Որ հարևան թշնամական պետության ղեկավարը ավարտված ցինիկ է, վաղուց գիտեինք: Բայց որ բառիս ուղիղ իմաստով խելապակաս է նաև, եկավ վկայելու աշնանային այս պատերազմը: Տարրական տրամաբանությունից զուրկ այս երկոտանին, փորձելով հիմարացնել աշխարհին, հայկական կողմին է մեղադրում նախահարձակ լինելու մեջ, առանց պահ իսկ մտածելու, թե Արցախի ինչի՞ն է պետք պատերազմ սկսել մարդկային ռեսուրսով և սպառազինությամբ իրեն բազմապատիկ գերազանցող երկրի դեմ: Իսկ ի՞նչ աստիճանի ամբարտավան պիտի լինել՝ պատերազմում սիրիացի վարձկանների անառարկելի մասնակցության մասին նախագահ Մակրոնի արած հայտարարության դիմաց Ֆրանսիայից ներողություն պահանջելու համար: Կա՞ ավելի մեծ դժբախտություն մի երկրի համար, որի նավթադոլարների փայլից կուրացած ղեկավարի համար գրոշի արժեք չունի մարդկային կյանքը: Հատկապես երբ խոսքը վերաբերում է երկրի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, որ զենքի սպառնալիքով մսաղաց նետվածների ճնշող մեծամասնությունն են կազմում: Այս պատերազմը մեր չդատապարտված Ցեղասպանության, չպատժված սումգայիթների հետևանքն է, որի մեղավորը քաղաքակիրթ աշխարհի կրավորական կեցվածքն է:
Եվ դարձյալ քաղաքակիրթ աշխարհն է «վաստակել» այն լկտի քամահրանքը, որ դրսևորում են Էրդողանն ու Ալիևը հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իր վեհերոտ ու անհասցե հայտարարությունների նկատմամբ: Աշխարհն այդպես էլ չի կարողանում ըմբռնել, որ սրանց հասու չէ տարրական մարդկային հարաբերությունների լեզուն, որ սրանցը լեզուն է ուժի և պարտադրանքի: Ահա այսպես, մեր դարավոր թշնամին ստիպեց մեզ իր հետ խոսել իր իսկ լեզվով: Եվ հազարավոր զոհերի արյունը ծանրացած է միայն և միայն Ադրբեջանի բռնապետի և իր ավագ եղբոր խղճին: Այդ արյան պատասխանը նրանք պետք է տան նախ Ադրբեջանի ժողովրդի առջև և ապա Հաագայի միջազգային դատարանում՝ որպես ռազմական հանցագործներ: Հուսանք, որ հեռու չէ այդ օրը: Իսկ այսօր և հավիտյանս՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման: Հիշենք մեկընդմիշտ՝ հաղթողին չեն դատում:
Շնորհակալություն Կարինե Խոդիկյանին՝ հրաշալի հոդվածներով <> այս համարը հանրությանը ներկայացնելու համար։ Հաղթելու ենք: