Մի քանի օր առաջ ԵԽԽՎ-ն հրապարակեց իր բանաձևը, որն Ադրբեջանին ուղղորդում էր ապահովելու Լաչինի միջանցքի ազատ և անվտանգ երկկողմանի երթևեկը: Սա հիմնականն էր:
Եվ ահա այդ քննարկմանը զուգահեռ ու հետո ադրբեջանցի զինուժը բետոնե պատնեշներ է դնում Լաչինի միջանցքի մուտքի դեմ:
Սա նշանակում է՝ առը քեզ ԵԽԽՎ և, հընթացս, Ռուսաստանի խաղաղապահներ:
Լեռնային Ղարաբաղը լրիվ կտրվել է աշխարհից: Խաղաղապահներն էլ իրենց հացը պիտի փնտրեն՝ խնդրելով ադրբեջանցիներին:
Միջազգային կարմիր խաչն էլ ամոթից ավելի է կարմրել. քանի՜ շաբաթ չի կարողանում մուտք գործել միջանցք: Բաքվում հանդիպել են ղեկավարությանը: Տեսնենք՝ ինչ հետևանք կունենա: Վերջապես միջազգային բարձր կառույցները՝ ՄԱԿ, ԵՄ, ԵԽԽՎ, Խաղաղապահ ռուսական ուժեր ու նոյեմբերի 9-ի հուշագրի կողմերից երկուսը կըմբռնեն, որ Ալիևը թքած ունի բանաձևերի, կոչերի, հորդորների վրա, նրանը, ինչպես հայտարարում է՝ ուժն է, ուժի միջոցով իր իրավունքները պարտադրելը: Ուժ ասելով՝ հասկանանք Թուրքիա, Պակիստան, Իսրայել, Անգլիա, ԱՄՆ, Ռուսաստան, Ուկրաինա և այլն, որպես թիկունք ու գործակից, իբրև նրանց միջև խաղարկելու դիվանագիտական, տնտեսական, բանկային, զինական առևտրի լայն հնարավորությունների դաշտ:
Նա սիրով դառնում է զենք տարբեր ծրագրերի համար, ի թիվս այլոց՝ հակաիրանական, հակահայկական, որոշակի հակառուսական և վերջում, երևի պարզվի՝ հակաչինական: Գրողիս երևակայությունը ուր ասես կտանի:
Մեր հեռու և մոտ բարեկամները, առավելապես արդարասերները, բավարարվում են դատավճիռներով, բանաձևերով, կոչերով, հորդորներով, մինչդեռ, ինչպես ասվեց՝ Ալիևը թքած ունի դրանց վրա: Նա, հատկապես վերջերս, բառերը հակառակ իմաստով է հասկանում. խաղաղությունը՝ պատերազմ, ազատ և անվտանգը՝ արգելանք ու սպառնալիք: Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսությունը՝ բանտերով վախեցնելը, գազից և էներգիայից զրկելը: Վերջերս էլ հայտարարեց, թե տարածաշրջանում հասունանում է լարվածության վտանգ, և դա՝ Հայաստանի կողմից: Սա էլ նա հասկանում է և հայտարարում՝ զինվել ու պատրաստվել ուժի դիրքերից իրագործել իր նպատակները, այսինքն՝ հարձակվել Հայաստանի վրա, մանավանդ հայտարարեց, որ իրենք Հայաստանում գրավել են բարձր ստրատեգիական դիրքեր:
Համոզված եմ՝ ՀԱՊԿ-ը սա կընդունի ի գիտություն: Մարիա Զախարովան էլ Ռուսաստանի ԱԳՆ-ից կհայտարարի՝ դելիմիտացիա չկա, սահման չկա… ԱՄՆ-ի սենատորներն էլ պահանջում են չեղարկել Ադրբեջանին օժանդակելու 907 բանաձևը:
Չեմ կարծում, որ նրանք միամիտ են… ոչ մի պատժամիջոց չի հետևի: Ադրբեջանը լավ զենք է ոմանց պետական բարձր, հեռագնա ծրագրերում: Այս մասին ոչ միայն նվաստս է ասում:
Մենք ինչպե՞ս ենք հասկանում բառերը: Խաղաղություն ասելով՝ հասկանում ենք իսկական խաղաղություն, բարեկամ ասելով՝ հասկանում ենք եղբայրություն, և երբ հիասթափվում ենք, փնտրում ենք նոր բարեկամներ, որոնք կխոստանան եղբայրություն:
Արցախի Հանրապետության և Ադրբեջանի երկխոսություն ասելով՝ հասկանում ենք երկխոսություն որևէ երաշխավորի ներկայությամբ, սակայն դեռ չկա այդ երաշխավորը, և հարց է՝ կլինի՞, ախր Ալիևը սահմանը փակել է բոլոր նման փորձագետների, բոլոր ներկայացուցիչների և այլ իրավագետների, մարդասերների ու բնասերների առջև: Էլի ասենք՝ թքած ունի:
Իսկ դելիմիտացիան և դեմարկացիան իրագործելու ճամփան առանց երաշխավորների և միջազգային հանձնախմբի՝ անվերջ պատերազմների բույն է: Ալիևի մտքում սա ինքնահաստատման հրաշալի հնարավորություն է: Համաշխարհային քաղաքական մարմինը քիչ-քիչ պինդ վիճակից վերածվում է հեղուկի: Սրանից ջրհեղեղ կսարքվի՞, թե՞ չէ: Աշխարհի որոշ գլխավոր դեմքեր կարծես չե՞ն ընկալում իրենց քայլերի ճակատագրական հետևանքները:
Փոքրիկ բռնակալներն էլ, ինչպես Ալիևը, իրենց թուրն են ճոճում, իրենց երևակայելով Չինգիզ Խան կամ Լենկ Թեմուր: Ահա թե ինչ փորձանքներ են բերում բառերի կամայական, հակառակ ընկալումները: Եթե մեր ղեկավարները սա հաշվի չառնեն, դեռ շատ փորձությունների առջև կկանգնեն և՛ իրենք, և՛ մենք: Յուրաքանչյուր բառի արժեքը շատ ծանրակշիռ է այժմ աշխարհում, մեր տարածաշրջանում և Հայաստանում: Ալիևին դրական է թվացել իրենց երկրի տարածքի չափի մասին ՀՀ վարչապետի խոսքը, բայց նա մեր երկրի տարածքի մասին չի արտահայտվել: Գրաված հողերն ու դիրքերը ինչպե՞ս ետ կտա: Սահման ասելով՝ նա հասկանում է առաձգական. իրենցը՝ մեծացող, մերը՝ հակառակը:
Եվրոպական մեծավոր Շառլ Միշելի հետ հանդիպումներից հետո մեր ղեկավարները ազնվորեն խոստանում են կատարել պայմանավորվածությունները, իսկ ադրբեջանցին հրամայում է կրակել Հայաստանի և Արցախի սահմանների վրա, և չենք լսում պարոն Միշելի գոնե վիրավորված տոնով խնդրանք-հորդորը Ալիևին: Իսկ մեկ այլ մեծավոր՝ Ժոզեպ Բորելը, այնքան է անկեղծ, որ խոստովանում է՝ ոչ մի պատժամիջոց չեն կարող իրականացնել Ադրբեջանի նկատմամբ:
Ախր նա պատժամիջոցների հաշվեկշիռը քամում է և նետում Ռուսաստանի վրա: Նա էլ «պատժամիջոց» բառը հասկանում է երկակի ստանդարտների շրջանակում: Հո սուտ չի՞ խոսի: Թեպետ ստախոսությունը տարածվում է աղետալի արագությամբ:
Մենք՝ գրողներս, բառի արտաքին, ենթատեքստային, բազմիմաստության շերտեր ընկալողներից ենք և զգում ենք՝ ժամանակն է և անհրաժեշտ ներհայկական քաղաքական խոսույթի համադրում, վերլուծություն, իշխանական լեզվամտածողության հստակ ձևակերպումներ, որ չենթարկվեն մեր դեմ հնարավոր խոստում-թակարդների: Ընդհանուր հայության խոսքն՝ ընդդեմ ծառացող ալիևյան խելահեղ նպատակների, մի ամերիկացի փորձագետ նրան համեմատել էր Սադամ Հուսեյնի հետ: ԵԽԽՎ-ում էլ նշվեց, որ նա ոչ համահունչ է եվրոպական աշխարհընկալմանը: Առայժմ՝ անարդյունք, անպատիժ: Դիվանագիտորեն, որպես խաղ, բետոնե պատնեշները հանեցին միայն հիվանդների համար, իսկ առողջների՞:
Մենք բոլորս՝ ՀՀ, Սփյուռք, Արցախ, պիտի ասենք մեր խոսքը հզոր պետություններին, նրանց դերն ու երկերեսանի խաղերը ծեփելով անտարբեր դեմքերին, իշխանավորները դիվանագիտության կոշտ ու փափուկ ոճերով ու համառությամբ, հարկ է, մշտապես լոկ չպաշտպանվեն, ադրբեջանական սադրանքներին պատասխանելով նվազ տոնայնությամբ, այլ մեկ անգամ բարձրաձայն ասվի՝ ստի, ոճիրի, բռնակալության երկիրը չի կարող լինել երկխոսող, չի լինի մարդասեր ու իրավունքների պաշտպան, եթե նա «ձեռք է տալիս» հզոր մի քանի երկրի, թող այդ երկրների տերերը ալիևյան թուքը համարեն անձրև:
Թող ներեն գրողիս ոչ դիվանագիտական խոսույթը:
Հիմա էլ ԱՄՆ-ի կոնգրեսում քննարկվում է մարդու իրավունքների վիճակը Լեռնային Ղարաբաղում, Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն է: Սպասենք արդյունքների, այլապես այսպիսի հանդիպումները մինչ այժմ հաց ու ջուր չեն տվել արցախցիներին: Հավատանք «հավատ» բառի իրական ուժին:
Հ.Գ. Երեկ ԱՄՆ-ում պետքարտուղար Բլինքենը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին և որպես այդ հանդիպման արժանի պատասխան՝ Բաքուն ԱԹՍ-ներով ռմբակոծել է Արցախի դիրքերը. չորս զոհ հայ դիրքապահներից:
Ահա ալիևյան բանակցային մեթոդը, և նորից հայտնի «Մեր պատասխանը Չեմբեռլենին» արտահայտության ձևափոխումը՝ «Մեր պատասխանը Բլինքենին»՝ արհամարհական քամահրանքով: Ահա այսպիսի քաղաքակիրթ երկխոսություն ԱԹՍ-ներով: