ մի կրա՜կ:

Բախվում անզիջում, զարկում է անվերջ
Սուտ ու կեղծիքի անարգ պատերին
Ու արձագանքվում բյուր սրտերի մեջ`
Ոնց ճշմարտության, արդարության հիմն:

Բյուր հոգիներում ջնջում անխնա
Վախ ու քսության բացիլներ անթիվ,
Պղտոր մշուշն է ցրում հլության,
Դուրս քշում մթին ստվերներ խռիվ…

Տերն հեռացել է, բայց կա՜ ձայնը դեռ,
Ապրո՜ւմ է նրա բառերի կյանքով,
Ու պետք է դեռ մեզ ձայնը այս զորեղ`
Կրակված նրա խռով խոսքերով:

Պե՜տք է, քանզի մենք խաբված ենք
դարձյալ.
Ձիով է վարգում դեռ սուտն ամենուր,
Իսկ ճշմարտությունն` անտուն ու թափառ,
Դեգերում է մերկ` ընկած դռնեդուռ:

Եվ ասես պրկվում, պոռթկում նոր ուժով,
Հնչում է ձայնն այս ոնց հանուր բողոք.
«Ո՜չ, դեռ ամենն այս բանի նման չէ,
Ու ա՜յն չէ, ա՜յն չէ դեռևս ոչ ոք»:

Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։