Վերջին երկու տարեմուտները մեզ ուրախություն չեն բերում: Մենք հայտնվեցինք մի իրավիճակում, երբ անգամ մեր պետության հետագա գոյությունը հարցականի տակ են առնում: Մեր հին, ուրախ տոնական երգը՝ «Լցրեք, ընկերներ, բաժակները լի», այսօր մեր տրամադրություններին չի համապատասխանում:
Այս փոքրիկ խոսքը վերլուծությունների համար չէ: Ես ընդամենը մի բան եմ ուզում արձանագրել, որը գոնե ինձ համար ամենացավալի իրողություններից մեկն է կամ ամենացավալին մեր այսօրվա կյանքում՝ մեր հասարակության պառակտվածությունը: Կարևոր չէ, թե պատնեշի այս կողմում քանի մարդ է, այն կողմում՝ քանի: Այդ մասին կխոսեն քաղաքական վերլուծաբանները: Բայց ամեն անգամ, երբ կարդում կամ լսում եմ ատելությամբ կամ չարախնդությամբ լի մեկնաբանությունները մեր հանրապետության կյանքի այս կամ այն իրադարձության մասին, ես ինձ զգում եմ ճնշված և գրեթե հուսահատված: Մի՞թե այս պահին, երբ հարևաններն ատամ են սրում Հայաստանը պատառ-պատառ անելու համար և իրենց մտադրությունները չեն էլ թաքցնում, Հայաստանի ներսում մենք պետք է վկա լինենք այս ամոթալի հարայ-հրոցին: Մեզ ամեն օր համոզում են, որ մեր պետությունը ահա-ահա կքանդվի, եթե այս կամ այն ուժը իշխանության լինի կամ իշխանության գա, կամ որ Հայաստանը «կթուրքանա» և այլն, և այլն: Մի՞թե այդպես են փրկում երկիրը… Եվ նորից մեր հայրենակիցների, դժբախտաբար, բավական ստվար մի զանգվածը փրկություն է փնտրում Ամերիկայում կամ Ռուսաստանում, մանավանդ մենք շատ հակված ենք դրան՝ ժամանակին պատսպարվել ապահով երկրներում, հետո այնտեղից հայրենասիրական ճառեր ասել, մեզ խրատներ կարդալ և այլն, և այլն: Բայց այդ է մեր իրականությունը:
Ես հավատում եմ, որ մեր պետականությունը չենք կորցնի, որ Սյունիքը Հայաստան է եղել ու Հայաստան էլ կմնա, որ Արցախի հայությունը, մեզ հետ միասին, կգտնի իր գոյության ճիշտ ձևը: Բայց դրա համար մենք գոնե պետք է փորձենք միասնական լինել, վերջ տալ այդ հայհոյանքներին ու սպառնալիքներին, եթե պետք է քննադատել, ապա քննադատել փրկելու և ոչ թե կործանելու համար: