«ՇԻՐԱԶ ՆԱՄԵՆ» ՈՐՊԵՍ ՉԱՓԱԾՈ ՎԵՊԻ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

21-րդ դարի հայ գրականությունը փոքր-կամերային ձևերի, գեղարվեստական փորձարարության գրականությունն է, որում ինչպես գիտակցական հոսքը, այնպես էլ համադրականությունը, աբստրահարումն ու բանաստեղծական մետաֆորի փոխարկումը փիլիսոփայականի՝ դառնում են առաջնային ու գլխավոր, ժխտում դիպաշարային ավանդականությունը: Հենց այս պատճառով էլ գեղարվեստական արձակում տեղի է ունենում վեպի շրջափոխությունը, գեղարվեստական-գեղագիտական մետամորֆոզը կազմաքանդում է վեպի մասին ձևավորված շատ պատկերացումներ, իսկ չափածոյի տիրույթում ձևավորվում է բանաստեղծություն-պոեմ ֆենոմենը՝ էվոլյուցիան տիրապետող դարձնելով նաև պոեմի ժանրում:
Այս կերպարանափոխությունների, ձևակառուցվածքային հայտնությունների ու հաստատումների խորապատկերին անսպասելիորեն հայտնվել է բանաստեղծ Վազգեն Առաքելյանի «Շիրազ Նամե» չափածո վեպը՝ յուրովի հակադրության մեջ մտնելով արդի չափածոյի հետ, առաջ մղելով ավանդական բանաստեղծությունն ու պոեմ-վեպի մասին ձևավորված ընկալումները: Արդյո՞ք անաքրոնիզմ չէ այս ստեղծագործության հայտնությունը, արդյո՞ք հակասություն, պայքար չկա ժամանակի ձևավորած գեղարվեստական ձևերի ու սույն ստեղծագործության միջև: Արտաքուստ՝ այո, քանզի մի քանի հազար տող ընդգրկող կենսագրական վիպասքը ինքնահատուկ վերադարձ է դասական բանաստեղծությանն ու դասական պոեմին՝ անգամ տեղ-տեղ մերձենալով ձոներգությանը: Իսկ ձոնն արդեն հետընթացն է, բանաստեղծության երեկը, որն իր էությամբ պահպանողական է: Ուրեմն, Վազգեն Առաքելյանը հայտնվել է բարդագույն խնդիրների հանգույցում՝ խիզախելով ու համառելով, չվախենալով հին ու ուշացած երևալուց:
«Շիրազ Նամե» չափածո վեպը որքան հարազատ է ժանրի կանոններին ու բնույթին, նույնքան էլ հեռու է, որովհետև այստեղ բացակայում են բազմաֆիգուր-բազմադեմ կերպարային հղացումները, այստեղ չկան վիպականին բնորոշ իրադարձություններ, բախումներ, առերևույթ կոնֆլիկտներ, չնայած առկա է մեծագույն կոնֆլիկտը հերոսի ու ժամանակի, հերոսի և իրականության ու նաև՝ պատմական անարդարության միջև: Դիպաշարային գիծ կամ կոմպոզիցիա ասվածն այստեղ չափազանց պայմանական է, որովհետև իբրև ընդհանրական-պայմանական դիպաշար ընտրելով հերոսի կյանքը, բանաստեղծը ժամանակագրական ընթացքին մեկտեղում է իր խոհերն ու մտորումները, հերոսին տրվող գնահատականները, գալիս դեպի իր ժամանակն ու ժամանակի դիրքերից գնահատում-արժևորում նրան: Ժանրի նորույթն այստեղ է, որովհետև փոխվում է հեղինակային խնդիրը, վիպական ֆաբուլան իր մեջ է ներառնում կոմպոզիցիոն նոր տարրեր, փոխվում է հայացքը վիպական տրամաբանության հանդեպ, գործողությունների ընթացքը, ինչն այնքան անհրաժեշտ է վիպական պատումին, այստեղ զուգակցվում է մտային ընթացքին, խորհրդածությունն է դառնում «ներքին գործողության» ցուցիչը, հեղինակային «հայացքը» դարձնում ոչ միայն «գործող անձ» , այլև ինքնահատուկ դիպաշարն առաջ մղող ուժ:
Ստեղծագործության կենտրոնում Հովհաննես Շիրազն է՝ իր կենսագրությամբ, իր մտքերով, իր տաղանդի հուժկու փայլատակումներով, ընդվզող մտածումներով ու դասերով: Երկրորդ կերպարը, որը դառնում է զրուցակից, տարեգիր ու էպիկական պատումի հորինող, ինքը՝ բանաստեղծն է՝ իր կենսագրության մի ահռելի հատվածով կապակցված Շիրազին, նրանով իմաստացող ու հասունացող: Վազգեն Առաքելյանը ձգտել է թանկ ու նվիրական կերպարը ներկայացնել չափածո վեպում՝ կերպարի մատուցման համար ընտրելով հիշողությունների ու երկխոսությունների սկզբունքը, այդ ամենը պատկերել ազգային ճակատագրի ու ազգային պատմության խորապատկերին: Պատմական մի մեծ ժամանակաշրջան է ընտրում բանաստեղծը, գրեթե ողջ 20-րդ դարը, որը մեզ համար սկսվեց Մեծ Եղեռնով և շարունակվեց Ղարաբաղյան ազատագրական պայքարի ազդականչերով: Հովհաննես Շիրազի ծնունդն այդ ժամանակի մեջ է և այդ ժամանակի հետ, ուստի հեղինակը Շիրազին ներկայացնում է որպես ազգային մեծ ցավի պոռթկումից ծնված այր ու բանաստեղծ, մի նոր Վահագն, որը բոլորից շատ պիտի մորմոքեր ու տառապեր, որի գրականությունը, մաս կազմելով արևելահայ նորագույն գրականությանը՝ մերձենում էր սփյուռքյան գրականության երկու հիմնաճյուղին՝ կարոտի ու կորստի: Մեծ բանաստեղծի մեջ ապրող կարոտի ու կորստի գրգիռներն էլ միավորվել են չափածո վեպում հանդես եկող կերպարներին, դարձել խորհրդանիշ-կերպարներ՝ այսպես նաև առիթ տալով ճանաչելու ոչ միայն բանաստեղծ, այլև մարդ Շիրազին, որի կերպարը Վազգեն Առաքելյանը կերտել է որքան սրդողած երկյուղածությամբ, նույնքան էլ խոշոր վրձնահարվածներով՝ տեղ-տեղ «բնորդի» իրական-վավերական նկարագրից հասնելով մարդ-խորհրդանիշի, մի նոր Նարեկի, որը ցեղասպանության ու ազգի բնաջնջման ցավն էր առել իր ուսերին՝ այդ ցավի անունից ըմբոստանալով, այդ ցավի անունից ստեղծելով իր «Հայոց Դանթեականը», որը Վազգեն Առաքելյանը բազմեցնում է նարեկյան «Մատյանի» կողքին՝ իբրև ազգային պոեմային գրականության գլուխգործոցներից մեկը:
«Շիրազ Նամե» ստեղծագործության հերոսը ներկայանում է չափածո վեպի հեղինակի դիտարկմամբ, նրա հուշերի անդրադարձումներով: Ուրեմն, առաջին հերթին բանաստեղծի խնդիրն է եղել գրեթե ճշգրտությամբ վերականգնել բոլոր արժեքավոր հանդիպումները, շիրազյան դասերը, որոնց հիշատակումը սույն ստեղծագործության մեջ նպատակային են, ծրագրային: Մասնավորաբար հեղինակը, գրեթե արձանագրային ճշգրտությամբ, վերարտադրել է գրականության և արվեստի խնդիրներին տրված շիրազյան գնահատականները, մտորումները, առաջնային դարձրել Շիրազ-Շեքսպիր առնչությունները: Շիրազի ստեղծագործությունների հետազոտման համածիրում չենք հանդիպում այս առնչության քննարկմանը, մինչդեռ գեղարվեստական ստեղծագործության տարածքում Վազգեն Առաքելյանը անչափ կարևորել է այս՝ այսպես ներկայացնելով շեքսպիրյան ստեղծագործությունների շիրազյան ընկալումները: Ուշագրավ մի հանգամանք, ինչպես Վ. Առաքելյանն է արձանագրում, Հովհաննես Շիրազի կյանքում Շեքսպիրը հայտնվել է նրա վաղ պատանության շրջանում, երբ առաջին անգամ դիտել է «Համլետը», հետո՝ «Օթելլոն», և Վերածննդի հանճարը դարձել է նրա մշտական ուղեկիցներից մեկը: Ուստի հեղինակը մեծագույն մանրամասնությամբ ներկայացնում է շեքսպիրյան ստեղծագործությունների շիրազյան մեկնությունները, որոնք թարմ են և ինքնատիպ: Եվ սրանք միանգամայն նոր շերտ են բացում, պարտադրում հատկապես Շիրազի մի շարք պոեմներում