«ԳԵՂԵՑԻԿ ՄԻ ԳՅՈՒՏ…» / Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

(Զորայր Խալափյան, «Արա Գեղեցիկ և Շամիրամ»)

«…Ինչո՛ւ հայ ժողովուրդը Շամիրամին սիրեց այնքան, որ իր առասպելներում պահեց նրան հազարամյակներ, հավերժացնելով նրա անունը շատ տեղանուններում, զորօրինակ՝ Շամիրամի գյուղ, որ կանգուն է մինչև այսօր, Շամիրամի լեռնագագաթ, որ Արա լեռան հարևանության մեջ է, անգամ մինչև օրս գործող Մենուա արքայի հազարամյա ջրանցքը վերանվանվեց Շամիրամի ջրանցք, և այժմ իսկ ամեն հայ գեղջուկ գիտի, որ դա Շամիրամի բազում բարեգործություններից մեկն է Հայաստանին՝ հանուն իր մեծ սիրո՝ մեր արքային, և որ այդ ջուրը ա՛յն ջուրն է, նրա մեծ սիրո իր բաժինը՝ երեք հազար տարի անց»,- «Արա Գեղեցիկ և Շամիրամ» սիրավեպը ամփոփող վերջընթեր էջերում ասում է Զորայր Խալափյանը։

Ընթերցողին ուղղված խոսքում հեղինակը նշում է. «Քո ձեռքին է Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմաէրոտիկ սիրավեպը։ Ընթերցելով՝ շատ նորություններ կիմանաս սիրո մասին. ինչպես սերն առաջին անգամ աշխարհ եկավ ու որպես երկնային կրակ երկիր նետվելով՝ այդ պահից սկսվեց սիրո դարաշրջանը պատմության մեջ… Կիմանաս՝ ինչպես ծնվեց սիրո առաջին համբույրը, որը գեղեցիկ մի գյուտ էր տղամարդ ու կին հազարամյա փոխհարաբերության մեջ, և այլն»։

Ինչպես և տրամադրում է նախախոսքը, գրքի էջերում գրողը իսկապես ամենայն ճշգրտությամբ, եթե կարելի է այդպես անվանել, բերում է նշված նյութի վերաբերյալ իր ուսումնասիրությունը՝ հենվելով իրական աղբյուրների, առասպելական հսկայածավալ նյութի և, իհարկե, գրողական անկրկնելի երևակայության վրա։ Իսկ արդյունքը բացառիկ այս գործն է, որն ամեն անգամ ընթերցելիս այլ էջ ես բացում, և կարծում ենք՝ ամենևին էլ պատահական չէ, որ վերատպության[1] համար ընտրված գործերից մեկը հենց այս վեպն է։

Եվ ինչո՞ւ Շամիրամ, Կլեոպատրա, Նեֆերտիտի՝ երեք նշանավոր, տարբեր աշխարհներից գրողի կողմից ընտրվում է Շամիրամը։ Պատասխանը, կարծում ենք, պայմանավորված է եղել կանացի սիրո այդպիսի՝ միայն շամիրամական դրսևորման հանդեպ գրողական հետաքրքրությամբ ու նույնքան հետաքրքիր մեկնությամբ։ Իսկ քննությունը միաժամանակ երկկողմանի բնույթ է կրում. ինչպիսի՞ն կարող է լինել սիրող այրը, և ինչպիսի՞ն կարող է լինել սիրող կինը, անգամ այն պարագայում, երբ դեռևս մարդկությանն անհայտ են սեր, համբույր բառերը իրենց իմաստներով։ Սերն այն անհագ ծարավն է, երբ չի կարողանում հագեցնել այրը՝ ինչպես մի կաթիլ ջրի կարիքը՝ անապատում, ասել է՝ «կինը ջուր է, ջուրը՝ կին»։ «Բայց ասում է՝ սիրո մեջ մարդիկ անցան աստվածներից, զգացին, որ սերը խտացնում է կյանքի իմաստը»։ Բավական է միայն գրողի այս խոսքերը արժևորել այն ժամանակի համար, երբ «…բացակայում էր մարդու արժեքի գիտակցությունը»։ Եվ ահա «քաղաքակրթությունը ոտք է դրել մեկ այլ դարաշրջան. հայտնագործվել է համբույրը՝ որպես սիրո առհավատչյա»։

«Երկու երկինքների պատրանքների պես Շամիրամը անիրական էր»,- ասում է հեղինակը։ Իսկ ի՞նչ կարող է լինել տղամարդու և կնոջ միջև։ Ըստ այդ նույն ժամանակաշրջանի մտածողության, բնականաբար, դեռևս անանուն՝ մի զգացողություն, որի անունն է… «դիվահարություն, որից տղամարդիկ կորցնում են գլուխը, առանց պատճառի տխրում և առանց պատճառի ծիծաղում ու լաց լինում»։ Ասել է՝ «Շամիրամը դիվահարություն է բերել աշխարհ»։

Մի կողմից՝ գրողի հումորի զուսպ, նրբին զգացումն է, ինչ խոսք, կրկին ամբողջությամբ ընկալվելով ժամանակի կոլորիտային ներկապնակի նրբերանգներում։ Սերն ու խանդը, ցավն ու երջանկությունը, մահն ու սերն անգամ, որ նույնանում են բոլոր ժամանակներում, բայց կարևորը՝ «սիրելիս» թվում է՝ ամենա-ամենա բառը բոլոր սիրող մարդկանց համար այս դեպքում ճիշտ հակառակը՝ ոչինչ չնշանակող, դատարկ ու սին է, որ կարող են գործածել միմյանց ընդհանրապես չսիրող մարդիկ։ Չէ՞ որ սերը մշտագո ծարավն է անապատում, որ երբեք չի հագենում, կամ հագուրդ ստանալ կարող են ոչ բոլորը։ Իսկ ինչպե՞ս է ընկալում սերը ինքը՝ մեր պատմիչի սիրո աստվածուհին։ Որքան էլ զարմանալի թվա՝ սեր չկա. սուտ է։ Բայց սա մինչև այն պահը, քանի դեռ նա չի ճանաչում իսկական սերը, որովհետև ի՞նչ արժեք ունի, թե կնոջը քանի հոգի կարող են խենթ ու մահու չափ սիրել, եթե միայն ինքը՝ կինը, եթե անգամ աստվածուհի չէ, այլ սովորական մահկանացու, չի զգացել սեր ինչ-որ մեկի հանդեպ։ «Ես կարող եմ սիրել օձին, միայն թե ճաշակեմ ինչ է սերը»,- նրա՝ Շամիրամ-կնոջ խոսքերն են։ Եվ մեկ այլ արտահայտությամբ «Մահ կամ սեր։ Բայց դա նույնն է»։ Եվ վերջապես սիրո բանաձևը՝ «Ես երջանիկ եմ, որ դժբախտ եմ, և դժբախտ եմ, որ երջանիկ եմ։ Եվ դա սերն է»։

Որքան էլ զարմանալի չէ, խալափյանական համոզմունքը կամա թե ակամա գալիս է ծածկելու մինչև այժմ շամիրամական սիրո հանդեպ ունեցած վերաբերմունքը, այն է՝ Շամիրամը Արայի հանդեպ տածում էր մեծ սեր, գուցե բոլոր կանացի և աստվածուհիների սերերից ամենատաքը և ամենաիրականը. սա երևում է հեղինակի բոլոր տողերում, և ամենևին էլ մեծ ջանքեր պետք չեն դրան հանգելու համար։ Գուցե աստվածներն ու աստվածուհիները սիրում են իրական ու ամենաառասպելական սիրով, սակայն փաստը մեկն է. այս գրքով նորովի են բացահայտվում թե՛ զգացմունքները, թե՛ դրանց դրսևորման ձևերը։

Առասպելական է այստեղ ամեն-ամեն ինչ, ինչպես ինքը՝ ամբողջ պատումը։ Գործի շունչը, ոգին, ընթերցելու ռիթմը, ամեն ինչ ծորում է սովորական-արտասովոր մի առասպելից՝ 20-րդ դարի արձակագրի ձեռամբ։ Սիրո, առաջին համբույրի, խանդի ու ատելության մասին՝ ժամանակին համահունչ՝ իր բառապաշարով, ոսկերչական մշակվածությամբ, արժանավայել լեզվամթերքով։ Այնպես որ, փոքր-ինչ անզգուշության դեպքում հրաշալիորեն կարելի է կորցնել հավասարակշռությունը, ժամանակի ու տարածության ֆիզիկական զգացողությունը և հայտնվել ասորական ժամանակներում, ճանաչել աստվածներին՝ լինի լուսնի խավարման թե լուսաբացի, մուժ ու մշուշի թե պարզապես ամենակատարյալ միրաժի մեջ։

Բայց և՝ վեր այդ ամենից՝ Հայոց աշխարհի նկարագրությունը, իբրև հակադրություն Աշուրիի, հայկական գույների հրաշալի մեկնաբանությունը, ընդհանրապես գույնի զգացողությունը՝ իսկական հայկական բնանկարի։ Հայի՝ հայ հողին կապվածությունը՝ առաջին հերթին էներգետիկ զգացողությամբ, ինչը հատուկ է հայոց պատմությանն ու գրականության էջերին։ Մյուս կողմից՝ հայ ժողովրդի պատմականության երբեք չվերացող գենետիկ հիշողությունը, վեհացումը. գրողաբար, հայրենի երկիրը հայի՝ հող ու ջրից մինչև մշտական հաղթանակներն ու երբեք չպարտվելը, ինչը ամենակարևորն է բոլոր ժամանակների համար և այսօր՝ մեզ համար։

 

Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Բան. գիտ. թեկնածու, դոցենտ

[1]. Զ. Խալափյանի երկու ստեղծագործությունները՝ հայ բանա­հա­վաք­ների մասին պատմող «Մեռնող հառնող» վեպը և «Արա Գեղեցիկ և Շամիրամ» սիրավեպը, 2021 թվականին տպագրվեցին առանձին՝ մեկ գրքով։

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։