տեսնել շեքսպիրյան անդրադարձներ, «Տիգրան Մեծի վիշտը» պոեմում առանձնացնել կերպարաստեղծման այն մեթոդաբանությունը, որը սերտ կապեր ունի շեքսպիրյանի հետ: Ճշգրիտ, վավերական հենք ունեցող պատումներից, հանդիպումների բանաստեղծական արձանագրումներից հեղինակն անցում է կատարում դեպի Բանաստեղծի կերպարին՝ այստեղ արդեն առաջնային դարձնելով գեղարվեստական ընդհանրացման սկզբունքը, Շիրազի կերպարում կենտրոնացնելով Բանաստեղծին ու Քաղաքացուն, հայրենասերին: Հեղինակը, շիրազյան կենսագրության ընթացքին հետամուտ, ներկայացնում է Շիրազի կյանքում Ատրպետի, Ավետիք Իսահակյանի, Վազգեն Առաջինի ունեցած դերն ու նշանակությունը: Սրանք սոսկ կենսագրական ճշգրտությանը միտված մոտեցումներ չեն: Շիրազի ձևավորումն, իբրև անհատականության, իր վրա է կրում այս հզոր անհատների դրոշմը, ուստի Շիրազը կարծես գործում է նաև նրանցից, խորհրդանշում ազգային այն մտավորականությանը, որի համար ազգն ու հայրենիքը մեծագույն արժեքներն են: Շիրազի ազգասիրությանն ու հայրենասիրությանը նվիրված հարյուրավոր փաստարկումներ կան «Շիրազ Նամե» ստեղծագործության մեջ, ուստի, իբրև հավերժական արքետիպեր, այս ստեղծագործության մեջ հառնում են Ժողովուրդը, Հայրենիքը, Արարատը: Այն եռամիասնությունը, որն արժևորելով և կարևորելով, Վազգեն Առաքելյանն ամբողջացնում է Շիրազի կերպարը: Այս ըմբռնումների կողքին հառնում է Պատմությունը («Երգ տասչորսերորդ»), որից անբաժան է Շիրազը, որով ապրում է՝ յուրովի ներհյուսելով պատմությունն ու ներկան: Շիրազի մի շարք ստեղծագործություններում պատմությունը ներկայանում է որպես գործող անձ, որպես մշտագո առկայություն, ուստի այս խնդիրը ևս կարևորել է Վազգեն Առաքելյանը՝ այսպես ձևավորելով պատմության ու պատմականության շիրազյան հայացքի իր անդրադարձը: Շիրազի կերպարից այս ստեղծագործության մեջ անբաժան են Թադևոս հայրն ու Աստղիկ մայրը («Երգ տասներեքերորդ»), որոնք դառնում են ուշագրավ ու ավարտուն կերպարներ, որոնք այս ստեղծագործության մեջ ներկայանում են և՛ շիրազյան դիտմամբ, և՛ հեղինակի ինքնահատուկ մատուցմամբ: Թադևոս հոր ու Աստղիկ մոր կերպարներին հանդիպում ենք տակավին «Երգ առաջինում», սակայն հեղինակը մի առանձին գլուխ է նվիրել և նրանով գրեթե եզրափակել պատումը՝ այսպես դիմելով հետաքրքիր գրական հնարանքի, կոմպոզիցիոն յուրօրինակ լուծման: Շիրազի կյանքն իր մայրամուտին է մոտենում, իսկ ահա հեղինակն անդրադարձ է կատարում նրա ծնողներին և մոտենում մեծ բանաստեղծի նախասիրած թեմաներից ևս մեկին՝ ծնողականին: Եթե Շիրազի մայրական քնարերգությունը բազմիցս քննարկման նյութ ու առարկա է դարձել, ապա քիչ է ուշադրություն սևեռվել նրա հայրապատումին, որը նույնպես մեր գրականության մեջ եզակի է: Եվ ահա հեղինակը նաև գրականության արժևորողի դիրքերից է մոտենում բանաստեղծի հայրապատումին և յուրովի ամբողջացնում պատումային կոմպոզիցիան՝ ծնողներից մինչև ծնողներ: Շիրազի համար իր ծնողներն իր հայրենիքն էին, երկիրն ու նրա պատմությունը: Ուստի հեղինակն իր պատումն ավարտում է այս արժեքներով և «Երգ վերջինն» ու «Վերջերգանքը» հնչեցնում որպես Շիրազի հավերժության վկայություններ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։